Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/64

Այս էջը սրբագրված է

ՏՈՐՊէԴԱՅԻՆ ԱՊԱՐԱՏ, տորպեդները պահելու և կրակելու հարմարանք։ Տ․ ա․ խողովակ Է, որի տրամագիծը և երկարությունը համապատասխանում են դուրս նետվող տորպեդի տրամաչափին։ Տ․ ա-ները տեղադրում են վերջրյա նավերի (1-ից 5 հատ), սուզանավերի (2-ից 10 հատ և ավելի), տորպեդային կատերների վրա և ափին։ Սուզանավերում Տ․ աներն ամրացված են անշարժ, վերջրյա նավերի վրա սովորաբար լինում են դարձկեն։ Տորպեդները դուրս են նետվում պնևմատիկ կամ հիդրոպնևմատիկ եղանակով։

ՏՈՐՎԱԼԴՍԵՆ (Thorvaldsen) Բերտել (1768 կամ 1770–1844), դանիացի քանդակագործ։ Ուշ կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչներից։ Սովորել է Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիայում (1781–93)։ 1797 –1838-ին ապրել է Նեապոլում և Հռոմում, որտեղ ուսումնասիրել է անտիկ քանդակագործությունը և Ռաֆայելի ստեղծագործությունները։ Հռոմի Ս․ Ղուկասի (1825-ից) և Կոպենհագենի Գեղարվեստի (1833-ից) ակադեմիաների պրեզիդենտ։ Հիմնականում աշխատել Է մարմարի վրա։ Ինչպես և Ա․ Կանովան, Տ․ ձգտել է կերպարների իդեալականացման և սառը վերացականության, որ բնորոշ էր XIX դ․ եվրոպ․ արվեստի ակադեմական ուղղությանը։ Տ–ի գործերը առանձնանում են մարմարի մշակման վիրտուոզ վարպետությամբ, կոմպոզիցիայի խիստ ներդաշնակությամբ, ստատիկությամբ և կերպարների զսպվածությամբ («Յասոն», մարմար, 1802–03, «Սրինգով Մերկուրիոսը», մարմար, 1818, երկուսն Էլ՝ Տ–ի թանգարան, Կոպենհագեն, Կոմ լճի մոտ գտնվող Կարլոտտա վիլլայի «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը» վիթխարի ֆրիզը, 1812)։ Ստեղծել է նաև դիմաքանդակներ։ Տ–ի հիմնական գործերը հավաքված են Տ–ի թանգարանում (Կոպենհագեն)։ Բ․ Տ ո ր վ ա լ դ ս ե ն․ «Ամուրի երգը լսող գեղուհիները», բարձրաքանդակ, մարմար (1821, Տորվալդսենի թանգարան, Կոպենհագեն)

ՏՈՐՔ, տորգ, գորգ կամ կապերտ հինելու սարք։ Տես նաև Գորգագործություն։

«ՏՈՐՔ ԱՆԳԵՂ», նաև Տ ու ր ք կամ Ա ն գ ե ղ յ ա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։ Ըստ Մովսես խորենացու «Հայոց պատմության»՝ Տ․ Ա․ բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա Էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետեվից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել (խոր․, Բ, Ը)։

Տ․ Ա–ի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին անատոլիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաքքադ․ Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտամունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Հայաստանի նշանավոր Անգեղ գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տ․ Ա․, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժող․ ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուրք, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից [«վասն զի կոչեցեաւ Բագարատ և Անգեղ» (Բագարատ՝ ստուգաբանորեն՝ Բագադատա-դից տուրք, աստվածատուր)], գտնում են, որ հնում Տ․ Ա․ ժող․ ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։ Տ․ Ա–ի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրկ-ում (Ղ․ Աղայան, «Տորք Անգեղ», պոեմ), արվեստում (Կ․ Նուրիջանյան, «Տորք Անգեղ», քանդակ)։
Գրկ․ Ա բ ե ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, Էշ 58–62։ Ա դ ո ն ց Ն․, Տորք աստված հին հայոց, «հուշարձան, գրակ․ ժողովածու», Վնն․, 1911։ Խաչատրյան Ա․, «Տորք Անգեղյա» հայ հին մատենագրության և նոր բանասիրության մեջ, «Տեղեկագիր ՀԽԱՀ գիտության և արվեստի ինստիտուտի», 1931, №5։ Ս․ Հարությունյան

ՏՈՐՖ (գերմ․ Torf), այրվող օգտակար հանածո, որն առաջացել է ճահճային բույսերի բնական չհրացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։ Տ–ի օրգ․ նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված (մինչև 20% քայքայված բուսական հյուսվածքներ), միջին քայքայվածության (20–35%) և խիստ քայքայված (35%-ից ավելի) Տ-եր։ Ըստ առաջացման պայմանների և հատկությունների Տ–երը բաժանվում են վերնատորֆի, ներքնատորֆի և միջանկյալ տիպի։ Տ․ ունի բարդ քիմ․ կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ․ կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տ–ի այրվող զանգվածի տարրային կազմն Է․ ածխածին՝ 50-60%, ջրածին՝ 5-6,5%, թթվածին՝ 30–40%, ազոտ՝ 1–3%, ծծումբ՝ 0,1-1,5% (երբեմն՝ 2,5%)։ Օրգ․ զանգվածի բաղադրամասային կազմն Է․ ջրում լուծելի նյութեր՝ 1,5%, բիտումներ՝ 2–10%, դյուրին հիդրոլիզվող միացություններ՝ 20–40%, թաղանթանյութ՝ 4– 10%, հումինային թթուներ՝ 15–20%, լիգնին՝ 5-20%։
Տ․ բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ Է, որին բնորոշ Է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում (88–96%), ծակոտկենությունը (մինչև 96–97%) և սեղմվե– լիության բարձր գործակիցը։ Տ–ի տեքստուրան միատարր Է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան՝ սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին Է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված Տ․ չոր վիճակում ունի փոքր խտություն (մինչև 300 կգ/մ3), ջերմահաղորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։
Բարձր դիսպերսայնության Տ․ չորացնելիս առաջացնում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավության դեպքում, տատանվում է 2650–3120 կկալ/կգ սահմաններում։
ՍՍՀՄ–ում տորֆաճահիճների ընդհանուր մակերեսը կազմում է 86,0 մլն հա, իսկ երկրբ․ պաշարները՝ 166,4 մլրդ տ:
Տ–ի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՍՍՀ Վարդենիսի, Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի շրջաններում։

ՏՈՐՖԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգիենային պահանջներին համապատասխանող Տ․։ Առավել արդյունավետ է բուս. մնացորդների բարձր քայքայվածություն (ավելի քան 60%) և 42–52°C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգ․ նյութերի բարձր պարունակություն, փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։ Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տ․ երբեմն զուգակցում են Էլեկտրաբուժության հետ։

ՏՈՐՖԱՀԱՆՈՒՅԹ, տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տ–ի Էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը՝ հանքակուտակի փխրունացումը, 8–25 մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային, իսկ երբեմն Էլ՝ մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվող շերտը 25–40 սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8–25 մմ տրամաչափի ֆրակցիաների։ Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86–89% ։ Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են (տես Տորֆամեքենաներ)։ Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ։ ՍՍՀՄ–ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային (ընդհանուր