Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/26

Այս էջը սրբագրված է

յին ոլորւոների պտույտի մասին» աշխատության մեջ։ Ըստ Կոպեռնիկոսի, Տիեզերքի կենտրոնում գտնվում է Արեգակը, որի շուրջը համակենտրոն շրջանային ուղեծրերով պտտվում են Մերկուրին, Վեներան, Երկիրը (նրա շուրջն էլ պտտվումէ Լուսինը), Մարսը, Ցուպիտերն ու Սատուրնը, անշարժ աստղերի ոլորտը։ Երկիրը սովորական մոլորակ է, որը մեկօրյա պարբերությամբ պտտվում է իր առանցքի և մեկ տարի պարբերությամբ՝ Արեգակի շուրջը։ Պտտման առանցքը ուղեծրի հարթության հետ կազմում է 66°,5 անկյուն և տարածության մեջ մնում է ինքն իրեն զուգահեռ։ Կոպեռնիկոսը բացատրել է տարվա եղանակների, գիշերվա և ցերեկվա առաջացումը, պրեցեսիայի երևույթը, որոշել մոլորակների փոխադարձ հեռավորությունը։ Արևակենտրոն ուսմունքի դեմ պայքար ծավալվեց XVI դ․վերջին, երբ գիտնականների մի մասը ոչմիայն ընդունեց արեգակնային համակարգը, այլև սկսեց զարգացնել այն։ 1616-ին կաթոլիկ եկեղեցին որոշում է Կոպեռնիկոսի աշխատությունը մտցնել արգելված գրականության ցուցակում ու խստորեն պատժել արևակենտրոն համակարգով զբաղվողներին և այն պրոպագանդողներին։ Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը վերջնականորեն հիմնավորվում ու ճշտվում է Ջ․ Բրունոյի, Գ․ Գալիլեյի, Յ․ Կեպլերի և Ի․ Նյուտոնի ուսումնասիրություններով ու լրացումներով։ Բրունոն հանգեց աշխարհի անվերջության գաղափարին, արեգակնային համակարգի դեռևս անհայտ մոլորակների գոյությանը։ Գալիլեյը հայտնաբերեց Յուպիտերի չորս արբանյակները, Վեներայի փուլերը և ապացուցեց, որ այդ մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։ Սրանք կարևոր փաստեր էին արևակենտրոն համակարգի օգտին։ Բանն այն է, որ ոմանք չէին ընդունում Երկրի շարժումը, պատճառաբանելով, որ այդ դեպքում կխախտվեր Երկիր–Լուսին համակարգը, մինչդեռ պարզվեց, որ Յուպիտերն ունի չորս Լուսին, ինքն էլ պտտվում է, բայց համակարգը չի խախտվում։ Կեպլերը հայտնագործեց մոլորակների շարժման օրենքները, իսկ Նյուտոնը՝ տիեզերական ձգողության օրենքը։ Ներկայումս արևակենտրոն համակարգի փորձով և դիտումներով հաստատված գիտական ճշմարտություն է։ Երկրի առանցքային պտույտի ապացույցներից են Ֆուկոյի ճոճանակի փորձը, ազատ ընկնող մարմնի շեղումը դեպի արևելք և այլն։ Արեգակի շուրջը Երկրի պտույտի ապացույցներից են աբեռացիայի երևույթը (Բրադլեյ, 1728) և լուսատուների պարալաքսային շարժումները (Ստրուվե, 1838)։ Արևակենտրոն ուսմունքի արձագանքը Հայաստան է հասել հարյուր տարի ուշացումով։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․Մատենադարանի № 8120 ձեռագրի (XVII դ․) հեղինակը ընդգծում է, որ մոլորակների տեսանելի շարժումները կարելի է բացատրել նաև դիտավայրի (այսինքն՝ Երկրի) տեղափոխությամբ, իսկ Արեգակի հավասարաչափ ընթացքը՝ ապակենտրոն շրջանի ձև ունեցող ուղեծրով։ Իսահակ Զուղայեցին 1667-ին նշում է, որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։ XVIII դ․20-ական թթ․Եղիա Կարնեցին «Ցաղագս աշխարհագրութեան» աշխատության մեջ ոչ միայն նկարագրում է արևակենտրոն համակարգը, այլև ընդգծում, որ այն հերքելու ոչ մի փաստ չկա։

Գրկ․ Աբկարյան Ս․, Գրքուկ որկոչի սկզբունք բնական գիտութեանց, Հռոմ, 1796։ Թումանյան Բ․, Երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը Հայաստանում, Ե․, 1973։ Берри А․, Краткая история астрономии, пер․с англ․, 2 изд․, М․–Л․, 1946; Коперник Н․, О вращениях небесных сфер, пер․с лат․, М․, 1964; Гребеников Е․ А․, Николай Коперник․к 500-летию со дня рождения, М․, 1973․

ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։ Արևահարության թեթև դեպքերում առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, երբեմն՝ գրգռվածություն։ Ծանր դեպքերում՝ ջղաձգություն, փսխում, գիտակցության կորուստ։ Դեմքի և գլխի մաշկը կարմրում է, պուլսը և շնչառությունը հաճախանում են, ջերմությունը բարձրանում մինչև 39°։ Համապատասխան միջոցառումների բացակայության դեպքում հիվանդը կարող է մահանալ։ Առաջին օգնությունը՝ արևահարությունից տուժածին պառկեցնել զով և ստվերոտ տեղ, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց։ Բուժումը՝ ուղեղի այտուցը վերացնող, սրտի աշխատանքը և շնչառությունը կանոնավորող դեղամիջոցներ։ Ծանր արևահարության դեպքում՝ երկարատև բժշկական հսկողություն (1–2 շաբաթ)։ Կանխարգելումը՝ գլուխը պահպանել արևի ճառագայթներից, շոգ ժամանակ ստամոքսը չծանրաբեռնել և ոգելից խմիչքներ չօգտագործել։


ԱՐԵՎԱՀԵՌ ԿԵՏ, աֆելիում (<հուն․ από – հեռու և Ήλιος – Արեգակ), Արեգակի շուրջը պտտվող մարմնի ուղեծրի ամենահեռու կետը Արեգակից։


ԱՐԵՎԱՄԵՐՁ ԿԵՏ, պերիհելիում, (<հուն․ περί – մոտ և Ήλιος – Արեգակ), Արեգակի շուրջը պտտվող մարմնի ուղեծրի՝ Արեգակին ամենամոտ կետը։


ԱՐԵՎԱՅԻՆ ՀՅՈՒՍԱԿ, սիմպաթիկ նյարդաթելերից և նյարդահանգույցներից կազմված գոյացություն, որը տեղակայված է մարդու որովայնի խոռոչում։ Բաղկացած է 2 կիսալուսնաձև հանգույցներից, որոնք գտնվում են որովայնի ետին պատի վրա, գոտկային I ողնի մակարդակին, աորտայի աջ և ձախ կողմերում։ Արևային հյուսակի կազմավորմանը մասնակցում են նաև թափառող, ստոծանիական և ողնուղեղային նյարդերը։ Արևային հյուսակից սկիզբ են առնում բազմաթիվ նյարդաթելեր, որոնք, գնալով դեպի ներքին օրգանները (ստամոքս, լյարդ, ենթաստամոքսային գեղձ, բարակ և հաստ աղիքներ, փայծաղ, երիկամներ և մակերիկամներ), նրանց վրա կազմում են ենթահյուսակներ։ Հ․ Հակոբյան

(նկ․) Միաբյուրեղային սիլիցիումի ֆոտոէլեմենտներից պատրաստված արևային մարտկոց


ԱՐԵՎԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑ, արևի էներգիանան միջականորեն էլեկտրականի փոխակերպող սարք։ Արևային մարտկոցում իբրև էներգիայի փոխակերպիչներ օգտագործվում են կիսահաղորդչային ֆոտոէլեմենտներ և ջերմաէլեմենտներ։ Տարածված են միաբյուրեղային սիլիցիումի ֆոտոէլեմենտներից պատրաստված արևային մարտկոցները (նկ․)։ Արևային մարտկոցների օ.գ.գ. հասնում է մինչև 11%։ Կիրառվում են, հիմնականում, տիեզերական սարքերի (կապի արբանյակների, Երկրի արհեստական արբանյակների, տիեզերանավերի և այլն) էներգասնուցման համակարգերում։ Հեռանկարային է արևային մարտկոցների կիրառումը երկրային պայմաններում։ Յա․ Շերմազանյան


ԱՐԵՎԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, արևի ճառագայթման էներգիան ջերմային կամ էլեկտրական էներգիայի փոխակերպող կառուցվածք։ Արևային տեղակայանքները լինում են ցածր ջերմաստիճանային և բարձր ջերմաստիճանային։ Ցածր ջերմաստիճանային արևային տեղակայանքները գործում են արևի ճառագայթման բնական խտության պայմաններում։ Դրանք ապակու մեկ կամ երկու շերտով ծածկված արկղանման կառուցվածքներ են, որոնց հատակին տեղավորված են սև ներկված մետաղաթերթ կամ ջրատար խողովակներ։ Արևի տեսանելի և ինֆրակարմիր ճառագայթման էներգիան ապակու շերտով թափանցում է (գրեթե անկորուստ) և կլանվում

Նկ․ 1․ ֆոտոէլեկտրական ջրհան արևային տեղակայանք Երևանում

Նկ․ 2․ բնական հնացման արագային փորձարկման արևային տեղակայանք