Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/524

Այս էջը սրբագրված է

ների բացվածքները շեշտել գեղեցիկ շքամուտքով, լուսամուտները պսակել կամարունքերով (թե մեկում և թե մյուսում կիրառելով զարդարվեստի բուսական և երկրաչափական մոտիվներ), իսկ ճակատների, ճակտոնների և գմբեթի թմբուկի հարթությունները ճարտարապետորեն ավարտել տարբեր ձևերի (կամարիկավոր, ատամնազարդ, հյուսվածքազարդ են) քիվերով։ Դրանցում քարի գեղարվեստական մշակման արվեստն իր բազմազան դրսևորումներով հասել է բարձր կատարելության։ Այդ մասին են վկայում Մրենի, Թալինի տաճարների, Զվարթնոցի և այլ ճարտ․ կոթողների քանդակները։ Ճարտ․–քանդակային հնարանքների հետ միասին շենքերի գաղափարական բովանդակության բացահայտմանն են ծառայել նաև խճանկարչությունն ու որմնանկարչությունը, որի նմուշները, տարբեր պատկերագրությամբ պահպանվել են եկեղեցիների ավագ խորաններում և պատերի հարթությունների վրա։ Խճանկարների բեկորներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Ս․ Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Ամբողջական վիճակում VI դ․ հոյակապ խճանկար է պահպանվել Երուսաղեմի Ս․ Հակոբ հայկ․ եկեղեցու հատակին։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասախի, Երերույքի և Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, Էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի (բեկորներով կամ հատվածներով), Արուճի, Թալինի մեծ, Աշտարակի Կարմրավոր, Լմբատի Ս․ Ստեփանոս, Եղվարդի Զորավար, Կոշի և այլ եկեղեցիներում։

Շինարվեստի ասպարեզում տեղի է ունեցել արմատական հեղաշրջում։ Հայաստանում լայնորեն կիրառվող անշաղախ (չոր) շարվածքը փոխարինվել է նորատիպ շարվածքով՝ կապակցող միջոցների (կրաշաղախի, կրաբետոնի) օգտագործմամբ։ Կառուցման նոր եղանակը, բարձրացնելով շարվածքի ամրությունը, այն օժտելով հակասեյսմիկ հատկանիշներով, նաև հիմք է հանդիսացել թաղային և գմբեթային համակարգերի զարգացման համար, ընդարձակել ճարտ–յան ձևաստեղծման հնարավորությունները՝ համապատասխանաբար վերափոխելով և հարստացնելով կառույցների ծավալատարածական հորինվածքները։

Բացառիկ իմաստավորվածությամբ և ինժեներական խորամտությամբ է կիրառվել քարե պատի նոր տիպի շարվածքը։ Նրանում քարերը լոկ երեսապատման միջոց չեն, այլ կրաբետոնե միջուկի հետ միասին կազմում են մոնոլիտ զանգված, բեռնվածությունը կրող ողջ կառուցվածքի բաղկացուցիչ մասը։ «Միդիս» կոչվող եռաշերտ շարվածքում ներքին կապն ուժեղացնելու նպատակով հաճախ դրվել են «լայնակ» և «երկայնակ», դրսից սրբատաշ, կանոնավոր ձևի քարեր։ Պատի երկու երեսների միջև կապ ստեղծելու նպատակով, առանձին դեպքերում (Երերույք), նրա ողջ հաստությամբ դրվել են թափանց միակտուր քարեր։ Եռաշերտ «միդիս» շարվածքի միջուկը կազմել է կրաբետոնը։ Այն պատրաստվել է հեղուկ կրաշաղախի ու հիդրավլիկական հավելույթի (տուֆի, հրաբխային խարամի կամ պեմզայի կտորտանք) միախառնումով։ Կրաբետոնի հետ ավելի ուժեղ կապակցելու նպատակով մշակվել է ուղղանկյուն քարի միայն արտաքին երեսը։ Վաղ միջնադարում կառուցված պատերին բնորոշ է շարքերում մեծաչափ քարերի կիրառումը (բարձրությունը՝ մինչև 70–80 սմ, երկարությունը՝ մինչև 3–3,5 մ)։ Քարերի տեղադրման ժամանակ անկյունները կոտրվելուց զերծ պահելու նպատակով հորիզոնական եզրերը շեղակի տաշվել են, ստեղծելով զեհեր։ Տաշած քարերի վրա վարպետները հայերեն և հունարեն տառերով կամ տարբեր գծանկարներով իրենց նշաններն են դրել (կատարած աշխատանքի հաշվառման ու վարձատրման համար)։

