Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/10

Այս էջը սրբագրված է

շոր ձեռնարկություններ ստեղծվեցին սննդարդյունաբերության մեջ։ 1887-ին Ներսես Թաիրովը Երևանում կառուցեց գինու և օղու, իսկ 1890-ին՝ կոնյակի գործարան։ 1893-ին Երևանում կոնյակի գործարան կառուցեցին Կարապետ Աֆրիկովը, Գևորգ Գյոզալովը և Ենոք Մկրտիչովը, 1894-ին՝ Դավիթ Սարաջևը։ 1899-ին «Շուստով ի սինովյա» ընկերությունը գնեց Թաիրովի գործարանը և տեխնիկապես վերակառուցեց։ 1900-ական թթ․ գինու և կոնյակի արտադրությունը կատարելագործվեց նաև մյուս ձեռնարկություններում։ Սննդի արդյունաբերության մյուս աչքի ընկնող ձեռնարկություններից էին Խ․ Գիլանյանի լիմոնադի ու հանքային ջրերի և Ա․ Ավետյանի «Զանգա» գարեջրի գործարանները (հիմնվել են 1892-ին)։ XX դ․ սկգբին ստեղծվեցին Տեր–Ավետիքյան եղբայրների մեխանիկական, Գաբրիելյանի և Սարգսյանի կաշվի, Գ․Ահարոնյանի և Պ․էսապյանի պահածոների գործարանները։ Նախահեղափոխական Հայաստանի սննդի ձեռնարկությունները չունեին բարձր արտադրողականություն, աշխատում էին պարզունակ տեխնոլոգիայով, հաճախ տնայնագործական եղանակով, թեև տալիս էին բարձրորակ արտադրանք, որը XX դ․ սկզբին Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Իտալիայում և Ռուսաստանում կազմակերպված միջազգային ցուցահանդեսներում շահել է մրցանակներ ու մեդալներ։ Ձեռնարկությունները մեծ մասամբ փոքր էին։ 1914-ին Երևանում գործում էր 86 արդ․ ձեռնարկություն՝ 536 բանվորով։

Հայաստանում ժամանակակից իմաստով Ա․ ձ–ների ստեղծումը կապված է սոցիալիստական տնտեսության զարգացման հետ։ Սովետական իշխանության հաստատումից անմիջապես հետո (1920) Սովետական Ռուսաստանի օգնությամբ սկսվեց քայքայված Ա․ ձ–ների վերականգնումն ու վերակառուցումը: Դրա հետ մեկտեղ ստեղծվեցին նոր ձեռնարկություններ, որոնք հիմք դրեցին արդյունաբերության նոր ճյուղերի։ Սոցիալիստական ինդուստրացման տարիներին կառուցվեցին ծանր արդյունաբերության առաջին ձեռնարկությունները։ 1926-ին շահագործման հանձնվեց Երևանի ՀԷԿ–ը՝ հանրապետության սոցիալիստական արդյունաբերության առաջնեկը, 1928-ին՝ Լենինականի ՀԷԿ–ը, իսկ 1932-ին՝ Ձորագետի ՀԷԿ–ը։ Հայաստանի էներգետիկ արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցավ Սևան–Հրազդան կասկադը, որն սկսվեց 1931-ին, Քանաքեռի ՀԷԿ–ի շինարարությամբ և ավարտվեց 1960-ին՝ Երևանի ՀԷԿ II-ի գործարկումով։ 1960-ական թթ․ սկսվեց Որոտանի կասկադի շինարարությունը։ Նույն թթ․ կառուցվեցին ՋԷԿ–եր Երևանում, Կիրովականում և Հրազդանում։

Հայաստանի առաջին վերականգնված և ընդլայնված Ա․ ձ–ներից էին պղնձահանքերը և պղնձաձուլական գործարանները։ 1931–35-ին հիմնովին վերակառուցվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ 1934-ին շահագործման հանձնվեցին պղնձարջասպի, 1934-ին՝ ծծմբաթթվի, 1947-ին՝ սուպերֆոսֆատի գործարանները։ 1957-ին կազմակերպվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Գունավոր մետալուրգիայի ասպարեզում շարք մտան նաև Քանաքեռի ալյումինի գործարանը (1950–1953), Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը (1949–54) և կոմբինատը (1953)։ 1927-ին գործարկվեց Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը՝ Երևանի կարբիդի գործարանը, որն առաջինն էր ՍՍՀՄ–ում, իսկ առաջին հզոր ձեռնարկությունը՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, շարք մտավ 1933-ին։ Երկու տարի անց գործարկվեց Մ․Մ․Կիրովի անվ․քիմիական կոմբինատը Երևանում (սկզբում թողարկում էր կարբիդ–կալցիում, 1940-ից՝ քլորոպրենային կաուչուկ, ավելի ուշ՝ աղաթթու, քլորբենզոլ, կաուստիկ սոդա և լաքեր)։ Հայրենական մեծ պատերազմից հետո գործարկվեց Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանը (1949)։ 1970-ական թթ․ սկզբին սկսեց արտադրանք տալ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը։ 1926–29-ին նախկին մեխանիկական արհեստանոցների բազայի վրա կառուցվեց Երևանի Ձերժինսկու անվ․ մեխանիկական գործարանը։ Հետագայում ստեղծվեցին բազմաթիվ հաստոցաշինական, մեքենաշինական, էլեկտրատեխնիկական, ավելի ուշ՝ ճշգրիտ սարքեր և էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ արտադրող ձեռնարկություններ։ Հայաստանի խոշորագույն Ա․ ձ–ներից է «Հայէլեկտրամեքենա» միավորման Վ․Ի․Լենինի անվ․ հայկ․էլեկտրամեքենաշինական գործարանը (մասնակիորեն գործարկվել է 1942-ին)։ 1965-ին շարք մտավ «ԵրԱԶ» ավտոգործարանը։

