տի և բաղնիքի (նախասրահը՝ խճանկարագարդ հատակով) մնացորդները։ Արտաշատի թաղամասերում բացվել են բաղնիքների, արհեստավորական շարքերի, դարպասները պահպանող պահականոցների, ջրամատակարարման համակարգի մնացորդներ, շենքերի ճարտ․ U քանդակագործական բեկորներ, կենցաղային և կիրառական արվեստի նմուշներ (վերջինները կրում են անտիկ մշակույթի ազդեցությունը)։
Նկարում` Գառնիի տաճարի (մ․ թ․ I դ․) պատվանդանի մի մասը
Քաղաքներում, ամրոցներում և սրբավայրերում գտնվող հեթանոսական տաճարների ճարտ–յունը, աղերսվելով հնավանդ ձևերին (Մուսասիրի տաճար), դատելով Գառնիի տաճարի օրինակով, ընդհանրություններ է ունեցել հունա–հռոմ․ տաճարների ճարտ–յան հետ։ Դա հետևանք է հելլենիստական աշխարհի պանթեոնի նույնության, Հայաստանի հեթանոսական տաճարներում հեթանոսական աստվածների կուռքերի տեղադրության (Փոքր Ասիայի հեթանոսական տաճարներից փոխադրվել են Արտաշես Ա–ի և Տիգրան Բ–ի գահակալության օրոք)։ Կառուցողական տեխնիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է տեղական և անտիկ հունահելլենիստականի և հռոմեականի զուգակցություն։ Տձև քարերից անշաղախ շարվածքի հետ մեկտեղ (Արմավիրում, Երվանդաշատում, Արտաշատում) կիրառվել է նաև կանոնավոր ձևի քարերից անշաղախ շարվածքը՝ արճճով մածուցված երկաթի կապերի միջոցով։ Այդ տեխնիկայով են կառուցված Գառնիի ամրոցի պարիսպներն ու տաճարը (ուր կիրառված է նաև անտիկ սյունահեծանային համակարգը) և Արմավիրի որոշ կառույցներ։
IV–VII դդ․ ճարտարապետություն։ Ֆեոդ. հարաբերությունների կազմավորման սկզբից քաղաքաշինությունն ու ճարտ․ թևակոխել են զարգացման նոր փուլ։ Անտիկ քաղաքների մեծ մասը տնտ․ անկում է ապրել, իրենց նշանակությունը կարճատև պահպանել են միայն Արտաշատը և Տիգրանակերտը։ Դրանց փոխարինել են Դվինը և Կարինը։ IV դ․ սկզբին Արշակ Բ–ի հի մնա դրած Արշակավան քաղաքի կառուցումը մնացել է թերավարտ։
Նկարում` էջմիածին․ Մայր տաճարը հվ–արմ–ից (301 – 303, վերակառուցվել է 484-ին և XVII դ․)
Դվինն ու Կարինը (Թեոդոսուպոլիսը) բնութագրվում են քաղաքաշինական հատկանիշների (հատակագծային կառուցվածք, պաշտպանական միջոցների համակարգ ևն) ընդհանրությամբ։ Երկուսն էլ ունեցել են քաղաքաշինական եռամաս կառուցվածք (միջնաբերդ, շահաստան, արվարձան) և ապահովված էին պարիսպների ինքնուրույն համակարգով։ Անտիկ քաղաքների համեմատությամբ միջնաբերդի որոշ ֆունկցիաներ անցել են շահաստանին, ընդգծելով նրա նշանակությունը, որպես գաղափարապաշտամունքային և առևտրաարհեստագործական կենտրոն։ Դվինում և Կարինում իր ժամանակի համար պատշաճ մակարդակով լուծված են եղել քաղաքային բարեկարգման (ջրամատակարարում, ջրահեռացում, կոմունալ շենքեր), ինչպես նաև միկրոկլիմայի բարելավման (շրջապատում արհեստական անտառատարածությունների ստեղծում) հարցերը։
