գեղարվեստական (ցուցանակների, սկահակների, գործվածքի նմուշների, կազմերի, շապիկների և այլ տարրերի վրա վրձնով կամ այլ գործիքով դրոշմված) տեսակների, Տ–երը կազմված են առանձին լիտերներից կամ այլ տարրերից և նախատեսված են գլխավորապես թղթի վրա վերարտադրվող տեքստը ձեռքով կամ մեքենայով շարելու համար։ Նեղ իմաստով տպարանային Տ․ է կոչվում շարվածքի համար նախատեսված տպարանային լիտերների համախումբը։ Կախված նշանակումից՝ տպարանային Տ–երը լինում են տեքստային՝ բնագրային (տեքստի շարվածքի համար), տիտղոսային (վերնագրերի, տիտղոսաթերթերի, կազմերի շարվածքի համար), ակցիդենտային (բլանկների, պիտակների և այլ մանր նյութերի հրատարակությունների տպարանային շարվածքի համար)։
Հայկական առաջին Տ–երը ստեղծվել են 1509–11-ին, Վենետիկում, XIII– XV դդ․ ձեռագիր բոլորգրերի հիման վրա։ Այդ տառերի առաջին նմուշները (1) մեզ են հասել Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերի միջոցով։ 1565-ին Աբգար Թոխաթեցին Վենետիկում պատրաստել է տվել երկու չափի Տ–եր (2), որոնց տարատեսակները գործածության մեջ են մինչև այսօր։ 1636-ին Նոր Ջուղայում Խաչատուր Կեսարացու ջանքերով գործածության մեջ են դրվել երկու չափի նոր Տ–եր։ 1662-ին Մատթեոս Ծարեցու պատվերով Ամստերդամի տպարանի համար Տ․ է փորագրել Էլզեվիրների տպագրատան տառափորագրիչ Վան Դեյկը։ Այդ Տ–երը (3) հայտնի են <Աստվածաշնչի գիր» անունով։ 1770-ական թթ․ սկզբին Մադրասում գործածության մեջ են դրվել նոր ուղղահայաց Տ–եր, որոնցով շարվել և տպագրվել է «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» գիրքը (1772)։ 1847-ից ասպարեզ են եկել Հ․ Մյուհենտիսյանի փորագրած նոր ուղղահայաց Տ–երը։ 1850–90-ական թթ․ Վիեննայի Մխիթարյան միաբանության հայրեր Ա․ Հոֆերը և Ա․ Այտընյանը շրջանառության մեջ են դրել մի շարք տեքստային ու վերնագրային Տ–եր (4)։ 1855–1856-ին այդ գործով զբաղվել են Գ․ Այվազովսկին ու Ճ․ Արամյանը, որոնց ստեղծած տառատեսակները (5) հայտնի են «Արամյան» անունով։ Այնուհետև շրջանառության մեջ են դրվել «Գրոտեսկ» ընտանիքին պատկանող Տ–երը (12)։ 1939-ին նկարիչ–տառագետ Ֆ․ Շ․ Տագիրովի գլխավորած նկարիչների խումբը (Մոսկվա) գործածության մեջ է դրել «Հայկական սովետական» կոչվող Տ–երը (7)։ 1960-ից գործածության մեջ են մտել «Նոր հայկական» (13), «Մնացականյան», «Նորք» (6,11), «Եղեգնագիր լարային» (10), «Հանրագիտարանային» (8), «Դպրոցական» (9) և «Արմենուհի» (14) Տ–երը։
Գրկ․ Զ ո հ ր ա պ յ ա ն Հ․, Գաղափար հայկական Մեսրովպյան տառից․․․, Վնտ․, 1816։ Մ ի ն ա ս յ ա ն Պ․, Արուեստագրութիւն, Վնտ․, 1834։ Թ ե ո դ ի կ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Շ ա հ վ ե ր դ յ ա ն Ա․, Ս ա մ վ ե լ յ ա ն Խ․, Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ, Ե․, 1953։ Խ․ Սամվելյան
ՏՊԱՐԱՆ, պոլիգրաֆիական արդյունաբերության ձեռնարկություն, որը հիմնականում բարձր տպագրության եղանակով