Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/127

Այս էջը հաստատված է

մեկը։ Արտադրությունը կազմակերպվում է ձեռնարկության մասշտաբով, իսկ Ա․ ա․ իշխում է ամբողջ հասարակության մասշտաբով։ Այն միահյուսվում է մրցակցության հետ, կապիտալիստական արտադրությունն ընդլայնվում է՝ առանց հաշվի առնելու գնողունակ պահանջարկը։ Մոնոպոլիստական կապիտալիզմն ավելի է սրում առանձին ձեռնարկություններում ու միավորումներում աշխատանքի կազմակերպման և ամբողջ հասարակության մասշտաբով Ա․ ա–ի միջե եղած հակասությունը։ Համաշխարհային կապիտալիստական տնտեսության առաջացմամբ այն ընդգրկում է կապիտալիստական համակարգի բոլոր երկրները և միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտը, համաշխարհային կապիտալիզմը զարգանում է անհամաչափորեն։ Կապիտալիստական երկրներում կիրառվող պետական ծրագրավորմամբ հնարավոր չէ վերացնել Ա․ ա․ ամբողջ հասարակական տնտեսության մասշտաբով։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՐԽԻԱՅԻ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՏԱՆ ՕՐԵՆՔ , պարզ և կապիտալիստական ապրանքային արտադրության տնտեսական օրենք, երբ ապրանքների արտադրությունը և վաճառքը կատարվում է տարերայնորեն, մրցակցային պայքարի միջոցով՝ առանց հաշվի առնելու և պլանավորելու հասարակության պահանջմունքները․ հասարակական աշխատանքի բաշխումը արտադրության տարբեր ճյուղերի միջև (տեղի է ունենում շուկայական հարաբերությունների գերիշխանության պայմաններում)։ Պարզ ապրանքային արտադրության ժամանակ նրա գործողության ընթացքում խորանում է շերտավորումը ապրանքարտադրողների միջև և պատմական որոշակի պայմաններում առաջանում են կապիտալիստական արտադրահարաբերություններ։ Բուրժուական հասարակարգում մեծ չափերի է հասնում արտադրության տարերայնությունը, խորանում է հակասությունը արտադրության հասարակական բնույթի և արդյունքների յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև։ Աճում են անարտադրողական ծախսումները՝ սարքավորումների թերբեռնվածությունը և գործազուրկների պահեստաբանակը։ Այդ օրենքի գործողության ավերիչ հետևանքները կապիտալիստական տնտեսության մեջ առանձնապես սուր ձևով են դրսևորվում գերարտադրության տնտ․ ճգնաժամերի ժամանակ։ Արտադրության միջոցների կապիտալիստական սեփականության վրա հիմնված ձեռնարկությունների միջև ծավալվող մրցակցային պայքարի ընթացքում տեղի է ունենում արտադրության և կապիտալի համակենտրոնացում։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակաշրջանում տիրապետել է ազատ մրցակցությունը, որը զարգացման բարձր աստիճանում հասցնում է արտադրության և կապիտալի այնպիսի վիթխարի համակենտրոնացման, երբ իշխող են դառնում մոնոպոլիստական միավորումները։ Սակայն մոնոպոլիստական կապիտալիզմը չի վերացնում մրցակցությունն ու արտադրության անարխիան։ Իմպերիալիզմի դարաշրջանում արտադրության անարխիան ծավալվում է առավել մեծ չափերով, մրցակցությունը դրսևորվում է նոր ձևերով։ Մանր ու միջակ ձեռնարկությունների ազատ մրցակցության առկայության պայմաններում գերիշխող են դառնում մոնոպոլիստական մրցակցության ձևերը՝ 1․ տնտեսության միևնույն ճյուղի մոնոպոլիաների միջև, 2․ տարբեր ճյուղերի մոնոպոլիաների միջև, 3․ մոնոպոլիաների և չմոնոպոլացված ձեռնարկությունների միջև, 4․ միջազգային մոնոպոլիաների միջև, 5․ մոնոպոլիաների ներսում։ Այս պայքարը ծավալվում է հումքի աղբյուրների և վաճառահանման շուկաների բաժանման ու վերաբաժանման, բաժնետոմսերի հսկիչ ծրար ձեռք բերելու, կապիտալների շահավետ ներդրման ոլորտների համար, հանուն գերիշխանության՝ արտադրության տվյալ ճյուղում, երկրի ներսում և միջազգային մասշտաբով, որի ընթացքում գործի են դրվում պայքարի բազմազան ձևեր ու միջոցներ՝ դեմպինգ, բոյկոտ ևն։ Բուրժուական տնտեսագիտությունը պլանավորման ծրագրեր է մշակում, որոնք, սակայն, անզոր են, քանի որ կապիտալիստական պետությունները էկոնոմիկայի կարգավորման միջոցառումներն իրականացնում են Ա․ ա․ և մ․ о-ի գործողության պայմաններում։ Այն դադարում է գործել կապիտալիստական տնտեսության վերացման հետ միասին։ Սոցիալիստական հասարակարգում այդ օրենքը փոխարինվում է տնտեսության պլանաչափ զարգացման օրենքով և սոցիալիստական մրցությամբ։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄ, մեքենայական արտադրության զարգացման փուլ, երբ պրոցեսների կառավարման ու վերահսկման ֆունկցիաներն իրականացնում են ավտոմատ սարքերն ու հարմարանքները։ Ա․ ա․ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, բարելավում թողարկվող արտադրանքի որակը, պայմաններ ստեղծում արտադրության բոլոր ռեսուրսները լավագույն ձևով օգտագործելու համար։ Ա․ ա․ լինում է մասնակի, համալիր և լրիվ։ Մասնակին (արտադրական առանձին օպերացիաների ավտոմատացում) իրականացվում է այն ժամանակ, երբ մարդն այլևս չի կարողանում կառավարել արագընթաց տեխնոլոգիական պրոցեսները, կամ երբ աշխատանքը տարվում է մարդու կյանքի համար վտանգավոր պայմաններում։ Համալիրայինի դեպքում տեղամասը, արտադրամասը կամ գործարանը գործում են որպես մեկ միասնական ավտոմատ՝ ինքնակազմակերպվող ծրագրով, իսկ նրա աշխատանքի ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է մարդը։ Լրիվը նախատեսում է համալիր ավտոմատացված արտադրության կառավարում՝ առանց մարդու անմիջական մասնակցության։ Այս դեպքում արտադրությունը կայուն է, աշխատանքային ռեժիմները գործնականորեն անփոփոխ։ Ա․ ա–ման աստիճանը որոշելիս, ամենից առաջ, հաշվի են առնում ավտոմատացման տնտ․ արդյունավետությունն ու նպատակահարմարությունը յուրաքանչյուր կոնկրետ արտադրության համար։ Ա․ ա․ չի նշանակում, թե մարդն ամբողջությամբ դուրս է մղվում արտադրության ոլորտից, պարզապես նրա աշխատանքը որակական նոր երանգ է ստանում։ Կրճատվում են ծանր ֆիզիկական աշխատանքի վրա հիմնված շատ մասնագիտություններ, արագորեն աճում է գիտատեխնիկական անձնակազմը։ Ժամանակակից ավտոմատացված արտադրությունը պահանջում է գիտականորեն կազմակերպել աշխատանքը, մանրակրկիտ ուսումնասիրել յուրաքանչյուր աշխատողի աշխատանքի պայմանները (տես Ինժեներական հոգեբանություն

