Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/45

Այս էջը սրբագրված է

պատկերող վեպ–էպոպեայով, որի կենտրոնում պետք է լինեին ռուս ժողովրդի 1812-ի Հայրենական պատերազմի հերոսական դրվագները։ Այդ պատմ․ նյութի հիման վրա 1863–69-ին Տ․ գրեց «Պատերազմ և խաղաղություն» (1863–69, հրտ․ 1865-ից, հայ․ հրտ․ 1911) քառահատոր վեպը՝ Տ–ի գեղարվեստ.հանճարի բարձրագույն և համապարփակ մարմնավորումը։ ժամանակակից էպոս ստեղծելու համար Տ․ հրաժարվել է կենցաղային ու սոցիալ–հոգեբանական վեպի սովորական ձևերից և ռուս ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձությունը ցուցադրել պատմ․ վիթխարի համապատկերի մեջ, ազատորեն զուգակցել ռազմաքաղ․, կենցաղի, բնության և հոգեբանական տեսարանները, պատմափիլ․ դատողությունները։ Բազմաճյուղ և բազմահերոս (վեպն ունի 500-ից ավելի գործող անձ) շարադրանքն իր բոլոր մասերով ենթարկվում է հիմնական պատմ․ առանցքին, լուսավորվում նրա դիրքերից։ Տ․ ասել է, որ «Պատերազմ և խաղաղություն» վեպը գրելիս իրեն ղեկավարել է «ժողովրդի միտքը», այսինքն՝ ժողովրդի հայացքը պատմ․ դեպքերի ու գործիչների նկատմամբ։ Ժողովրդի կյանքն ու հոգեբանական ճշմարտությունը հասկանալու և յուրացնելու գաղափարը դրված է և' պատերազմի հասարակ մասնակիցների (կապիտան Տուշին), և' զորավար Կուտուզովի կերպարների հիմքում, որի ժող․ իմաստությունն ավելի պայծառ է երևում Նապոլեոնի կեղծ վեհության համեմատությամբ։ Այդ գաղափարն է կանխորոշում նաև վեպի կենտր․ հերոսների՝ Անդրեյ Բոլկոնսկու և Պիեռ Բեզուխովի աշխարհազգացողության զարգացումը՝ ազատելով նրանց նեղ դասային, եսասիրական ձգտումներից, տանելով դեպի ազգ․ ճակատագրի և ընդհանուր մարդկային կյանքի բարձր իմաստության ըմբռնում։ Միաժամանակ վեպում հանդես են եկել Տ–ի աշխարհայացքի թույլ կողմերը (պասսիվ հնազանդության իդեալականացում՝ Պլատոն Կարատաևի կերպարում, պատմ․ պրոցեսի ճակատագրականություն, բանականության ուժի թերագնահատման միտում ևն)։

1870-ական թթ․ սկզբին (ինչպես և դրանից մեկ տասնամյակ առաջ) Տ․ շատ ժամանակ է հատկացրել մանկավարժական գործունեությանը, հրատարակել է «Ցասնայա Պոլյանա» («Ясная поляна», 1862) մանկավարժական ամսագիրը, կազմել դասագրքեր և ժող․ ընթերցանության ժողովածուներ, դասավանդել Ցասնայա Պոլյանայի իր իսկ հիմնադրած դպրոցում, որտեղ սովորում էին գյուղացի երեխաներ։ 1873–77-ին Տ․ գրեց «Աննա Կարենինա» երկհատոր վեպը (1873–77, հրտ․ 1876– 1877, հայ․ հրտ․ 1911)։ Արտաքուստ ավանդական «ընտանեկան վեպ» հիշեցնող այդ երկի մեջ արտացոլվել են ռուս, ետռեֆորմյան կյանքի սոցիալ–տնտ․ և գաղափարական–հոգեբանական ամենաբարդ հարցերը։ Նահապետական կացութաձևի և կյանքի բարոյական կայուն հիմունքների քայքայման, բուրժ․ մերկանտիլիզմի տարածման իրողությունները Տ–ի մեջ ծնել են էլեգիկ–հոռետեսական ապրումներ։ Շարադրանքի առանցքը Աննայի դժբախտ սիրո Ու կործանման պատմությունն է, որտեղ հերոսուհու ողբերգական վախճանը սոցիալ․ պայմանավորվածություն ունի։ Վեպը տոգորված է ազնվականական վերնախավի կյանքի ու բարոյական ըմբռնումների, եկեղեցու ու դատարանի կեղծիքի, երեսպաշտության անզիջում մերկացման ոգով։

