Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/186

Այս էջը հաստատված է

«Մանուել դը Ֆալիա», «Ձեռագործով կինը») և բնանկարների («Արևոտ փողոց», «Հյուսիսային ծովափ»)։ Բ-ի դիմանկարներից երկուսը՝ «Արշակ Չոպանյան» և «Սոֆի Բաբայան» (1920), գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։

Բաբայան Արշալույս Հարությունի (ծն․ 27․ 12․ 1905, գ․ Խդրանց, Ղափանի շրջան), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1965), գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է (1929) Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Եղել է «Գրական թերթ»-ի խմբագիր (1944–48), Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ (1939–51), նույն ինստ–ի պրոռեկտոր (1960–64)։ Գրել է գրականագիտական ուսումնասիրություններ («Հայրենական պատերազմի շրջանի սովետահայ գրականության մի քանի բնորոշ գծերը», 1952, «Պերճ Պռոշյան», 1962 ևն)։

Բաբայան Արշավիր Աբգարի [ծն․ 5(18)․ 2․ 1903, Երևան], հայ սովետական ֆիտոպաթոլոգ։ Գյուղատնտ, գիտ․ դ–ր (1961), պրոֆեսոր (1962), գիտության վաստակավոր գործիչ (1963)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1925) և Լենինգրադի կիրառական կենդանաբանության ու ֆիտոպաթոլոգիայի ինստ–ը (1927)։ 1964-ից Բույսերի պաշտպանության ԳՀԻ ֆիտոպաթոլոգիայի բաժնի վարիչն է։ Բ–ի հետազոտությունները վերաբերում են բամբակենու, կարտոֆիլի, խորդենու, ծխախոտի և գյուղատնտեսական այլ կուլտուրաների հիվանդությունների հարուցիչների կենսակերպի ուսումնասիրմանը և պայքարի միջոցառումների մշակմանը։ Բ․ կազմակերպել է (1940-ին) Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի մանրէաբանության լաբորատորիան, ղեկավարնլ ձեռագրերի ու գրքերի «բուժման» աշխատանքները։ Դասավանդել է հայկական գյուղատնտեսական ինստ–ում և Երևանի պետական համալսարանում։

Բաբայան Արտաշես (Արտուշ) Մնացականի (ծն․ 25․10․1923, գ․ Սարուխան), հայ սովետական դրամատուրգ, թատերական գործիչ, ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ ՍՍՀՄ գրողների միության անդամ (1964)։ 1951-ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը։ Պիեսներից են՝ «Հանգուցյալի հարությունը» (1956), «Հարազատներ» (հրտ․ 1958), «Մոր սիրտը» (1960), «Նրանք, որ հանդիպեցին նորից» (1967), «Տոսկանա, Տոսկանա» (1968)։ Հրատարակվել են Բ–ի «Նրա որդին» (1963), «Որտե՜ղ ես, Ջոնի» (մանկական, 1966) պիեսների ժողովածուները։

Բաբայան, Տետերևնիկովա, Դարյա Նիկոլաևնա (ծն․ 24․9․1904, Պետերբուրգ), սովետական կենսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1945), պրոֆեսոր (1946), ՀՍՍՀ ԳԱ թղթանդամ (1960), գիտության վաստակավոր գործիչ (1961), ՍՄԿԿ անդամ 1948-ից։ 1925-ին ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստ–ը։ 1929-ին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայկական ՍՍՀ բույսերի պաշտպանության կայանում, 1930–50-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստ–ի բույսերի պաշտպանության ամբիոնում։ 1945-ից աշխատել է նաև Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի բուսաբանության ամբիոնում, որի վարիչն է եղել 1949-ից մինչև 1971-ը։ Ունի Հայաստանի կուլտուրական ու վայրի բույսերի հիվանդությունների և սնկերի ուսումնասիրությանը նվիրված մենագրություններ։

