Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/63

Այս էջը սրբագրված է

և ամրացման, կցվանքների ամրակցման, ծածկերի և անջրանցիկ երեսարկների պատրաստման համար։

ՏՈՐՆԴԱՅՔ (Thorndike, Թ ո ր ը ն դ ա յ ք) Էդուարդ Լի (1874–1949), ամերիկացի հոգեբան։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1904-ից), ամեր․ հոգեբանական ասոցիացիայի նախագահ (1912-ից)։ Զբաղվել է գլխավորապես համեմատական հոգեբանության և ուսուցման հարցերով։ Տ․ բիհևիորիզմի նախահայրն է։ Առաջինը կենդանիների վարքը ուսումնասիրել է լաբորատոր պայմաններում, որի արդյունքները որոշ փոփոխություններով փորձել է կիրառել երեխայի վարքի օրինաչափությունները բացահայտելիս։ Տ․ ձևակերպել է «փորձերի և սխալների» օրենքը, որի օգնությամբ ուսումնասիրել է մի շարք կենդանիների (շուն, կատու, կապիկ) գործողություններն ու շարժումները։ Նա իրադրությունների (ստիմուլների համակարգի) և կենդանի օրգանիզմների միջև ստեղծված կապերը ընդունելով որպես սոսկ կենսաբանական պատասխան–ռեակցիաներ, մերժել է դրանց իդեաշարժողական բնույթը, այսինքն՝ մտածողական տարրական կապակցությունների առկայությունը։ Տ․ մշակել է մի շարք օրինաչափություններ (պատրաստակամություն, ներքին դիրքորոշում, յուրացում, վարժությունների փոխանցում ևն), որոնք մեկնաբանել է ելակետ ունենալով էապես կենսաբանական (հատկապես գենետիկական) կանխորոշման մի շարք սկզբունքներ։
Երկ․ Educational Psychology, v․ 1–3, N․ Y․, 1921; Принципы обучения, основанные на психологии, 2 изд․, М․, 1929; Психология арифметики, М․–Д․, 1932; Процесс учения у человека, М․, 1935․
Գրկ․ В ы г о т с к и й Л․ С․, Развитие высших психических функций, М․, 1960, с․ 397–481; Я р о ш е в с к и й М․ Г․, История психологии, М․, 1966, гл․ 12․ Հ. Թութունջյան

ՏՈՐՆԴԱՅՔ, Թ п ր ն դ ա յ ք (Thorndike), Սիբիլ (1882–1976), անգլիացի դերասանուհի։ 1908-ից խաղացել է Ա․ է․ Խորնիմենի և Չ․ Ֆրոմանի թատերախմբերում։ 1914-ին, ինչպես և հետագայում տարբեր տարիներ, Տ․ աշխատել է «Օլդ Վիկ» թատրոնում։ 1939–44-ին «Օլդ Վիկ»-ի թատերախմբի հետ հանդես է եկել բանվորական ավաններում և գյուղերում։ Հյուրախաղերով շրջել է ԱՄՆ–ում, Հվ․ Աֆրիկայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Տ–ի խաղընկերն է եղել ամուսինը՝ դերասան և ռեժիսոր Լ․ Կեսսոնը։ Տ․ ունեցել է դերասանական վիրտուոզ վարպետություն, հավասարապես տիրապետել խաղի ռոմանտիկական և կենցաղային ոճերին։ Դերերից են՝ Լեդի Մակբեթ (Շեքսպիրի «Մակբեթ»), Հեկուբե, Մեդեա (Եվրիպիդեսի «Տրոյուհիներ», «Մեդեա»), Իոկաստե (Սոֆոկլեսի «էդիպ արքա»), ժաննա (Բ․ Շոուի «Սուրբ Իոհաննան»), Բեատրիչե (Շելլիի «Չենչի»)։ 1969-ին Լետերհեդում բացվել է Տ–ի անվ․ թատրոն («Տորնդայք թիեթր»)։