Կամարների, թաղերի և գմբեթների շարվածքը կատարվել է նախօրոք պատրաստված փայտակերտ ողնարկների վրա՝ սեպաձև քարերով։ Առանձին հուշարձաններում (Մաստարա, Հռիփսիմե, Գառնհովիտ, Թալինի մեծ տաճար) գմբեթը ներսից ջլակամարավոր է։ Այս դարերի շին․ աշխատանքներին բնորոշ է բացառիկ բարձրորակությունը և ճշգրտությունը, քարի մշակման բարձր վարպետությունը։ Մշակվել է ու հետզհետե բարձր կատարելության հասցվել գմբեթային կառուցվածքի ողջ համակարգը, ներառյալ գմբեթի թմբուկը (ներսից և դրսից), գմբեթատակ քառակուսուց թմբուկի բազմանիստ հիմքին անցնելու կառուցվածքային միջոցները՝ տրոմպներն ու առագաստները։ Գմբեթի արտաքին ծավալաձևերը արխիտեկտոնիկ են և ճշմարտորեն արտապատկերում են ներքին կառուցվածքը։ Վաղ միջնադարյան եկեղեցիներում տանիքները, վեղարը ծածկվել են կղմինդրներով, որոնք շարվել են կրաշաղախի հիմքի վրա, առանձին դեպքերում (Զվարթնոց) երկաթե գամերի միջոցով ամրացվել շաղախին։ Կառուցվածքային դիմադրողականության ապահովումը սեյսմիկ ուժերի նկատմամբ եղել է շինարարների ուշադրության կենտրոնում։ Դրան է նպատակաուղղվել եկեղեց․ շենքերի առավել կայուն հորինվածքի ընտրությունը, կառույցը թեթևացնելու տարբեր միջոցների («հայկ․ խորշեր», թեթև լցանյութեր, գաղտնարաններ, բեռնաթափող կարասներ ևն) կիրառումը, պատերի մեջ գերանների տեղադրումով և այլ հնարանքներով հակասեյսմիկ գոտիներ ստեղծելու սովորությունը։ Հաճախ կառուցվածքային և հակասեյսմիկ միջոցները միաժամանակ ճարտ․-գեղարվեստական առումով ակտիվ դեր են կատարել, նպաստելով արտաքին ձևերում ներքին կառուցվածքի բացահայտմանը, ճակատները լուսաստվերով հարստացնելուն (օրինակ, «հայկ․ խորշերը»)։ Վաղ միջնադարյան հայկ․ ինքնատիպ ճարտ–յան ամենաբնորոշ հատկանիշներից է հորինվածքային, գեղարվեստական և կառուցվածքային փոխպայմանավորվածությունը։ Այս դարերի ճարտ–յունը հիմք է հանդիսացել հայկ․ շինարվեստի զարգացման հաջորդ փուլերի համար։ Վ․Հարությունյան

VIII–XIV դդ․ ճարտարապետություն։ VIII դ․ սկզբին արաբ. խալիֆաթի տիրապետության հաստատման պատճառով Հայաստանում գրեթե կանգ առավ շինարարությունը։ Որոշ կառուցումներ կատարվում էին առանձին իշխանական տիրույթներում (Արտավազդ Կամսարականի ստորգետնյա դամբարանը), նաև ժող․ ճարտ–յան բնագավառում։ Ըստ մատենագրական տվյալների, շինարարություն են ծավալել նաև կաթողիկոսները (Դավիթ Ա Արամոնեցին իր հայրենի գյուղում կառուցել է եկեղեցի և պալատ)։ Դվինում կառուցվել է միջնաբերդի պալատական շենքը և կաթողիկեի արմ․ կողմին գրեթե կից աշխարհիկ մի շենք։ Այս ժամանակաշրջանում է սաղմնավորվել, իսկ IX դ․ արդեն որոշակի հորինվածքով երեվան եկել խաչքարը։

Նկարում` Տաթևի վանքի (հիմնադրվել է IX դ․) ընդհանուր տեսքը 1931 թ․ երկրաշարժից առաջ

885-ին Բագրատունիների գլխավորությամբ հայկ․ պետականության վերականգնումից հետո քաղաքների աճը, աշխարհիկ մտածողության վերելքը պայմանավորեցին աշխարհիկ ճարտ–յան առաջատար դերը։ Թագավորանիստ քաղաքներում կառուցվել են IV–VII դդ․ ճարտ․ հորինվածքներն ընդօրինակող նոր շենքեր։ Ոճով միասնական ճարտ․ մշակույթի հիման վրա առանձին թագավորություններում առաջացել են Սյունիքի, Վասպուրականի, Անի–Շիրակի, Տաշիր–Ձորագետի ճարտ․ դպրոցները, որոնցից յուրաքանչյուրն անցել է զարգացման իր ուղին։

Քաղաքներից զատ, ճարտ–յունը զարգացել է առանձին իշխանական տիրույթներում, ամրոցներում և հատկապես, վանական համալիրներում, որոնք արագորեն աճելով վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։ Արաբ. լծից աստիճանաբար ազատագրվող երկրում սկզբում կառուցվել են ոչ մեծ չափերի շենքեր, որոնցից առավել վաղը հանդիսանում են լեռնային Սյունիքի, հատկապես Սևանի ավազանի առափնյա շրջանների, Զանգեզուրի կառույցները։ IX դ․ 2-րդ կեսին փորձեր են արվել ընդօրինակելու վաղ միջնադարյան առավել

Նկարում` Անի․ Սմբատյան պարիսպները (X դ․)