Բաբայան Լևոն Հովհաննեսի (ծն․ 1․ 8․ 1917, Թիֆլիս), հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1962)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1940-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1942–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948–60-ին աշխատել է կուսակցական և պստական ղեկավար մարմիններում։ 1965–69-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1969-ից՝ պատմագրության բաժնի վարիչ։ Բ–ի աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմությանը և պատմագրությանը։

Երկ․ Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII– XIV դարերում, Ե․, 1964։ Լենինը պատմաբան, Ե․, 1968։ Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեջ, Ե․, 1970։

Բաբայան Լևոն Միքայելի (ծն․ 11․ 11․ 1912, Երևան), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտարապետ (1970)։ 1935-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1958-ից Հայպետնախագիծ ինստ–ի (Երևան) արվեստանոցի վարիչ է։ Տիպային բնակելի ու հասարակական շենքերի և «ճկուն հատակագծով» բնակարանների նախագծերի հեղինակ է։ Հետազոտել է հարավի պայմաններում բնակելի տների տիպաբանության հարցը, գրել սովետահայ ճարտարապետության պատմության և տեսության վերաբերյալ գիտական ակնարկներ և հոդվածներ։ Բ–ի նախագծերով կառուցվել են Երևանում՝ ՀՍՍՀ ԳԱ և Հայարդնախագիծ ինստ–ի բնակելի տները, Լեռնամետալուրգիական տեխնիկումի հանրակացարանը (Ռ․ Իսրայելյանի հետ), գիշերօթիկ դպրոցներ Երևանում, Դիլիջանում, դպրոց (Հ․ Իսաբեկյանի հետ) Ալավերդում։ Վ․ Հարությունյան․

Բաբայան Հմայակ Գրիգորի (15․ 8․ 1901, գ․ ժըրչի, Կարսի մարզ – 22․4․1945, գ․ Լինդեն–Բերգ), գեներալ–մայոր (1944), Սովետական Միության հերոս (31․ 5․ 1945)։ ՍՄԿԿ անդամ 1924-ից։ Ավարտել է (1924) Երևանի Ա․ Մյասնիկյանի անվ․ և Կիևի (1926) հրամանատարական դպրոց ները։ Ծառայել է 76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938-ից՝ Մինսկի ռազմ, օկրուգում։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին նրա գունդը ծանր մարտեր է մղել Բելոստոկ, Վոլկովիսկ, Բարանովիչի և Ելեց քաղաքների շրջանում։ 1942-ի ապրիլ–մայիսին Կերչում ղեկավարել է 390-րդ Հայկական դիվիզիայի մարտական գործողությունները։ 1945-ին Առաջին բելոռուսական ռազմաճակատում, որպես 35-րդ մեքենայացված կարմրադրոշ բրիգադի հրամանատար, մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավման մարտերին։ Զոհվել է Բեռլինից հս–արլ․ ընկած Լինդեն–Բերգ գյուղի մոտ։ Այդ մարտերում ցուցաբերած խիզախության համար Բ–ին ետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշաններով ու մեդալներով։ Ք․ Գրիգորյան

Բաբայան Հրանտ Գևորգի [ծն․ 7․ 6․ 1921, գ․ Թազագյուղ (այժմ՝ ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Նորգյուղ)], Սովետական Միության հերոս (15․ 5․ 1946), մայոր։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 89-րդ Հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի, Ղրիմի, Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի գրավմանը։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղված մարտերում ցուցաբերած արիության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի, Ալեքսանդր Նևսկու, լեհական շքանշաններով ու մեդալներով։

Բաբայան Հրանտ Գրիգորի (ծն․ 1․ 9․ 1927, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1952)։ 1969-ից Երևանի պետական համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է եռկոմպոնենտ (Mg–Cu–Ni) համաձուլվածքների ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրմամբ։ Բ–ի տեսական և լաբորատոր հետազոտությունները հնարավորություն են տվել արդյունաբերական մասշտաբով կազմակերպելու նատրիումի մետասիլիկատի ստացումը։ Զբաղվում է բազմամետաղական հանքային կուտակումներից հազվագյուտ և ցրված տարրերի կորզման տեխնոլոգիայի հիմունքների մշակմամբ։