Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/177

Այս էջը հաստատված է

առանձին ելուստներ։ Ա-ի մեծ մասի կայունացումն ավարտվել է միջին պրոտերոզոյում (1,9–1,7 մլրդ տարի առաջ), իսկ պրոտերոզոյի վերջում զարգացել են միայն ծայրամասային ու որոշ ներքին գեոսինկլինալային մարզերը։ Պալեոզոյի սկզբում ամբողջ Ա․ արդեն կայունացած էր։ Վաղ մինչքեմբրյան հիմքի ապարները ներկայացված են բյուրեղային թերթաքարերով, գնեյսներով, մետամորֆացած հրաբխածին գոյացումներով, գրանիտներով։ Յուրայի սկիզբը բնութագրվում է ուժեղ հրաբխականությամբ և հիմքային մագմայի ներդրումներով։ Յուրայի ընթացքում և կավճի սկզբում Ա–ի մեծ մասը բարձրացել է, ներքին իջվածքներում կուտակվել են ցամաքային նստվածքներ, ինչպես նաև առաջացել են քիմբերլիտներ։ Էոցենի վերջում և օլիգոցենի սկզբում Ա–ի մեծ մասն ինտենսիվորեն բարձրացել է, որից առաջացել է Արևելա–Աֆրիկական բեկվածքների գոտին։

Այդ ժամանակին են վերագրվում նաև հրաբխային ժայթքումները, որոնք Ա–ի որոշ վայրերում մասամբ դեռ շարունակվում են (Քենիա, Կիլիմանջարո ևն)։ Բարձրացումներ և հրաբխային ժայթքումներ եղել են Ահագգարում, Տիբեստիում, Կամերունում, Ատլանտյան օվկիանոսի ափամերձ որոշ շրջաններում։ Ա․ հարուստ է երկաթի, մանգանի, քրոմիտի, բոքսիտի, պղնձի, կոբալտի, ֆոսֆորիտի, կապարի, ծարիրի, լիթիումի, ուրանի, ասբեստի, ոսկու, պլատինի և ալմաստի հանքերով։ Տալիս է կապիտալիստական և զարգացող երկրների ոսկու հանույթի 80%, պլատինի 60%, ալմաստի 98%։ Հս․ շրջաններում հայտնաբերվել են նավթի (պաշարները մոտ 5,6 մլրդա) և բնական գազի խոշոր հանքավայրեր։

Քարտեզը տես 176-րդ էջից հետո՝ ներդիրում։

Կլիման։ Ա․ ամենաշոգ մայր ցամաքն է, արեգակնային միագումար ճառագայթումը տարեկան 180-200 կկալ/սմ² է։ Գվինեական ծոցի հս. ափամերձ շրջանում և Կոնգոյի իջվածքում տարեկան միջին ջերմաստիճանը 22–26°C է։ Ամառային միջին ջերմաստիճանները բարձր են Սուդանի հս-ում, Սահարայում՝ 30–32°C (արմ–ում՝ մինչև 38°C), Էլ–Ազիզիայում (Լիբիա) նկատվել է մինչև 58°C (ամենաբարձր ջերմաստիճանը Երկրի վրա)։ Մերձարևադարձային լայնություններում ամռան ջերմաստիճանը 16–22°C է, ձմռանը՝ 10°C։ Մոզամբիկի և Ասեղի հրվանդանի տաք հոսանքները, ողողելով արլ․ ափերը, հասարակածից հվ․ բարձրացնում և հավասարեցնում են մերձափնյա մասի ջերմաստիճանները, Կանարյան և Բենգալյան սառը հոսանքները իջեցնում և արևադարձերում ուժեղացնում են արմ․ ափերի չորությունը։ Հս․ կիսագնդում, մայր ցամաքի մեծ չափերի և Ասիայի մոտիկության հետևանքով, կլիման առավել ցամաքային է։ Ա–ի վրա մթնոլորտի շըրջանառության հիմնական պրոցեսը պաստաների միջոցով արևադարձային օդի տեղափոխումն է արևադարձերի բարձր ճնշման վայրից դեպի հասարակածային ցածր ճնշման վայրը, ուր գերիշխում են արմ․ քամիները։ Հասարակածային ցածր ճնշման գոտին, կապված ցամաքի մեծ չափերի հետ, Ա–ի վրայով տեղաշարժվում է հասարակածից մերթ հս․, մերթ հվ․։ Այդ պատճառով պասատային շրջանառությունը բարդացվում է մուսոնայինով, որը հատկապես լավ է արտահայտված Գվինեական ծոցի հս․ ծովափնյա մասում և արլ․ ծայրամասում։ Գվինեական ծոցի ափամերձ շրջանը և Կոնգոյի իջվածքն ունեն հասարակածային տիպի խոնավ և շոգ կլիմա, տարեկան 1500 մմ–ց ոչ պակաս տեղումներով։ Այստեղ է գտնվում Ա–ի ամենախոնավ վայրը՝ Դեբունջան (Կամերուն լեռան ստորոտ), տարեկան 9655 մմ տեղումներով։ Դեպի հս․ և հվ․ հասարակածային կլիման աստիճանաբար փոխվում է մերձհասարակածայինի, ամառային խոնավ և ձմեռային չոր (2-10 ամիս) սեզոններով, ուր տեղումները նվազում են 1800 մմ-ից մինչև 300 մմ։ Հս․ լայնության 20°-ից հս․ և հվ․ լայնության 18°-ից հվ․ կլիման արևադարձային է, Հս․ կիսագնդում՝ անապատային, շատ չոր։ Սահարայում տարեկան տեղումների քանակը պակաս է 100 մմ–ից։ Ա–ի ամենաչոր շրջանը Արևելյան Սահարան է (տարեկան 10-20 մմ տեղումներով)։ Արմ․ ծովափի երկարությամբ կլիման օվկիանոսաանապատային է՝ օդի հարաբերական մեծ խոնավությամբ։ Հվ․ կիսագնդի արևադարձային գոտում առանձնացվում է 3 հատված․ արմ-ում՝ օվկիանոսաանապատային, կենտրոնում՝ ցամաքային բարեխառն չոր և չոր, արլ-ում՝ ծովային պասատային, ամառային առավելագույն տեղումներով։

