Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/533

Այս էջը սրբագրված է

Նկարում` Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դ․, այժմ քանդված է) Երևանում

բնութագրվում են տեղի բնակլիմայական ցուրա պայմաններին, բնակիչների զբաղմունքին համապատասխանությամբ, ունեն ավելի հավաք հորինվածք և սենյակների փոխկապվածություն։ Գյումրիի բնակելի տները ենթաբաժանվել են գյուղական և քաղաքային խմբերի։ Հնագույնները՝ գետնափոր կամ կիսագետնափոր, քարե հաստ պատերով ու հողածածկ տափակ կտուրներով, պատկանել են դաշտավարությամբ զբաղվող բնակիչներին։ XIX դ․ ընթացքում Գյումրիում կազմավորվել է 1 – 1,5 հարկանի, կուռ հատակագծված բազմասենյականոց, առավել կատարյալ մենատների տիպը, որի հետագա զարգացումը հանգեցրել է սակավահարկ (2 – 2,5), ինքնատիպ ճարտարապետությամբ «քաղաքային» բնակելի տների ստեղծմանը։

Նույն ժամանակաշրջանում Շիրակի լեռնահովտի առանձին գյուղերում՝ Արթիկ, Ղփչաղ (Հառիճ), Մահմուդջուղ (Պեմզաշեն), Սոգյութլու (Սառնաղբյուր), Շիրվանջուղ (Լեռնակերտ) են, ստեղծվել ու տարածվել է բազմասենյակ՝ «կոմպլեքսային» բնակելի տան տիպը, որի կազմում գլխատունը օգտագործվել է տնտ․ նպատակներով։

Հս․ Հայաստանի Գուգարքի տարածքում գտնվող շրջաններում ճարտ–յունը բնակեցման պայմանների բարելավման նշանաբանով աստիճանաբար կատարելագործվել է։ Հիմնականում անասնապահությամբ և դաշտավարությամբ զբաղվող լեռնաբնակների առավել տարածված բնակելի տան հնագույն տիպը գլխատունն էր, որի լավագույն օրինակները ստեղծվել են Ուզունիսրում (Օձունում), Դսեղում, Սանահինում, Հաղպատում, Շնողում, Կողբում, Բարանայում (Նոյեմբերյանում) և այլուր։ Բազմասենյակ («կոմպլեքսային») բնակելի տան տիպն այստեղ կազմավորվել է XIX դ․ ընթացքում, գլխատանը (որպես հին կորիզի) ավելացնելով լրացուցիչ բնակելի տունը, միջնատունը (մթերանոց, հացատուն), գոմը, հարդանոցը ևն։ Ըստ տեղանքի թեքության դրանք երբեմն կիսաթաղված էին գետնում։ Հետզհետե գլխատունը կորցնելով իր բնակելի տան նշանակությունը, վերածվել է տնտ․ մասի, իր տեղը զիջելով նոր տիպի՝ քարաշեն, 1–2 հարկանի, պատշգամբավոր, երկլանջ կղմինդրածածկ կտուրով տների։ Սևանա լճի ավազանի և Գուգարքի բնակլիմայական համարյա նույն պայմաններով է պայմանավորվել այդ շրջաններում կառուցված բնակելի տների նույնատիպությունը։ Դրանով է բացատրվում գլխատան, որպես ցրտաշունչ պայմաններին առավել նպատակահարմար տիպի կենսունակությունը առանձին կամ «կոմպլեքսային» տան կազմում։ Գլխատների ուշագրավ օրինակներ են ստեղծվել Սևանի ավազանի Ն․ Գյոզալդարա (Վարդենիկ), Ղարանլուղ (Գեղհովիտ), Նորադուզ, Օրդաքլու (Լճաշեն), Չիբուխլու (Ծովագյուղ) ու այլ բնակավայրերում։ Նոր Բայազետում գլխատունը շարունակել է գործածական լինել անասնապահությամբ ու դաշտավարությամբ զբաղվող ընտանիքների համար, իսկ նոր թաղամասերը կառուցապատվել են 1–2 հարկանի քարաշեն բազմասենյակ բնակելի տներով։

Սյունիքի բնակելի տներին բնորոշ է բազմազանությունը (սկսած քարանձավայինից մինչև գլխատուն և նոր տիպերը)՝ պայմանավորված տարբեր բնակլիմայական պայմաններով։ Լեռնային Զանգեզուրում, տեղի պայմաններին ու տնտեսությանը (անասնապահություն, դաշտավարություն) համապատասխան տարածվել է քարայրային և վերգետնյա բնակարանների խառը տիպը, որպիսին կար հին Կյորեսում, Խնձորեսկում, Շինուհայրում, Տեղում և այլ բնակավայրերում։ XIX դ․ 2-րդ կեսից, երբ հին Կյորեսի բնակիչները սկսել են կառուցապատել նոր Գորիսը, ընտրել են ավանային՝ 1–2 հարկանի, սենյակների միաշարք և երկշարք դասավորությամբ, առաջին հարկը օժանդակ նպատակներին հատկացված բնակելի տան տիպը։ Իրենց մասշտաբով, կիրառված քարի գույնով ու ճարտ–յամբ (ինչպես Շուշիի երբեմնի հայկ․ թաղամասերում) կազմավորվել է ճարտ․ միասնական միջավայրի համայնապատկերը։ Մեղրիի բնակելի տները բնութագրվելով շոգ կլիմային առավել համապատասխանությամբ, իրենց հորինվածքով ու ձևերով նմանվել են Արարատյան դաշտի, հատկապես Երևանի բնակելի տներին։

