Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/23

Այս էջը սրբագրված է

(1901), մի շարք երկրների (ԽՍՀՄ, Անգլիա, ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ԳԱ պատվավոր անդամ։ Սովորեք է Ուփսալայի (1876-1881) և Ստոկհոլմի (1881-84) համալսարաններում։ 1895-ից Ստոկհոլմի համայսարանի պրոֆեսոր, 1905-ից Նոբելյան ինստիտուտի դիրեկտոր։ 1887-1902-ին Արենիուսը միաժամանակ վարել է Ստոկհոլմի համալսարանի ռեկտորի պաշտոնը։ 1882-ից զբաղվել է էլեկտրոլիտների նոսր լուծույթների էլեկտրահաղորդականության ուսումնասիրությամբ։ «Էլեկտրոլիտների գալվանական հաղորդականության հետազոտություն» (1884) և հետագա աշխատանքներում (մինչև 1887) Արենիուսը մշակել է էլեկտրոլիտային դիսոցման տեսությունը (Նոբելյան մրցանակ, 1903), որը XIX դ․ քիմիայի խոշորագույն ընդհանրացումներից էր։ Ուսումնասիրել է քիմ․ ռեակցիաների արագությունները և արել կարևոր հետևություններ։ Քիմ․ ռեակցիայի արագության և ջերմաստիճանի կապը արտահայտող հավասարումը (1889) հայտնի է Արենիուսի հավասարում անվամբ (տես Քիմիական կինետիկա)։ Արենիուսը զբաղվել է նաև կոսմոգոնիայի և կենսաքիմիայի խնդիրներով։ Ֆիզիկաքիմիական օրենքները կենսաբանական երևույթների վրա կիրառելու միջոցով Արենիուսը փորձում էր վերականգնել գիտության կողմից մերժված պանսպերմային տեսությունը (տես Պանսպերմիա


ԱՐԵՆՍԿԻ Անտոն Ստեպանովիչ [30․6 (12․7)․1861, Նովգորոդ – 12 (25)․2․1906, Տերիոկի (Ֆինլանդիա)], ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ։ 1882-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Ռիմսկի–Կորսակովի դասարանը և դարձել Մոսկվայի կոնսերվատորիայի դասատու (1889-ից՝ պրոֆեսոր)։ 1888-1895-ին ղեկավարել է Ռուսական երգչախմբային ընկերության (Մոսկվա) համերգները, 1895-1901-ին եղել է Պալատական երգչախմբի դիրեկտորը։ Գրել է «Երազ Վոլգայի վրա» (1890), «Ռաֆայել» (1894), «Նալ և Գամայանտի» (1904) օպերաները, «Գիշերը Եգիպտոսում» բալետը (1900) և այլ ստեղծագործություններ։ Ժամանակին մեծ տարածում գտան հարմոնիայի նրա դասագրքերը, որոնցից մասամբ օգտվել է Կոմիտասը երիտասարդ տարիներին։ Արենսկին ստեղծագործական սերտ բարեկամությամբ կապված էր Ալ. Սպենդիարյանի հետ։ Գ․ Գյոդակյան


ԱՐԵՆՑ, Հարենց, գյուղ Արևմտյան Հայաստանի Մոկք նահանգի Մոկք գավառում։ XX դ․ սկզբին ուներ ավելի քան 100 հայ բնակիչ։ Հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Արենցում կար քարաշեն եկեղեցի (Ս․Աստվածածին)։ Արենցի բնակիչների մեծ մասը զոհվեց 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանցից մի քանիսին միայն հաջողվեց անցնել Արևելյան Հայաստան։ Ս․ Մելիք–Բախշյան

