Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/20

Այս էջը սրբագրված է

կը զգալիորեն մեծանում և ձգվում է հասարակածի ուղղությամբ: Արևապսակի և գունոլորտի միջև տեղի ունի ակտիվ նյութափոխանակություն: Արեգակն ունի զգալի ռադիոճառագայթում, որը դիտվում է միլիմետրանոց ալիքներից մինչև 10–20 մ ալիքային երկարությունները: Ռադիոճառագայթումը ենթակա է վիթխարի փոփոխությունների: Նրա հզորությունը երբեմն աճում է 100 մլն․ անգամ: Բռնկումները տևում են մի քանի վայրկյանից մինչև մի քանի տասնյակ րոպե: Դրանք որոշակի կապ ունեն արևաբծերի և հատկապես գունոլորտային բռնկումների հետ և նրանց հետ միասին ունեն ակտիվության փոփոխության 11 տարվա պարբերություն: Ռադիոբռնկումները, ինչպես և գունոլորտային բռնկումները որոշակի ազդեցություն ունեն Երկրի մագնիսական դաշտի և մթնոլորտային պայմանների վրա:

Գրկ․ Курс астрофизики и звёздной астрономии, т․ 3, М․, 1964; Вальдмайер М․, Результаты и проблемы исследования солнца, пер․ с немец․, М․, 1950; Эллисон М․, Солнце и его влияние на Землю, пер․ с англ․, М․, 1959․ Հ․ Թովմասյան

«ԱՐԵԳԱԿ», գրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1888-ին, Ջերսի Սիթիում: Խմբագիր–հրատարակիչ՝ Հ․ Էկինյան: «Արեգակը» կարճատև կյանք է ունեցել (մայիս–սեպտեմբեր, 13 համար): Տպագրել է Արևմտյան Հայաստանին և առհասարակ հայ կյանքին վերաբերող նյութեր, քաղաքական լուրեր, թղթակցություններ ամերիկահայ գաղութի մասին, հանդես է եկել հայերի՝ բնաշխարհից Ամերիկա գաղթելու դեմ: «Արեգակ» ամերիկահայ առաջին լրագիրն է: Մ․ Բաբլոյան


«ԱՐԵԳԱԿ», գրական, հասարակական ամսաթերթ: Լույս է տեսել 1964–67-ին, Լոնդոնում (տպագրվել է Փարիզում): Հիմնադիր խմբագրապետ՝ Հ․ Գալուստյան, խմբագիր՝ Ա․ Կյուզելյան: «Արեգակ» պատկերել է սփյուռքահայ (հատկապես Անգլիայում բնակվող հայերի) ազգային ու մշակութային կյանքը, արձագանքել հայրենի մշակույթի և գիտության նվաճումներին, դարձել սփյուռքահայությունը Սովետական Հայաստանին կապող օղակներից մեկը: Տպագրել է արտասահմանի տարբեր երկրներում ապրող հայ գրողների և հասարակական գործիչների ստեղծագործություններն ու հոդվածները, լայն տեղ հատկացրել հայրենի գրողներին, արվեստագետներին ու գիտնականներին, արտացոլել Սովետական Հայաստանի մշակույթի, գիտության ու արդյունաբերության վերելքը:

(նկ․) «Արեգակ» թերթի գլխագիրը


ԱՐԵԳԱԿԻ ԽԱՎԱՐՈՒՄ, տես Խավարումներ:


ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ, տես Ժամանակ:


ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑ, սարք, որի օգնությամբ որոշվում էր իրական արեգակնային ժամանակը, կազմված է ձողից և թվատախտակից: ժամանակը որոշվում է ձողի ստվերի ուղղությամբ:

(նկ․) Զվարթնոցի արեգակնային ժամացույցը (Զվարթնոց, թանգարան)

