Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/166

Այս էջը հաստատված է

1-ին ռեկտորը։ 1930-ին անցել է թոշակի՝ արժանանալով Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման։ Ա․ հոգեբանական դիմանկարի վարպետ էր («Սառա Բեռնարը Տոսկայի դերում», «Հենրիետ Ֆուրիե» են)։ «Վիկտոր Օստավսկի» դիմանկարի համար (ցուցադրվել է 1888-ին, Փարիզում) ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ, արժանացել «Օֆիսիե դ'ակադեմի» տիտղոսին և «Պալմ ակադեմիկ» պարգևին։ Նկարել է պատկերներ գուցուլների, ուկրաինացիների և հայերի կյանքից, պատմական թեմաներ («Վյուցբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից՝ 1811-ին», «Սլավոնների առաջնորդի թաղումը» ևն)։ Հայկ․ թեման կարևոր տեղ է գրավել Ա–ի ստեղծագործության մեջ («Հայ գաղթականները Լեհաստանում», «Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչը», «Ինքնանկար»՝ կատարված Վենետիկի Մխիթարյանների պատկերասրահի համար)։ 1952-ի նոյեմբ․ 27-ին Կրակովի քաղաքային խորհրդի որոշմամբ Կազիմիր Մեծի հրապարակը վերանվանվել է Ա–ի անունով։

Գրկ․ Տոնիկևիչ Ս․, Թեոդոր Աքսենտովիչ, «ՍԱ», 1962, № 2։

Ս․ Քուանջյան


ԱՔՍԵՍՈՒԱՐ (ֆրանս․ accessoire), 1․ որևէ պարագա, զուգորդվող առարկա (օրինակ, հագուստի Ա․, որ զգեստին ավարտուն տեսք է տալիս՝ շարֆ, ձեռնոցներ, գլխաշոր, պայուսակ, փողկապ ևն), 2․ թատրոնում, բուտաֆորական կամ այլ իրեր, 3․ կերպարվեստում, պատկերի երկրորդական, օժանդակ մանրամասներ։

ԱՔՍԵՎԻՆՏԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում։ XX դ․ սկզբին ուներ 260 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Տեղական ճանապարհով Ա․ կապված էր Շապին–Գարահիսար քաղաքի հետ։ Ավերվել ու ամայացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։


ԱՔՍԻՈԼՈԳԻԱ, տես Արժեքաբանություն։


ԱՔՍԻՈՄԱ (<հուն․ άξιωμα – ակնհայտ սկզբունք), գիտական տեսության դրույթ, որը տեսությունը դեդուկտիվ եղանակով կառուցելու դեպքում համարվում է ելակետային, այսինքն՝ ընդունվում է առանց ապացուցման և նրա հիման վրա ապացուցվում են տեսության մյուս դրույթները։ «Ա․» տերմինը առաջին անգամ օգտագործել է Արիստոտելը, այնուհետև այն մտել է երկրաչափության մեջ։ Էվկլիդեսի «Հիմունքներ»-ում առաջին անգամ փորձ է արվել հայտնի երկրաչափական փաստերը բխեցնել փոքրաթիվ ելակետային դրույթներից՝ Ա–ներից կամ պոստուլատներից։ Հետագայում «Ա․» տերմինը թափանցել է գիտության մյուս բնագավառները և տարածում գտել նաև առօրյայում՝ որպես ինքնին ակնհայտ և ապացուցման կարիք չզգացող դրույթ։ Պատմականորեն, Պլատոնից սկսած, Ա–ների ակնհայտությունը հիմնավորվել է նրանով, որ մարդկային բանականությանը բնատուր ձևով հատուկ են այնպիսի ճշմարտություններ, ինչպիսիք մաթ․ Ա–ներն են։ Այս տեսակետը իր զարգացման ավարտին է հասցրել Կանտը, որը Ա–ները դիտել է որպես բանականությանն ամեն մի փորձից առաջ և նրանից անկախ տրված ապրիորի դրույթներ։ Այս տեսակետի անկարողությունը առաջին անգամ ակնհայտ դարձավ ոչ–էվկլիդեսյան երկրաչափության ստեղծման շնորհիվ։ էվկլիդեսյանից տարբեր այլ Ա–ների համակարգի ընդունման տրամաբանական հնարավորությունը մերժում է Ա–ների ապրիորի բնույթը և հնարավորություն ստեղծում Ա–ները դիտել որպես մարդկային բազմադարյան պրակտիկայի, ինչպես նաև գիտության զարգացման պատմության ընդհանրացման արդյունք։ Ա–ների մասին ապրիորիստական տեսակետի հերքումը միաժամանակ հիմք ծառայեց այդ հասկացության նոր, ավանդականից միանգամայն տարբեր ըմբռնումների համար։ Ձևական տեսությունների կառուցման համար, որոնք կարող են բովանդակային մեկնաբանություն ստանալ բազմաթիվ, միանգամայն տարբեր բնագավառներում, անհնար է իբրև Ա–ներ ընտրել այնպիսի դրույթներ, որոնք ճշմարիտ լինեն այդ տեսության բոլոր մեկնաբանություններում։ Ներկայումս ձևական հաշիվների կառուցման համար, երբ ընդհանրապես վերանում է նրանցում օգտագործվող բանաձեվերի ճշմարտության հարցը՝ օբյեկտիվ աշխարհին նրանց համապատասխանության իմաստով, Ա–ներ են համարվում այդ հաշվի այն բանաձևերը, որոնցից, նախօրոք սահմանված արտածման կանոնների օգնությամբ, ստացվում են հաշվի մյուս բանաձևերը։ ժամանակակից պոզիտիվիզմը պնդում է, որ համընդհանուր և անհրաժեշտ բնույթ ունեցող մարդկային բոլոր գիտելիքները, մասնավորապես մաթ․ գիտելիքները, սոսկ պայմանականություններ են և ընդհանուր ոչինչ չունեն օբյեկտիվ աշխարհի հետ։ Այնինչ, իրականում, ձևական համակարգերում Ա–ների պայմանականությունը ամենևին չի նշանակում գիտության հիմքերի պայմանականություն։ Գիտական տեսությունների Ա–ները մարդկային հասարակական պրակտիկայի ամփոփման արդյունք են։ Ընդհանուր առմամբ ճիշտ արտահայտելով օբյեկտիվ աշխարհի օրինաչափությունները՝ Ա–ները միաժամանակ ենթակա են փոփոխման և ճշգրտման։ Տես նաև Աքսիոմատիկ մեթոդ։

Ս․ Ավետիսյան


ԱՔՍԻՈՄԱՏԻԿ ՄԵԹՈԴ, տեսության կառուցման մեթոդ, երբ տեսության հիմքում առանց ապացուցման դրվում են ելակետային որոշ նոր դրույթներ՝ աքսիոմաներ կամ պոստուլատներ և դրանցից դեդուկտիվ եղանակով բխեցվում են տեսության մյուս դրույթները, ընդ որում օգտագործվող բոլոր հասկացությունները սահմանվում են մի խումբ պատրաստի ձևով ներմուծված հասկացությունների միջոցով։ Ա․ մ․ առաջին անգամ կիրառվել է երկրաչափության մեջ, Էվկլիդեսի «Հիմունքներ»-ում։ Դրանով ընդհանրացվել, համակարգվել ու հետևողականորեն շարադրվել են երկրաչափական գիտելիքները, հնարավորություն է ստեղծվել կարգավորելու օգտագործվող կշռադատությունները, ապահովելու նրանց տրամաբանական հետևողականությունը, կանխելու սխալների հնարավորությունը։ Ա․ մ․ ար– դյունավետ կիրառություն կարող է ունե– նալ միայն այն բնագավառում, ուր հասկա– ցությունները կայուն են, զուրկ ճկունու– թյունից և երկիմաստությունից, ուստի և ենթակա՝ ձևական տրամաբանության օրենքներին։ Այդ իսկ պատճառով, թեև բազմաթիվ փորձեր են արվել Ա․ մ․ կիրառելու ֆիզիկայի, կենսաբանության, քաղաքատնտեսության, փիլիսոփայության և այլ բնագավառներում, սակայն, նրա կիրառման հիմնական ոլորտը մնում են մաթեմատիկան և մաթ․ տրամաբանությունը։ Ա․ մ․ անցել է զարգացման երեք փուլ։ Առաջինը բովանդակային Ա․ մ․ է, ուր մաթ․ օբյեկտներին վերագրվում է աքսիոմաներից անկախ, ինքնուրույն էություն, իսկ աքսիոմաները համարվում են պնդումներ այդ օբյեկտների մասին։ Սա հատուկ է էվկլիդեսյան երկրաչափությանը, ուր ճշգրիտ չեն սահմանվում տրամաբանական հետևեցման սկզբունքները, չեն նշվում բոլոր ելակետային հասկացությունները, ուստի և ապացուցումը հաճախ հենվում է ինտուիտիվ ըմբռնումների ու ակնհայտության վրա։ Երկրորդ փուլը ձևական Ա․ մ–ի ծագումն է։ Այն կապված է ոչ–էվկլիդեսյան երկրաչափության ստեղծման հետ, երբ սկսեցին Ա․ մ–ով ներկայացնել մաթեմատիկայի մի շարք բաժիններ, նրանցում կիրառվող ելակետային հասկացությունները, հանգեցնել թվաբանական հասկացությունների, որոնք, իրենց հերթին, մեկնաբանվեցին բազմությունների տեսության միջոցով։ Այստեղ մաթ․ օբյեկտներին ինքնին վերցրած չի վերագրվում որևէ բովանդակություն։ Դրանց