Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/50

Այս էջը սրբագրված է

a=P/100 չափով, և ամեն անգամ ավելացածը կախված չէ նախորդներից։ Այս դեպքում t միավոր ժամանակամիջոցից հետո а մեծությունը դաոնում է а+ap/100 t։ Պարզ տոկոսային հաշվարկ է, օրինակ, այն դեպքը, երբ ընդունվում Է, որ յուրաքանչյուր տարվա վերջում տարեկան եկամուտը (այսինքն տվյալ Տ–ով աճած գումարը) ծախսվում Է, և հաջորդ տարվա համար Տ․ հաշվվում Է, ելնելով սկզբնական գումարից։ Բարդ Տ–ով հաշվարկ կատարելիս ընդունվում Է, որ տարվա եկամուտը գումարվում է սկզբնական մեծութանը, և հաջորդ տարվա եկամուտը հաշվվում է աճած գումարից, այսինքն՝ հաշվվում է նաև Տ–ի Տ․։ Այս դեպքում а մեծությունը t տարի հետո կդառնա а(1+ap/100 t): Տ–ները կիրառվում են վիճակագրության և հաշվապահական հաշվառման մեջ, բանկային գործում և ժող․ տնտեսության ու գիտության բազմաթիվ այլ բնագավառներում։ Մեծության հազարերորդական մասը, այսինքն՝ Տ–ի տասներորդական մասը, նշանակվում է °/00 և կոչվում պ ր ո մ ի լ (ե) (< լատ․ promille – առ հազար՝ Տ–ի լատ․ անվանման՝ pro centum – առ հարյուր նմանողությամբ)։

ՏՈԿՈՍ փ ո խ ա տ վ ա կ ա ն (հուն․ < τοκος – այստեղ՝ շահ, ավելցուկ), փոխառուի վճարը փոխատուին՝ փոխ առած փողի կամ նյութական արժեքների օգտագործման դիմաց։ Որոշվում է փոխատվության մեծությամբ, բնույթով և ժամկետով։ Հազարամյակներ առաջ, մինչև մետաղադրամի հանդես գալը, Տ․ վճարվել է բնամթերքով՝ ցորենով, անասունով, մետաղով ևն։ Դրամական հարաբերությունների զարգացման հետևանքով Տ․ ընդունել է դրամական ձև և լայն տարածում ստացել կապիտալիզմի ժամանակ։ Այն վճարվում է պետ․ արժեթղթերի, սպառողական վարկի, արդ․ բաժնետոմսերի ու բանկային ավանդների, միջազգային փոխառությունների դիմաց ևն։ Չնայած բազմազանությանը, Տ․ ունի միասնական բնույթ և աղբյուր։ Նախակապիտ․ ֆորմացիաներում, երբ փոխատվությունն ունեցել է վաշխառուական ձև, Տ–ի աղբյուրը եղել է մանր արտադրողների կամ ստրուկների հավելյալ, մասամբ նաև անհրաժեշտ աշխատանքը (տես Վաշխառուական կապիտալ)։ Կապիտալիզմի ժամանակ Տ․ վարձու բանվորների չվարձատրված աշխատանքով ստեղծված հավելյալ արժեքի կամ շահույթի մասն Է։ Շահույթը բաժանվում է ձեռնարկատիրական եկամտի և փոխատվական Տ–ի։ Կապիտ․ հասարակարգի երևույթների մակերեսին Տ․ ներկայանում է որպես կապիտալի բնական հատկություն՝ քողարկելով կապիտ․ շահագործումը։

Սոցիալիզմի ժամանակ Տ․ սոցիալիստ. արտադր․ միավորման (ձեռնարկության) շահույթի կամ իրավաբանական (ֆիզիկական) անձի եկամտի մի մասն Է, որը վճարվում է փոխատվության, ավանդների ևն ձևերով՝ դրամական միջոցներից օգտվելու դիմաց։ Տ–ի մեծությունը սահմանում է սոցիալիստ. պետությունը։

ՏՈԿՈՖԷՐՈԼՆԵՐ (վ ի տ ա մ ի ն Е), ճարպալույծ վիտամինների խումբ։ Հայտնի են 7 S․ (α, β, γ ևն «Տ․»), որոնք բոլորն էլ օժտված են վիտամինային ակտիվությամբ։ α Տ․ բացահայտվել են XX դ․ 20-ական թթ․, 1936-ին անջատվել է մաքուր վիճակում, 1938-ին՝ սինթեզվել քիմ․ ճանապարհով (Պ․ Կառեր)։ Տ․ թափանցիկ, օրգ․ լուծիչներում լուծվող, յուղային հեղուկներ են։ Ջերմության նկատմամբ կայուն են (մինչև 170°С)։ Սինթեզվում են միայն բույսերում։ Մարդը և կենդանիները Տ․ ստանում են սննդանյութերի հետ։ Տ–ի անբավարարության ժամանակ նկատվում են նյարդային համակարգի, արուների սեռական գեղձերի ախտաբանական փոփոխություններ, անպտղություն՝ սերմնաբջիջները լիարժեք չեն լինում։ Տ․ խթանում են սեռական գեղձերի ֆունկցիան, նպաստում ուրիշ ճարպալույծ վիտամինների կուտակմանը ներքին օրգաններում։ Պարունակվում են բուս. յուղերում, հատկապես արևածաղկի յուղի մեջ, բանջարեղենի տերևներում։ Տ–ի օրական պահանջը հասուն մարդկանց համար 10–20 մգ է, երեխաներինը՝ 0,5 մգ/կգ քաշին։ Տ․ բժշկության մեջ կիրառվում են նյարդային, մաշկային, սիրտանոթային և այլ հիվանդությունների բուժման համար։

