ստացած որոշ հրապարակումներ (Խ․ Աբովյանի «Աշխարհիկ բարբառ երևանցի հայոց», 1850, N» 360, Գ․ Պատկանյանի ուշ շրջանի բանաստեղծություններն ու պոեմներն են)։ Լեզուն աշխարհաբար է։ «Ա․ ա․» լայնորեն տարածվել է Կովկասում և գաղթավայրերում։ 1886-ին, երբ թուրք․ կառավարությունը խմբագիր Հ․ Սըվաճյանին բանտարկել էր, լրագրի հրատարակումն ընդհատվեց։ Ծանր հիվանդ վիճակում բանտից ազատված խմբագիրը վերսկսեց թերթի լույսընծայումը։ Սակայն շուտով նա մահացավ, և «Ա․ ա․» դադարեց լույս տեսնել։
ԱՐՇԱԿ Ա (ծն․ թ․ անհտ․ – 35), Հայոց թագավոր 34 թվականից։ Պարթեաց թագավոր Արտավան III-ի որդին։ Հաջորդել է Զենոն Արտաշեսին՝ հայկ․ ավագանու համաձայնությամբ։ Հայաստանում Հռոմի հեղինակությունը պահպանելու և պարթևական վտանգը կանխելու համար Տիբերիոս կայսրը 35-ին մեծաթիվ ուժեր է ուղարկել Արևելք, միաժամանակ իբերական, աղվանական և արմատական ցեղերին հրահրել Հայաստանի ու Պարթեվաստանի դեմ։ Իբերիայի թագավոր Փարսմանի եղբայր Միհրդատը, Հռոմի դրդմամբ, դավով սպանել է Ա–ին և նստել Հայոց գահին։
ԱՐՇԱԿ ԱՐՇԱԿՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VI դարի հայազգի բյուզանդական ռազմական գործիչ, Արտավան Արշակունու ազգականը։ Հուստինիանոս I-ի դեմ հայերին ապստամբության հրահրելու մեղադրանքով ձերբակալվել է, բայց շուտով ազատ արձակվել։ 548-ին Արտավան Արշակունու հետ դավադրություն է նախապատրաստել Հուստինիանոս I-ի դեմ, բայց անհաջողության է մատնվել։ Գրկ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին․ 5։ Բյուզանդական աղբյուրներ․ 1)։
ԱՐՇԱԿ Բ (ծն․ թ․ անհտ․–մոտ 368), Հայոց Արշակունի թագավոր 350-ից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350-ին Ոսխայի ճակատամարտում հայհռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ II-ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզաեդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Ա․։ Ա․ չի դարձել նրանց կամակատարը, վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտիանոս կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Ա․ հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Ոլիմպիային կնության է տվել Ա–ին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմության։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Դնել որդիներին, վերջինիս շնորհել «հյուպատոսի» կոչում և նվերներով ուղարկել Հայաստան՝ հավանորեն որպես Ա–ի գահի հավակնորդ։ Գնելը, խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին ու սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Ա–ի հոր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը։ Զգուշանալով դավադրությունից՝ Ա․ ասպարեզից հեռացրել է թե հորը և թե եղբորորդի ներին։ 350-ական թթ․ և՝ Հռոմը, և՝ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Հայաստանի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Աի և Ներսես Ա կաթողիկոսի ջանքերով, քաղաքական և կրոնական նկատառումներով, գրեթե բոլոր գավառներում բացվել են դպրոցներ, պետական խնամատարություն է սահմանվել որբերի, աղքատների, տառապյալների նկատմամբ։ Ա․ հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կենտրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին (Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարականներին ևն), բռնագրավել նրանց կալվածները։ Փպվստոս Բուզանդը հաղորդում է, որ Ա․ սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրույթներին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Ա–ի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։ 359-ին պատերազմը