Այս ամենը Տ–ին հանգեցրել է այն գաղափարական «բեկմանը», որ 1870-ական թթ․ վերջին կատարվեց նրա աշխարհայացքի և գրական ըմբռնումների մեջ։ Տ–ի ստեղծագործության այս վերջին շրջանում, որը տևեց շուրջ երեք տասնամյակ, ավելի խորացան նրա հասարակական ու գեղարվեստ․ մտածողության հակասությունները։ Նրա հայացքներում ու ստեղծագործության մեջ արտացոլվեցին ետռեֆորմյան ռուս. կյանքի բոլոր էական տեղաշարժերը։ Տ․ խզեց իր գաղափարական կապերը ազնվականական վերնախավի ու եկեղեցու հետ և իր ըմբռնումների մեջ կանգնեց նահապետական գյուղացիության դիրքերում։ Նրա հայացքներում արտահայտվեցին և′ այդ խավերին հատուկ քննադատական հզոր ոգին, «բոլոր և ամեն տեսակի դիմակների պատռումը» (Լ ե ն ի ն Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17, էջ 252), և′ նրանց թուլությունը՝ «չարին չդիմադրելու» քրիստոնեական պատվիրանները, միստիցիզմը, քաղաքականությունից հրաժարվելը։ Այդ հիմքի վրա ծնվեցին Տ–ի այն «աղաղակող հակասությունները», որոնց սոցիալ․ արմատների բացատրությունը տվել է Վ․ Ի․ Լենինը մեծ գրողին վերաբերող իր հոդվածներում («Լև Տոլստոյը որպես ռուսական հեղափոխության հայելի», Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17, «Տոլստոյը և ժամանակակից բանվորական շարժումը», նույն տեղում, հ․ 20, ևն)։ Բնութագրելով Տ–ի դարաշրջանի պատմ․ սահմանները, որոնք ընկած են ռուս. հասարակական կյանքի երկու մեծ իրադարձությունների՝ 1861-ի գյուղացիական ռեֆորմի և 1905–07-ի բուրժուադեմոկրատական հեղափոխության միջև, Լենինը ցույց տվեց, որ մեծ գրողն իր ստեղծագործությամբ և ուսմունքով դարձել է «ռուսական հեղափոխության հայելին», նրա «հայացքներում եղած հակասություններն այն հակասական պայմանների իրական հայելին են, որոնց մեջ դրված է գյուղացիության պատմական գործունեությունը մեր հեղափոխության մեջ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17, էջ 253)։

Իր գաղափարական նոր դիրքորոշմամբ (տես Տոլստոյականություն) Տ․ ձեռնոց նետեց ցարական իշխանությանն ու դատարանին, տիրող դասակարգերին ու եկեղեցուն (1901-ին սրբազան Մինոդի որոշմամբ նա բանադրվեց և հեռացվեց ուղղափառ եկեղեցուց)։ Ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում հասարակական մեծ արձագանք գտան Տ–ի հրապարակախոսական հոդվածները, «խոստովանություն» (1879–80, հրտ․ 1884, հայ․ հրտ․ 1911), «Ո՞րն է իմ հավատը» (1882–84), «Մեր ժամանակի ստրկությունը» (1899–1900), «Չեմ կարող լռել» (1908, հայ․ հրտ, «Ալ չեմ կրնար լռել, պետք է որ խոսիմ», 1909) ևն։ «Բեկումից» հետո գրված այնպիսի գեղարվեստ. երկերում, ինչպիսիք են «Իվան Իլյիչի մահը» (1884– 1886, հայ․ հրտ․ 1911), «Կրեյցերյան սոնատ» (1887–89, հայ․ հրտ․ 1893) վիպակները, նկատվում է հասարակության բարոյական հիմքերի քննադատության, հաճախ երգիծական սրության հասնող մերկացումների խորացում։ Դա վերաբերում է նաև Տ–ի դրամատուրգիական փորձերին, որ նա վերսկսեց այս շրջանում՝ գրելով «Խավարի իշխանություն» (1886, հայ․ հրտ․ 1850), «Լուսավորության պտուղները» (1886–90, հրտ․ 1891, հայ․ հրտ․ 1936), «Կենդանի դիակ» (1900, հրտ․ 1911, հայ․ հրտ․ 1911) պիեսները, որոնք կառուցված են սոցիալ–հոգեբանական սուր բախումների վրա։

