և նահանջել է։ Սասանյանների դեմ պայքարում Ա․ դաշնակցել են Հռոմի հետ։ Շապուհ I Սասանյանը, օգտվելով Հռոմեական կայսրության ժամանակավոր թուլացումից, նվաճել է Մեծ Հայքը և այնտեղ թագավոր հռչակել գահաժառանգ որդուն՝ Որմիզդ–Արտաշիրին (իշխել է 262-272), որին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը (իշխել է 272-293)։ Մեծ Հայքում սրանց հակաարշակունի քաղաքականությունը, ինչպես նաև զրադաշտականության ներմուծման փորձերն անցել են ապարդյուն։ 297-ին հայ–հռոմեական զորքերը, Դիոկլետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ, Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից-արքա Ներսեհի բանակին և վերականգնել Ա–ի գահակալությունը Մեծ Հայքում։ 298-ին Մծբին քաղաքում Հռոմի հետ կնքած 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Ա-ի թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ–ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։ 301-ին քրիստոնեությունը հռչակվել է համապետական կրոն։ Տրդատ Գ–ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածները։ Խասրով Գ շինարարություն է ծավալել․ հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանոց–որսարաններով։ 338-ին հաղթել է և դուրս վռնդել երկիր ներխուժած պարսկական զորքերին։ Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղեցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ Արշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր–Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքին դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկաստանի միջև կնքած հակահայկական համաձայնագրի ստորագրումից հետո (տես «Ամոթալի դաշնագիր» 363), երբ Արշակ Բ մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսանքով աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։ Արշակի ձերբակալությունից հետո երկրի աաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը։ 371-ի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխություններ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայոց երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել Վարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5 մասը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ–ի մահով (389) հռոմեական մասը վերածվել է նահանգի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհը և Արտաշես Գ։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկ․ բաժինը վերածվել է մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների (տես Արշակունիներ Մազքթաց) պետության տարածքի հետ միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։ Հայոց պետականության և հայ Ա–ի թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։ Ա–ի շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդիայի կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։
Հայ Ա–ի արքայացանկը
Տրդատ Ա (52-ից, պաշտոնապես 66 – 68), Սանատրուկ (88 - 110), Աշխադար (110–113), Պարթամասիր (113 – 114), Վաղարշ Ա (117 - 140/4), Բակուր Բ (161 – 163), Վաղարշ Բ (186 - 198), Խոսրով Ա (198 – 216), Տրդատ Բ (217 - 252), Խասրով Բ Մեծ (279 – 287), Տրդատ Գ Մեծ (287 - 330), Խոսրով Գ Կոտակ (330 – 338), Տիրան (338 - 350), Արշակ Բ (350–368), Պապ (369–374), Վարազդատ (374 – 378), Արշակ Գ (378 – 389), Խոսրով Դ (384 - 389), Վռամշապուհ (389 - 417), Արատշես Դ (422 - 428)։
Քարտեզը տես 112 էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ․ 1, Ե․, 1944, հ․ 2, մաս 1, Ե․, 1957։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Toumanoff С․, The Third century Armenian Arsacids․ A chronological and genealogical commentary․ «Revue des etudes armeniennes», nouvelle serie, 1970, t․ 6․
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ Մազքթաց, պարթև Արշակունիներից սերած թագավորական հարստություն (մ․ թ․ I դ․ 2-րդ կեսից մինչև 428-ը)։ Մեծ Հայքի Արշակունիների հարստությունը հիմնելու հետ միաժամանակ պարթևներին (տես Արշակունիներ պարթև) հաջողվել է իրենցից սերած Վաչագան Քաջի, ապա և նրա հաջորդների ժառանգական արտոնությունը դարձնել Մազքթաց թագավորությունը, որի տիրապետությունը տարածված էր Կասպից ծովի արևմտյան ափերի վրա՝ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կուր գետի ձախ ափը։ Ա․ իրենց են ենթարկել բուն Աղվանքի տարածքում (Կասպից ծովից մինչև Ալազան գետի հովիտը և Կովկասյան լեռնաշղթայից մինչև Կուրի հոսանքը) բնակվող ցեղախմբերին, հիմնել Աղվանից պետությունը։ Այս թագավորության ժառանգորդներն իբրև հայ Արշակունիների տոհմակիցներ (տես Արշակունիներ հայ) նրանց հետ ունեցել են քաղաքական ու մշակութային սերտ հարաբերություններ։ Երկու թագավորությունների միջև երբեմն տեղի ունեցած բախումների հրահրողը եղել են Սասանյան թագավորները։ Աղբյուրները հանգամանորեն հիշում են Ա–ի թագավորներ Վաչագան Քաջին, Սանեսանին կամ Սանատրուկին, Ուռնայրին և Արսվաղենին։ Սասանյան Պարսկաստանը 428-ին վերացրեց Ա-ի հարստությունը՝ հայ Արշակունիների թագավորության հետ միասին։ Այնուհետև ամբողջ բուն Աղվանքը, իր ցեղային տարասեռ միավորումներով, Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների հետ կազմել է պարսկական Աղվանից մարզպանությունը։
Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ պարթև, Պարթևական թագավորության կառավարող հարստություն մ․ թ․ ա․ մոտ 248 - մ․ թ․ 224։ Ըստ ավանդության, Ա–ի հիմնադիր թագավորն ու տոհմապետը եղել է սկյութական ապարն կամ պարն ցեղի առաջնորդ Արշակը։ Արշակ անունով պարթևական թագավորի գոյությունը պատմականորեն չի հաստատվում։ Արդի պատմագիտությունը Ա-ի հիմնադիր թագավոր է համարում Տրդատ I-ին, որից սկսած պարթևական բոլոր թագավորները կրել են «Արշակ» տիտղոսը։ Ա–ից էին սերում Արշակունիներ հայ և Արշակունիներ Մազքթաց արքայատոհմերը։
Պարթև Ա-ի ավագ ճյուղի արքայացանկը
Տրդատ I (248/247 - մոտ 211), Արտավան I (մոտ 211 - 191), Պրիապատ (191 - 176), Հրահատ I (176/175 - 171/170), Միհրդատ I (171/170 -138/137), Հրահատ II (138/137 - մոտ 128), Արտավան II (մոտ 128 - 124/123), Միհրդատ II (մոտ 123-88/87), Գոտարզ I (Բոնի տիրացող) (91-81/80), Որոդես I (81/80 - 77/76), Սանատրուկ (77/76 - 70/69), Հրահատ III (70/69 - 58/57), Միհրդատ III (58/57 - 55) (57-ից գահազուրկ թագապահանջ), Որոդես II (մոտ 57 - 37/36), Բակուր I (Որոդեսի գահակիցը) (50 - 38), Հրահատ IV (38/37 – 2), Տրդատ II (36-ին մի քանի ամիս կամ մինչև 27/26) (գահի հավակնորդ), Հրահատակ (մ․ թ․ ա․ 2 – մ․ թ․ մոտ 4), Որոդես III (4 - 6/7 ), Վոնոն I (7/8-12)։