խությունները արտացոլվեցին նաև շինությունների արտաքին ճարտ․ մեջ։ XXդ․, ելնելով արտադրության պահանջներից, առավել չափով տարածվեցին բազմաթռիչք և մեծաթռիչք կառույցները։ Հաստատուն ջերմախոնավ պայմաններ պահանջող արտադրության համար կառուցվեցին աներդիկ, ինչպես և ջրալեցուն տանիքներով շենքեր։ 1960-ին ստեղծվեց պողպատյա հարկահարթակներով արտադրական շենքերի նոր տիպ, որը հնարավորություն տվեց հաճախակի փոփոխվող սարքավորումները տեղադրելիս արագորեն վերակառուցել արտադրամասերը։ Կիրառվեցին մետաղական, երկաթբետոնե հավաքովի ծածկեր և բարակ ամրացեմենտային թաղանթներ։ Մետաղը, երկաթբետոնը և ապակին հնարավորություն տվեցին արդյունաբերական ճարտարապետության գեղարվեստական արտահայտչականությանը հասնել լակոնիկ միջոցներով։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, տնտեսության վերականգնման հետ միաժամանակ, սկիզբ դրվեց սոցիալիզմի արտադրատեխնիկական բազայի ստեղծմանը։ Կառուցվեց ՍՍՀՄ–ում առաջին՝ Վոլխովի ՀԷԿ–ը (1921–26, ճարտ․ Օ․ Մունց)։ Սովետական Միության արդյունաբերական ճարտարապետության մեծ նվաճումն է Դնեպրի ՀԷԿ–ի (1927–32, ճարտ․ Վ․ Վեսնին, Ն․ Կոլլի, Գ․ Օռլով, Ս․ Անդրիևսկի) անսամբլը։ Այնուհետև կառուցվեցին ընդարձակ և լուսավոր արտադրամասերով «Ուրալմաշ» գործարանը, Վոլգոգրադի և Չելյաբինսկի տրակտորաշինական գործարանները, Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատը և այլն։ Հետագայում առավել ուշադրություն դարձվեց արդ․ շենքերի արտաքին տեսքին, տարածքի բարեկարգմանն ու կանաչապատմանը։
Երևանի գինու կոմբինատի պահեստարանի համալիրը (1938, 1945-63, ճարտ–ներ՝ Գ․ Քոչար, Ռ․ Իսրայելյան)
Երևանի կոնյակի գործարանը (1953, ճարտ․ Հ․ Մարգարյան)
Քիմիական մանրաթելի գործարանի գլխավոր արտադրական մասնաշենքը Կիրովականում (1957-62, ճարտ․ Կ․Խուդաբաշյան)
Սովետական Հայաստանում 1920-ական թթ․ արդյունաբերական շենքերի նախագծումը և կառուցումը կատարվում էր արդյունաբերական ճարտարապետության փորձի բացակայության պայմաններում, հետամնաց տեխնիկայով և սահմանափակ նյութական միջոցներով։ 1923-26-ին կառուցվեց Հայաստանի հիդրոէներգետիկայի առաջնեկ՝ Երևանի ՀԷԿ–ը։ Ակադեմիկոս Ա․ Թամանյանը, ստեղծագործաբար օգտվելով ազգային ճարտ․ ձևերից, ստեղծեց արդյունաբերական ճարտարապետության յուրօրինակ կերպար՝ գեներատորի տեղակայման շենքը՝ այն հմտորեն համադրելով Հրազդանի կիրճի բնապատկերին։ Հայաստանի արդյունաբերական ճարտարապետության զարգացման օրինակներից են՝ Երևանի Կ․ Ցետկինի անվ․ կարի ֆաբրիկան (1929, ճարտ․ Հ․ Մարգարյան, Ա․ Ահարոնյան, ինժ․ Զ․ Հացագործյան), ծխախոտի ֆաբրիկայի արտադրական մասնաշենքը (1930-33, ճարտ․ Հ․ Մարգարյան), Լենինականի մանածագործական կոմբինատի ջուլհակային բազմաթռիչք մասնաշենքը (1930-34, ճարտ․ Ե․ Պոպով, Դ․ Շտեյման, Ն․ Մենշիկով)։ «Հայէլեկտրամեքենա» միավորման Վ․ Ի. Լենինի անվ․ հայկ․ էլեկտրամեքենաշինական գործարանը (շինարարությունն սկսվեց 1940-ին, ճարտ․ Հ․ Պողոսյան, Հ․ Դոխիկյան, Ա․ Գալիկյան, Վ․ Աճեմյան, Մ․ Մխիթարյան) աչքի է ընկնում տիպային, մասամբ հավաքովի կոնստրուկցիաներով լուծված մասնաշենքերի նպատակահարմար համադրումով, մեկ կմ երկարությամբ գործարանային մագիստրալի ամբողջական ճարտ․ անսամբլով։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կառուցված արդ․ շենքերին բնորոշ է հատակագծային նպատակահարմար լուծումը, ազգային ճարտ․ ձևերի օգտագործումը, երկաթբետոնե հիմնակմախքի սյուների ռացիոնալ ցանցը, երեսապատման համար