Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/518

Այս էջը սրբագրված է

ԱՐՎԵՍՏ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Հնադարյան ժամանակաշրջանի ճարտարապետություն։ Հայկական լեռնաշխարհում վաղ հին քարի դարի աշելյան շրջանից սկսած մարդը որպես կացարան օգտագործել է քարայրերը, որոնք ավելի ուշ՝ վաղ հին քարի դարի վերջում և ուշ հին քարի դարում լրացվել են արհեստական հնագույն շինվածքներով (Երևան՝ 1-ին քարայր, Ղարաղաշ՝ Արածանիի հովտում)։ Ճարտ–յան զարգացման համար հիմնարար նշանակություն է ունեցել «նեոլիթյան հեղափոխության» ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, իսկ քարայրը, որպես հիմնական կացարան իր տեղը զիջել է բացօթյա բնակարաններին։ Սկսվել է ճարտ–յան արագընթաց կատարելագործում, որը Հայկ․ լեռնաշխարհում առայժմ վկայված է Արղանա ավանի մոտ (այժմ՝ Թուրքիայում)՝ Չայոնու–Թեփեսի բնակավայրի (մ․ թ․ ա․ VIII հազարամյակ) պեղումներով։ Վերջինիս ճարտ․ զարգացման համեմատաբար բարձր մակարդակը շեշտվում է ստանդարտ ձևերի կառույցների առկայությամբ․ բացվել են շին․ տարբեր տեխնիկաների կիրառությամբ կառուցված ուղղանկյուն հատակաձևով բնակելի և տնտ․ շինությունների չորս տիպ։ Այսպիսով Հայաստանում հաստատագրվում է գործառական սահմանափակ, մասնագիտացված նշանակության կառույցների հատուկ ձևերի ստեղծման հնագույն փաստերից մեկը։ Հայկ․ լեռնաշխարհում, ներառյալ մ․ թ․ ա․ IV հազարամյակի 1-ին կեսը, զարգացել են նեոլիթյան և էնեոլիթյան վաղ երկրագործական մի շարք հնագիտ․ մշակույթներ, որոնց ուսումնասիրությամբ վերակազմվում են ճարտ․ տարբեր ավանդույթներ։ Այդ ավանդույթների բազմապիսի յուրահատկությունները հիմնականում դրսևորվել են բնակավայրերի կառուցապատման եղանակների և բնակարանաշինության (շինանյութեր, հատակաձևեր, տան առանձին բջիջների դասավորություն, ներքին և արտաքին ծավալների կազմակերպում) մեջ։ Լեռնաշխարհի հս–ում բացարձակապես գերիշխողը հում աղյուսից կառուցված շինությունների կլոր հատակաձևն էր, իսկ հվ․ և հվ–արլ․ ծայրամասերում՝ քառանկյուն տների կառուցման ավանդույթը։ Արարատյան դաշտում տարբեր ժամանակաշրջաններում այդ ավանդույթները փոխարինել են մեկը մյուսին։

Նկարում` Շենգավիթի (մ․ թ․ ա․ IV հազարամյակ) պեղված կացարանները

Մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբին Հայկ․ լեռնաշխարհը ամբողջությամբ ընդգրկվել է մշակութային մեկ ընդհանրության մեջ, որի միջուկը վաղ բրոնզի դարի շենգավիթյան մշակույթն է։ Վերջինիս բնորոշ է ճարտ–յան ֆունկցիոնալ ճյուղավորման խորացում, ճարտ․ նոր ձևերի առաջացում։ Տոհմական համայնքների բնակավայրերի կողքին առաջացել են քաղաքային քաղաքակրթության տարրեր կրող հնագույն նախաքաղաքներ։ Բնաաշխարհագրական տարբեր միջավայրերում կազմավորվել են յուրահատուկ հարթավայրային և լեռնային տիպերի բնակավայրեր։ Արմատապես փոխվել է բնակարանաշինությունը։ Շենգավիթյան մշակույթի ժամանակագրական սահմաններում ավարտվել է կլոր հատակաձևի կիրառումը, որը վերջնականապես փոխարինվել է քառանկյուն կառույցներից կազմված բնակելի համալիրներով։ Առաջացել են հայկ․ ժող․ բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպը, տանիքը կրող բազմասյուն կառուցվածքներ, տների երկհարկայնություն։ Երևան է եկել մոնումենտալ ճարտ․, որի հնագույն հուշարձաններն են պաշտամունքային (Մոխրաբլուր) և ամրոցաշինական կառույցները։ Պաշտպանական հնագույն համակարգերը ձևավորվել են դաշտավայրային շրջաններում, կառուցվել են հում աղյուսից (Յանիք–Թեփե, Մոխրաբլուր, Շրեշ–բլուր ևն), այնուհետև տարածվել են նաև լեռնային գոտում, կառուցվելով հսկայական անմշակ ժայռաբեկորներից՝ «կիկլոպյան» տեխնիկայով (Գառնի, Ձյանբերդ ևն)։

Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսին Հայկ․ լեռնաշխարհի մշակութային միասնությունը տրոհվել է։ Հվ–արմ–ում վաղ բրոնզի դ․ վերջին փուլում շարունակվել է քաղաքային մշակույթի զարգացումը, որի հանգուցային ճարտ․ հուշարձանը Նորշուն–Թեփեի պալատական կամ տաճարային համալիրի մառաններն են։ Լեռնաշխարհի կենտր․ և հս․ մասում նկատվում է նստակյաց կյանքի անկում, ուստի ճարտ․ հուշարձանները մինչև մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսը ներկայանում են ոչ թե բնակավայրերով, այլ դամբարաններով։ Այդ ժամանակաշրջանի իշխանական դամբանաբլուրները հսկայական կառույցներ են մինչև 150 մ2 մակերես ունեցող գերանածածկ դամբանասրահներով, ծածկված մի քանի հազար մ3 ծավալով թմբերով։ Սալային «կեղծ թաղ», հարթ կամ երկթեք ծածկ ունեցող փոքր ծավալի քարաշեն դամբանասրահների հոծ ու կանոնավոր դասավորության դեպքում առաջանում էին «մեռյալների քաղաքներ», որոնց լավագույն օրինակը Զորաքարն է (Ղոշուն–դաշ) Սիսիանի մոտ։

Մ․ թ․ ա․ II հազարամյակի 3-րդ քառորդում համատարած կայունացել է Հայաստանի բնակչության նստակեցությունը։ Սկսվել է Հայկ․ լեռնաշխարհի վաղ քաղաքային մշակույթի ձևավորման երկրորդ փուլը։ Լեռնաշխարհի արմ․ կողմը ընդգրկվել է խեթական թագավորության, իսկ հվ․՝ Միտաննիի պետության սահմաններում։ Իշուվա պետությունում (Խարբերդի դաշտ) իշխել են խեթական ճարտ–յան ավանդույթները, որոնց ազդեցությունը հասել է մինչև Արարատյան դաշտ։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի 2-րդ կեսին և I հազարամյակի սկզբին Կուրի և Արաքսի միջագետքի առավելապես զարգացած շրջաններում առաջացել են տասնյակ հեկտարների մակերես զբաղեցնող հնագույն քաղաքներ, խոշոր ժայռաբեկորների օգտագործմամբ «միդիս» շին․ տեխնիկայով կառուցված պարիսպներով, հզոր միջնաբերդերով, լայն ու նեղ փողոցներով (Լճաշեն, Լազարավան, Մոտկանբերդ ևն)։ Նոր որակի է հասել դամբարանային ճարտ–յունը, ուր նկատելի են ճարտ–յան և քանդակի սինթեզի փորձեր (Շամիրամ, Մեծամոր ևն)։ Գ Արեշյան

Մ․ թ․ ա․ IX–VI դդ․ ճարտարապետությունը հիմնվելով Հայկ․ լեռնաշխարհի բրոնզի դարի կառուցողական ավանդույթների վրա, զարգացել է Փոքր Ասիայի և Միջագետքի պետ․ միավորումների մշակութային փոխազդեցությունների ոլորտում։ Քաղաքաշինությունը մ․ թ․ ա․ IX դ․, լինելով համապետ․ խնդիր, հասել է զարգացման նոր աստիճանի։ Նախորդ դարաշրջանի ամրոց–բնակատեղիների (բերդ–շենների) փոխարեն, հաճախ նույն տեղերում կառուցվել են առավել հզոր քաղաքներ և ամրոցներ, որոնք միմյանց հետ կազմել են երկրի պաշտպանական հենակետերի միասնական ցանց։ Ամրոցներով շրջարկվել են Տուշպան, Մենուախինիլին, Սարդուրիխուրդան և այլ քաղաքներ, որոնց տեղային պայմանները պաշտպանական տեսակետից թելադրել են այդ անհրաժեշտությունը։

Նկարում` Վանա բերդի (հիմնադրվել է մ․ թ․ ա․ IX դ․) ավերակները

Քաղաքի բնակելի թաղամասերը որպես կանոն տարածվել են բնական բարձունքի ստորոտին, որի գագաթին հիմնարկ–