Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/27

Այս էջը սրբագրված է

հատակի սև մարմինների կողմից։ Այդ էներգիան ամբողջովին ծախսվում է արկղի ներսում՝ տաքացնելով այնտեղի օդը կամ խողովակներով հոսող ջուրը։ Այդ պատճառով այս խմբի արևային տեղակայանքները կրում են «տաք արկղ» ընդհանուր անունը։ Սովորական ջերմոցները, ապակեպատ պատշգամբները «տաք արկղի» պարզագույն տեսակներ են։ Ցածր ջերմաստիճանային արևային տեղակայանքներից լայնորեն օգտագործվում են զանազան տիպի արևային ջրատաքացուցիչները, որոնց արտադրողականությունը երկրի հարավային շրջաններում ամռանը 1 մ²-ից կազմում է 60-70 լ տաք ջուր (55-60°C)։ Կիրառվում են բաղնիքներում, լվացքատներում և շենքերի տաք ջրամատակարարման համար։ Արևային օդատաքացուցիչներն օգտագործվում են մրգերն ու բանջարեղենը չորացնելու, շինությունները տաքացնելու նպատակով։ Արևային աղզատները հնարավորություն են տալիս աղազրկելու «տաք արկղում» տաքացվող աղի ջուրը, որ տեղի է ունենում ապակու ներքին մակերևույթին ջրային գոլորշու կոնդենսացման շնորհիվ։ Դրանց օրական արտադրողականությունը 1 մ²-ց կազմում է 3 լ թորած ջուր։ Բարձր ջերմաստիճանային արևային տեղակայանքների հիմնական տարրը արևի ճառագայթման հոսքի խտությունը մեծացնող, պարաբոլի, պարաբոլ–գլանի կամ կոնի ձև ունեցող հայելային համակենտրոնիչն է։ Ավտոմատացված հատուկ մեխանիզմների օգնությամբ հայելին անընդհատ հետևում է արևին։ Որքան հայելու բացվածքը և ֆոկուսացնող ուժը մեծ են, այնքան ավելի ջերմություն կարելի է ստանալ։ Տարածված են ամբողջական կամ ծալովի պարաբոլական համակենտրոնիչով արևային փոքր խոհանոցները (տրամագիծը՝ մինչև 1, 2 մ, հզորությունը՝ մոտ 600 վտ), արևային եռուցիչներն ու շոգեկաթսաները։ Վերջինները, բացի տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող շոգի արտադրելուց, կարող են կիրառվել ջեռուցման նպատակներով, իսկ սառեցման ագրեգատների հետ զուգակցված՝ շենքերին պայմանական օդ մատակարարելու կամ սառույցի արտադրության համար։ Լայնորեն կիրառվում են նաև արևային վառարանները (մինչև 3500°C), որոնց օգնությամբ ստանում են խիստ մաքուր կրակաամուր մետաղներ, համաձուլվածքներ և հրակայուն նյութեր։

Հեռանկարային են էներգետիկական նպատակներով օգտագործվող արևային տեղակայանքները, որոնք պատրաստվում են արևային մարտկոցների հիման վրա։ ՍՍՀՄ–ում աշխարհում առաջին անգամ ստեղծվել է լրիվ ավտոմատացված ֆոտոէլեկտրական արևային ջրհան կայան (նկ․ 1), որի արտադրողականությունը ամռանը, ջուրը մինչև 20 մ բարձրացնելու դեպքում, օրական կազմում է 30 մ³։ Հայաստանում ստեղծվել և գործում են արևային տեղակայանքներ, որոնք ծառայում են բազմաթիվ նյութերի հնացման պրոցեսների ուսումնասիրման համար (նկ․ 2)։ Արևի ճառագայթման հոսքի խտացման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում բնական հնացման համեմատությամբ 5-10 անգամ արագացնելու այդ պրոցեսը։ (Տես նաև Հելիոտեխնիկա

Գրկ․ Апариси P․ P․, Гарф Б․ А․, Использование солнечной энергии, М․, 1958; Соминский М․ С․, Солнечная электроэнергия, М․-Л․, 1965; Тепловые установкидля использования солнечной радиации, М․, 1966․ Յա․ Շերմազանյան

ԱՐԵՎԱՅՐՈՒԿ, մաշկի գույնի փոփոխում, թխացում՝ վերնամաշկում մելանին պիգմենտի քանակի ավելացման հետևանքով։ Տեղի է ունենում արևի կամ լույսի արհեստական աղբյուրների (էլեկտրական աղեղ, սնդիկաքվարցային լամպ), ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների երկարատև ազդեցությունից։ Արևայրուկ առաջանում է աստիճանաբար, բազմակի կամ միանվագ ճառագայթումից և կախված է ճառագայթման տևողությունից, խտությունից, մաշկի զգայնությունից։ Երկարատև ճառագայթումը երբեմն բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա (տես Արևաբուժություն), ուստի այն անհրաժեշտ է կատարել բժիշկների թույլտվությամբ և հսկողությամբ։ Արևայրուկի կանխարգելման նպատակով օգտագործում են քինինի և մաշկը պաշտպանող քսուքներ։ Գ․ Աղաջանյան


