Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/48

Այս էջը սրբագրված է

ской Академии истории материальной культуры», т․ 4, Л․, 1925; Наземная стереофотограмметрия, Л․, 1931; Архитектура древней Армении, Е․, 1946; Архитектура Армении IV–XIV вв․, Е-, 1961; Археологические раскопки в Армении, № 11, Джрвеж 1, Е․, 1959, Джрвеж 2, Вохчаберд, Е․, 1964; По страницам истории армянской архитектуры, Е․, 1973․ Վ․ Հարությունյան

ՏՈԿԻՈ, Ճապոնիայի մայրաքաղաքը, երկրի տնտ․ և մշակութային գլխավոր կենտրոնը։ Գտնվում է Հոնսյու կղզու հվ–արլ․ մասում, Կանտո հարթավայրում, էդոգավա, Արակավա, Սումիղա, Տամա գետերը Խաղաղ օվկիանոսի Տոկիոյի ծոցը թափվելու տեղում։ Կլիման մերձարևադարձային, մուսսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 3,1°C է, օգոստոսինը՝ 25,6°С, տարեկան տեղումների միջինը՝ 1343 մմ։ Հաճախակի են թայֆունները, երկրաշարժերը։ Տոկիոյի մայրաքաղաքային պրեֆեկտուրան (Տոկիո–տո) կամ Մեծ Տ–ն (տարածությունը՝ 2,1 հզ․ կմ2, բն․՝ 11,8 մլն, 1985) աշխարհի առավել խոշոր քաղաքներից է։ Մայրաքաղաքային պրեֆեկտուրան և նրան հարակից Կանագավա, Տիբա, Սարոամա ու մյուս պրեֆեկտուրաները կազմում են այսպես կոչված Տ ո կ ի ո յ ի ա գ լ ո մ ե ր ա ց ի ա ն կամ Մ ա յ ր ա ք ա ղ ա ք ա յ ի ն շ ր ջ ա ն ը (Սյուտոկեն)։

Պատմական տեղեկանք։ Տոկիոն հիմնվել է XV դ․ կեսին։ 1457-ին կառուցվել է էդո (բառացի՝ «մուտք ծովածոց») ամրոցը, որի շուրջ աճել են արհեստավորների և առևտրականների բնակավայրեր։ 1590-ին էդոյին տիրել է Իեյասու Տոկուգավան։ 1603–1867-ին Տ․ եղել է Տոկուգավա տան սյոգունների նստավայրը (մինչև 1868-ը Ճապոնիայի պաշտոնական մայրաքաղաքը Կիոտոն էր՝ կայսրերի նստավայրը)։ XVIII դ․ էդոն դարձել է աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը (1787-ին ուներ 1 մլն 368 հզ․ բն․)։ 1869-ին, սյոգունության վերացումից հետո, այստեղ է տեղափոխվել կայսեր նստավայրը, քաղաքը վերանվանվել է Տ․ («արլ․ մայրաքաղաք»), դարձել մայրաքաղաք։ XIX դ․ 2-րդ կեսին զարգացել է թեթև և ծանր արդյունաբերությունը, նավաշինությունը։ 1897–98-ին Տոկիոյում առաջացել են արհմիություններ։ 1918-ին Տոկիոյում և այլ վայրերում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ տեղի են ունեցել ժող․ խոշոր ապստամբություններ (այսպես կոչված, «բրնձի խռովություններ»)։ XX դ․ 20-ական թթ․ սկզբին Տոկիոյում և Ճապոնիայի այլ քաղաքներում առաջացել են կոմունիստական խմբեր, որոնց հիման վրա 1922-ին հիմնվել է Ճապոնիայի կոմկուսը։ 1923-ի սեպտ․ 1-ին քաղաքի համարյա կեսը ոչնչացել է երկրաշարժից և դրա առաջացրած հրդեհից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Տ․ բազմիցս ենթարկվել է (1944–1945-ին) ամեր․ ավիացիայի ռմբակոծությանը։ Ետպատերազմյան տարիներին Տ․ դարձել է բանվորական և դեմոկրատական շարժման կարևորագույն կենտրոն։ 1964-ին Տոկիոյում տեղի են ունեցել XVIII Օլիմպիական խաղերը։

Տնտեսությունը։ Տ․ երկրի ֆինանսաարդ․ գլխավոր կենտրոնն է։ Արդյունաբերրության ճյուղերից զարգացած են մետալուրգիան և մեքենաշինությունը (թողարկում է բարդ և ճշգրիտ մեքենաներ, սարքեր, էլեկտրատեխ․ և էլեկտրոնային սարքավորում ու ապարատներ, օպտիկամեխանիկական արտադրանքներ, ավտոմոբիլներ, ինքնաթիռներ, նավեր, երկաթուղային սարքավորում և շարժակազմ, հաստոցներ են), քիմ․, պոլիգրաֆիական, շինանյութերի, թեթև, սննդի արդյունաբերությունը։ Կան նավթավերամշակման և նավթաքիմ․ ձեռնարկություններ։ Արդ․ ձեռնարկությունների մեծ մասը մանր են, ունեն 300 աշխատող։ Տ․ երկրի տրանսպորտային խոշորագույն հանգույցն է։ Ծովային նավահանգստի տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է 55 մլն ա։ Ավտոմոբիլային և երկաթուղային ճեպընթացիկ մայրուղիներով Տ․ կապված է Ճապոնիայի շատ քաղաքների հետ։ Հանեդա միջազգային օդանավակայանը քաղաքի կենտրոնի հետ է կապված միառելսային երկաթուղով։ Ունի էլեկտրիֆիկացված շրջապտույտ երկաթուղի և մետրոպոլիտեն (1927-ից)։ Տոկիոյում են Տոկիոյի համալսարանը (հիմնված 1887-ին) և ավելի քան 80 այլ բուհեր, Ճապոնիայի ԳԱ–ն, գեղարվեստների ակադեմիան, շուրջ 150 ԳՀԻ–ներ, լաբորատորիաներ և կենտրոններ։ Ունի բազմաթիվ գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ։

Ճարտարապետությունը։ Տոկիոյի կերպարին բնորոշ են կանաչապատ մակերեսների սակավությունը, կենտրոնում՝ քարե, աղյուսե, երկաթբետոնե շենքերը (նաև երկնաքերներ) և թեթև փայտաշեն (հիմնականում միահարկ բնակելի) կառույցները։ Տոկիոյի բնակելի թաղամասերը երկու անգամ կառուցվել եկ նորից (1923-ի երկրաշարժից