ՍՍՀՄ–ում Ա․ ա․, ըստ էության, սկսվել է 30-ական թթ․։ Արդեն 50-ական թթ․ ավտոմատացվել էին ժողովրդական տնտեսության շատ ճյուղեր, առաջին հերթին՝ մեքենաշինությունը (ավտոմատ գծեր, ավտոմոբիլային շարժիչների մխոցների արտադրության ավտոմատ գործարան), մետալուրգիական արդյունաբերությունը (ավտոմատացված վառարաններ և գլոցման հաստոններ), նավթամշակման ձեռնարկությունները (հոսքային ավտոմատ գծեր), նավթամուղներն ու գազամուղները (հեռուստամեխանիկական կառավարում), էներգետիկան (ավտոմատացված ՀԷԿ–եր, ՋԷԿ–երի ավտոմատ կաթսայատներ, էներգահամակարգերի հեռուստամեխանիկական կառավարում), թեթև և սննդի արդյունաբերությունը ևն։ 60-ական թթ․ Ա․ ա․ բնորոշ է ամենից առաջ այն բանով, որ արտադրության բոլոր ոլորտներն է թափանցում ռադիոէլեկտրոնիկայի հիման վրա ստեղծված ավտոմատ սարքավորումը, օգտագործվում են կիբեռնետիկայի մեթոդներն ու հաշվողական տեխնիկայի միջոցները։ Արտադրության կառավարման կարևորագույն օղակ է դառնում ձեռնարկության ինֆորմացիոն հաշվողական կենտրոնը։ Ա․ ա–ման տեխ․ միջոցների շարքին դասվում են, ամենից առաջ, ինֆորմացիայի սկզբնական մշակման զանազան սարքերը (տվիչներ, ազդանշանների փոխակերպիչներ, ծակատիչներ, արտապատկերման սարքեր ևն), ինֆորմացիայի հաղորդման սարքերը (հեռուստամեխանիկայի, կապի ապարատուրա ևն), տրամաբանական և մաթեմատիկական մշակման սարքերը (հաշվողական մեքենայի ֆունկցիոնալ փոխակերպիչները), կառավարման ազդանշանների մշակման՝ կառավարման սարքերը։ Գործադիր սարքերը կազմված են գործարկման ապարատուրայից, էլեկտրա–պնևմա- և հիդրոհաղորդակներից, փոխադրող մեխանիզմներից և ուժային տեղակայանքներից։ Արտադրության գիտական պլանավորման և տնտ․ խթանման պայմաններում Ա․ ա․ առաջնահերթ նշանակություն է ստանում, դառնում ժամանակակից տեխ․ առաջընթացի հիմնական գործոնը։ ՀՍՍՀ–ում Ա․ ա–ման միջոցների ստեղծման հարցերով զբաղվում է Կիրովականի «Ավտոմատիկա» ինստ–ը։ Տես նաև Ավտոմատիկա, Ավտոմատ գիծ։


Գրկ․ Воронов А․ А․, Основы теории автоматического управления, ч․ 1–2, М․–Л․, 1965–66; Современная научно-техническая революция․ Историческое исследование, М․, 1967; Старр М․, Управление производством, пер․ с англ․, М․, 1968; Иванов С․ М․, Человек среди автоматов, М․, 1969․

Ն․ Իվանուշկո