Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/528

Այս էջը սրբագրված է

Նկարում` Գեղարդավանք (XII –XIII դդ․). Պռոշյանների դամբարանի արևելյան որմը

քերով, բաղնիքևերով ևն։ Քաղաքների ջրամատակարարումը կատարվել է զգալի հեռավորությունից բերված ջրմուղի գծերով։ Տեղանքի լեռնային բնույթով էր պայմանավորված կամրջաշինության լայն զարգացումը։

Նկարում` Եղվարդ․ Ս․ Աստվածածին եկեղեցի–դամբարանը (1301)

Կիլիկիայի պաշտամունքային ճարտ–յանը բնորոշ էին թաղածածկ դահլիճ (ծավալից դուրս աբսիդով) և եռանավ բազիլիկ տիպի հորինվածքները (Անարզաբա, Կոռիկոս)։ Կառուցվել են նաև քառամույթ գմբեթավոր տաճարներ (Սիս)։ Վանական համալիրները (Հռոմկլա, Դրազարկ, Ակներ, Մլիճո վանք, Սկևռա ևն), որոնք միաժամանակ մշակութային և գիտ․ կարևոր կենտրոններ էին, կազմավորվել են տարբեր տիպի եկեղեց․ շենքերով, որոնցում իրենց որոշակի տեղն ունեին զանգակատները, գրատները, բնակելի և օժանդակ կառույցները։ Վանական համալիրները նույնպես ամրացվել են և վտանգի պահին օժանդակ ամրոցների ղեր կատարել։ Կիլիկիայի վարպետները բարձր մակարդակի են հասցրել ամրաշինության արվեստը, որի սկզբունքները մեծապես կիրառվել են խաչակիրների կառուցած բազմաթիվ ամրոցներում։ Ամրաշինական արվեստի կատարյալ նմուշներ են Լևոն Բ–ի կառուցած բերդը (Լևոնկլա), Թումլուբերդը։ Ասի ամրոցը բաղկացած էր ներքին դարպասների միջոցով հաղորդակցվող, տարբեր մակարդակների վրա կառուցված 7 մասերից։ Կոռիկոսն ու Այասը բաղկացած էին երկուական ամրոցների համակարգից՝ ծովափնյա և ծովային (կառուցված կղզու վրա)։ Կիլիկիայի բազմաթիվ ամրոցները (Լամբրոն, Մուդ, Գուգլակ, Վահկա, Պապեռոն ևն) իրենց փոխդիրքավորմամբ կազմել են միասնական ռազմական համակարգ։ Ս․ Մնացականյան

Նկարում` Կտուց անապատը (XV դ․ սկիզբ)

Նկարում` Մուղնի․ Ս․ Գևորգ վանքի եկեղեցին (1664–69) հարավ–արևմուտքից

XV–XVIII դդ․ ճարտարապետություն։ Հայկ․ ճարտ–յան համար XIV դ․ 2-րդ կեսից սկսվել է ծանր ժամանակաշրջան՝ քաղ․ և տնտ․ անբարենպաստ պայմանների հետևանքով շին․ կյանքը երկրում ընդհատվել է։ XV–XVI դդ․ Հայաստանում ոչ մի մոնումենտալ շենք չի կառուցվել։ Բարձր զարգացման հասած հայկ․ քարկոփության արվեստը այս դարերում կիրառում է գտել միայն ճարտ․ փոքր ձևերում՝ խաչքարեր, օրորոցաձև տապանաքարեր, մատուռներ։ Հայ ճարտ–ներն ու շինարար վարպետները այս ժամանակաշրջանում լայնորեն ընդգրկվել են երկրում իշխող մահմեդական վերնախավի համար պալատներ, բերդեր, դղյակներ, դամբարաններ կառուցելու գործում։ XV–XVI դդ․ հայ ճարտ–ները կարևոր դեր են ունեցել օսմանյան Թուրքիայի շին․ կյանքում։ Հայազգի ճարտ․ Սինանը (1490–1588) Կ․ Պոլսում կառուցել է բազմաթիվ շենքեր, որոնք նշանավորել են օսմանյան ճարտ–յան զարգացումն ու գագաթնակետը։ XVIII դ–ից Կ․ Պոլսում սկսվել է հայ ճարտ–ների հռչակավոր գերդաստանի՝ Պալյանների գործունեությունը (մինչև XIX դ․ վերջ)։ Կրելով պալատական ճարտարապետի տիտղոսը, այս ընտանիքի ներկայացուցիչները Թուրքիայի մայրաքաղաքում կառուցել են տեղական գեղագիտական պահանջներից թելադրված բազմաթիվ շինություններ, եվրոպականացրել թուրք. ճարտ․, ուղի հարթել նրա հետագա զարգացման համար։

Նկարում` Խոր Վիրապ վանքի (XVII դ․) ընդհանուր տեսքը հարավ–արևմուտքից

XIV դ․ 2-րդ կեսից, երբ բուն Հայաստանում ընդհատվել էր շին․ կյանքը, հայկ․ ճարտ․ որոշ առանձնահատկություններով գոյատևել է բազմաթիվ գաղթավայրերում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղրիմում, Լեհաստանում, Մոլդովայում, Պարսկաստանում և այլուր։

Նկարում` Խոր Վիրապ վանքի (XVII դ․) գլխավոր հատակագիծը

XIV–XVI դդ․ Ղրիմի հայաշատ գյուղերում ու քաղաքներում՝ Կաֆայում (Թեոդոսիա), Սուրխաթում (Ստարի Կրիմ), Բախչելիում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ և աշխարհիկ շենքեր։ Միայն Թեոդոսիայում գործել է 24 հայկ․ եկեղեցի (պահպանվել է 7-ը)։ Ղրիմի հայկ․ ճարտ–յան արժեքավոր հուշարձաններից են․ Սուրբ Խաչ վանքը (1358), Թեոդոսիայի Հովհաննես Մկրտիչ (1348), Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց (1408), Ս․ Գևորգ (XIV–XV դդ․) եկեղեցիները, Բախչելի գյուղի Ս․ Փրկիչ վանքը (XIV դ․), որոնք իրենց մի շարք առանձնահատկություններով հանդերձ հիմնականում կառուցվել են հայկ․ ազգ․ ճարտ–յան ավանդներով։ XIV դ․ 2-րդ կեսին գմբեթավոր բազիլիկ հորինվածքով խոշոր տաճար է կառուցվել Լվովում, ուր նույնպես հաջողությամբ զուգակցված են հայկ․ ճարտ–յան սկզբունքները տեղական շինարվեստի առանձնահատկությունների հետ։ XIV–XVII դդ․ հայկ․ գաղթավայրեր են առաջացել Մոլդովայի մի շարք քաղաքներում՝ Բոտոշանում, Յասսիում, Սուչավայում ևն։ Այս քաղաքներում ազգ․ ոճով կառուցված