ՏՈԿՎԻԼ (Tocqueville) Ալեքսիս դը (1805– 1859), ֆրանսիացի սոցիոլոգ և պետ․ գործիչ։ Բարոյական և քաղ․ գիտությունների ակադեմիայի (1838-ից), ֆրանս․ ակադեմիայի (1841-ից) անդամ։ Ընտրվել է Դեպուտատների պալատի անդամ (1839), եղել է արտաքին գործերի մինիստր (1849)։ 1831–32-ին ԱՄՆ–ում ուսումնասիրել է ուղղիչ բանտային համակարգը։ Տ–ին հռչակ է բերել «Ամերիկայի դեմոկրատիայի մասին» (1835) գիրքը։ Ըստ Տ–ի, ազատության և հավասարության ձգտումը բուրժ․ դեմոկրատական հասարակության իդեալն է, սակայն պետ․ իշխանության կենտրոնացվածությունը, անհատապաշտությանը հանգեցնող հավասարությունը պայմաններ են ստեղծում միանձնյա բռնատիրության համար, այսինքն՝ համընդհանուր հավասարությունը կամ դրան ձգտելը կարող է հանգեցնել «ստրկության մեջ հավասարության», որը կանխելու միջոցներն են տեղական ինքնավարության ընդլայնումը, իշխանության ապակենտրոնացումը (լավագույն ձևը ֆեդերացիան է) ևն։ Տ–ի համոզմամբ նման պետ․ կարգի նմուշ է ԱՄՆ–ը։ «Հին կարգը և հեղափոխությունը» (1856) գրքում փորձել է բացահայտել հին և «նոր կարգի» հաջորդայնությունը և պնդել, որ ֆեոդ. կարգերի վերացումը հնարավոր էր նաև առանց հեղափոխության։ Տ–ի լիբերալպահպանողական գաղափարները ազդել են բուրժ․ քաղ․ և սոցիոլոգիական մտքի վրա (Հ․ Տեն, Մ․ Վեբեր, Կ․ Մանհայմ և ուրիշներ)։ Ա․ Հարությունյան

ՏՈԿՈՒԳԱՎԱ Իեյասու (1542-1616), ճապոն․ ֆեոդալ. պետ․ գործիչ։ Տոկուգավա դինաստիայի (1603–1867) հիմնադիրը։ Եղել է զորավարներ Նոբունագա Օդայի և Հիդեյոսի Տոյոտոմիի զինակիցը, շարունակել է երկիրը կենտրոնացնելու նրանց քաղաքականությունը։ Տոյոտոմիի մահից (1598) հետո գլխավորել է պայքարը կենտրոնախույս ֆեոդալների դեմ, 1603-ին հռչակվել սյոգուն (տես Սյոգունություն), երկրում ամբողջ իշխանությունը վերցրել իր ձեռքը։ Հրապարակել է գյուղացիության ճորտացումը հաստատող մի շարք հրամանագրեր, իշխանների, կայսեր և նրա արքունիքի (որոնց ենթարկել է սյոգունության հսկողությանը) վարքի օրենսգրքեր։ Ձգտել է անգլիացիների և հոլանդացիների օգնությամբ թուլացնել իսպանացիների և պորտուգալացիների կրոն. և քաղ․ ազդեցությունը Ճապոնիայում։

ՏՈԿՈՒԴԱ Կյուիտի (1894-1953), Ճապոնիայի բանվորական շարժման գործիչ, ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) հիմնադիրներից։ Ծնվել է տպագրիչ-բանվորի ընտանիքում։ Մասնակցել է Տոկիոյում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ելույթներին («Բրնձային խռովություններ», 1918)։ Տոկիոյի Նիհոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց (1920) հետո քաղ․ ակտիվ գործունեություն է ծավալել։ Մասնակցել է 1922-ի հունվար–փետրվարին Մոսկվայում կայացած Հեռավոր Արևելքի կոմունիստական և հեղափոխական կուսակցությունների I համագումարին։ ՃԿԿ I համագումարում (1922) ընտրվել է ՃԿԿ ԿԿ անդամ։ Կ․ Տոկուդա 1923–27-ին ՃԿԿ այլ ղեկավարների հետ գլխավորել է աջ օպորտունիստական լիկվիդատորական և ձախ օպորտունիստական աղանդավորական թեքումների դեմ կուսակցության պայքարը։ 1926–27-ին երկու անգամ անլեգալ մեկնել է Ճապոնիայից և մասնակցել Կոմինտերնի գործկոմի աշխատանքներին։ 1928-ին ձերբակալվել է և մոտ 7 տարվա դատական քաշքշուկից հետո դատապարտվել 10 տարվա բանտային կալանքի։ Ազատվել է միայն 1945-ին՝ երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո։ 1945-ի դեկտեմբերին ընտրվել է կուսակցության ԿԿ գլխ․ քարտուղար։ 1946-ից Ճապոնիայի պառլամենտի անդամ էր։ Նոր ձերբակալումից խուսափելով՝ 1950-ի ամռանն անցել է ընդհատակ և, չնայած առողջական ծանր վիճակին, շարունակել է ղեկավարել ՃԿԿ։ Մահացել է Չինաստանում, ուր մեկնել էր բուժման։

ՏՈՀՄ, 1․ իր ծագումը մի գծով (մայրական կամ հայրական) տանող, միևնույն նախնուց (իրական կամ առասպելական) սերած լինելու ինքնագիտակցությամբ, ընդհանուր տոհմանուն կրող և արյունակից մարդկանց խումբ։ Ծագել է նախնադարյան