Սովետական Հայաստանի շինանյութ արտադրող առաջին ձեռնարկություններից էին Ջաջուռի կրի գործարանը (1927), Արթիկ–տուֆը (1929), Արարատի ցեմենտի գործարանը (1933)։ Ետպատերազմյան շրջանում, 1955–56-ին Երևանում, Լենինականում, Կիրովականում, Քաջարանում և Ախթալայում կառուցվեցին հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող գործարաններ։

Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է թեթև և սննդի Ա․ ձ–ների լայն ցանց։ 1927-ին ավարտվեց Լենինականի տեքստիլ գործարանի շինարարությունը, որը հետագայում ընդլայնվեց և 1938–1939-ին շարք մտավ որպես Մայիսյան ապստամբության անվ․ տեքստիլ կոմբինատ։ Կառուցվեցին նաև կարի, կաշվի–կոշկեղենի, կենցաղային իրերի արտադրության ժամանակակից ձեռնարկություններ։ Ընդլայնվեցին և տեխնիկապես հիմնովին վերակառուցվեցին «Արարատ» գինու–կոնյակի տրեստի (հիմնվել է 1922-ին) ձեռնարկությունները։ Չորրորդ հնգամյակի տարիներին (1946–50) կառուցվեցին և շահագործման հանձնվեցին Երևանի շամպայն գինիների կոմբինատը, կոնյակի, Սպիտակի շաքարի և այլ գործարաններ։ Սննդի Ա․ ձ–ներից նշանավոր են նաև ձեթ–օճառ գործարանը (գործում է 1926-ից), Երևանի և Լենինականի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի, հրուշակեղենի և մակարոնի ֆաբրիկաները, Կալինինոյի շվեյցարական պանիրների, «Ջերմուկ», «Դիլիջան» և «Արզնի» հանքային ջրերի, Երևանի և Հոկտեմբերյանի պահածոների գործարանները։ ՀՍՍՀ–ում գործում է շուրջ 660 խոշոր Ա․ ձ․ (1973)։ Ա․ ձ–ի մասին տես նաև Արդյունաբերություն և առանձին ձեռնարկությունների վերաբերյալ հոդվածներում։

Գրկ․ տես Արդյունաբերություն հոդվածի գրականությունը։

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, բնագավառ ճարտարապետության մեջ, որի խնդիրն է ստեղծել արտադրության կազմակերպման և մարդու աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ տարածական միջավայրը ձևավորող շինություններ։ Ա․ ճ–յանը բնորոշ է շինարարության ինդուստրացումը, տիպայնացումը, կոնստրուկցիաների միօրինակացումը, գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված ֆունկցիոնալ փոփոխությունների հնարավորությունը, ժամանակակից արտադրության բազմազանությամբ և կլիմայական պայմաններից թելադրվող ճարտ․ կերպարի բազմապիսի մեկնաբանումը։ Հնում կառուցվել են տնայնագործական և կիսատնայնագործական արտադրության շենքեր։ XVIII–XIX դդ․, կապիտալիզմի զարգացման ընթացքում կառուցվեցին մասնագիտացված արդյունաբերական շենքեր։ Շինարարությունում կիրառվեցին մետաղական, ապա՝ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, որոնց շնորհիվ շենքի ներքին տարածությունն ազատվեց արտադրության ընթացքին խանգարող միջակա ավելորդ հենակներից, բացվեցին մեծ պատուհաններ՝ առատորեն լուսավորելով արտադրամասերը։ Կոնստրուկտիվ փոփո–

Տուրբինների ֆաբրիկան Բեռլինում (1909, ճարտ․ Պ․ Բեռենս)

«Ֆագուս» գործարանը Ալֆելդում (1911 – 14, ճարտ․ Վ․ Գրոպիուս, Ա․ Մեյեր)