Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/138

Այս էջը հաստատված է

ոռոգելի են։ 1975-ին ոռոգելի հողատարածությունները կազմել են 11630 հա։ Օգտագործվում են Մխչյանի ջրհան կայանի, Գառնիի և Արտաշատի ջրանցքների ջրերը։ 1971-ին սկսվել են Ազատ գետի ջրամբարի շինարարական աշխատանքները, որը 1975-ին ոռոգելի դարձրեց ևս 7000 հա։ Առաջատար ճյուղը այգեգործությունն է, որը տալիս է շրջանի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 52,1%-ը (1971)։ Գյուղատնտեսությունը 1974-ին տվել է 28 մլն․ ռ․ համախառն արտադրանք։ 1975-ին կար 34 կոլտնտեսություն և 4 մասնագիտացված պետական ու սովետական տնտեսություն։ Դաշտավարական աշխատանքները մեքենայացված են։

Արդյունաբերությունը հիմնականում վերամշակում է գյուղատնտ․ արտադրանքը։ Զարգացած է գինեգործությունը։ 1900-ական թթ․ առաջին տասնամյակում ստեղծված կոնյակի սպիրտի և գինու «Արաքս», «Նավերե» (Արտաշատ), ինչպես նաև Ղարիբյանի (Արևշատ), Շուստովի (Դալար) և այլ փոքրիկ գործարանների փոխարեն ներկայումս գինու և կոնյակի հումքի ստացման ժամանակակից գործարաններ են ստեղծվել (բացի Արտաշատ քաղաքից) Վերին Արտաշատ, Այգեզարդ, Բուրաստան, Դալար գյուղերում։ Գինու նախնական մշակման կետեր կան նաև շրջանի մի քանի այլ գյուղերում (Շահումյան, Այգեպատ, Դվին, Նորաշեն ևն)։ Գինեգործությունը տալիս է Ա․ շ–ի արդյունաբերության համախառն արտադրանքի 88,3%-ը (1974)։ Հայտնի են «Նորաշեն», «Արտաշատ», «Գետաշեն», «Արաքս», «Կիսաքաղցր» տեսակի գինիները։ Շրջանում գործում են նաև 7 շինվարչություն, պահածոների գործարան, պտուղ–կոմբինատ, ավտոտնտեսություն և այլ ձեռնարկություններ։ Ա․ շ–ով է անցնում Երևան–Բաքու երկաթուղու 16 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհներով (191 կմ, որից 111 կմ՝ ասֆալտապատ, 1974) բոլոր բնակավայրերն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված են շրջկենտրոնի և Երևանի հետ։ Ունի կապի 23 բաժանմունք։

Արտաշատի շրջանի բնակավայրերն են․ Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արևշատ, Բաղրամյան, Բամբակավան, Բայբուրդ, Բարձրաշեն, Բզովան, Բերքանուշ, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դիմիտրով, Դիտակ, Դեղձուտ, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Մուղան, Ներքին Դվին, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին և Քաղցրաշեն գյուղերը, Կալինինի անվ․ սով․ տնտ․ ավանը։

Առողջապահությունը։ Ա․ շ–ում գործում են 5 հիվանդանոց (145 մահճակալով), 28 բուժմանկաբարձական կայան, 8 դեղատուն, 25 դեղորայքային վաճառակետ, շրջանային պոլիկլինիկա, մանկական և կանանց կոնսուլտացիաներ, հակատուբերկուլոզային դիսպանսեր, գյուղական 6 ամբուլատորիա (150 բուժաշխատող, որից 36-ը՝ բժիշկ)։

Լուսավորությունը։ 1974–75 ուս․ տարում Ա․ շ–ում կար 35 հանրակրթական դպրոց (27 միջնակարգ, 7 ութամյա, 1 տարրական)՝ մոտ 16900 աշակերտով և 1200 ուսուցչով (739-ը՝ բարձրագույն կրթությամբ), արհեստագործական ուսումնարան (356 սովորող), 11 մսուր–մանկապարտեզ (900 երեխա)։ Շրջանն ունի 37 մասսայական գրադարան (287, 1 հզ․ կտոր գիրք)․ 40 մշակույթի պալատ և ակումբ, 37 կինոթատրոն ու կինոսարք։ 1970-ին Ա․ շ–ում աշխատում էին բարձրագույն կրթությամբ մոտ 850 մասնագետ (այդ թվում՝ 85 գյուղատնտես, 70 անասնաբույծ–անասնաբույժ ևն)։ Բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված են, ընդունում են Երևանի հեռուստատեսության հաղորդումները, օգտվում բնական և հեղուկ գազից։ Լույս է տեսնում «Արտաշատ» շըրջանային թերթը։ Պատկերազարդումը տես աղ․ X, 160– 161 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ․ տես Հայկական Սովետական Սոցիալիսաական Հանրապետություն հոդվածի գրականությունը։

Ղ․ Մուրադյան, Ֆ․ Հայրապետյան

ԱՐՏԱՇԱՏԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Մ․ Թ․ Ա․ 66, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի միջև, Արտաշատում։ Ա․ պ–ով ավարտվել են մ․ թ․ ա․ 60-ական թթ․ հայ–հռոմեական պատերազմները։ Մ․ թ․ ա․ 66-ին Հայաստանը եղել է ներքին և արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI թագավորը փորձել է դավադրությամբ հայկ․ գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևաստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասել է բանակցել խոշոր բանակով Հայաստան ներխուժող Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից (բացի պարթևականից)՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից ևն։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք (Տիգրան Կրտսերի իշխանության՝ Ծոփքի և Կորդուքի բերդերում պահվող գանձերից)։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկ․ գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացրել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

Գրկ․ Մանանդյան Հ․, Տիգրան Բ և Հռոմը, Ե․, 1940։

ԱՐՏԱՇԱՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Ամո Խարազյանի անվան միջշրջանային, վերակազմվել է 1956-ի հունվարին, Ղամարլուում 1934–56-ին գործող պետական շրջանային թատրոնի հիման վրա (1921-ից եղել է սիրողական թատերախումբ)։ Շրջանային թատրոնն