(նկ․) Ս․ Արենիուս

(նկ․) Ա․ Ս․ Արենսկիկին


ԱՐԵՇ–ՀԱՎԱՐԻՔԻ ԲԱՐԲԱՌ, Հավարիքի բարբառ, Հավարիկի բարբառ, հայերենի՝ դերբայավոր խմբի միջճյուղային բարբառ։ Խոսվում է Երևանի Նոր Արեշ թաղամասում և Ադրբեջանական ԽՍՀ Եվլախի (որի մեջ ընդգրկված է նախկին Արեշի շրջանը) շրջանի Նամեթաբադ գյուղում։ Հավարիքի է կոչվել Արեշի շրջանի Հավարիք գյուղի անունով։ Ունի եռաստիճան բաղաձայնական համակարգ (բ, պ, փ), քմային գյ, կյ, քյյամ < գամ, կյապիտ < կապոյտ, դօքյ > դուք)։ Ձայնավորներն են՝ ա, օ, ու, ը, է, ի, ա, о, ու, ը։ Մի շարք բառերում ա–ն վերածվում է о-ի (գարի>գյօրի), գրաբարի երկբարբառները պարզվել են (քիր < քոյր, էսա < այս)։ Գոյականների հոգնակին կազմվում է էր–ով կամ էք–ով։ Հոլովները յոթն են․ բացառականը ստանում է ան և յան (պատան, տարիյան), գործիականը՝ о (պատօ < պատով), ներգոյականը՝ ում > ըմ։ Սա, դա, նա ցուցական և ո՛վ հարցական դերանունները հոլովվում են յուրահատուկ ձևով (սա, սարա, սառնա–սարանա, սառնօ–սարանօ, սառնըմը–սարանըմը․ հոգնակիում՝ սըհանք–սըհանց․․․, հօվ, հուր, հուռնա, հուռնօ, հոռնըմը)։ Սահմանական ներկայի եզակի առաջին դեմքը կազմվում է էլիս, ալիս, մյուսները և անցյալի անկատար ձևերը՝ ում > ըմ վերջավորություն ունեցող դերբայով, հմմտ․ գյարդալիս ըմ, գ–՝արդաւըմ ըս (ի, անք, աք, ան), գյարդալըմ էյ (էյր, էր, էյնք, էյք, էյն)։ Ապառնի դերբայի բուն վերջավորություններն են ա կամ ացուկյարդալա յըմ կամ գյարդալացուկ ըմ)։ Վաղակատարը բացակայում է։ Հարակատարն արտահայտում է նաև վաղակատարի իմաստը (գյարդացած ըմ = կարդացած եմ, կարդացել եմ), անցյալ կատարյալը կազմվում է ինչպես գրական լեզվում։ Պայմանական եղանակը կազմվում է անորոշ դերբայի և օժանդակ բայի ձևերով (գյարդալըմ), հարկադրականը՝ պիտէլիմի կամ պիտի եղանակիչով (պիտէլիմի գ՛արդամ), ընթացական (շարունակական) ներկան և անցյալ անկատարը՝ օլօ–ով կամ ալօ–ով վերջավորվող դերբայներով (գյիրօլօ յըմ)։

Գրկ․ Տեր–Պողոսյան Գ․, Հավարիկի բարբառը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի., 1921-22, գիրք 1-2։ Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Ա․ Ղաբիբյան

(նկ․) Գ․ Հ․ Արեշյան

(նկ․) Ս․ Գ․ Արեշյան


ԱՐԵՇՅԱՆ Գրիգոր Հակոբի [1․1․1881, Աղբուլաղ գ․ (Թիֆլիսի նահանգ) – 23․4․1957, Երևան], հայ սովետական բժիշկ, մանկաբարձ–գինեկոլոգ։ Պրոֆեսոր (1928), գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսում (1902)։ 1909-ին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Որպես մանկաբարձ–գինեկոլոգ աշխատել է Կիևում և Թիֆլիսում։ 1919-ին հրավիրվել է Երևան, հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա–գինեկոլոգիական բաժանմունքը, ապա՝ դրան կից մանկաբարձական դպրոցը։ 1923-ին կազմակերպել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (հետագայում՝ բժշկական ինստ․) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը և մինչև 1957-ը ղեկավարել այն։ 1938-57-ին եղել է ՀԽՍՀ մանկաբարձ–գինեկոլոգների գիտական ընկերության նախագահը։ Արեշյանի անունով է կոչվում Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1950)։ Վ. Մարտիրոսյան


ԱՐԵՇՅԱՆ Սալոմե Գրիգորի (5․1․1913, Թիֆլիս – 29․12․1966, Երևան), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1958), գիտության վաստ․ գործիչ (1964)։ ԽՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Լենինգրադի պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստ–ը (1934)։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1941-44), եղել ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, «Կոմունիստ» (Երևան, ռուս․) թերթի խմբագիր (1943-46)։ Զբաղվել է հայ–ռուս․գրական կապերի ուսումնասիրությամբ։ Առանձին գրքերով լույս են տեսել Արեշյանի «Ռուս գրողները Հայաստանի մասին» (1946), «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957, ռուս․), «Լև Տոլստոյ» (1960) մենագրությունները։ Գ. Հովնան


ԱՐԵՈՊԱԳՈՍ (հուն․ Άρειος Πάγος), հին աթենական իշխանության մարմին։ Կոչվել է նիստերի գումարման տեղի՝ Արեսի բլրի (Ակրոպոլսի մոտ) անունով։ Առաջացել է տոհմացեղային կարգերում, որպես ավագանու խորհուրդ։ Ունեցել է հսկելու, դատելու, կրոնական և քաղաքական կյանքը տնօրինելու մեծ իրավունքներ։ Մ․թ․ա․ VIII դ․ կազմվել է առավել ազդեցիկ և ունևոր աթենացիներից, մասնավորաբար՝ նախկին արքոնտներից։ Անդամների թիվը չի ունեցել որոշակի սահմանափակում։ Արեոպագոսն արիստոկրատիայի, իսկ ավելի ուշ՝ օլիգարխիայի հենարանն էր։ Նիստերը սովորաբար գումարվել են յուրաքանչյուր ամսվա վերջին, երեք գիշեր շարունակ։ Արեոպագոսի իրավունքները մ․թ․ա․ VI դ․ սկզբին սահմանափակեց Սոլոնը։ Աթենական ստրկատիրական դեմոկրատիայի զարգացմանը զուգընթաց,