Վերջին շրջանի ամենանշանավոր երկերն են «Հարություն» վեպը (1889–99, հայ․ հրտ․ 1901) և «Հաջի Մուրադ» վիպակը (1896–1904, հրտ․ 1912, հայ․ հրտ․ 1914)։ Հիմք ունենալով կյանքի մի իրական եղելություն՝ «Հարություն» վեպը ներկայացնում է դարավերջի ռուս. կյանքի մի լայն համայնապատկեր, որը բացվում է գլխ․ հերոսի` իր վաղեմի մեղքը քավելու համար հեռավոր աքսորավայրեր հասնող Նեխլյուդովի առջև։ Վեպում արտացոլվել է ժող․ զանգվածների մեջ կուտակված ատելությունը ճնշման և անարդարության դեմ, սոցիալ․ հեղաշրջման հասունացող գիտակցությունը։ Կատյուշա Մասլովայի դժբախտ պատմության կապակցությամբ դատարանի ու եկեղեցու կեղծիքի, ձևապաշտության մերկացումը հասնում է աննախընթաց ուժի։ Այս կարելի է ասել նաև «Հաջի Մուրադի» մասին։

Տ–ի ստեղծագործությունը նշանավորեց XIX դ․ ռուս, և համաշխարհային ռեալիստ. գրկ-յան զարգացման նոր աստիճանը։ Տ․ մինչև վերջ հավատարիմ մնաց և խորացրեց իր ռեալիզմի այն ուժեղ գծերը, որ նրա դեռ առաջին երկերի հիման վրա նկատել էր Ն․ Չեռնիշևսկին (հերոսների «հոգու դիալեկտիկայի» բազմակողմանի վերլուծություն, բնավորությունների հիմքում դրված «բարոյական զգացման բնական մաքրություն», «գյուղացիական հայացք իրերի նկատմամբ» ևն, Ч е р н и ш е в с к и й Н․ Г․, Полн․ собр․ соч․, т․ 3, 1947, с․ 423–31, т․ 4, 1948, с․ 682)։

Տ․ տվեց մարդու և նրա շրջապատի, հոգեկան աշխարհի ու գործողությունների բացահայտման նոր սկզբունքներ, որոնք շատ կողմերով պայմանավորեցին ռեալիզմի զարգացումը XX դ․ գրկ-յան մեջ։ Ռեալիզմի տեսական հիմնավորման և պաշտպանության պատմության մեջ կարևոր էջ են կազմում Տ–ի գրականքննադատական հոդվածները, հատկապես «Ի՞նչ է գեղարվեստը» (1898, հայ․ հրտ․ 1911) տրակտատը։ Նա խստորեն դատապարտել է նորագույն գեղարվեստ. հոսանքներին հատուկ անհատապաշտությունը, ձևամոլությունը, հասարակական կյանքի մեծ հարցերից կտրվելու միտումները։ Արվեստի մեջ տեսնելով «մարդկանց եղբայրական միավորման» (Т о л с т о й Л․ Н․, О литературе, М․, 1955, с․ 484) հզոր գործոն՝ Տ․ պաշտպանել է նրա կենսական ճշմարտության, մատչելիության և հասարակական օգտակարության սկզբունքը՝ երբեմն ընկնելով ծայրահեղության