ԱՐԵՎԱՇԱՏ (մինչև 1946-ը՝ Վարմազիար), գյուղ Հայկական ՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, բուժկայան։ Գյուղի մոտ է Արևաշատի ջրհան կայանը։


ԱՐԵՎԱՇԱՏԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, ՀՍՍՀ–ի խոշորագույն ջրհան կայաններից։ Մեծամոր գետի ջրերը ջրանցքով (մոտ 17 կմ երկարությամբ) բերվում են Արևաշատ (Էջմիածնի շրջան) գյուղի մոտ, ապա ջրհան կայանով վեր բարձրացվում՝ Հրազդան գետից սկիզբ առնող մի քանի ջրանցքներ լրացուցիչ կերպով սնելու համար։ Կայանի կառուցումից հետո տարեկան 50 մլն․ մ³-ով կրճատվեց Սևանա լճի ջրի ծախսը։ Ապահովում է Էջմիածնի շրջանի 13 հզ․ հա հողատարածությունների ոռոգումը։ Կայանը ջուրը բարձրացնում է նախ առաջին աստիճանի վրա՝ Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները սնելու, ապա երկրորդ աստիճանի վրա՝ Ստորին Հրազդանի ջրանցքը սնելու համար։ Առաջին աստիճանի բարձրությունը 54 մ է, երկրորդինը՝ 62 մ, խողովակաշարի երկարությունը համապատասխանաբար՝ 6,7 և 3,3 կմ, իսկ Արևաշատի ջրհան կայանի գլխամասը բարձրացվող ջրի քանակը վայրկյանում՝ 6,4 և 4 մ³։ Կայանի ընդհանուր հզորությունը 10,2 հզ․ կվտ է։ Շահագործման է հանձնվել 1967-ին։ Գ .Աղախանյան


ԱՐԵՎԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ամենահին ժամանակներից արևը որպես լույսի և ջերմության աղբյուր աստվածացվել է և դարձել պաշտամունքի առարկա։ Հին Եգիպտոսում արևապաշտությունը ծնունդ է առել Հելիոպոլսում (հուն․ Արևի քաղաք), 4-րդ դինաստիայի ժամանակ։ Ամենհոթեպ IV (Էխնաթոն) փարավոնը արևի աստված Աթոնին հռչակեց որպես միասնական եգիպտական աստվածություն և մայրաքաղաքում՝ Ախեթաթոնում նրա համար կառուցեց տաճար։ Աթոնը պատկերվում էր արևի սկավառակի ձևով, իսկ նրա ճառագայթները համարվում էին միաստվածային կրոնի՝ աթոնիզմի խորհրդանիշ։ Հին հույների արևի աստվածը Հելիոսն էր։ Արև–աստված է համարվել Ապոլլոնը։ Հռոմեացիների արևի աստվածը կոչվում էր Սոլ, համարվում էր կայսեր հովանավորը։ Ճապոնիայում, ըստ ավանդության, կայսրերը ծագում են արևի աստվածուհի Ամատերասուից։ Պաշտոնական կրոնի՝ սինտոյականության այս դոգման վերացվեց միայն 1946-ին, կայսերական հրովարտակով։ Արևապաշտության հետքեր գտնվել են Արևմտյան Եվրոպայում։ Դրանց վկայություններն են Քորնուոլում (Անգլիա) և Բրետանում (Ֆրանսիա) գտնվող քարե հուշարձանները (մեգալիթներ), որոնք դեմքով դարձված են դեպի ծագող արևը։ Արևապաշտությունը եղել է նաև Հայաստանում (տես Արեգ և Արևորդիներ


ԱՐԵՎԱՊՍԱԿ, տես Արեգակ։


ԱՐԵՎԱՔԱՐ, ոսկեգույն դաշտային սպաթ։ Հանդիպում է պեգմատիտներում։ Սովորաբար ներկայացված է միկրոկլինի և օլիգոկլազի կիսաթափանցիկ բյուրեղային անջատումներով։ ՍՍՀՄ–ում հայտնի է Ուրալում (Իլմենյան լեռներ), Անդրբայկալում և այլուր, արտասահմանում՝ Նորվեգիայում։ Օգտագործվում է որպես կիսաթանկարժեք քար։


ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների պատմության, տնտեսության, մշակույթի ուսումնասիրման կենտրոն։ Կազմակերպվել է 1971-ի հուլիսին՝ 1958-ից գործող արևելագիտության սեկտորի հիմքի վրա։ Արևելագիտության ինստիտուտի կազմում ըստ մասնագիտական ուղղությունների կա հինգ բաժին։ Թուրքագիտական բաժինը զբաղվում է Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի պատմության, տնտեսության, արտաքին և ներքին քաղաքականության, մասնավորապես ֆեոդալական կարգերի քայքայման ու կապիտալիզմի զարգացման օրինաչափություններով, ազգային քաղաքականության և տիրող գաղափարախոսության հարցերով։ Արաբագիտական բաժնի հիմնական պրոբլեմներն են՝ Արաբական Արևելքի երկրների ժամանակակից վիճակն ու քաղաքականությունը, ազգային–ազատագրական, հակաիմպերիալիստական պայքարի պատմությունը, սոցիալ–տնտեսական վերափոխումները, միջարաբական կապերը և արտաքին քաղաքականության հարցերը։ Իրանագիտական բաժինը զբաղվում է Իրանի պատմության ու տըն–