վերսկսվել է Պարսկաստանի և Հռոմի միջև։ Հայաստանի դիրքը պատերազմող կողմերի համար ունեցել է կարևոր նշանակություն։ Արշակունյաց Հայաստանի սահմանները պարսիկներից վտանգվել էին, ուստի Ա․ ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 360-ին Կեսարիա է ժամանել Կոստանդիոս կայսրը և այնտեղ տեսակցել Ա-ի հետ։ 361-ին վախճանված Կոստանդիոսին փոխարինած Հուլիանոսը նորոգել է Ա-ի հետ դաշինքը և 363-ի գարնանը խոշոր զորաբանակով մտել Միջագետք։ Ա․ իր բանակով հարձակվել է Մարաստանի Իփլիոգոմ կոչվող գավառի վրա՝ նպատակ ունենալով Կորդուքի ու Մոկսի վրայով մտնել Հայոց Միջագետք, այն ազատագրել պարսկ․ զորքից, այնտեղից միանալ Հուլիանոսի բանակին։ Սակայն նույն թվականի հունիսի 26-ին Հուլիանոսը զոհվել է, և նոր կայսր Հովիանոսը դավաճանաբար լքել է Հռոմի դաշնակից Ա–ին՝ ընդունելով Շապուհի առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները (տես «Ամոթաչի դաշնագիր» 363)։ 364-ին Շապուհը հարձակվել է Հայաստանի վրա։ Ա․ չորս տարի հերոսաբար դիմադրել է Շապուհի բազմաքանակ զորքերին, պահպանել Մեծ Հայքի սահմանները։ Պարսից դեմ նրա մղած պատերազմի մանրամասնությունները նկարագրել են պատմիչներ Ամիանոսը և Փավստոս Բուզանդը (վերջինս՝ վիպական գունավորումով)։ Փավստոս Բուզանդը վկայում է, որ Ա․ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը։ Շապուհը հարկադըրվել է դադարեցնել հարձակումները և դիմել դավադրական միջոցների։ Նա Ա-ի դեմ նախ հրահրել է դժգոհ նախարարներին՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, այնուհետև խարդախությամբ ձերբակալել նրան ու Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Ա․ կուրացվել է և բանտարկվել Խուժաստանի Անհուշ բերդում, ապա և տանջամահ արվել։ Ա-ի կերպարը արտացոլվել է հայ գեղարվեստական գրականության (Րաֆֆու «Սամվել», Ս․ Զորյանի «Հայոց բերդ» ևն) և օպերային երաժշտության (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ») մեջ։ Գրկ․ Փավստոս Բուգանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Աստարյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 2, մաս 1, Ե․, 1957։ Аммиан Марцеллин, История, в․ 2, Киев, 1907․
«ԱՐՇԱԿ Բ», հայկական ազգային դասական առաջին օպերան։ Տ․ Չուխաճյանի մեծակտավ անդրանիկ ստեղծագործությունը։ Ավարտվել է 1868-ին, Կ․ Պոլսում, ըստ Թ․ Թերզյանի երկլեզվյան (հայերեն, իտալերեն) լիբրետոյի (հայոց արքա Արշակ Բ–ի և թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի և իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաև Հայաստանի, Պարսկաստանի և Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին Փավստոս Բուզանդի և Մովսես Ւարենացու հաղորդած վիպախառն տեղեկությունների հիման վրա)։ Գործողությունը կատարվում է Արմավիրում, 365–367-ին։ Թերզյանի լիբրետոն ըստ ժանրի «քնարական–ողբերգություն» է։ Չուխաճյանը մարմնավորելով լիբրետոյի քնարական հիմնական գիծը և միաժամանակ բացահայտելով դրամատիկական ու հերոսական շեղումները, ստեղծել է եվրոպական «մեծ օպերայի» ավանդույթի լայնաշունչ մի երկ, ուր օգտագործված է կատարողական հսկայական կազմ, սիմֆոնիկ նվագախումբ, երգեցիկ խումբ, մեներգիչներ և փողային նվագախումբ։ Նախասովետական տարիներին կատարվել են առանձին հատվածներ։ Ամբողջական բեմադրվել է Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի պետական թատրոնում, 1945-ին։ Մշակվել է նոր լիբրետո (հեղինակ՝ Ա․ Գուլակյան), որը հիմք է հանդիսացել օպերան ընթերցելու որպես պատմա–հայրենասիրական ներկայացում։ Կատարվել է նաև Չուխաճյանի պարտիտուրի հատվածների համապատասխան վերադասավորում ու գործիքավորման