ՏՈՐՈԽԱՆ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթփսի վիլայեթի Մանազկերտ գավառում։ 1909-ին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՏՈՐՈՆ (Rubia), 1․ տորոնազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Բազմամյա խոտաբույսեր են, կիսաթփեր կամ ոչ բարձր թփեր։ Տերևները հակադիր են, ամբողջական, ունեն տերևակիցներ, որոնք հաճախ մեծանում են, և ստացվում է տերևային օրգանների օղակաձև դասավորություն։ Ծաղիկները մանր են, երկսեռ, կանոնավոր և հավաքված են ծաղկաբույլերում։ Պտուղը երկբաժան հատիկ է կամ տրոհվող տուփիկ։ Հայտնի մոտ 55 տեսակները տարածված են Ասիայի և Միջերկրածովյան բարեխառն շրջաններում։ Որոշ տեսակներ աճում են Կենտրոնական Եվրոպայում և Աֆրիկայում, մոտ 15 տեսակ՝ Կենտրոնական և Հվ․ Ամերիկայում։ ՍՍՀՄ–ում աճում է Տ–ի մոտ 20 տեսակ, առավելապես Միջին Ասիայում։ Տ–ի որոշ տեսակների ստորգետնյա օրգանները պարունակում են տորոնաներկ։ Ն ե ր կ ա տ ու (ուոնարմատ) Տ․ հնագույն ժամանակներից օգտագործվել է ներկանյութ ստանալու համար։ 1736-ին Հ․ Ալթունյանը Տ–ի սերմերը գաղտնի տեղափոխել է Ֆրանսիա, որտեղ նրան հաջողվել է մշակել բույսը։ Ավելի ուշ Տ․ աճեցվել է Հոլանդիայում, Սիլեզիայում, Գերմանիայում և այլուր։ ՀՍՍՀ–ում աճում է Իջևանի, էջմիածնի, Արտաշատի, Մեղրու և այլ շրջաններում։ Տ․ ունի նաև բուժիչ նշանակություն և օգտագործվում է (թուրմի, փոշու, հաբերի ձևով) որպես միզամուղ, լեղամուղ միջոց։
2․ Տորոնաներկ, ներկատու տորոնի արմատներից ստացվող ներկանյութ։ Ջրում վատ, ալկալիների լուծույթներում լավ լուծվող նարնջագույն բյուրեղներ են։ Տ․ պարունակում է ալիզարին, որը նրա հիմնական գունավոր բաղադրիչն է։ Բուրդը, գործաթելը, գործվածքը և մանրաթելերը ներկելու համար Հայաստանում օգտագործվում է վաղ ժամանակներից, որտեղից նաև արտահանվել է։ Կայունությամբ և գույնով զիջում է որդան կարմիրին, որի հետ խառնելիս գործվածքը ներկում է հնում բարձր գնահատվող կանաչով՝ «ծովը փոթորկից առաջ»։ Ըստ հայկ․ աղբյուրների՝ լավագույն Տ․ պատրաստում են 3–4 տարեկան բույսի արմատներից, կեղևից մաքրած արմատը չորացնում են և փոշիացնում քարե հավանգում։ Կախված ներկման պայմաններից և օգտագործվող ժանտանյութի (տես ժանտանյութային ներկում) տեսակից՝ մանրաթելը ներկվում է վառ կարմիր, մանուշակագույն, շագանակագույն, դեղձանիկադեղին կամ այլ գույներով։ Սինթետիկ ալիզարինի ստացումը խիստ սահմանափակեց Տ–ի կիրառությունը։ Տնայնագործական ներկման համար օգտագործվում է ՀՍՍՀ–ում, Կովկասում և Միջին Ասիայում։ Զ․ Թառայան

