Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/189

Այս էջը հաստատված է

ամսագրում։ Բ․ սովետական գրականության մեջ ռազմահայրենասիրական թեման արծարծած առաջին հեղինակներից է։ 1924-ին հրատարակել է մի շարք պատմվածքներ, որոնք հետագայում կազմել են «Հեծյալ բանակը» (1926) և «Օդեսյան պատմվածքներ» (1931) ժողովածու– ները։ Գրել է նաև «Մայրամուտ» (1928) և «Մարիա> (1935) պիեսները, կինոսցենարներ։ Բ․ կարճ պատմվածքի վարպետ է։ Նրա երկերը լայն ճանաչում են գտել և թարգմանվել օտար լեզուներով։

Բաբելա-ասուրական մշակույթ, Միջագետքի հնագույն երկրների (Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան) մշակույթը։ Սկզբնավորել են շումերները։ Ընդօրինակել և զարգացրել են․ սեմական ժառանգորդները՝ աքքադացիք, բաբելոնացիք, ասորեստանցիք։ Միջագետքի քաղաքակրթության պատմության մեջ շումերների մեծագույն ներդրումը եղել է գրի (սկզբում պատկերագիր, ապա սեպագիր) ստեղծումը, որի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ մարդը գրի է առել իր գործերը, մտքերն ու դատողությունները։ Մ․ թ․ ա․ XXV–XXIV դդ․ շումերական սեպագիրը իրենց լեզվին են հարմարեցրել աքքադացիք։ Շումերաաքքադական սեպագիրը հետագայում տարածվել է Հին Արևելքի երկրներում։ Սեպագիր աքքադերենը մ․ թ․ ա․ II հազարամյակում եղել է միջազգային գրագրությունների համաճանաչ լեզու, որով և պահպանվել են վավերագրեր, բնագրեր, զրույցներ։ Աքքադերենը թեև աստիճանաբար արտամղել է հին շումերերենը, սակայն վերջինս՝ իբրև պաշտամունքային գրական լեզու, պահպանվել է մինչև մ․ թ․ ա․ II–I դդ․։ Գրական շումերերենը Միջագետքի երկրների կյանքում ունեցել է նույն նշանակությունը, ինչ լատիներենը՝ միջնադարյան Եվրոպայում։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին կազմվել են շումերաաքքադական ընդհանուր և տերմինագիտական բառարաններ, քերականության ձեռնարկներ։ Աշխարհիկ և տաճարային շատ դպրոցներ եղել են շումերական մշակույթի կենտրոններ։ Գրագրությունը կամ դպրությունը համարվել է «կիրթ, պատվարժան մարդկանց շնորհ»։ Ցուրացնելով շումերական գրականությունը (առասպելներ, զրույցներ, պոեմներ, դյուցազնապատումներ, ձոներ, հեքիաթներ, խրատներ, առածներ, ասացվածքներ, երդումներ, անեծքներ), սեմական գրագիրները վերամշակել և զարգացրել են այն։ Շումերական գրական ստեղծագործությունները հիմնականում պահպանվել են մ․ թ․ ա․ II հազարամյակի ընդօրինակություններում։ Առավել հայտնին է «Շահնամե» պոեմը։ Գիլգամեշի, էնկիդուի, Խումբաբայի զրույցները տարածված են եղել Մերձավոր Արևելքի ժողովուրդների մեջ։ Այդ դյուցազներգության մշակումները պահպանվել են շումերերեն, աքքադերեն, խեթերեն և խուրրիերեն։ Պոեմում գեղարվեստորեն զարգացվել է այն միտքը, որ մահվան հանդեպ սահմանափակ են նույնիսկ դյուցազունների հնարավորությունները, մահից խուսափելու ջանքերն անիմաստ են, ապարդյուն։ Մ․ թ․ ա․ XXIV–XXI դդ․ է վերագրվում Աարգոն I և Նարամսին թագավորների մեծագործությունների մասին շումերա–աքքադական հերոսական էպոսը։ Գրականության բնագավառում Ասորեստանն առանձնանում է միայն թագավորների ռազմական տարեգրություններով։ Աշշուրբանիպալ թագավորի օրոք (մ․ թ․ ա․ 680–669) Նինվեի պալատական գրադարանում հավաքվել և պահվել են շումերաաքքադական գրականության բազմաթիվ նմուշներ։ Ասորեստանի պետական գրասենյակներում մ․ թ․ ա․ 1 հազարամյակում օգտագործվել է նաև արամեերենը՝ իբրև տարածված միջազգային լեզու։ Ասարհադոն թագավորի ժամանակներում է սկզբնավորվել իմաստուն Ախիքարի (տես Խիկար) մասին հայտնի զրույցը։

