Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/38

Այս էջը սրբագրված է

կուսակցությունների փաստաթղթերում, մարքսիստ գիտնականների աշխատություններում։ Տ․ о-ի օգտագործումն իրականացվում է կոմունիստական ու բանվորական կուսակցությունների, սոցիալիստ. պետությունների տնտ․ քաղաքականու թյան միջոցով։ Վ․ Ներկարարյան

ՏՆՏԵՍՅԱՆ Եղիա [29․3( 10․4)․1834, Կ․ Պոլիս –23․4(5․5)․1881, Կ․ Պոլիս], հայ երաժիշտ–տեսաբան, մանկավարժ, տպագրիչ։ Նախնական ընդհանուր և երաժշտ․ պատրաստությունը ձեռք է բերել ծննդավայրի Միջագյուղ թաղի դպրոցում։ 1848-ից որ պես աշակերտ–տպագրիչ աշխատել է «Արապյան» տպարանում, հետագայում Հ․ Մյուհենտիսյանի ղեկավարությամբ կատարելագործել է արհեստը, մասնագիտացել նաև հայկ․ և եվրոպ․ նոտատպության գործում։ Տարվելով ազգ․–ազատագրական գաղափարներով՝ անդամակցել է «Անձնվեր ընկերությանը», որի հանձնարարությամբ 1862-ից որպես ուսուցիչ աշխատել է Հաճնում, դասախոսություններով մասնակցել «Քնար հայկական» ընկերության լուսավորական միջոցառումներին։ Երուսաղեմում և էջմիածնում ուսումնասիրել է երգվող շարականները և դրանց խազագրությունը։ 1864-ին Կ․ Պոլ–սում հրատարակել է «Բովանդակություն նվագաց Հայաստանյայցս ս․ եկեղեցվո» «տետրը», ուր եվրոպ․ հեղինակների (Յո․ Շրյոդեր, Շ․ Վիլլոտո, Հ․ Պետերման) հրապարակումներից հետո առաջին ան գամ խորագիտակ կերպով ներկայացրել է շարականների սկսվածքները (ձայնեղանակների լադա-ելևէջային խտացված բանաձևերը) և հատընտիր շարականներ։ Այդ աշխատությունն ունի պատմատեսական կարևոր արժեք։ 1867-ին Երուսաղեմում աշխատել է որպես ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ և տպարանի տնօրեն։ 1872-ին Կ․ Պոլսում ձեռք է բերել սեփական տպարան, տպագրել Գ․ Սրվանձտյանի «Գրոց ու բրոց» (1874), «Մանանա» (1876) և «Թորոս աղբար» (մաս 1, 1879), Հ․ Պարոնյանի «Ազգային ջոջեր» գործերը ևն։ Տ․ եռանդուն կերպով մասնակցել է ազգ․ հոգևոր երաժշտությունը վերաձայնագրելու, կարգավորելու և հետագա խեղաթյուրումներից զերծ պահելու, ինչպես և ժողովրդին երաժշտականորեն լուսավորելու նպատակներով Կ․ Պոլսում կատարվող աշխատանքներին։ 1860–70-ական թթ․ մամուլում («ժամանակ», «Մեղու», «Մասիս», «Միոն» ևն) պարբերաբար հանդես է եկել այդ խնդիրներին նվիրված հոդվածներով, 1874-ին դրանք վերահրատարակել «Նկարագիր երգոց Հայաստանյայցս ս․ եկեղեցվո․․․» գրքով, որն ամփոփում է հայ տեսական երաժշտագիտության մինչկոմիտասյան շրջանի կարևորագույն նվաճումները։ Դեռևս 1860-ին, Գ․ Երանյանի հետ համատեղ ձեռնարկել էր բանավոր ավանդմամբ պահպանված բոլոր շարականների հայկ․ նոտաներով գրառումը և վերածումը եվրոպ․ նոտագրության (գրառել են Շարակնոցի 2/5 մասը, որը չի պահպանվել)։ 1869–71-ին գրի է առել Շարակնոցն ամբողջությամբ (հայկ․ նոտաներով, արժանացել է մասնագիտական հանձնաժողովի լիակատար հավանությանը), կազմել հայկ․ նոտագրության համառոտ ձեռնարկ՝ «Տարերք երաժշտության» (տպագրվել են Կ․ Պոլսում, 1934-ին և 1933-ին, որդու՝ Լևոն Տ–ի ջանքերով)։ 1879-ին երաժշտա–լուսավորական նպատակներով հրատարակել է երգերի «Նուագք Հայկականք» պարբերականը։ Տ․ 1880-ական թթ․ Արմ․ Հայաստանում ծավալված համիդյան ռեակցիայի առաջին զոհերից Էր։ «Նոր երգարան հայոց» ժողովածուի կազմումը և տպագրումը (բովանդակում Էր ազատագրական ոտանավորներ, նաև «մեր ռուսական Հայաստանի եղբարց երգերը», օրինակ, Մ․ Նալբանդյանի «Ազատությունը», ինչպես և ֆրանս․ «Մարսելյեզը») առիթ են դարձել նրա ձերբակալության և մահվան։