ՏՈՐՈՆՏՈ (Toronto), քաղաք Արլ․ Կանադայում, Օնտարիո նահանգի վարչական կենտրոնը։ 3,1 մլն բն․ (1984, արվարձաններով)։ Նավահանգիստ է Օնտարիո լճի ափին։ Առևտրա–արդ․, ֆինանս, և մշակութային կենտրոն է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, էլեկտրատեխ․, մետաղամշակման, նավթավերամշակման, քիմ․, պոլիգրաֆ, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ Տ․ տալիս է երկրում արտադրվող գյուղատնտ․ մեքենաների և ինքնաթիռների 1/2-ը, հաստոցների և էլեկտրատեխ․ սարքավորումների 3/4-ը։ Ունի 2 համալսարան։ Կան XIX դ․ ճարտ․ հուշարձաններ։ Հիմնադրվել է XVIII դ․։ XVII դ․ ժամանակակից Տ–ի տեղում գտնվում էր հնդկացիների բնակավայր, XVIII դ․ ֆրանս․ առևտրավան էր, 1793-ից՝ անգլ․ ամրացված բնակավայր (մինչև 1834-ը՝ Ցորք անվամբ)։ 1793–1841-ին Վերին Կանադա անգլ․ գաղութի (նահանգի) վարչական կենտրոնն էր։ 1837–38-ի հակաանգլ․ ապստամբության կենտրոն։

Տ–ում XX դ․ սկզբին բնակություն են հաստատել հայեր: 1916-ին Լևոն Պապայանի և մի քանի այլ հայրենասերների նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հայերի օգնության միությունը», 1925-ին՝ «Կանադահայ միությունը»։ 1953-ին կառուցվել է Մ․ Երրորդություն եկեղեցին, որին կից գործում է Ս․ Սահակ և Մեսրոպ շաբաթօրյա դպրոցը, գործում են նաև Մ․ Խաչ (1978-ից) և Վիլովթեյլ թաղի ամենօրյա հայկ․ վարժարանները, ինչպես նաև Արփի Մերաս մանկապարտեզը։ Տ–ի ազգային մշակութային կյանքը կազմակերպում են «Կոմիտաս» երաժշտական և «Նոր սերունդ» մշակութային միությունները, գործում են հայրենասիրական միություններ (Նյու Չորքի «Վարդանանց ասպետներ»-ի Տ–ի մասնաճյուղը), տիկնանց հանձնախումբ, երիտասարդական մարմիններ, «Տարեց քաղաքացիների» ընկերությունը ևն։ Տ–ում լույս են տեսնում «Նոր սերունդ» ամսագիրը, ՀԲԸՄ–ի «Խոսնակ Տորոնտոյի» պարբերականը։ Գործում է հայկ․ ռադիոժամ։ Տ–ում այժմ բնակվում է շուրջ 15 հզ․ հայ։ Տես նաև Կանադա, Հ ա յ ե ր ը Կ ա ն ա դ ա յ ու մ մասը։

ՏՈՐՊԵԴ (< լատ․ torpedo – էլեկտրական կատվաձուկ), պայթուցիկ նյութի լիցք կրող ինքնաշարժ ինքնակառավարվող ստորջրյա սիգարաձև արկ։ Նախատեսված է հակառակորդի նավերը խոցելու և ջրագծի մոտ գտնվող օբյեկտները (նավամատույցներ, նավանորոգարաններ ևն) կործանելու համար։ Տ–ներով են զինված սուզանավերը, հակասուզանավային նավերը, էսկադրային ականակիրները, տորպեդային կատերները, ինչպես նաև ինքնաթիռները և ուղղաթիռները։ Նավերից Տ–ներն արձակվում են տորպեդային ապարատների միջոցով։ Տ–ները լինում են․ ըստ սնման աղբյուրի՝ ինքնավար և կաբելի միջոցով սնվող, ըստ կրող օբյեկտի տիպի՝ նավային և ավիացիոն, ըստ շարժիչի տիպի՝ շոգեգազային, էլեկտրական և ռեակտիվ, ըստ մանևրման բնույթի՝ ուղիղ գնացող, մանևրող, լարերով հեռուստակառավարվող և ինքնուղղվող։ Տ–ի իրանի երկարությունը 5,5–8,6 մ է և ավելի, տրամագիծը՝ 45-60 սմ