Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/14

Այս էջը սրբագրված է

մեջ և բարելավել նրանց գործունեության տեխնիկա–տնտեսական ցուցանիշները։ Կառավարման այս համակարգերի դեպքում մինիստրությունները (գերատեսչությունները) դառնում են ճյուղային կառավարման բարձրագույն օղակ, մեծանում է նրանց պատասխանատվությունը, կատարելագործվում են տնտեսավարման մեթոդները, զարգանում տնտեսապես նպատակահարմար տևական ուղղակի կապերը ձեռնարկությունների միջև, կրճատվում են վարչակառավարչական ապարատի ավելորդ օղակները։

Արդյունաբերական ճյուղի (ենթաճյուղի) առանձնահատկություններից ելնելով կառավարումը կարող է մինիստրության (գերատեսչության) կողմից իրագործվել միաժամանակ երկօղակ և եռօղակ համակարգերով։ Որպես բացառություն, ՍՍՀՄ Մինիստրների սովետի թույլտվությամբ, արդյունաբերության մի քանի ճյուղերի համար կարող է գործել կառավարման քառօղակ համակարգ։ Արդյունաբերության կառավարման երկօղակ և եռօղակ համակարգերի պայմաններում արտադրական միավորումներն ունեն հաստատված կանոնադրություն և սոցիալիստական պետական արտադրական ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված իրավունքներից բացի օգտվում են նաև միութենական հանրապետության մինիստրության (գերատեսչության), մինիստրների սովետի, արդյունաբերական միավորման կողմից նրանց տրված իրավունքներից։ Համամիութենական կամ հանրապետական արդյունաբերական միավորումը գործում է տնտեսական հաշվարկի սկզբունքներով։ Համամիութենական արդյունաբերական միավորումը ենթարկվում է ՍՍՀՄ մինիստրությանը (գերատեսչությանը), հանրապետական արդյունաբերական միավորումը՝ միութենական հանրապետության միութենական–հանրապետական կամ հանրապետական մինիստրությանը (գերատեսչությանը)։ Առանձին դեպքերում հանրապետական միավորումը կարող է ենթարկվել միութենական հանրապետության մինիստրների սովետին։ Ռ․ Շախկուլյան

Արդյունաբերության համակենտրոնացում, արդյունաբերական արտադրությունը առավել խոշոր ձեռնարկություններում կազմակերպելու պրոցես, արտադրության համակենտրոնացման տնտեսական օրենքի կոնկրետ դրսևորումը։ Արդյունաբերության համակենտրոնացումը սոցիալիզմի կարևորագույն օրինաչափություններից է և պայմանավորում է հասարակական արտադրության առաջավոր ձևերի (կոոպերացում, մասնագիտացում և այլն) զարգացումը։ Սոցիալիստական արդյունաբերության համակենտրոնացման կարևորագույն պայմաններն են․ մեքենաների ու սարքավորումների անհատական հզորությունների աճը, մասսայական արտադրության կազմակերպումը, հոսքային և խմբային մեթոդների ներդրումը։ Արդյունաբերության համակենտրոնացումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, մեծացնում ֆոնդահատույցը և արտադրության շահութաբերությունը։ Սովետական վիճակագրությունը արդյունաբերության համակենտրոնացումը բնութագրում է մեկ ձեռնարկությանն ընկնող համախառն արտադրանքի, աշխատողների թվի և հիմնական ֆոնդերի ցուցանիշներով։

Չնայած այն բանին, որ նախահեղափոխական Ռուսաստանը տեխնիկա–տնտեսապես ետ էր մնում բարձր զարգացած կապիտալիստական երկրներից, սակայն արդյունաբերությունն ուներ համակենտրոնացման բարձր աստիճան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արդյունաբերության ազգայնացումը և սոցիալիստական արտադրական հարաբերությունների հաղթանակը նոր նախադրյալներ ստեղծեցին արդյունաբերության համակենտրոնացման ուժեղացման համար։ Ներկայումս ՍՍՀՄ արդյունաբերությունը աշխարհում ամենահամակենտրոնացվածն է։ 1971-ին ՍՍՀՄ–ում խոշոր (1000-ից ավելի բանվոր ունեցող) արդյունաբերական ձեռնարկություններում, որոնք կազմել են ձեռնարկությունների ընդհանուրթվի 10, 9%-ը, կենտրոնացված էր բանվորական ուժի 61, 5%-ը, արտադրության ծավալի 60, 1%-ը։ Դրանք օգտագործել են էլեկտրաէներգիայի 82, 7%-ը։ Արդյունաբերության համակենտրոնացման արագ աճը բնորոշ է համաշխարհային սոցիալիստական սիստեմի բոլոր երկրներին։ Արդյունաբերության համակենտրոնացման աստիճանը բարձր է նաև ՀՍՍՀ արդյունաբերության մեջ, որտեղ խոշոր և խոշորագույն ձեռնարկությունները տալիս են հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի 70%-ից ավելին։ Խոշորագույն (30 մլն․ռուբլուց ավելի արտադրանք թողարկող) ձեռնարկությունների խմբում աշխատանքի արտադրողականությունը 6,7, իսկ շահութաբերությունը մոտ 2 անգամ բարձր է, քան փոքր, մինչև 100 հզ․ռ․ արտադրանք թողարկող ձեռնարկություններում։ Տես նաև Արտադրության համակենտրոնացում։ Ա․ Ավանեսյան