Ներքին ջրերը։ Ա–ի գետային ցանցը ձևավորվել է նեոգենի վերջում և անթրոպոգենում։ Գետային ցանցի խտությունը և հոսքի տեղաբաշխումը անհավասարաչափ են, այն առավել խիտ է հասարակածային շրջանում: Ա–ի համար բնորոշ է ներքին ջրերի տարեկան մեծ հոսքը (5390 կմ3)։ Ամենամեծ հոսքը Ատլանտյան օվկիանոսի ավազանինն է (այստեղ են թափվում Կոնգո, Նիգեր, Սենեգալ, Գամբիա, Օրանժ, Վոլտա գետերը), որն զբաղեցնում է Ա-ի տարածքի 36,05%։ Հնդկական օվկիանոսի ավազանն զբաղեցնում է 18,48% (այստեղ թափվող գետերից ամենախոշորը Զամբեզին է), Միջերկրական ծովի ավազանը՝ 14,88% (այստեղ է աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը, 6671 կմ)։ Անհոսք ավազանները և ներքին հոսքի շրջանները գրավում են տարածքի 30,5%-ը։ Գետերի սնումը հիմնականում անձրևային է, կիսաանապատներում և անապատներում՝ գրունտային ջրերից։ Նրանց մեծ մասն ունի հոսքի սեզոնային մեծ տատանումներ։ Սահանքների և ջրվեժների առատությունը դժվարացնում կամ պարզապես անհնար է դարձնում նավարկությունը։ Գետերի վրա, շատ տեղերում, հատկապես անապատային և կիսաանապատային մասերում, կան կարգավորիչ ամբարտակներ։ Գետերի հիդրոէներգետիկ պոտենցիալ պաշարները 700 մլն կվտ են (համաշխարհայինի 20%–ը)։ Լճերն ունեն գերազանցապես տեկտոնական ծագում և մեծ խորություն։ Դրանցից են՝ Մոբուտու Սեսե Սեկո (Ալբերտ), Իդի Ամին Դադա (էդուարդ), Կիվու, Տանգանիկա (խորությամբ 1435 մ, Բայկալից հետո երկրորդը աշխարհում) լճերը։ Բացառություն է կազմում Ա-ի ամենախոշոր լիճը՝ Վիկտորիան։ Սահարայում է գտնվում Չադ անհոսք լիճը, Եթովպական բարձրավանդակում՝ լավային հասքով արգելակված Թանա լիճը։ Սահարայի, Կալահարիի, Ատլասի միջլեռնային գոգավորությունների ժամանակավոր անհոսք աղի լճերը կոչվում են շոթեր կամ սեբխեր։

Հողերը։ Արևադարձային Ա–ի համար բնորոշ է հողառաջացման լատերիտային պրոցեսը (տես Լատերիտային հողեր)։ Խոնավ հասարակածային շրջաններում մեծ տարածում ունեն կարմրադեղին լատերիտները, Կոնգոյի իջվածքի արմ․ մասում՝ լատերիտային գլեյան արևադարձային ճահճահողերը։ Կարմրադեղին հողերի զոնայից հս․ և հվ․ ընկած են կարմըահողերի զոնաները, որոնք չոր սավաննաներում և կիսաանապատներում փոխվում են կարմրագորշ և կարմրանման գորշ հողերի։ Արևելյան Ա-ի հվ-ում և Հարավային Ա-ում նոսր անտառների հողերը կարմրադարչնագույն են։ Անապատներում և կիսաանապատներում հիմնականում տարածված են մոխրագույն հողերը, օազիսներում՝ մարգագետնաաղուտային և աղուտային հողերը, մերձարևադարձերում (Ա–ի ծայրամասեր)՝ կարբոնատներով և գիպսով հարուստ դարչնագույն հողերը։ Ա–ում առայժմ օգտագործվում է պիտանի հողերի 1/5-ը։

Բուսականությունը։ Ա–ի ոչ լրիվ ուսումնասիրված ֆլորայում հաշվվում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40000 տեսակ), որից 900-ը՝ էնդեմիկ։ Ա-ի մեծ մասը մտնում է Պալեոարևադարձային բուսական մարզի մեջ, որն ընդգրկում է Սահարայից հվ․ համարյա ամբողջ Ա․, բացառությամբ հվ–արմ․ ծայրամասի։