Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/83

Այս էջը սրբագրված է

ՏՐԱՆՍՊՈՐՏ (լատ․ transporto – կրել, տեղափոխել, փոխադրել), ընդհանուր առմամբ՝ մարդկանց ու բեռների տեղափոխում․ հասարակական նյութական արտադրության կարևորագույն բնագավառներից։ ժամանակակից տրանսպորտային համակարգն ընդգրկում է ը ն դ հ ա ն ու ր օ գ տ ա գ ո ր ծ մ ա ն՝ երկաթուղային տրանսպորտը, ավտոմոբիլային տրանսպորտը, ծովային տրանսպորտը, գետային տրանսպորտը, օդային տրանսպորտը, խողովակաշար Տ․, և ո չ ը ն դ հ ա ն ու ր օ գ տ ա գ ո ր ծ մ ա ն՝ արդ․ Տ․ (արտադրության պրոցեսը սպասարկող տրանսպորտային միջոցների ամբողջություն)։ Ընդհանուր օգտագործման Տ․, աշխատանքի արդյունքները հասցնելով դրանց սպառման վայր, շարունակում է արտադրության պրոցեսը։ Բ ե ռ ն ա տ ա ր Տ․, չնայած չի ավելացնում արդյունքների քանակը, բայց, հանդիսանալով արտադրության պրոցեսի շարունակություն, վերաբերում է նյութական արտադրությանը։ Կ․ Մարքսը արտադր․ ոլորտին է վերագրել նաև ընդհանուր օգտագործման մ ա ր դ ա տ ա ր Տ․։ Վերջինս անմիջաբար կապված է և՝ արտադր․, և՝ անձնական նպատակներով մարդկանց փոխադրման պահանջմունքների բավարարման հետ։ Գոյություն ունի նաև ա ն ձ ն ա կ ա ն օ գ տ ա գ ո ր ծ մ ա ն Տ․ (մարդատար ավտոմոբիլներ, մոտոցիկլներ, հեծանիվներ, նավակներ ևն)։

Դեռևս նախնադարում օգտագործվել են բնության ընձեռած փոխադրամիջոցները՝ թելաբույսերով շաղկապված ծառաբներ, կենդանիների բացած արահետներ ևն։ Տ–ի զարգացման մեջ հեղաշրջում առաջացրեց անիվի հայտնագործումը։ Արդեն ստրկատիրության սաղմնավորման ժամանակ ցամաքում օգտագործվում էին միասռնանի սայլակներ, ծովում՝ թիանավեր։ Հին Չինաստանում, Պարսկաստանում, Հռոմ․ կայսրությունում կառուցվում էին մեծ թվով ռազմ. ճանապարհներ, առևտր․ քարավանային ուղիներ։ Վաղ ֆեոդալիզմի շրջանում ցամաքային Տ․հիմնականում կենդանաքարշ էր։ Վենետիկի, Ջենովայի, Հանզայի միության առևտրի զարգացման հետ առաջընթաց ապրեց ծովային Տ․ (հատկապես կողմնացույցի գյուտից հետո), կատարելագործվեց նավարկության տեխնիկան։ Տ․ որպես արտադրության ճյուղ Արմ․ Եվրոպայում առանձնացել է արդյունաբերական հեղաշրջման դարաշրջանում։ XIX դ․ 1-ին քառորդին անցում կատարվեց Տ–ի մեխ․ միջոցներին՝ շոգենավերին ու շոգեքարշերին։ XX դ․ սկզբին աշխարհում երկաթուղիների ցանցի երկարությունը կազմեց 1114 հզ․ կմ, նավարկելի գետերինն ու ջրանցքներինը՝ 318 հզ․ կմ, երկաթուղային Տ–ի բեռնաշրջանառությունը՝ 753 մլրդ տ/կմ, ծովային ու գետային Տ–ինը՝ 1545 մլն տ/կմ։ XIX դ․ վերջին երևան եկավ ավտոմոբիլային Տ․, որն, ապահովելով կարճ տարածություններում բեռների և, հատկապես, ուղևորների փոխադրումը, սկսեց մրցակցել երկաթուղային ու գետային Տ–ի հետ։ XX դ․ 1-ին քառորդին առաջացավ օդային Տ․ (տես Ավիացիա, Քաղաքացիական օդային նավատորմ

ՍՍՀՄ–ում Տ–ի համակարգում առաջատարը երկաթուղային Տ․ է, որին 1982-ին բաժին էր ընկնում երկրում ընդհանուր օգտագործման Տ–ի գումարային բեռնաշրջանառության 48,7, ուղևորաշրջանառության՝ 36,9%-ը։ էլեկտրիֆիկացված երկաթուղիների երկարությամբ, էլեկտրիֆիկացման տեմպերով, էլեկտրական քարշով կատարվող փոխադրումների ծավալով և բեռնաշրջանառությամբ ՍՍՀՄ երկաթուղային Տ․ առաջինն է աշխարհում։ ՍՍՀՄ էկոնոմիկայում մեծ է ծովային Տ–ի դերը, որը հիմնականում իրականացնում է արտաքին առևտր․ բեռնափոխադրումները, սպասարկում ներքին ծովային հաղորդակցման ուղիները, ինչպես նաև փոխադրում օտարերկրյա նավավարձակալների բեռները։ Զարգացած է նաև ներքին նավագնացությունը, հիմնականում ավարտվել է ՍՍՀՄ եվրոպ․ մասի միասնական խորջրյա տրանսպորտային համակարգի ստեղծումը։ Հայրենական մեծ պատերազմից հետո արագ տեմպերով է զարգանում ավտոմոբիլային Տ․, ստեղծվել է ավտոմոբիլաշինության արդ․ հզոր բազա, կատարելագործվում են ավտոճանապարհները։ ՍՍՀՄ–ում նավթի և բնական գազի արդյունահանման ու վերամշակման բարձր տեմպերը պայմանավորել են խողովակաշար Տ–ի բուռն զարգացումը։ Օդային Տ․ ապահովում է կապը երկրի ներսում բոլոր խոշոր քաղաքների ու բազմաթիվ բնակավայրերի միջև, ինչպես նաև արտասահմանյան երկրների հետ։

