Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/118

Այս էջը սրբագրված է

սակցության ղեկավարությամբ մեծ աշխատանք կատարվեց արվեստի տեսության և պատմության մարքս–լենինյան սկզբունքների մշակման, սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդի հիմնավորման, բուրժուական իդեալիստական տեսությունների մերկացման ուղղությամբ։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սովետական Այան կարևոր խնդիրները դարձան պայքարը հանուն ժողովրդական զանգվածներին ուղղված սոցիալիստական մշակույթի, ընդդեմ բուրժուական Այան իդեալիստական կոնցեպցիաների, ֆորմալիստական և նատուրալիստական արվեստի։ Հարուստ սոցմշակութային կյանքի, ճարտարապետության, հաստոցային և դեկորատիվ արվեստների տեսության բեղմնավոր զարգացման կողքին 1920-ական թթ․ Այան մեջ ի հայտ եկան մշակույթի նկատմամբ նիհիլիստական (տես Պրոլետկուտ) տեսակետներ։ Այդ սխալ հայացքների հաղթահարման գործում վճռական դեր խաղացին Վ․ Ի․ Լենինի ցուցումները, ինչպես նաև Ա․ Վ․ Լունաչարսկու քննադատական գործունեությունը։ Սովետական Այան մեջ առաջատար դարձան սոցիալիստական ռեալիզմի տեսությունը, արվեստում մարքս–լենինյան գաղափարներն ամրապնդող դրույթները։ 1950-ական թթ․ վերջերից մինչև 1970-ական թթ․ սկզբները տեղի ունեցան սովետական գեղարվեստական մշակույթի հրատապ հարցերին նվիրված բանավեճեր, երբ հաղթահարվեց ռեալիզմի նեղ, դոգմատիկ ըմբռնումը, առաջ քաշվեցին արվեստի արդիականության, սոցիալիստական ռեալիզմի հետագա զարգացման խնդիրները։ Սովետական Այան ուշադրության կենտրոնում են արվեստի կուսակցականության, կոմունիստական գաղափարայնության և ժողովրդայնության հարցերը։

Սովետական իշխանության տարիներին Հայաստանում Ա. աննախընթաց զարգացման հասավ։ Սկսվեց Տ․ Օրրելու, Թ․ Թորամանյանի հետազոտությունների առավել բեղմնավոր շրջանը։ Արվեստաբանությամբ սկսեց զբաղվել գիտնականների նոր սերունդ։ Հայ Այան հիմնական օջախը դարձավ ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստտիտուտը (տես Արվեստի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ)։ Հայ գիտնականները ստեղծեցին ազգային կերպարվեստին, ճարտարապետությանը, երաժշտությանը, թատրոնին, կինոյին նվիրված բազմաթիվ բարձրարժեք գործեր։ Հայ հին և միջնադարի ճարտարապետության հետազոտման ու պատմության հարցերով են զբաղված նաև Հռոմի համալսարանի և Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի օտար և հայ գիտնականները։ ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի ուսումնասիրության մեջ մեծ ավանդ են մուծել սովետական հնագետներն ու ազգագրագետները։ Մեծ մասամբ նորովի է լուսաբանվել անտիկ ժամանակաշրջանի, հատկապես Հյուսիս–Սևծովյան շրջանի, ռուսական, ուկրաինական, բելառուսական միջնադարյան և նոր ժամանակների արվեստների պատմությունը։ Հետազոտություններ են կատարվել Հին Արևելքի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի հնագույն և նոր արվեստների ասպարեզում։ XX դ․ կեսին կապիտալիստական երկրների Այան մեջ զգալի տեղ են գրավում մարտնչող իդեալիստական հայացքները, արվեստի մեջ անկումային հակաժողո– վըրդական երևույթների գովաբանությունը։ Մյուս կողմից մեծանում է արվեստի սոցիոլոգիական ուսումնասիրության դերը մարքսիզմի և սովետական Այան ազդեցության ներքո։ Մեծ հաջողությունների է հասել սոցիալիստական երկրների Ա․։

ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, հիմնադրվել է 1958-ին՝ Հայկական ՍՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի (գործել է 1948-ից) հիմքի վրա։ Հայկ․ արվեստագիտության հիմնական օջախն է։ Ունի ճարտարապետության, երաժշտության, ժողովրդական երաժտության, թատրոնի և կինոյի, կերպարվեստի, մշակութային կապերի, սփյուռքահայ արվեստի և կիրառական արվեստի բաժիններ։ ճարտարապետության բաժինը ուսումնասիրում է նախաուրարտական, ուրարտական և հայկ․ ճարտարապետությունը՝ հին դարերից մինչև մեր օրերը։ Մասնակցում է պեղումների (Կարմիր բլուր, Արմավիր, Գառնի ևն), հրատարակում ճարտարապետության պատմության վերաբերյալ աշխատություններ ու մենագրություններ։ Երաժշտության բաժինը հետազոտում է երաժշտության պատմության և տեսության խնդիրները, հրատարակում հայ դասականների ժառանգությունը, կազմում հայ սովետական երաժշտական կյանքի տարեգրությունը։ ժողովրդական երաժշտության բաժինը հավաքում, համակարգում և գիտականորեն մշակում է հայ ժողովրդական, ինչպես և քրդական երաժշտության բանահյուսությունը։ Թատրոնի և կինոյի բաժինը զբաղվում է թատրոնի և կինոարվեստի պատմության ուսումնասիրությամբ։ Կերպարվեստի բաժինը մշակում է հայկական կերպարվեստի պատմության և տեսության հարցերը։ Մշակութային կապերի բաժինը ուսումնասիրում է հայ ժողովրդի մշակութային կապերը, ինչպես ՍՍՀՄ, այնպես էլ մի շարք արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ, իսկ Սփյուռքահայ արվեստի բաժինը՝ աշխարհի հայ գաղթօջախների արվեստը, սփյուռքի ականավոր արվեստագետների ստեղծագործությունները։ Կիրառական արվեստի բաժինը զբաղվում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ կիրառական արվեստի պատմության և գործնական հարցերով։ Գործում է հայկական շեքսպիրագիտության կենտրոնը։ Ա․ ի․ համագործակցում է միութենական հանրապետությունների, սոցիալիստական երկրների (Լեհաստան, ԳԴՀ, Չեխոսլովակիա, Ռումինիա, Բուլղարիա), ինչպես և Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ–ի գիտական հիմնարկությունների ու առանձին արվեստագետների հետ։ Հրատարակում է «Նյութեր հայ արվեստի պատմության», «Շեքսպիրական», «Կոմիտասական», «Կինոարվեստ», Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ համատեղ՝ «Հայ ճարտարապետության հուշարձաններ» մատենաշարերը։ Ս. Ռիզան

ԱՐՎԵՍՏՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՐ», «Մ ա ք ու ր արվեստ», գեղագիտական սկզբունք, որի էությունը հասարակական–քաղաքական պահանջներից անկախ արվեստի՝ որպես ինքնուրույն և ինքնանպատակ երևույթի հաստատումն է։ «Մաքուր արվեստի» նախանշանները նկատելի էին դեռևս հունա–հռոմեական գրականության մեջ (ալեքսանդրյան պոեզիա, կայսրության վերջին դարերի հռոմեական գրականություն), Հին Արևելքի և ապա ուշ Վերածննդի շրջանի արվեստներում։ Սակայն այն որպես որոշակի տեսություն ձևավորվեց XIX դ․։ Նրա տեսական ակունքը Կանտի այն թեզն է, ըստ որի գեղագիտական սկզբունքները «անկախ են մարդկանց նյութական գործունեությունից»։ Գեղեցիկը մաքուր է ինքնին և կապված չէ կյանքի ուտիլիտար խնդիրների հետ։ «Մաքուր արվեստի» ջատագովները կանտյան այս ըմբռնումը միակողմանիորեն հանգեցնում են արվեստի հասարակական դերի ժխտմանը, գեղարվեստական ստեղծագործության դաստիարակչական ու բարոյական խնդիրների անտեսմանը՝ ընդհանրապես։ «Մաքուր արվեստի» ծագման համար անմիջական շարժառիթ ծառայեց 1848-ի ֆրանսիական հեղափոխության պարտությունը։ 1850-ական թթ․ կեսերին Ֆրանսիայում «Պառնաս» բանաստեղծական դպրոցի պարագլուխ Թ․ Գոթիեն, բանաստեղծներ Շ․ Բոդլերը Լըկոնտ դը Լիլը, ժ․ Մ․ Հրեդիան, Տ․ դը Րանվիլը հանդես եկան հօգուտ «արվեստի ազատության»։ Չնայած «պառնասականների» և նրանց համախոհների ընդհանուր առմամբ հետադիմական գաղափարներին, նրանք այնուամենայնիվ պայքարում էին հանուն արվեստի անկախության՝ բուրժուական բարոյալքող ազդեցությունից, ապրանքային հարաբերություններից։ «Մաքուր արվեստի» գործիչները գտնում էին, որ բուրժուական հասարակությունը ընդունակ չէ հասկանալու գեղեցիկը, և կոչ էին անում արվեստագետներին «վեր բարձրանալ հասարակությունից», մեկուսանալ նրանից։ Հետագայում նրանց գաղափարները փոխ առան դեկադենտները։ Մարքս–լենինյան քննադատական միտքը վեր հանեց «Ա․ ա․ հ․» սկզբունքի ռեակցիոն էությունը։ Բացահայտելով գեղարվեստական