Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/142

Այս էջը հաստատված է

ՀՍՍՀ–ում ներգաղթի առաջին պետական մարմինը եղել է 1921-ին ստեղծված Գաղթականական գործերի գլխավոր վարչությունը։ 1925-ի սեպտեմբերից վերանվանվել է Ներգաղթի հանձնաժողով, 1945-ի դեկտեմբերից՝ ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե։ Կոմիտեն զբաղվում է արտասահմանից հայրենիք վերադարձող հայերի ընդունման, բնակարանային, կենցաղային, աշխատանքի տեղավորման, քաղաքական–դաստիարակչական, երեխաներին դպրոցներում, պրոֆ-տեխնիկական ուսումնարաններում, մանկական հիմնարկություններում ընդգրկելու, կուլտուր–գեղարվեստական, բժշկական սպասարկման, արտադրական ուսուցման, թոշակավորման, նպաստներ տրամադրելու հարցերով։ Ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ է եղել Բ․ Աստվածատրյանը (1945–60), Արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ՝ Գ․ Գեորգյանը (1961–67), Ս․ Գասպարյանը (1967–69)։ 1969-ից կոմիտեի նախագահն է Դ․ Հովհաննիսյանը։

Հ․ Այվազյան

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ, անձի ինքնությունն ու քաղաքացիությունը հավաստող և արտասահման մեկնելու իրավունք ընձեռող փաստաթուղթ։ Ա․ ա–ի ձևերը, տեսակները և տալու կարգը սահմանվում է պետության օրենսդրությամբ։ ՍՍՀՄ–ում Ա․ ա–ի տեսակներն են․ 1․ դիվանագիտական, տրվում է ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների կառավարությունների արտասահման մեկնող անդամներին, արտասահմանում ՍՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմին, միջազգային կոնգրեսների և կոնֆերանսների պատգամավորներին, 2․ ծառայողական, տրվում է ծառայական պարտականություններ կատարելու համար արտասահման մեկնող անձանց (ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների մինիստրությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և հիմնարկությունների աշխատողներին), 3․ համաքաղաքացիական, տրվում է արտասահման մեկնող արհմիութենական, կոոպերատիվ, մարզական և հասարակական այլ կազմակերպությունների պատգամավորությունների

ներկայացուցիչներին, ինչպես նաև արտասահմանյան հիմնարկություններում և ձեռնարկություններում աշխատելու համար նրանց պահանջով աշխատանքի մեկնողներին և զբոսաշրջիկներին։ Արտասահման մեկնելու համար Ա․ ա․ վավերական է միայն համապատասխան երկրի թույլտվության դեպքում։