Ձողն անշարժ է և ուղղված աշխարհի առանցքին զուգահեռ: Ըստ թվատախտակի դիրքի, Արեգակնային ժամացույցները լինում են՝ հասարակածային, հորիզոնական և ուղղաձիգ: Հասարակածային ժամացույցներում թվատախտակի հարթությունը զուգահեռ է երկնային հասարակածի հարթությանը (այն հորիզոնական հարթության հետ կազմում է 90° անկյուն, որտեղ -ն տեղի աշխարհագրական լայնությունն է): Ժամագծերը նշվում են թվատախտակի թե վերին և թե ստորին երեսներին: Գարնանն ու ամռանը, երբ Արեգակը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, օգտվում են վերին, իսկ աշնանն ու ձմռանը՝ ստորին երեսից: Ժամագծերը տարվում են իրարից հավասար հեռավորությունների (15°) վրա, և կեսօրվա ժամագիծը ուղղվում է դեպի հյուսիս: Հորիզոնական ժամացույցների թվատախտակի հարթությունը հորիզոնական դիրք ունի: Ժամագծերը կեսօրի (ժամը 12-ի) գծի նկատմամբ սիմետրիկ են և տարված ըստ բանաձևի (-ը համապատասխան ժամագծի ու կեսօրի գծի միջև գտնվող անկյունն է, -ն՝ Արեգակի ժամային անկյունը):

(նկ․) Դսեղի Բարձրաքաշ Ս․Գրիգոր եկեղեցու արեգակնային ժամացույցը

Ուղղաձիգ ժամացույցները սովորաբար պատրաստում են շենքերի հարավային պատի վրա: Ժամագծերը տարվում են հորիզոնականին համանման և ըստ բանաձևի: Հին ու միջնադարյան Հայաստանում սովորաբար օգտագործվել են ուղղաձիգ ժամացույցներ: Դրանցից մինչև այժմ էլ պահպանվել են Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին: Մատենադարանի ձեռագրերում կան Արեգակնային ժամացույցների բազմաթիվ նկարագրություններ ու սխեմաներ: Հայ հեղինակներից ոմանք առաջարկել են հորիզոնական և ուղղաձիգ Արեգակնային ժամացույցների կառուցման զուտ երկրաչափական մեթոդ՝ առանց եռանկյունաչափական բանաձևերից օգտվելու: Բացի նշված Արեգակնային ժամացույցներից, Հայաստանում մեծ տարածում են ունեցել նաև ստվերաչափերը: Միջին արեգակնային ժամանակն ստանալու համար անհրաժեշտ է Արեգակնային ժամացույցների ցուցմունքին գումարել ժամանակի հավասարումը:

Գրկ․ Թումանյան Բ․ Ե․, Հայ աստղագիտության պատմություն, [h․ 1], Ե․, 1964: Բ․ Թումանյան


ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, մոլորակային համակարգ, երկնային մարմինների համակարգ, որի կազմի մեջ մտնում են Արեգակը, նրա շուրջը պտտվող 9 մեծ մոլորակներ՝ իրենց 32 արբանյակներով, շուրջ 2000 փոքր մոլորակներ, գիսավորներ և բազմաթիվ ասուպային մարմիններ: Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինը Արեգակն է, որի զանգվածը կազմում է համակարգի ամբողջ զանգվածի 99,86%-ը, և որը ձգողականության մեծ ուժի շնորհիվ իր շուրջն է պահում համակարգի մյուս անդամներին: Արեգակն իր բնույթով տարբերվում է Արեգակնային համակարգի մյուս անդամներից: Այն աստղ է, այսինքն սեփական ճառագայթում ունեցող շիկացած գազերի մի գունդ: Մինչդեռ Արեգակնային համակարգի մյուս անդամները զուրկ են սեփական լույսից: Մոլորակները և դրանց արբանյակները մենք տեսնում ենք Արեգակի լույսը անդրադարձնելու շնորհիվ: Գիսավորները երևում են միայն այն ժամանակ, երբ անցնում են Արեգակի մոտով և շիկանում: Ասուպային մարմինների գոյությունը ի հայտ է գալիս, երբ մտնում են Երկրի մթնոլորտ և առաջացնում ասուպի («վայր ընկնող աստղի») երևույթը: Արեգակնային համակարգի իրական կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից պատկերացումների հիմնադիրը Ն․ Կոպեռնիկոսն է: Իսկ մոլորակների շարժումների օրինաչափությունները XVII դ․ սկզբներին բացահայտեց Յ. Կեպլերը (տես Կեպլերի օրենքներ): Մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը շատ

(նկ․) Արեգակնային համակարգության ներքին մոլորակների ուղեծրերի դասավորությունը