ները մեծ պահանջարկ ունեին հատկապես Պարսկաստանում։ Երկրում մեծ թվով թաթարական ու քրդական վաչկատուն ցեղերի առկայությունը սատարում էր անասնապահության զարգացմանը։ Անասնապահությունը արհեստավորներին ապահովում էր անհրաժեշտ հումքով՝ բրդով, կաշվով, մորթիներով և այլն։
Գյուղատնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ուներ արհեստական ոռոգումը։ Ջրօգտագործումը կարգավորելու համար նշանակվում էին հատուկ պաշտոնյաներ՝ միրաբներ («ջրի իշխան»), իսկ գյուղերում՝ ջուվարներ (ջրբաժաններ) և կարաջուվարներ (ջուվարների օգնականներ), որոնք աշխատավարձը ստանում էին բնամթերքով՝ տեղական բնակչությունից։
Հայաստանում յուրաքանչյուր գյուղական համայնք առանձին տնտեսական և վարչական միավոր էր։ Համայնքի հիմնական բջիջը «ծուխն» էր։ Անդամների թվաքանակի համաձայն` «ծուխը» բաժանվում էր հինգ կատեգորիայի՝ համփա (16 անդամից բաղկացած ընտանիք), երեք պճեղ (12 մարդ), կիսան (8 մարդ), պճեղ (4 մարդ) և կես պճեղ (2 մարդ)։ Համայնքն ուներ որոշակի ինքնուրույնություն հողօգտագործման, հարկերի ու պարտույթների բաշխման հարցերում, ուներ իր դատարանն ու վարչությունը՝ կազմված միջնորդներից, լիազորներից կամ վեքիլներից, ախսախկալներից (սպիտակամորուսներից, այսինքն՝ ծերունիներից), դահբաշիներից (տասնակապետերից)։ Նրանք էին վճռում համայնքի կյանքի ներքին հարցերը։ Համայնքի գլուխ կանգնած էր ավագը (տանուտեր, քյոխվա, քեդխուդա, յուզբաշի), որի պաշտոնն ընտրովի էր։ Համայնքի կյանքի հիմնական հարցերը լուծվում էին գյուղական հավաքներում, տարին երկու անգամ, որոնց մասնակցում էին համայնքի բոլոր անդամները, բայց վճռական ձայնը պատկանում էր ծերունիներին։ Համայնական հողատիրությունը հատկապես տարածված էր լեռնային շրջաններում, իսկ ցածրադիր վայրերում մեծ էր ցանկապատված հողերի քանակը (տնամերձ հողեր, խաղողի և մրգի այգիներ), որոնք անձնական սեփականություն էին և կարող էին օտարվել։ Համայնքի անդամները, իբրև կոռ, մասնակցում էին ճանապարհների, բերդերի ու ամրոցների, ջրանցքների և այլնի կառուցմանը։ Գյուղական համայնքը կոնսերվացնում էր գոյություն ունեցող հարաբերությունները, որոշ չափով խանգարում ունեցվածքային շերտավորմանը։
Արևելյան Հայաստանի տնտեսական կյանքում կարևոր դեր էր խաղում արհեստագործությունը։ Արհեստագործական հիմնական կենտրոններն էին Երևանը, Նախիջևանը, Շուշին, Վաղարշապատը, Օրդուբադը։ Վրաստանի քաղաքների արհեստավորության ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Գոյություն ունեին հարյուրից ավելի արհեստներ, որոնցից կարևորներն էին կոշկակարությունը, բրուտությունը, կաշեգործությունը, դարբնությունը, պղնձագործությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, վրանագործությունը և այլն։ Արհեստների մեջ կարևոր տեղ էր գրավում կաշեգործությունը։ Երևանում կային 32, Օրդուբադում՝ 12, Նախիջևանում և Ղարաբաղում մեկական կաշեգործարաններ (արհեստանոցներ), որոնք բոլորն էլ կապալով էին տրվում։
Մեծ թիվ էին կազմում ներկատները, որոնք նույնպես պետության կողմից տրվում էին կապալով։ Մանուֆակտուրաներ չկային, չհաշված Երևանի ապակու, վառոդի և թնդանոթաձուլական արհեստանոցները։
Չնայած հարուստ օգտակար հանածոների առկայությանը` լեռնագործությունը զարգացած չէր։ Բացառություն էին կազմում Կողբի, մասամբ նաև Նախիջևանի, աղահանքերը։ Խանական վարչությունը հատուկ ուշադրություն էր դարձնում աղի հանույթին (որպես եկամտի հիմնական աղբյուրներից մեկի), որը Կողբ գյուղի բնակիչների մենաշնորհն էր։ Աղն արտահանվում էր Թուրքիա, Վրաստան,
Փայտե գաթանախշիկ (XIX դ․) Գուլպայի փայտե կաղապար (XIX դ․)
