Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/5

Այս էջը սրբագրված է

ՏԻԵՊՈԼՈ (Tiepolo) Ջովաննի Բատիստա (5․3․1696, Վենետիկ – 27․3․1770, Մադրիդ), իտալացի նկարիչ և փորագրիչ։ Վենետիկի դպրոցի XVIII դ․ խոշորագույն ներկայացուցիչ։ Սովորել է Վենետիկում՝ Գ․ Լաձարինիի մոտ, կրել Պ․Վերոնեզեի և Զ․ Բ․ Պյացետտիի ազդեցությունը։ Աշխատել է հիմնականում Վենետիկում, ինչպես և Միլանում (1731-32, 1737, 1740), Վյուրցբուրգում (1750–53), Մադրիդում (1762–70)։ Տ–ի վաղ շրջանի (1716–34) գործերում դրսևորվել են նկարչին բնորոշ հարուստ երևակայությունն ու դեկորատիվ թափը (Վենետիկի Դոլֆինո պալատի նկարաշարը. 1725-ից

Ջ․ Բ․ Տինպոլո

հետո, այժմ՝ Էրմիտաժում, Լենինգրադ և այլ հավաքածուներ)։ 1735–50-ին Տ–ի գործերը դարձել են լայնաշունչ և արտահայտիչ, կոլորիտը պայծառացել է և հարստացել նուրբ երանգներով (Վենետիկի Զեզուատի, 1737–39, և Սկալցի, 1743–44, եկեղեցիների առաստաղապատկերները)։ 1750–60-ական թթ․ մեծ փառքի հասած Տ․ աշխատել է նաև օտարերկրյա արքունիքների համար, ընտրվել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1756–58)։ Այդ շրջանում են կատարվել նրա լավագույն որմնանկարաշարերը (Վյուրցբուրգի արքեպիսկոպոսական նստավայր, 1750–53, Վենետիկի պալացցո Լաբիա, մոտ 1750 ևն), որոնք առանձնանում են տոնական ճոխությամբ, տարբեր գույների նուրբ երանգներով հարուստ, պայծառ կոլորիտով։ 1740–1750-ական թթ․ են պատկանում կերպարների զգացմունքայնությամբ և վիրտուոզ տեխնիկայով հատկանշվող Տ–ի հաստոցային կարևորագույն գործերը («Ամփիտրիտեի հաղթարշավը», մոտ 1740, Դրեզդենի պատկերասրահ «Մոգերի երկրպագությունը», 1753, Հին պինոկոտեկա, Մյունխեն)։ 1762–66-ին Մադրիդում թագավորական պալատի համար գեղանկարել է մի շարք առաստաղապատկերներ։ Տ–ի ստեղծագործությունն իր ավարտին է հասցրել XVI–XVIII դդ․ իտալ․ մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչության զարգացումը։ Նրա որմնանկարներն ու գեղանկարներն իրենց անհատակ տարածությամբ, անսանձ դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ, լուսաօդային էֆեկտների կատարելությամբ, գույների թեթևությամբ ու թափանցիկությամբ, ռակուրսների ու տեսանկյունների նորարարությամբ և անսպասելիությամբ համաշխարհային մոնումենտալ–դեկորատիվ արվեստի բարձունքներից են։ Տ․ իր կոմպոզիցիաները հրաշալիորեն է կապել ինտերիերին, ստեղծելով ռեալ տարածության խորության ու ընդարձակության պատրանք։ Հանդես է եկել նաև իբրև դիմանկարիչ, եղել հմուտ գծանկարիչ և օֆորտիստ։ Պատկերազարդումը տես 16-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Ольшанская Н․ И․, Тьеполо, М․, 1957․

ՏԻԶԲՈՆ [հուն․ Կտեսիփոն (Κτησιφῶν)], հնում քաղաք Տիգրիս գետի ափին (այժմյան Բաղդադի մոտ)։ Մ․ թ․ ա․ III դարից եղել է Պարթևաստանի ռազմ. հենակետ, ապա պարթևաց արքաների գահանիստ։ Հռոմ․ Տրայանոս կայսեր ժամանակներից (115-ից) Տ․ բազմիցս նվաճել են հռոմեացիները։ 226-ին Տ․ դարձել է Սասանյանների մայրաքաղաքը, հռչակվել իբրև խոշոր և հարուստ քաղաք։ 637-ին Տ․ գրավել ու ավերել են արաբները։ Տ–ում պահպանվել են Սասանյանների հոյակերտ պալատի ավերակները։ Բաղդադի հիմնադրումից (762) հետո Տ․ վերջնականապես կորցրել է նշանակությունը։ Գրկ․ Пигулевская Н․, Города Ирана в раннем средневековье, М․–л․, 1956, Кинжалов Р․ В․, Луконин В․ Г․, Памятники культуры сасанидского Ирана, Л․, 1960․

ՏԻԼԱՆՕՂԼԻ ԳԵՂ, Դ ի լ ա ն օ ղ լ ի գ ե ղ, գյուղ Արմ․ Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում։ XIX դ․ 70-ական թթ․ վերշին ուներ 73 (10 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՏԻԼԶԻՏԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ 1807, պայմանագրեր Ֆրանսիայի և Ռուսաստանի, Ֆրանսիայի և Պրուսիայի միջև․ կնքվել են Տիլզիտում (այժմ՝ ք․ Սովետսկ, Կալինինգրադի մարզում) հունիսի 25 (հուլիսի 7) և հուլիսի 9-ին, 1806–07-ի պատերազմում 4-րդ կոալիցիայի (Ռուսաստան, Պրուսիա) դեմ նապոլեոնյան Ֆրանսիայի տարած հաղթանակից հետո։ Ֆրանս-ռուս․ պայմանագրով Պրուսիան կորցնում էր իր տարածքի և բնակչության գրեթե կեսը։ Էլբա գետի ձախափնյա հողերն անցնում էին նորաստեղծ Վեստֆալյան թագավորությանը, Կոտբուսի շրջանը՝ Սաքսոնիային, Դանցիգը (Գդանսկ) հայտարարվում էր ազատ քաղաք։ Պրուսիայից անջատված լեհ․ Բելոստոկի ոչ մեծ շրջանը տրվում էր Ռուսաստանին, Պրուսիայից վերցված լեհ․ հողերից (Պոզնանի և Վարշավայի մարզերից) ստեղծվում էր Վարշավայի դքսությունը (անձնական ունիայով կապվում էր Սաքսոնիայի հետ)։ Ալեքսանդր I ճանաչում էր Նապոլեոնի կատարած փոփոխությունները Եվրոպայում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև, պարտավորվում զինադադար կնքել Թուրքիայի հետ և իր զորքերը դուրս բերել Վալախիայից ու Մոլդովայից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը Հոնիական կղզիներում և Կատտարո ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ–Շվերին, Սաքսեն–Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմ․ իշխանների։ Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։ Ռուսաստանի միջնորդությունից Անգլիայի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերություններն Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։ Ֆրանսիայի