Նկարում` Ծիծեռնավանքի (IV–V դդ․) գլխավոր նավը
Նկարում` Օձունի տաճարը (VI դ․) հարավ–արևմուտքից
Քրիստոնեությունը կյանքի է կոչել նորատիպ պաշտամունքային շենքերի ճարտ․, որը սկզբնապես սնվել է անտիկ ճարտ–յան ավանդույթներից։ IV–V դդ․ եկեղեց․ շենքերը հիմնականում բազիլիկատիպ են եղել, միանավ կամ եռանավ, արլ–ից կիսաշրջան աբսիդով, կողմնային մեկ կամ երկու ավանդատնով։ Մույթաշարով (4–7 զույգ) նավերի բաժանված աղոթասրահի յուրաքանչյուր նավը (միջինը՝ լայն, կողմնայինները՝ նեղ), ծածկված են եղել ինքնուրույն թաղերով, իսկ երեքը միասին՝ ամֆոփված երկլանջ կտուրի տակ (Քասախի, IV–V դդ․, Աշտարակի, V դ․, Աղցի, IV դ․, Եղվարդի, V դ․ եռանավ բազիլիկները)։ Եռանավ բազիլիկների «արլ․ տիպին» պատկանող նկարագրված խմբից բացի, Հայաստանի մի քանի եռանավ բազիլիկներ (Տեկոր, V դ․, Երերույք, IV–V դդ․, Դվինի Ս․ Գրիգոր, 470, Ծիծեռնավանք, IV–V դդ․), ունենալով բազիլիկ կտրվածք, պատկանում են բազիլիկների «արմ․ տիպին»։ Անհամեմատ ավելի շատ են պահպանվել միանավ կամ «թաղածածկ դահլիճ» կոչված ոչ մեծ չափերի եկեղեցիները, որոնց աղոթասրահները ծածկված են միասնական թաղով և ամփոփված երկլանջ կտուրի տակ (Կառնուտի, V դ․, Եղվարդի, V դ․, Գառնիի, IV դ․, Զովունիի, V դ․ 1-ին քառորդ, Ծաղկավանքի, VI դ․, Դվինի, 553–557, Թալինի, V դ․, Թանահատի, 491, Զարջառիսի, IV–V դդ․, Լեռնակերտի, IV–V դդ․ և այլ եկեղեցիներ)։ Որոշ եռանավ ու միանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ (եռանավերը՝ 1–3, միանավերը՝ միայն 1, գերազանցապես հվ․ կողմից)։ Հորինվածքային և արտահայտչամիջոցների կիրառման տեսակետից Հայաստանի բազիլիկ եկեղեցիները որոշ ընդհանրություններ ունեն վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի Սիրիայի և Վրաստանի բազիլիկների հետ։
V դ․ վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինել են գմբեթավոր եկեղեցիներն իրենց բազմազան տարբերակներով։ Դրանցից՝ գմբեթավոր դահլիճները (Պտղնի, VI–VII դդ․, Արուճ, 661–666), գմբեթավոր բազիլիկները (վերակառուցված Տեկոր, 478–490, Օձուն, VI դ․, Մրեն, 613–640, Գայանե, 630, Բագավան, 631 – 639), ինչպես նաև եռաբսիդ գմբեթավոր բազիլիկները (Դվինի վերակառուցված Ս․ Գրիգոր, 608–615, Թալինի մեծ տաճար, VII դ․) սերում են եռանավ բազիլիկներից։ Առավել հարուստ են ու բազմազան VI–VII դդ․ խաչաձև–կենտրոնագմբեթ տաճարները, որոնց հորինվածքային գաղափարը զարգացման է ենթարկվել Ավանի (588–597), ապա դասական կատարելության հասցվել Հռիփսիմեի (618) և համատիպ տաճարներում (Գառնհովիտ, VI–VII դդ․, Թարգմանչաց վանք, VII դ․, Արամուս, VI դ․ վերջ, Աիսավան, VII դ․ վերջ, Արծվաբեր, VII դ․)։ Դրանցում առավելագույն պարզությամբ և կուռ տրա–