հարևան խանություններ և գանձարանին պատկառելի եկամուտ էր բերում։ Արևելյան Հայաստանի «Հյուսիսային կողմանք»-ը Ռուսաստանին միացնելուց հետո կառավարությունը լուրջ ուշադրություն դարձրեց լեռնագործության զարգացմանը։ Հատուկ հոգատարության առարկա դարձան Ալավերդու պղնձահանքերը և պղնձաձուլությունը։ Մինչև 1805-ը այստեղ լեռնային գործը ղեկավարում էր բերգ-կոլեգիայի անդամ, Ռուսաստանում այդ գործի քաջատեղյակ կոմս Ա․ Մ․ Մուսին-Պուշկինը։ Սակայն տեղական իշխանությունները չկարողացան կազմակերպել պղնձի իրացումը, որի հետևանքով 1816-ին պղնձաձուլական գործարանների պետական շահագործումը դադարեցվեց, և գործն անցավ մասնավոր հանքարդյունաբերողների ձեռքը։
Արհեստավորները միավորված էին համքարություններում։ Հայ համքարությունների առանձնահատկությունն այն էր, որ նրանց «կանոնադրությունները» հաստատում էր Ամենայն Հայոց կաթողիկոսը (դա վկայում է, որ էջմիածնին էին վերապահվում պետական իշխանության որոշ ֆունկցիաներ)։ Համքարության գլուխ կանգնած էր ուստաբաշին, որին (և նրա օգնականին) ընտրում էր համքարության ընդհանուր ժողովը։ Համքարական աստիճանակարգում հիմնական դեմքերն էին վարպետը, վարպետացուն և աշակերտը։
XIX դ․ առաջին երեսնամյակին առևտուրը Արևելյան Հայաստանում բավականին աշխույժ բնույթ էր կրում և վկայում էր ապրանքադրամական հարաբերությունների որոշակի զարգացման մասին։ Առևտրի կարևոր կենտրոններ էին Երևանը և Շուշին, որոնք կապված էին Թավրիզի, Թիֆլիսի, Բաքվի, Կարսի, Կարինի ու Բայազետի հետ և տարանցիկ առևտրի կենտրոններ լինելուց բացի, իրենք էլ էին արտահանում տեղական արտադրության մթերքներ՝ մետաքս, չորացրած մրգեր, կաշեգործական իրեր, բուսական յուղ, բամբակ, աղ, բրինձ, ձիեր և այլն։ Չնայած 1804-1813-ի ռուս-պարսկական երկարատև պատերազմին, առևտուրը շարունակվում էր, քանի որ երկու կողմերն էլ շահագրգռված էին դրանում։ Այդ շահագրգռվածությունն արտացոլում գտավ Գյուլիստանի հաշտության պայմանագրում, սահմանվեց ընդհանուր մաքս՝ ապրանքների արժեքի հինգ տոկոսի չափով։ Դրա հետևանքով առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև զգալիորեն մեծացավ։ Ներքին մաքսատների առկայությունը խոչընդոտում էր Թուրքիայի հետ առևտրին։
Վաճառականները նույնպես ունեին իրենց համքարությունները։ Վաճառականությունը բաժանվում էր (ըստ դրամագլխի մեծության) չորս կատեգորիայի՝ սովդաքյարներ (խոշոր վաճառականներ), բինահդարներ (զբաղվում էին և՛ մեծածախ, և՛ մանրածախ առևտրով), բազազներ (հիմնականում վաճառում էին գործվածքեղեն) և չարչիներ (փերեզակներ, թափառաշրջիկ մանր առևտրականներ)։ Արևելյան Հայաստանի և Պարսկաստանի հետ առևտրին գործուն մասնակցություն ունեին Թիֆլիսի մոքալաքները, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին։ ժամանակին մեծ էր նրանց նշանակությունը վրացական թագավորների կենտրոնացման քաղաքականության մեջ։ Ռուսական կառավարությունը ևս սատարում էր մոքալաքներին, հուսալով նրանց միջոցով ստեղծել մանուֆակտուրաներ և ծավալել առևտուրը։
Հայ վաճառականական կապիտալը առաջատար դեր էր խաղում Անդրկովկասում և իր գործունեությամբ նպաստում էր ապրանքադրամական հարաբերությունների զարգացմանը, չնայած ֆեոդալական անիշխանության և բռնակալության հարուցած բազում խոչընդոտներին։ Դրա համար էլ հայ առևտրական բուրժուազիան աջակցում էր Ռուսաստանի ծավալմանը հարավում, որպեսզի լավ պայմաններ ստեղծի իր գործունեության համար։
Երկրի ֆեոդալական մասնատվածության հետևանքով հարկային համակարգը բավականին խայտաբղետ պատկեր էր ներկայացնում։ Տարբեր խանություններում կային տարբեր հարկեր ու պարհակներ, որոնք զանազանվում էին ոչ միայն անունով, այլև էությամբ։ Հարկերը գանձվում էին դրամով և բնամթերքով։ Դրամական հար-