Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/73

Այս էջը սրբագրված է

իրականացվել՝ 1946-ին, II-ը ստեղծվել է 1956-ին՝ 1961-65-ի համար, 111-ը՝ 1965-70-ի համար, ընդգրկում էր 13 բազային մոդելներ։ Մշակվել է IV տիպաժը 1971-80-ի համար, ընդգրկում է 10 բազային մոդելներ, որոնց աշխատանքային արագությունները հասնում են 35 կմ/ժ-ի։ Կապված արագության մեծացման հետ՝ մշակվել են կախոցի նոր առաձգական տարրեր, խցիկը դարձել է առավել հարմարավետ, հերմետիկ, տաքացման հարմարանքով և կոնդիցիոներով, օդափոխիչով են։ Մշակվում են էլեկտրական և հիդրավլիկական հաղորդակներով Տ-ներ, աստիճանաբար կիրառվում են ավտոմատացման հարմարանքներ։

ՏՐԱԿՏՈՐԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, մեքենաշինության ճյուղ, որն արտադրում է տրակտորներ, տրակտորների ու կոմբայնների շարժիչներ, դրանց համար միասնականացված հանգույցներ, ագրեգատներ, պահեստամասեր ու դետալներ։ Որպես արդյունաբերության ճյուղ Տ. գոյություն ունի 1917-ից, երբ Ֆորդի ձեռնարկություններում (ԱՄՆ) սկսվեց տրակտորների զանգվածային արտադրությունը։ ՍՍՀՄ-ում Տ. կազմակերպվել է 1923-ին (առաջին տրակտորները՝ «Ֆորդզոն-Պուտիլովեց», թողարկել է «Կրասնի պուտիլովեց» գործարանը, այժմ՝ Լենինգրադի «Կիրովսկի զավոդ» միավորումը): Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադի) և Խարկովի առաջին մասնագիտացված տրակտորաշինական գործարանները թողարկել են ՍՏԶ-ԽՏԶ մակնիշի անվավոր տրակտորներ։ Չելյաբինսկի տրակտորաշինական գործարանում 1933-ին սկսվել է թրթուրավոր ծանր (Ս-60), իսկ 1936-ին՝ նմանատիպ, բայց դիզելային շարժիչով (Ս-65) տրակտորների արտադրությունը։ 1937-ից Ստալինգրադի ու Խարկովի գործարանները թողարկել են ՍԽՏԶ-ՆԱՏԻ թրթուրավոր տրակտորներ, որի շնորհիվ ՍՍՀՄ-ը այդ տիպի տրակտորների արտադրությամբ 1948-ին գրավել է աշխարհում 1-ին տեղը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կառուցվել ու գործարկվել են Ալթայի, Վլադիմիրի, Լիպեցկի, վերսկսել են աշխատել Ստալինգրադի և Խարկովի ավերված գործարանները։ Ետպատերազմյան շրջանում շարք են մտել Խարկովի տրակտորների հավաքման, Մինսկի, Օնեգայի, Ուզբ. (այժմ՝ Տաշքենդի) տրակտորաշինական գործարանները։ Կիրովի գործարանը սկսել է Կ-700 (1964-ին), Պավլոդարի տրակտորների գործարանը՝ ԴՏ-75 Մ (1968-ին) տրակտորների թողարկումը։ 1962-ին Քիշնևի գործարանում կազմակերպվել է ՄՏԶ տրակտորների հետ միասնականացված վարող թրթուրավոր տրակտորների արտադրությունը։ 60-ական թթ. վերջերին ավարտվել է անցումը դիզելային շարժիչով տրակտորների թողարկմանը, ստեղծվել են տրակտորների միասնականացված տիպեր։ 1960-ին ՍՍՀՄ-ը տրակտորների արտադրությամբ գրավում էր աշխարհում 1-ին տեղը։ Բարձրանում է տրակտորների տեխ.մակարդակը՝ ավելանում է դրանց էներգահագեցվածությունը, կրճատվում նյութատարությունը, բարձրանում ունիվեր֊

Տրակտորների արտադրությունը ՍՍՀՄ–ում
Տարիներ հզ․ հատ Շարժիչների գումարային հզորությունը, մլն ձ.ու․
1925 0,6 0,01
1940 31,6 1․5
1950 116,7 5,5
1960 239 11,4
1970 459 29,4
1984 571 50,9

սալությունը, որակն ու հուսալիությունը բարելավվում են տրակտորիստի աշխատանքի պայմանները։ Սոցիալիստ, մյուս երկրներից տրակտորների խոշոր արտադրողներ են Ռումինիան (1983-ին առանց այգեբանջարանոցային տրակտորների՝ 82,7 հզ. հատ), Հարավսլավիան (56 հզ. հատ), Լեհաստանը (55,5 հզ. հատ): Կապիտ. երկրներից՝ Տ. հատկապես զարգացած է ԱՄՆ-ում (1982-ին առանց այգեբանջարանոցային տրակտորների՝ 101 հզ. հատ), ճապոնիայում (203 հզ. հատ, 1980), Իտալիայում (92,8 հզ. հատ):

ՏՐԱԿՏՐԻՍ, (<լատ. tractus ձգված) հարթ տրանսցենդենտ կոր, որն ուղղանկյուն դեկարտյան կոորդինատական համակարգում տրվում է հավասարումով,

[բանաձևը]

որտեղ a-ն հաստատուն է։ А(0,а) կետը Տ-ի շրջման կետն է U կոչվում է Տ-ի գագաթ։ Տ-ի բնորոշ հատկությունն այն է, որ նրա շոշափողի այն հատվածը, որը

