Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/164

Այս էջը հաստատված է

արծաթ, ըստ որում Բաբելոնի, Պաղեստինի, Ասորիքի, Հայաստանի և Փոքր Ասիայի ժողովուրդները երկու անգամ ավելի են վճարել, քան մյուսները։ Հայաստանը, ըստ Հերոդոտոսի, ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ։ Պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Չափահաս պարսիկ այրերն ապրել են պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են «անմահների» գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում, եղել Ա․ պ–յան գլխավոր նեցուկը։ Դարեհ I ստեղծել է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած է եղել ոսկե դարիկը (8,416 գ ոսկի) և արծաթե սիկլը (5,62 գ արծաթ)։ Դրամ հատելու իրավունք է վերապահվել նաև սատրապներին ու փոխարքաներին։ Դարեհը զբաղվել է Ա․ պ–յան կարևոր տնտ․ և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները։ Կենտրոնի հետ կապերը հեշտացնելու համար ստեղծել է կապի հատուկ ծառայություն, որն իրագործվել է հեծելակայինների էստաֆետային կարգով։ Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է Արքայական ճանապարհը։ Դարեհը վերակառուցել է բանակը, որի կորիզը կազմել է 10 հզ․ «անպարտների» կամ «անմահների» հետևակ զորագունդը։ Դարեհի բարենորոգումների շնորհիվ Ա․ պ․ զգալի չափով համախմբվել է և հզորացել։ Նրա օրոք Ա․ պ–յան սահմանները տարածվել են Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր և Միջերկրական ծովերը։ 490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդին՝ Քսերքսես I, նոր արշավանք է ձեռնարկել Հունաստանի դեմ։ 480-ին պարսկ․ բանակը (ըստ Հերոդոտոսի՝ 1 մլն․ 700 հզ․ զինվոր, ըստ ռազմագետ–պատմաբանների՝ 100 հզ–ից ոչ ավելի) Քսերքսեսի առաջնորդությամբ, Հելեսպոնտոսի վրայով ներխուժել է Թրակիա։ Արտաքսերքսես I Երկայնաբազուկի օրոք անկախացել են Եգիպտոսը և Փոքր Ասիայի հուն. քաղաքները։ Մ․ թ․ ա․ V դ․ վերջին Ա․ պ․ անկում է ապրել։ Դարեհ II թագավորի մահից (404) հետո գահակալական կռիվները բորբոքվել են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի միջև։ Կունաքսայի ճակատամարտում (401) Կյուրոսը պարտվել է և սպանվել։ Նրան օգնության եկած 10 հզ․ սպարտացիք հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով (տես «Անաբասիս»)։ Հույների հետ շարունակվող պատերազմը ավարտվել է 386-ին՝ Անտալկիդասի հաշտությամբ, ըստ որի Փոքր Ասիան և հուն. մի քանի կղզիներ դարձյալ անցել են Ա․ պ–յանը։ Արտաքսերքսես III փորձել է վերականգնել Ա․ պ–յան ամբողջականությունը և հզորությունը։ Նա ճնշել է ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում և Կիպրոսում, 341-ին վերանվաճել Եգիպտոսը, սատրապներին արգելել վարձու զորք պահել։ Սակայն այդ միջոցառումները Ա․ պ–յանը չեն փրկել վերահաս անկումից։ Դարեհ III Կոդոմանոսի օրոք (336–330) այն կործանվել է հունա–մակեդոնական պետության հարվածներից։ Հունա–մակեդոնական բանակը Ալեքսանդր Մակեդոնացու առաջնորդությամբ՝ Գրանիկոնի (334), Իսոսի (333), Գավգամելայի (331) ճակատամարտերում ջախջախել է պարսկական ուժերը և նվաճել Ա․ պ․։ Դարեհ III Կոդոմանոսի մահից (330) հետո Ալեքսանդր Մակեդոնացին իրեն հռչակել է Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Ա․ պ–յան թագավոր։ Ա․ պ․ դադարել է գոյություն ունենալուց։