բնական քարի կիրառումը (Աշտարակի գինու գործարան, 1948, ճարտ․ Ռ․ Իսրայելյան, Երևանի սառցակոմբինատի համալիրը, 1950, ճարտ․ Դ․ Աղաբաբյան, Կիրովականի քիմիական կոմբինատի ազոտային արտադրամասերի խումբ, 1951, ճարտ․ Վ․ Բարանով, Գյումուշի ՀԷԿ–ի գեներատորի տեղակայման շենքը, 1953, ճարտ․ Տ․ Մարության և այլն)։ ՀՍՍՀ–ում արդ․շենքերի ճարտ․ ձևերի լուծման կարևոր առանձնահատկություններից է դրանք շրջապատող անսամբլներին միաձուլելը, երբ արդ․ ձեռնարկություններն իրենց արտաքին հարդարանքով ներդաշնակում են շրջակա շինությունների հետ՝ կազմելով օրգանական միասնություն։ Հրազդանի երկու ափերին կառուցված, տեղանքին ու միմյանց ներդաշնակ գինու գործարանի պահեստարանը (1938, ճարտ․ Գ․ Քոչար, Ռ․ Իսրայելյան։ 1945-63, ճարտ․ Ռ․ Իսրայելյան) և կոնյակի գործարանը (1953, ճարտ․ Հ․ Մարգարյան) Հաղթանակի կամրջի հետ կազմում են Երևանի լավագույն անսամբլներից մեկը։ 1954-55-ին ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների սովետի միջոցառումների շնորհիվ սովետական ճարտ․ընթացավ առաջավոր տեխնիկայի կիրառման և շինարարության ինդուստրացման ուղիով։ Արդյունաբերական ճարտարապետության նոր պահանջները հաշվի առնելով են կառուցված Կիրովականի քիմ․ մանրաթելի գործարանը (1957-1962, ճարտ․ Կ․ Խուդաբաշյան, Բ․ Հարությունյան, ինժ․ Բ․ Դանոյան, Գ․ Բալյան), որի գլխավոր շինությունը (կառուցապատման 47,000 մ² տարածքով) ընդգրկում է բոլոր հիմնական արտադրամասերը, ունի աներդիկ լուսավորություն, օգտագործված են հավաքովի երկաթբետոնե տարրեր, արտաքին ճարտ․ լուծված է պարզ, պլաստիկ ձևերով։ Արդ․ խոշոր ձեռնարկության հզորությունն է արտահայտում շրջապատող բնությանը ներդաշնակ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի (1963, ճարտ․ Է․ Գրիգորյան, Լ․ Գասպարյան, Մ․ Աշկերյան, ինժ․ Ա․ Առաքելյան, Ա․ Կոզմանյան, Վ․ Սարգսյան), Ղափանի պղնձահանքային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մասնաշենքի (1968, ճարտ․ Կ․ Դրամբյան) ճարտարապետությունը։ Հետաքրքիր լուծումներ ունեն Երևանի դաշնամուրի ֆաբրիկան (1962, ճարտ․ Կ․ Խուդաբաշյան, Մ․ Յազմաջյան, Վ․ Ավետիսյան), Հայէլեկտրագործարանի № 7 մասնաշենքը (1963, ճարտ․ Ռ․ Գյոլեցյան, Մ․ Հովհաննիսյան), ավտոպահեստամասերի (1963, ճարտ․ Ա․ Աղալյան), ռետինատեխնիկական իրերի (1964, ճարտ․ Կ․ Անանյան) գործարանները, ավտոգործարանը (1967, ճարտ․ Մ․ Հովհաննիսյան, Վ․ Ավետիսյան), պոմպերի գործարանը (1970, ճարտ․ Հ․ Պողոսյան, Բ․ Հարությունյան, Ա․ Աղալյան)։ Նորագույն կոնստրուկցիաներով և ճարտ․ լակոնիկ ձևերով 120 հա տարածքի վրա կառուցվում է (1960-ից) Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի համալիրը։ 1960-ական թթ․ երկրորդ կեսից հանրապետությունում ստեղծվում են առավել առաջադեմ, տնտեսապես էֆեկտիվ արդ․ հանգույցներ։ Երևանի արդ․հանգույցի շինությունների համալիրը, որ միավորում է քիմիական ռեակտիվների (1965, ճարտ․ Է․ Նազարյան, Ա․ Պողոսյան, Կ․ Անանյան, Ս․ Բախչիև, Վ․ Ավետիսյան) և վիտամինների (1969, ճարտ․ Է․ Նազարյան) գործարանները, ունի արտադրության պայմաններից բխող ծավալատարածական հորինվածք։ Հայկական ՍՍՀ արդ. շենքերը նախագծվում են Հայարդնախագիծ, Հայգունմետգիտնախագիծ ինստներում, Մոսկվայի էներգոարդնախագիծ ինստ–ի Երևանի բաժանմունքում՝ մեծ ուշադրություն դարձնելով ձեռնարկություններում աշխատանքի բարենպաստ պայմանների ապահովմանը, ինտերիերների, ինչպես և արդյունաբերական տարածքի բարեկարգմանն ու կանաչապատմանը։