Ժող․ բնակելի տան ճարտ–յան զարգացմանը զուգընթաց Արլ․ Հայաստանի քաղաքներում՝ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, մասամբ՝ Վաղարշապատում XIX դ․ 2-րդ կեսին և XX դ․ սկզբին կազմավորվել է նորատիպ ճարտ–յուն՝ թելադրված կապիտալիստական հարաբերություններին անցած քաղաքային հասարակության պահանջմունքներով։ Նորատիպ բնակելի, վարչա–հասարակական, ուս․, կոմունալ և արտադրական շենքերի կառուցումով արմատավորվել են Անդրկովկասի (Թիֆլիս, Բաքու) և Ռուսաստանի քաղաքներում տարածված ոճական ուղղությունները։

Քաղաքային նորատիպ շենքերը մեծ մասամբ կառուցվել են Ռուսաստանում և Եվրոպայում մասնագիտացած ճարտ–ների նախագծերով։ Տարբեր տիպի շենքերը (տեղաբաշխված ըստ քաղաքային իշխանությունների առաջադրանքի) կառուցված մասնագիտական հսկողությամբ, բնութագրվում են ճարտարապետա–գեղարվեստական աճած մակարդակով, կիրառական պահանջներով թելադրված հորինվածքների մշակվածությամբ, ոճական ու մասշտաբային միասնությամբ, գործածված շինանյութի (տեղական տարբեր երանգի տուֆերի) ընդհանրությամբ։ Դրա շնորհիվ քաղաքների նորաբաց փողոցներում և հրապարակներում կազմավորվել են առանձին կամ ամբողջական ներդաշնակ հատվածներ։ Նոր շենքերով արմատավորված ճարտ․ ոճերը, գլխավորապես ռուս. կլասիցիզմը, սակավ չափով՝ մոդեռնը, կեղծ մավրիտանականը, եկեղեցական շենքերում նաև հայկ․ ու ռուս․, նպաստել են հին քաղաքների ճարտ. նկարագրի կերպարանափոխմանը։ Գերիշխող ռուս. կլասիցիստական ոճի յուրացումը ընթացել է ոչ թե մեխանիկորեն, այլ ստեղծագործաբար։ Տեղի բնակլիմայական, ազգ․ և այլ գործոնները, կենսունակ ավանդույթները, տեղական շինանյութերի և կառուցման կերպի կիրառումը կլասիցիզմի ոճը տեղայնացրել են յուրօրինակ մեկնաբանություններով։ Առավել չափով դա ակնառու է քաղաքային նոր տիպի բնակելի տների մի խմբում (Երևանում՝ Բաբաջանյանների, Ջանիբեկյանների, Խուդաբաշյանների, Ալեքսանդրապոլում՝ Զիթողցյանների, Մերկուրովների), որոնց «գյումրիական» ճարտ–յան մեջ ներդաշնակորեն զուգակցվել են տեղականն ու նորամուտը։ Քաղաքային նորատիպ բնակելի տների մի այլ խումբ են կազմում Երևանում՝ Տեր–Ավետիքյանների, Խորասանյանների, Աֆրիկյանների, Թադևոսյանների, Խանզադյանների, Եղիազարյանների և շատ ուրիշների, Ալեքսանդրապոլում՝ Արսախակալյանների, Յուզբաշյանների, Պալյանների, Տեր–Պողոսյանների, Կարսում՝ Մկրտումյանների, Զիթողցյանների, Հակոբյանների, Ալեքսանդրյանների տները, որոնցում կլասիցիզմի ոճը առավել ցայտուն է արտահայտվել։ Այդ մենատներն ու «շահութաբեր տները» մեծ մասամբ երկհարկանի են, ավելի սակավ՝ 3–4 հարկանի (Ձիթողցյաններինը և Մկրտումյաններինը՝ Կարսում), հատակագծված են սենյակների միաշար և երկշար հորինվածքով, ընդ որում «շահութաբեր տներում» բնակելի և օժանդակ սենյակների համեմատաբար պակաս կազմով քան մենատներում Էր։ Վարչահասարակական, հանդիսատեսային և ուս․ շենքերի արտաքին և ներքին ճարտ–յունը առավել չափով է սնվել կլասիցիզմից։ Ռուստային շարվածքի, օրդերային համակարգի, գոտիների ու փարթամ քիվերի օգնությամբ ճակատների հարթությունները ենթարկվել են պլաստիկական ակտիվ մշակման։ Հարուստ ձևերով ընդգծվել են շքամուտքերը, լուսամուտների ու դռների բացվածքները, երեսակալներն ու ճակտոնավոր (աղեղնաձև, եռանկյունաձև) վերնաքիվերը, դեպի փողոց կարկառված, պահունակներին հենվող ու գեղեցիկ ճաղաբազրիքներով եզերված պատշգամբները։ Նշված հատկանիշներով են օժտված Երևանում XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին կառուցված նահանգապետարանի (այժմ՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի շենքը) և դիմացի (այժմ՝ ՀՍՍՀ ձկնատնտեսության պետ․ կոմիտեի շենքը, ճարտ․ Ֆոն դեր Նոնե) շենքերը,