Սոցիալիստ․ մյուս երկրներում ևս Տ․ զարգանում է բարձր տեմպերով։ 1982-ին ՏՓխ–ի անդամ–երկրներում Տ–ի բոլոր տեսակների գումարային բեռնաշրջանառությունը կազմել է 6,9 տրիլիոն տ/կմ, բեռների փոխադրման ընդհանուր ծավալը՝ 15,6 մլրդ տ։ Առավել արագ են աճում բեռների միջազգային, էլեկտրաքարշի ու ջերմաքարշի միջոցով կատարվող, ինչպես նաև համալիր կոնտեյներային փոխադրումները։ Երկրների մեծ մասում մեծանում է խողովակաշար և օդային Տ–իդերը։ Զարգացած կապիտ․ երկրներից Տ–ի բոլոր տեսակները բարձր մակարդակ ունեն միայն ԱՄՆ–ում և Կանադայում։ Մեծ Բրիտանիայում թույլ է զարգացած ներքին նավագնացությունն ու խողովակաշար Տ․, ԳՖՀ–ում՝ խողովակաշար Տ․, Ճապոնիայում՝ նաև օդային ու ներքին ջրային Տ․։

Հ ա յ ա ս տ ա ն ու մ Տ․ ունի բազմադարյան պատմություն․ Սևանի ավազանում պեղած կլոր անիվներով միասռնի սայլերի գոյությունը թույլ է տալիս ենթադրել դեռևս մ․թ․ա․ II հազարամյակում փոխադրական միջոցների զարգացման մակարդակի մասին։ Երկրում արտադրության, փոխանակության զարգացումը, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի միջև առևտրի ծավալումը նպաստել են ճանապարհային ցանցի կազմավորմանը (տես Առևտրական ճանապարհներ), կամրջաշինության կատարելագործմանն ու գրաստային (քարավանային) Տ–ի առաջացմանը։ Դարերի ընթացքում ձևավորվել է արհեստի այնպիսի տեսակ, ինչպես գրաստային փոխադրամիջոցների՝ կառասայլերի ու ձիակառքերի պատրաստումը (տես Արհեստներ)։ Երկաթուղիների շինարարությունը Արլ․ Հայաստանում ծավալվել է XIX դ․ 70-ական և հատկապես 90-ական թթ․։ Երկաթուղիների նշանակալի շինարարություն է կատարվել նաև 1-ին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին։ Արդեն 1913-ին ՀՍՍՀ ներկայիս տարածքում երկաթուղիների երկարությունը կազմում էր 362 կմ։ Նախահեղափոխ․ Հայաստանում մեծ էր անռելս ճանապարհների դերը․ 1913-ին դրանց ընդհանուր երկարությունը կազմում էր 1058,7 կմ։ 1918–20-ին երկաթուղային Տ․ փաստորեն լրիվ քայքայվեց, մեծ վնաս հասցվեց նաև անռելս ճանապարհներին։

Տ․ մեծ զարգացում է ապրել Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Բարձր տեմպերով են աճել երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, խողովակաշար Տ․, բարձրացել է դրանց տեխ․ մակարդակը։ ՀՍՍՀ Տ–ի բոլոր տեսակները միավորված են ՍՍՀՄ միասնական տրանսպորտային համակարգում, կազմում են տրանսպորտային ուղիների փոխկապված ճյուղավորված ցանց, որով իրականացվում են հանրապետության ներքին ու արտաքին տրանսպորտա–տնտ․ բոլոր կապերը։ 1984-ին երկաթուղային, ավտոմոբիլային, օդային Տ–ի բեռնաշրջանառությունը համապատասխանաբար կազմել է 5117, 4893 և 40 մլն տ/կմ, իսկ ուղևորաշրջանառությունը՝ 485, 3608 և 3952 մլն ուղևոր/կմ։


ՍՍՀՄ ընդհանուր օգտագործման տրանսպորտի զարգացումը 1940-84-ին

Տրանսպորտի Ցանքի երկարությունը, հզ. կմ Բեռնաշրջանառությունը, մլրդ տ/կմ Ուղևորաշրջանառությունը, մլրդ ուղևոր/կմ
տեսակները 1940 1984 1940 1984 1940 1984
Երկաթուղային 106,1 144,1 420,7 3638,8 100,4 364,0
Ավտոմոբիլային 143,41 793,21 8,9 475,1 3,42 434,02
Ծովային - - 24,9 932,4 0,9 2,5
Գետային 108,9 136,7 36,1 264,3 3,8 5,9
Օդային 146 1020,0 0,02 3,8 0,2 184,0
Նավթամուղ 4,1 78,3 3,8 1370,3 - -
Գազամուղ - 165 - 9973 - -

1Կոշտ ծածկով բոլոր ճանապարհները:

2Փոխադրումներ ընդհանուր օգտագործման ավտոբուսներով: