Նկարում` Անի․ Աբուղամրենց Ս․ Գրիգոր եկեղեցին (X դ․) Նկարում` Տիգնիս ամրոցը (X դ․)
պարզ հորինվածքները՝ միանավ դահլիճները (Մաքենյաց վանք), քառաբսիդ կենտրոնագմբեթ հորինվածքները (Հայրավանք)։ Համեմատաբար ավելի բարդ հորինվածքով են Սևանի կղզու տաճարները (874) և Շողագավանքը (877–885), որոնք արդեն դրսևորում են ստեղծագործական նոր մոտեցումներ։ Աղոթատեղիների ավելացման ձգտումը բերեց եկեղեցու արմ․ կողմի սենյակների ավելացմանը, հանգամանք, որն իր անմիջական ազդեցությունն ունեցավ ճարտ․ նոր տիպի հորինվածքների մշակման համար։ IX–X դդ․ սահմանագծին մշակվել է ուղղանկյուն ծավալում պարփակված՝ ներքուստ քառաթև, չորս անկյուններում սենյակներ ունեցող գմբեթավոր կառույցի տարածական հորինվածքը (Կոթավանք, Մաքենյաց վանք, Քարկոփ), որը և դարձել է հետագա դարերի պաշտամունքային կառույցների տարածված հիմնական տիպը։ Նույն ժամանակաշրջանում հայ ճարտ.–ները համարձակորեն ձեռնարկել են վաղ միջնադարյան բարդ հորինվածքների վերարտադրումը, ընդ որում այս կարգի հուշարձանները վեր են խոյացել թագավորական նստոցներում կամ նշանավոր վանական համալիրներում։ Նույն IX–X դդ․ սահմանագծին Սյունիքում վերարտադրվել է նաև Հռիփսիմեի տիպը (Արծվանիստ) և գմբեթակիր մույթերով, խաչաձև–գմբեթավոր հորինվածքը (Տաթև, 895–906)։ X–XI դդ․ Սյունիքում կազմավորված վանքային համալիրներից (Մաքենյաց վանք, Որոտնավանք, Վահանավանք ևն) ամենանշանավորը Սյունիքի եպիսկոպոսանիստ կենտրոնն էր՝ անդնդախոր կիրճերով պաշտպանված Տաթևի վանքը, որը վանական համալիրների զարգացման բնորոշ օրինակներից է։ Արդեն X դ․ սկզբին այն մի ֆեոդ. կազմավորում էր՝ իր հազարի հասնող միաբաններով, հարյուրավոր գյուղերով և բարձր տիպի դպրոցով։ Նրանից ոչ հեռու, նրա մշակութային ոլորտում գտնվող Բղենո Նորավանքում է գրվել և նկարազարդվել հայկ․ միջնադարյան մանրանկարչության ամենանշանավոր ձեռագրերից մեկը, 989-ի «Էջմիածնի ավետարանը», իսկ այդ փոքրիկ եկեղեցու պատերի XI դ․ քանդակագործությունը հայկ․ արվեստի ուշագրավ գործերից է։ Սյունիքում քաղաքներ չեն առաջացել, այստեղ չկան թագավորանիստ կենտրոններին բնորոշ տաճարներ, կառույցները համեստ են, անպաճույճ, սակայն համահնչուն լեռնաշխարհի խիստ և զուսպ բնությանը։
X դ․ սկզբին կազմավորվել է Արծրունյաց թագավորությունը և Գագիկ թագավորը իր գահանիստը հիմնադրել է Վանա լճի Աղթամար կղզում։ Թովմա Արծրունու նկարագրած միջնաբերդի կառույցներից, արհեստական նավահանգստից, պալատից, որը նրա խոսքերով ուներ քառասուն կանգուն լայնություն, նույնքան երկարություն և բարձրություն, միայն պահպանվել է ճարտ․ Մանուելի կառուցած Ս․ Խաչ եկեղեցին (915–921), որն իր հատակագծային հորինվածքով նման է Ձորադիրի Ս․ Էջմիածնին (VI դ․)։ Աղթամարի ծավալը պարուրող հինգ քանդակային գոտիներից առաջինի մեծադիր բարձրաքանդակները խորհրդանշում են Արծրունյաց տոհմի հավատամքն ու աննկուն կորովը, կենտրոնացված հզոր թագավորություն ստեղծելու գաղափարը իրենց՝ Արծրունիների գլխավորությամբ։
Անհամեմատ ավելի երկարակյաց և բազմաբեղուն է եղել Բագրատունիների տիրույթներում կազմավորված Անի–Շիրակի ճարտ․ դպրոցը, որը շուտով իր մշակութային ոլորտի մեջ է առել Բագրատունյաց պետության շատ շրջաններ։ Սկզբում թագավորանիստ քաղաքը Բագարանն էր, ապա՝ Շիրակավանը, որտեղ IX դ․ վերջին Արուճի տաճարի (VII դ․) օրինակով Սմբատ թագավորը տաճար է կառուցել։ Այնուհետև, Կարսում Աբաս թագավորը Մաստարայի տաճարի (VI դ․) օրինակով կենտրոնագմբեթ եկեղեցի է կառուցել։
961-ին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը դարձել է Անին, որը վաղ միջնադարում Կամսարականների ամրոցն էր։ Նրա բնական դիրքը, ամրաշինական կառույցների (Աշոտաշեն, 963–964, Սմբատաշեն, 989, և այլ պարիսպներ) և ամրացված մատույցների (Տիգնիս, Մաղասբերդ, Գուսանագյուղ) հետ կազմելով պաշտպանական ամբողջական համակարգ, ապահովում էին քաղաքի անառիկությունը։ Լինելով Առաջավոր Ասիայի նշանավոր քաղաքներից, Անիով էին անցնում տարանցիկ առևտրի մի քանի ուղիներ։
Անիի պեղումներն ու հիմնական ուսումնասիրությունը 1892–93-ին, 1904–17-ին կատարել են Ն․ Մառի գլխավորած գիտ․ արշավախմբերը, որոնց նաև մասնակցել են Հ․ Օրբելին, Թ․ Թորամանյանը, Ն․ Բունիաթյանը և ուրիշներ։ Հնագիտ․ հետազոտումը հարուստ նյութ տվեց հայկ․ միջնադարյան քաղաքի առանձնահատկությունները, նրա կառուցվածքն ու ճարտ–յան զարգացման ուղիներն ըմբռնելու համար։ Հայտնաբերվել են քաղաքի սկզբնական պարսպապատը, միջնաբերդը, առանձին թաղամասեր, պաշտամունքային բազմաթիվ կառույցներ, մեծ քանակությամբ բնակելի շենքեր։ Միջնաբերդը, միջանցքով բաժանված երկու մասի, բաղկացած է եղել մի քանի մեծ դահլիճներից, բնակելի և օժանդակ սենյակներից, ունեցել է բաղնիք, ստորգետնյա ջրամբար ևն։ Մեծ մասամբ երկհարկ տների առաջին հարկում արհեստանոցներ էին, խանութներ, պահեստներ, իսկ երկրորդ հարկում՝ բնակելի սենյակները, որոնց բնորոշ էր ճոխ հարդարանքը, պատրհանների, բուխարիների քանդակազարդ շրջանակները։ Քաղաքի յուրահատուկ թաղամասերից էր «ժայռափոր Անին»՝ կիրճի եզրով ձգված ժայռափոր բնակարաններով, խանութներով, եկեղեցիներով, դամբարաններով։ Միջնադարյան ամրաշինության կատարելություն էին Անիի երկշարք պարիսպները։ Միջազգային առևտրի կարևոր կենտրոն Անին քարավանների անցուդարձն ապահովել է կիրճերի վրա ձգված լայնաթռիչք կամուրջներով։
Անիի ճարտ․ կերպարի կազմավորմանը մեծապես նպաստել են պաշտամունքային կառույցները, որոնցից հնագույնը Միջնաբերդի միանավ եկեղեցին է (կառուցվել է Անին մայրաքաղաք դառնալուց առաջ)։ Արքունիքի Անի տեղափոխվելու հետ մայրաքաղաք են տեղափոխվել նաև նշանավոր իշխանական տներից շատերը և կառուցել իրենց պալատներն ու տոհմական եկեղեցիները։ Այս կարգի գողտրիկ կառույցներից է Աբուղամրենց տոհմի վեցաբսիդ եկեղեցին (X դ․)։ Անիի Մայր տաճարի (989–1001) հնավանդ, քառամույթ գմբեթավոր հորինվածքը Տրդատ ճարտ–ի հանճարով նոր կերպար է մարմնավորել։ Ներքին սլացիկ ծավալներով, սյունախուրձերով մշակված հզոր վերամբարձ մույթերով, լայնաթռիչք երկկենտրոն կամարներով, ներքին տարածության վրա գերիշխող բարձրադիր գմբեթով կառույցը լավագույնն էր մայրաքաղաքի եկեղեցիներից, իր ժամանակի բարձրարվեստ ստեղծագործությունը։ Սկզբունքային նորույթ էր տաճարի արտաքին ճակատների մշակումը վերսլաց նրբագեղ որմնակամարաշարերով, որոնցով պարուրված են տաճարի չորս ճակատները։ Տրդատի մյուս գործը՝ Գագիկ արքայի հիմնադրած Գրիգոր Լուսավորչի տաճարն
Նկարում` Կարս․ Ս․ Առաքելոց եկեղեցին (930 – 943)