Արդյունաբերության ճյուղային կառուցվածք, արտադրության տվյալ ճյուղի ձեռնարկությունների խմբավորում կամ դասակարգում ըստ արտադրանքի, մշակվող հումքի և տեխնոլոգիական պրոցեսների համասեռության։ Ոչ համասեռ արտադրանք թողարկող ձեռնարկություններն ամբողջությամբ դասվում ենարդյունաբերության այն խմբին, որին համապատասխանում է դրանց թողարկած արտադրանքի գերակշռող մասը։ Արդյունաբերության ճյուղային կառուցվածքն ընդունված է արտահայտել համախառն արտադրանքի, հիմնական արտադրականֆոնդերի և արդյունաբերական արտադրական անձնակազմի ցուցանիշներով։ Ճյուղային կառուցվածքն արտահայտում է ամեն մի ճյուղի քանակական մեծությունը։ Վերջինիս փոփոխությունը՝ հօգուտ գիտատեխնիկական առաջադիմության հիմքը կազմող ճյուղերի, բնորոշում է արդյունաբերության ճյուղային կառուցվածքի կատարելագործումը և պայմանավորում հասարակական աշխատանքի արտադրողականության աճը։ Արդյունաբերության ճյուղային կառուցվածքն բնութագրող ցուցանիշներից առավել գործածականը համախառն արտադրանքն է, որը բնութագրում է ամեն մի ճյուղի մասնակցության աստիճանը նյութական բարիքների արտադրության մեջ և ժողովրդական տնտեսության միջճյուղային տնտեսական կապերը։ Արդյունաբերության ճյուղային կառուցվածքն ընդունված է քննարկել արդյունաբերական արտադրությունը տարատեսակ խմբերի բաժանելու միջոցով։ Ավելի խոշոր արտադրական կապեր արտահայտող տնտեսական խմբերն են՝ արտադրության միջոցների արտադրությունը («Ա» խումբ) և սպառման միջոցների արտադրությունը («Բ» խումբ), արդյունահանող արդյունաբերությունը և վերամշակող արդյունաբերությունը։ Խմբավորումը կատարվում է նաև ըստ ծանր և թեթև արդյունաբերության ճյուղերի ու ենթաճյուղերի։ Ներկայումս գործում է ՍՍՀՄ Մինիստրների սովետին առընթեր կենտրոնական վիճակագրական վարչության՝ 1971-ի մարտի 31-ին ընդունած արդյունաբերության ճյուղային դասակարգումը, ըստ որի, առանձնացված են արդյունաբերության 16 խոշոր ճյուղ և խումբ, դրանք իրենց հերթին ընդգրկում են բազմաթիվ ենթաճյուղեր, որոնց թիվն ավելանում է աշխատանքի հասարակական բաժանման խորացման հետևանքով։ Արդյունաբերության ճյուղային կառուցվածքի ձևավորման և առաջադիմական փոփոխության հիմքում ընկած են գիտատեխնիկական առաջընթացի մակարդակն արտահայտող առաջատար ճյուղերի՝ էլեկտրաէներգետիկայի, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության զարգացման բարձր տեմպերը։ Գիտատեխնիկական առաջընթացի համեմատ փոխվում են արդյունաբերության ճյուղերի թիվը և դրանց հարաբերակցությունը՝ հօգուտ առաջադիմական ճյուղերի։

ՀՍՍՀ արդյունաբերության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է առավելապես տեղական հումքի օգտագործմամբ, և արդյունաբերությունը մասնագիտացել է գունավոր մետաղաձուլության ու քիմիական արդյունաբերության մի շարք ճյուղերի, մեքենաշինության, շինանյութերի, լեռնահանքային, ինչպես նաև թեթև ու սննդի արդյունաբերության արտադրանքի առանձին տեսակների արտադրության գծով։ Այդ ճյուղերը բնորոշում են հանրապետության տեղն ու մասնագիտացման ուղղությունը Միության արդյունաբերության մեջ։ Արդյունաբերության ճյուղային կառուցվածքում վճռող դերը պատկանում է նրա առաջատար ճյուղերին։ Մինչդեռ նախահեղափոխական Հայաստանում խոշոր արդյունաբերության համախառն արտադրանքի 60 և զբաղվածների մոտ 89%-ը բաժին էր ընկնում պղնձի արտադրությանը (ներառյալ հանույթը)։ Հայաստանում նախապատերազմյան հնգամյակների տարիներին արդյունաբերության մեջ առաջնակարգ տեղ էին գրավում թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը։ 1940-ին մեքենաշինության ու մետաղամշակման, քիմիական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրանքի բաժինը կազմում էր արդյունաբերական ամբողջ արտադրանքի ընդամենը 7, 3%-ը, իսկ սննդարդյունաբերությանը՝ ավելի քան 57, թեթև արդյունաբերությանը՝ 27, 4%-ը։ Ետպատերազմյան տարիներին գիտատեխնիկական առաջադիմության գլխավոր ուղղությունների նյութական հիմքը ներկայացնող ճյուղերը առանձնապես արագ աճեցին ՀՍՍՀ–ում։ 1951–70-ին հանրապետության մեքենաշինության–մետաղամշակման արդյունաբերության արտադրանքի միջին տարեկան աճը կազմել է 18, 8, քիմիական արդյունաբերությանը՝16, 6, էլեկտրաէներգիայինը՝ 10%։ 1970-ին մեքենաշինության ու մետաղամշակման, քիմիական և էներգետիկայի ճյուղերի համախառն արտադրանքը կազմեց ամբողջ արդյունաբերության արտադրանքի 45-50%-ը։

Ներկայումս ՀՍՍՀ–ում ստեղծվել է ար–