Տ–ի բազմակողմանի գործունեությունը նշանակալից հետք է թողել հատկապես հայ երաժշտության տեսության, մասամբ՝ նաև պատմության ուսումնասիրության բնագավառում։ Նրա շոշափած բազմաբնույթ խնդիրներից և կռահումներից առավել կարևոր են հոգևոր երաժշտության մոնոդիկ Էության (տես Մոնոդիա) ընկալումն ու հետազոտումը՝ կապված այդ երաժշտության հնչյունաշարի տեմպերացիայի առանձնահատկությունների և հայկ․ ձայնեղանակային համակարգի (տես Ութ ձայն) ամբողջականության հետ, խազագրության ռիթմա-մետրական էական դրույթների լուսաբանումը խոսքի և մեղեդու փոխադարձ կապի պայմաններում ևն։ Տ–ի թե' գիտահետազոտական, թե' գործնական ձեռնարկումներն ուղղված էին ազգ․ երաժշտության ինքնուրույնության և ինքնատիպության հաստատմանն ու պահպանմանը։

Գրկ․ Հ ի ս ա ր լ յ ա ն Ա․, Պատմություն հայ ձայնագրության․․․, ԿՊ, 1914։ Ա թ ա յ ա ն Ռ․, Հայկական խազային նոտագրությունը, Ե․, 1959։ Т а г м и з я н Н․, Теория музыки в Древней Армении, Е․, 1977․ Ռ․ Աթայան

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱ8ԻԱ (ուշ լատ․ diversificatio – փոփոխություն, բազմազանություն, < լատ․ diversus – տարբեր և facio – անել), ձեռնարկությունների ու միավորումների գործունեության օբյեկտների, արտադրանքի անվանացանկի ընդլայնում։ Որակապես նոր երևույթ է զարգացած կապիտ. երկրների էկոնոմիկայում, սկսել է զարգանալ 1950-ական թթ․ կեսերից։ Կապված է կապիտ. ձեռնարկությունների կուտակումները ոչ միայն հիմնական արտադրանքի թողարկումն ավելացնելու կամ արտադրության որևէ փուլի վրա վերահսկողություն սահմանելու, այլև արտադրանքի նոր տեսակների արտադրություն կազմակերպելու, տնտեսության նոր ճյուղեր ու ոլորտներ ներթափանցելու նպատակով դրանք օգտագործելու հետ։ Բազմատեսակ ապրանքների արտադրության մեջ կապիտալի ներդրումները հնարավորություն են տալիս որոշ ապրանքների արտադրությունից ստացվող եկամուտների ավելացման հաշվին փոխհատուցել շահույթի կրճատումն ու վնասները, որ առաջանում են այլ ապրանքների գերարտադրության հետևանքով։ Որոշ չափով թուլացնելով գերարտադրության ճգնաժամերի ազդեցությունը՝ Տ․ դ․, սակայն, չի դառնում դրանց կանխման միջոց։ Տ․ դ–ի հետևանքով մոնոպոլիստ. միավորումները վերածվում են տարբեր ձեռնարկություններ, կոմբինատներ, ֆիրմաներ ընդգրկոդ բազմակողմանի բարդ համալիրների, որոնք երբեմն միայն շատ հեռավոր կապ ունեն իրենց գործունեության սկզբնական ձևի հետ։ Տ․ դ․ իրականացվում է կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման հիման վրա։ Առաջին դեպքում, թողարկվող արտադրանքի անվանացանկի ընդլայնումը և ներթափանցումն արտադրության այլ ճյուղեր կատարվում է սեփական կուտակումների, իսկ երկրորդ դեպքում՝ այլ ճյուղերում ու արտադրություններում ներդրված կապիտալների միաձուլման, կլանման հաշվին։ 60-ական թթ-ից դիվերսիֆիկացման պրոցեսը դուրս է եկել արդյունաբերության շրջանակներից՝ ընդգրկելով նաև ծառայությունների ոլորտը, մեծածախ ու մանրածախ առևտուրը ևն։

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ, ոչ սոցիալիստ․ աշխարհի երկրների ազգ․ տնտեսությունների միջազգային տնտ․ փոխադարձ կապերի ու հարաբերությունների ամբողջություն։ Հիմքում արտադրամիջոցների մասնավոր սեփականության տիրա պետությունն է, բաշխման ու փոխանակության բուրժ․ հարաբերությունները։ Տ․ հ․ կ․ ս–ի ձևավորման պրոցեսն սկսվել է XVI դ․, ընթացել երկու հիմնական ուղղությամբ՝ խորությամբ, այսինքն առանձին երկրներում կապիտ․ արտադրության աճով, և լայնությամբ, երբ մի խումբ կապիտ․ պետություններ գաղութացրին կամ կիսագաղութային կախվածության մեջ դրեցին նորանոր երկրներ ու տերիտորիաներ։ Այն վերջնականապես կազմավորվել է իմպերիալիզմի փուլում, երբ ավարտվեց իմպեր․ տերությունների միջև աշխարհի տերիտորիալ բաժանումը, կապիտալիզմի հիմնական կենտրոններում զարգացավ խոշոր մեքենական արտադրությունը, խորացավ աշխատանքի միջազգային բաժանումն ու ընդլայնվեց համաշխարհային կապիտալիստական շուկան, մեծ չափեր ընդունեց կապիտալի արտահանումը, ազատ մրցակցության դարաշրջանը փոխարինվեց մոնոպոլիաների տիրապետությամբ։ Այդպիսով, Տ․ հ․ կ․ ս․ վերածվեց մի խումբ բարձր զարգացած կապիտ․ տերությունների կողմից տնտեսապես հետամնաց և առաջինների ագրարային-հումքային կցորդ հանդիսացող երկրների ֆինանս. ենթարկման ու շահագործման համաշխարհային սիստեմի։