Մ․ թ․ ա․ III հազարամյակի վերջին, ստրկատիրական պետության ամրապընդմամբ, ցեղային կրոնական պաշտամունքները միավորվել են ընդհանուր դիցարանում։ Ինչպես շումերները, այնպես էլ սեմական ցեղերն ու ժողովուրդները կարևոր տեղ են հատկացրել բնության գլխավոր ուժերի՝ երկնքի, երկրի և ջրի պաշտամունքին, որոնք համապատասխանաբար մարմնավորել են Ան (Անու), էնլիլ և էնկի (էա) աստվածները։ Երկրագործության, պտղաբերության, սիրո խնամակալուհին է համարվել Ինաննա մայր աստվածուհին։ Սեմական ժողովուրդները էնլիլ աստծուն անվանել են Մարդուկ կամ Բել (տեր), Ինաննային՝ Իշտար (աստվածուհի)։ Բոլոր արարածների հովանին է եղել բնության մահն ու զարթոնքը մարմնավորող Դումուզի կամ Դումուզիաբզու (սեմական Թամմուգ) աստվածը։ Կարևոր դեր են ունեցել յոթ լուսատուների աստվածությունները (Արև–Շամաշ, Լուսին-Սին, Մարս–Ներգալ, Մերկուրի–Նաբուն, Սատուրն-Նինուրտա, Յուպիտեր–Մարս դուկ, Վեներա–Իշտար), որոնց հետ են կապվել 7-օրյա շաբաթը, 7-հարկանի զիկուրատները ևն։ Մարդուկը ճանաչվել է իբրև տիեզերակերտության աստված, Նաբուն՝ իմաստության, գրի, գիտության, Նինուրտան՝ նպաստավոր պատերազմի, Ներգալը՝ մահվան, համաճարակ հիվանդությունների, պատերազմի, Ադադը (շումերական Իշկուր)՝ որոտի և անձրևի աստված։ Մարդուկի գլխավոր մեհյանը եղել է Բաբելոն քաղաքում։ Մարդուկը մ․ թ․ ա․ XVIII դ․ հռչակվել է որպես «գերագույն աստված»։ Ասորեստանի տիրակալության ժամանակ «գերագույն աստված» էր Աշշուրը։ Աստվածների դիցակարգը նմանվել է արքունի նվիրապետական կարգին։ Կրոնական հավատալիքներում կարևոր նշանակություն են տրվել գուշակություններին, մոգական ծեսերին ու սովորույթներին։ Ըստ շումերա–աքքադական տիեզերախոսական առասպելի, նախապես աշխարհը եղել է քաոս, ջրային հորձանուտ, որը մարմնավորվել է հրեշի՝ Տիամատ (Տիամտու) աստվածուհու կերպարանքով։ Ընդերքից ծնված նոր աստվածները որոշել են կործանել հրեշին և կարգավորել քաոսը։ Մարդուկ աստվածը մենամարտում սպանել է հրեշին՝ նրա մարմնից կերտելով աստղազարդ երկինքը և բույսերով ու կենդանիներով ծածկված երկիրը, իսկ կավից ու մատնիչ աստծո արյունից՝ մարդուն։ Բեմարդուկ աստծո և աշխարհի արարչագործության հիշատակը տոնվել է նոր տարվա սկզբին Բաբելոն քաղաքում։ Համաշխարհային ջրհեղեղի մասին զրույցը, որն ունի պատմական հիմք, շատ կողմերով նմանվում է Աստվածաշնչի ջրհեղեղի առասպելին։

Տնտեսության գործնական պահանջների հիման վրա մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում ձևավորվել և զարգացել են մի շարք գիտություններ, հատկապես մաթեմատիկան և աստղ աստղագիտություն ը։ Մաթեմատիկայում կիրառվել է դիրքային համակարգի սկզբունքը, այսինքն՝ միևնույն թվանշանը, ըստ թվաշարքում գրաված դիրքի, ունենում է թվային տարբեր նշանակություն։ Մասնավորաբար լայն կիրառություն է ունեցել շումերական հաշվանքի վաթսունական դիրքային համակարգը, որի հիման վրա կազմվել են զանազան հաշվողական աղյուսակներ, թվերի բաժանման, բազմապատկման, քառակուսիների, խորանարդների և դրանց արմատների (տես Սեպագիր մաթեմատիկական բնագրեր)։ Բաբելոնացիք լուծել են քառակուսի հավասարումներ, հույն մաթեմատիկոս Պյութագորասից ավելի քան հազար տարի առաջ իմացել Պյութագորասի թեորեման, վճռել հարթաչափական և տարածաչափական խնդիրներ։ Շումերաբաբելոնյան չափ ու կշիռների համակարգը կիրառվել է Առաջավոր Ասիայի հնագույն շատ երկրների չափագիտության մեջ։ Աստղագիտության համեմատաբար բարձր զարգացումը կապվեւ է լուսնային օրացույցի գործադրման հետ։ Տարին բաղկացած է եղել 12 լուսնային և մեկ հավելյալ ամսից։ Բաբելոնացի աստղագուշակները կանխատեսել են Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի և Երկրի առավելագույն մերձեցման պահը ևն։ Բաբելոնյան աստղագիտությունը ուղղակի ազդեցություն է ունեցել հին հունականի վրա։ Միջագետքի աշխարհագետները երկիրը պատկերացրել են ծովերով շրջափակված տափարակ, որը հատվում է հյուսիսային լեռներից իջնող Տիգրիս և Եփրատ գետերով։ Հակադրությունների սկզբունքով՝ զանազանել են Վերին (Աև) և Ստորին (Պարսից ծոց) ծովերի երկրները։ Պատմագիտությունը եղել է խիստ պարզունակ, կազմվել է կարևոր իրադարձությունների ցուցակ, նկարագրվել թագավորների արշավանքները կամ շինարարական գործունեությունը։ Պատմական փոփոխությունների պատճառները հանգեցվել են աստվածների կամքին։ Շումերա–բաբելոնյան գրագիրները կազմել են բույսերի, կենդանիների, հանքաքարերի ցուցակներ, անգամ փորձել են դրանք դասակարգել։ Բժշկությունը զգալիորեն առաջադիմել է հին Միջագետքի երկրներում։ Բաբելոնյան բժիշկները կատարել են վիրահատություններ, անդամահատու