[գծագիրը]

գտնվում է շոշափման կետի և Օx, առանցքի միջև, հաստատուն մեծություն է՝ a (տես նկ.): Տ. սիմետրիկ է Օy առանցքի նկատմամբ, իսկ Օx; առանցքը նրա ասիմպտոտն է։ Տ. ասիմպտոտի շուրջը պտտելիս ստացվող մարմինը կոչվում է պսևդոսֆերա։

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՏՈՄԻԶՄ, փիլ.յան մեջ պլյուրալիստական և նոմինալիստական ուսմունք, որը մշակել են Բ.Ռասելը և Լ.Վիտգենշտայնը, 1910-20-ական թթ.։ Աշխարհի մասին գոյաբանական պատկերացումը Տ. ա. բխեցնում է լեզվի (ըստ էության՝ լեզվամտածողության) տրամաբանական կառուցվածքից, քանի որ վերջինս համարում է աշխարհի կառուցվածքի արտապատկերումը։ Սովորական գործածական լեզվի մեջ տրամաբանական կառուցվածքը մթագնված է. այն, ըստ Տ. ա-ի, կարող է բացահայտվել տրամաբանորեն կատարյալ իդեալական լեզվի մոդելի միջոցով, որը կառուցվում է մաթ. կշռադատությունների ներկայացման համար նախատեսված՝ Ռասելի և Ուայտհեդի «Principia Mathematica»-ի սկզբունքներով։ Ըստ այդմ, աշխարհի վերջնական անբաժանելի տարրեր համարվում են «ատոմական փաստերը» (այն է՝ որեէ հատկությամբ կամ հարաբերությամբ տրված առարկաները), որոնց վերաբերում են «ատոմական ասույթները» (հատկության կամ հարաբերության պարզ դատողությունները): Ինչպես որ ասույթների կապերն են արտաքին, քանի որ բաղադրյալ ասույթների ճշմարտային արժեքը այն կազմող «ատոմական ասույթների» ճշմարտային ֆունկցիան է և կախված չէ դրանց իմաստից, այդպես էլ «ատոմական փաստերն» են միմյանցից անկախ։ Ուստի աշխարհը փաստերի համախմբություն է և ոչ թե ամբողջականություն։ Պլյուրալիստական այս ըմբռնումը հակադրվում էր նորահեգելական Ֆ. Հ. Բրեդլիի ուսմունքին, ըստ որի եզակի փաստերը գոյություն ունեն (և ճանաչելի են) միայն որպես ամբողջի պատառիկներ։ Տ. ա-ին հատուկ նոմինալիզմի և նեղ էմպիրիզմի հարուցած իմացաթանական-մեթոդաբանական դժվարությունները Ռասելին և Վիտգենշտայնին դրդեցին հետագայում հրաժարվել դրանից։ Անհնարին եղավ նաև լեզվամտածողության տրամաբանական կառուցվածքը տեղավորել Տ. ա-ի առաջարկած ձևական տրամաբանական մոդելի մեջ։

Հ. Գևորգյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԹՀՄ-ի, երկուական կոդերի հետ բոլոր կարգանիշներով կատարվող գործողություն, որն իրականացվում է ասույթների տրամաբանության կանոններով։ Հիմնական և առավել տարածված Տ. գ-ներն են. ժխտում, բազմապատկում (կոնյունկցիա), գումարում (դիսյունկցիա), համարժեքություն։ Այդ Տ. գ-ները բավական հեշտությամբ իրականացվում են տրամաբանական տարրերի միջոցով, իսկ ցանկացած բարդ Տ. գ. կարելի է ի վերջո հանգեցնել երեք (ժխտում, բազմապատկում, բաժանում) Տ. գ-ների։ Հաճախ Տ. գ. են համարում նաև կոդերի տեղաշարժը, թվի նշանի և այլ գործողություններ։ Ունիվերսալ հաշվողական մեքենաներում Տ. գ-ները հնարավորություն են տալիս իրականացնել տվյալների վերակոդավորում և խմբագրում, ծրագրի կատարման ընթացքի կառավարման համար ինֆորմացիայի փնտրում՝ արդյունքների հետագա վերլուծությամբ։

Գրկ. Каган Б. М., Каневский М.М., Цифровые вычислительные машины и системы, 2 изд., М., 1973.

Յու. Շուքուրյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տրամաբանական ասույթներ և պրեդիկատներ կամ տրամաբանական արժեքներ ձևափոխող գործողություններ։ Ասույթային Տ. գ. (կոնյունկցիա՝ &, դիզյունկցիա՝ V, իմպլիկացիա՝ ժխտում՝ կամ ՝ ¬) վերաբերում են ասույթներին կամ տրամաբանական արժեքներին, մոդալ տրամաբանությունում դիտարկվում են նաև՝ <> («հնարավոր է») և □ («անհրաժեշտ է») ասույթային Տ. գ.։ Պրեդիկատները ձևափոխող Տ. գ. են քվանտորները։ Օգտագործվում են նաև հատուկ տիպի Տ. գ., ասենք, Դ. Հիլբերտի սահմանած ε օպերատորը, որի կիրառման արդյունքում, օրինակ, х+1 < у < x+3 պրեդիկատի նկատմամբ բնական թվերի տիրույթում ստացվում է εy(х+1 < у < x+3) («այնպիսի у, որի համար տեղի ունի х+1 < у < x+3 պայմանը»), այսինքն՝ у=x+2 ֆունկցիան։

Ի. Զասլավսկի