Ա․ պ․ ամփոփել է հին արլ․ երկրների մշակութային նվաճումները։ Դիտական ուսումնասիրություններն ապացուցում են, որ Աքեմենյան մշակույթի զարգացմանը մեծ չափով նպաստել են հպատակ ժողովուրդները։ Հին Արևելքի մյուս երկրների նման Ա․ պ–յան մեջ գաղափարական վիթխարի նշանակություն է ունեցել կրոնը։ Գլխավոր աստված Ահուրամազդային զուգահեռ, Աքեմենյան առաջին թագավորները (Կյուրոս II, Կամբյուսես II, Դարեհ I) ճանաչել են նաև Բաբելոնի, Հրեաստանի, Եգիպտոսի, Հայաստանի, Փոքր Ասիայի ժողովուրդների աստվածությունները։ Քսերքսես I թագավորը, երկյուղելով հպատակ երկրների անջատողական հակումներից, վարել է նրանց աստվածությունների վերացման և Ահուրամազդայի պաշտամունքի պարտադրման քաղաքականություն։ Արտաքսերքսես II թագավորը համընդհանուր է հռչակել նաև Անահիտա (Անահիտ) և Միթրա (Միհր) աստվածների պաշտամունքը։ Բուն Պարսկաստանի սահմաններից դուրս պարսկ․ աստվածությունների պաշտամունքը տարածված է եղել Հայաստանում և Փոքր Ասիայում։ Անժխտելի է նաև հայկական ու փոքրասիական հնագույն պաշտամունքների ազդեցությունը պարսկականի վրա։ Որպես Միջագետքի հնագույն երկրների քաղաքակրթության ժառանգորդ, Աքեմենյանները կատարելագործել և կիրառել են սեպագիրը։ Արքունի հուշարձանագրությունները կատարվել են հին պարսկերեն, ելամերեն և աքքադերեն։ Պետական գրասենյակներում գործավարման լեզուն եղել է արամեերենը։

Ա․ պ–յան մեջ մշակվել է յուրահատուկ ճարտարապետական ոճ։ Հնագույն ճարտարապետական հուշարձանը Կյուրոս II-ի պալատ–արքայանիստն է Պասարգադում, որը եղել է գեղատեսիլ այգիների մեջ փռված, պարսպապատ շինությունների համալիր։ Այստեղ պահպանվել է Կյուրոսի քարակերտ դամբարանը։ Պալատային շինությունները գերազանցապես կատարվել են Ա․ պ–յան ծաղկման՝ Դարեհ I-ի և Քսերքսես I-ի կառավարման տարիներին (522–465)։ Պատմամշակութային կարևոր արժեք ունեն Պերսեպոլսի և Սուզի (Շոշ) պալատական կառույցները։ Պերսեպոլսի բերդում կառուցվել են դահլիճ–ընդունարաններ, գանձատներ ևն։ Հոյակերտությամբ առանձնանում է 36 բարձր (18,6 մ) սյուների վրա հանգչող հանդիսասրահը՝ ապադանը։ Այն երեք կողմից ունեցել է նախասրահներ և զբաղեցրել 10 հզ․ մ2 մակերես։ Պալատների պատերը և նախասրահների աստիճանները զարդարվել են բարձրաքանդակներով և վեհություն ներշնչող արձաններով։ Բարձրաքանդակներում գլխավորապես պատկերվել են հպատակ ժողովուրդներն ու ցեղերը, որոնք մեծարել, հարկեր են մատուցել և իրենց հնազանդությունն արտահայտել Աքեմենյան տիրակալին։ Բարձրաքանդակներում մանրամասնությամբ վերարտադրվել են ազգային կերպարներն ու տարազները։ Հոյակերտ է նաև Սուզի սյունազարդ ապադանը (մ․ թ․ ա․ IV դ․)։ Աքեմենյան ճարտարապետությունը, մասնավորապես սյունազարդ պալատների շի– նարարական արվեստը, առնչվում է ուրար– տականին (դրա օրինակները կան Պասարգադի, Պերսեպոլսի, Սուզի պալատական կառույցներում)։ Ուրարտական դրսևորումներն ակնառու են նաև աշտարակաձև կառույցների, մետաղագործության ու խեցեգործության մեջ։ Աքեմենյան զարգացած արվեստի մասին են վկայում զարդերի, անոթների և նյութական այլ հուշարձանների նմուշները, որոնք հետզհետե հարստանում են նորանոր պեղածոներով։ Աքեմենյան մշակույթի ավանդույթները զգալի դեր են խաղացել Իրանի և Առաջավոր Ասիայի կյանքում։

Մ.Կատվալյան