Ա․ Լալայան

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲՅՈՒՐՈ ՌՍԴԲԿ ԿԿ-ի, Կենտկոմի համակուսակցական ներկայացուցչությունը արտասահմանում։ Ստեղծել է ՌՍԴԲԿ ԿԿ–ի պլենումը 1908-ի օգոստոսին։ ՌՍԴԲԿ ԿԿ–ի 1910-ի հունվարյան պլենումից հետո Արտասահմանյան բյուրոյում ստեղծվել է լիկվիդատորական մեծամասնություն, որը դարձել է հակակուսակցական ուժերի կենտրոն։ Բոլշեվիկները 1911-ին արտասահմանյան բյուրոյից ետ են կանչել իրենց ներկայացուցչին։ 1912-ի հունվարին Կենտկոմի արտասահմանյան բյուրոն հայտարարել է ինքնալուծարքի մասին։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԽՄԲԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տեղի է ունեցել 1911-ի դեկտեմբերի 14–17 (27–30)-ին, Փարիզում։ Նախապատրաստել ու ղեկավարել է Վ․ Ի․ Լենինը։ Խորհրդակցության նպատակն էր համախմբել արտասահմանյան բոլշևիկյան ուժերը (որոնք կործանման եզրին էին հասել արտասահմանյան ֆրակցիոն խմբերի գործունեության պատճառով) և աջակցել վեցերորդ (Պրագայի) համառուսաստանյան կուսակցական կոնֆերանսի հրավիրմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են 11 պատվիրակներ (վճռական ձայնով) Փարիզի, Նանսիի, Ցյուրիխի, Դավոսի, ժնևի, Լիեժի, Բեռնի, Բրեմենի և Բեռլինի բոլշեվիկյան խմբերից։ Քննարկվել են հետևյալ հարցերը․ 1․ կազմակերպական բյուրոյի տեղերի պատվիրակների հաշվետվությունը, 2․ գործերի դրության մասին կուսակցությունում, 3․ գործերի դրության մասին արտասահմանում և տարբեր հոսանքների նկատմամբ ունենալիք վերաբերմունքը, 4․ կազմակերպական հարցեր, 5․ արտասահմանյան աշխատանքի խնդիրների մասին, 6․ վերաբերմունք կոնֆերանսի նկատմամբ և 7․ այլ հարցեր։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (մինչև 1958-ը՝ Կուլտուրական կապի հայկական ընկերություն), կամավոր հասարակական կազմակերպություն։ Ստեղծվել է 1944-ի նոյեմբ․ 20-ին։ Նպատակն է Հայկական ՍՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև զարգացնել ու ամրապնդել բարեկամական կապերն ու փոխըմբռնումը։ Ընկերությունը ՀՍՍՀ հասարակայնությանը ծանոթացնում է արտասահմանյան երկրների ժողովուրդների մշակույթի նվաճումները և մասսայականացնում հայ ժողովրդինը՝ արտասահմանում։ Ունի մշակույթի, գիտության ու տեխնիկայի յոթ ճյուղային սեկցիա և բարեկամության ընկերություններ, 11 հանրապետական՝ բաժանմունք (1975)։ Մինչև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը (1964), սերտ կապ է հաստատել արտասահմանյան երկրներում գործող հայկ․ առաջադիմական կազմակերպությունների և անհատ գործիչների հետ։ Բարեկամական կապեր ունի աշխարհի 67 երկրների 245 կազմակերպությունների և 466 գործիչների հետ (1975)։ Կազմակերպում է երեկոներ՝ նվիրված ազգային տոներին, հիշարժան տարեթվերին, կինոֆիլմերի ցուցադրում, տեղեկատու նյութերի ֆոտո–հավաքածուների, գրքերի փոխանակում ևն։ 1945–64-ին հրատարակել է «Սովետական Հայաստան» ամսագիրը (այնուհետև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի օրգան)։ Հրատարակում է ռուս․, անգլ․ և ֆրանս․ լեզուներով «Հայաստանն այսօր» տեղեկատու բյուլետենը, որն ուղարկվում է աշխարհի 36 երկրների 90 կազմակերպությունների։ Ընկերության նախագահներ են եղել Մ․ Ի․ Պետրոսյանը (1944–46), Լ․ Ա․ Քալանթարը (1947–49), Գ․ Խ․ Հարությունյանը (1949–51), Բ․ Ա․ Աստվածատրյանը (1951–53 և 1955–58), Գ․ Ս․ Սևունցը (1953–55), Բ․ Ա․ Գրիգորյանը (1958–67), Ռ․ Հ․ Պարսամյանը (1967-1972)։ 1972-ից ընկերության նախագահն է Ռ․ Մ․ Սամսոնովը։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԼԻԳԱ ռուս հեղափոխական սոցիալ–դեմոկրատիայի, ստեղծվել է 1901-ի հոկտեմբերին, Ժնևում, Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ։ Ա․ լ–ի մեջ մտնում էին «Իսկրա»-«Զարյա»-ի արտասահմանյան բաժնի և «Սոցիալ–դեմոկրատ» կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՌՍԴԲԿ II համագումարը (1903) լիգան ճանաչեց որպես կոմիտեի իրավունքներ ունեցող և ՌՍԴԲԿ Կենտկոմի կողմից ղեկավարվող արտասահմանյան միակ կազմակերպությունը։ Համագումարից հետո մենշևիկների կողմից կուսակցության կենտրոնական հիմնարկությունների, ինչպես նաև «Արտասահմանյան լիգայի» զավթումը բոլշևիկներին ստիպեց ունենալ ինքնուրույն արտասահմանյան կազմակերպություն։ Ա․ լ․ լուծարքի է ենթարկվել 1905-ին։

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՌՍԴԲԿ, ստեղծվել է 1905-ի մարտի 15–19-ին, Ժնևում, արտասահմանյան բոլշևիկյան խմբերի Հիմնադիր համագումարում։ Ղեկավարվում էր համագումարի մշակած և ՌՍԴԲԿ Կենտկոմի հաստատած (18․ 6․ 1905) կանոնադրությամբ։ 1906-ի մարտին ՌՍԴԲԿ միացյալ Կենտկոմը՝ ֆրակցիաների միավորման կապակցությամբ լուծարքի ենթարկեց կոմիտեն։ 1911-ի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած արտասահմանյան բոլշեվիկյան խմբերի խորհրդակցությունում այն վերստեղծվեց։ Այնուհետև կոմիտեի աշխատանքները ղեկավարել է Վ․ Ի․ Լենինը։ Ա․ կ․ կ․ կոմունիստական կուսակցության պատմության մեջ կարևոր դեր է կատարել կուսակցական ուժերը բոլշեվիզմի դրոշի ներքո համախմբելու և մարքսիզմ-լենինիզմի թշնամիների դեմ պայքար կազմակերպելու գործում։ Այն ուներ իր տպարանը և օգնում էր Կենտրոնական կոմիտեին՝ կուսակցական գրականություն հրատարակելու արտասահմանում։ Ա․ կ․ կ–ի գործունեությունը դադարեց 1917-ին։

ԱՐՏԱՍՎԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, դակրիոադենիտ, ախտաբանական վիճակ, որն արտահայտվում է վերին կոպի ուռածությամբ, բորբոքումով, ցավերով։ Լինում է քրոնիկական և սուր։ Պատճառներն են՝ ընդհանուր վարակիչ հիվանդությունները, գեղձի շրջակա հյուսվածքների բորբոքումները։ Բուժումը՝ դեղանյութային, իսկ թարախակալման դեպքում՝ վիրահատում։


ԱՐՏԱՍՎԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, դակրիոցիստիտ, ախտաբանական վիճակ, որն արտահայտվում է տևական արցունքահոսությամբ, աչքի ներսային անկյան ուռածությամբ։ Ա․ բ–ման ժամանակ աչքի ներսային անկյունը սեղմելիս վերին և ստորին կոպերի արցունքային կետիկներից դուրս է գալիս լորձ կամ թարախ։ Պատճառները՝ արցունքաքթային խողովակի նեղացում, այդ խողովակի