Քարտեզը տես 272-րդ էջից հետո՝ ներդիրում։
I․ Ընդհանուր տեղեկություններ
Բ․ պետություն է Հարավային Ասիայում։ Արմ-ից, հս-ից և ար-ից 4000 կմ ձգվածությամբ սահմանակից է Հնդկաստանին, ծայր հվ-արլ-ից՝ Բիրմային, հվ-ից ողողվում է Բենգալական ծոցով։ Մակերեսը 142,7 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 71,3 մլն (1974-ի մարդահամարի նախնական տվյալներ)։ Մայրաքաղաքը՝ Դաքա։ Վարչականորեն բաժանված է 4 մարզի, որոնք կազմված են օկրուգներից (դիստրիկներից) և շրջաններից։
Պատկերազարդումը տես 160–161 էջերի միջև՝ աղյուսակ XV։
II․ Բնությունը
Բ․ հիմնականում գտնվում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրի արլ․ ծայրամասում, Գանգես և Ջամունա (Բրահմապուտրա) գետերի դելտայի սահմանում։ Ափագիծը 550 կմ երկարությամբ կտրտված է դելտայի (գրավում է երկրի տերիտորիայի մոտ 9/10 մասը) բազմաթիվ բազուկներով և վտակներով։ Ափերը ցածրադիր են և հաճախակի փոփոխվում են մակնթացության ու տեղատվության պատճառով։ Դելտան ցածրադիր տափարակ հարթավայր է (մինչև 30 մ բարձրությամբ), հվ․ մասը խիստ ճահճացած է։ Հարթավայրը կազմված է պլեստոցենի և ժամանակակից ալյուվիից (ավազ, կավ, տիղմ)։ Հս-արլ-ում և արլ-ում բլուրներն ու ցածրադիր լեռները (մինչև 1230 մ) կազմված են կրաքարից, թերթաքարից և ավազաքարից)։ Հայտնաբերված են քարածխի, բնական գազի, կրաքարի, կաոլինի, լիգնիտի և երկաթի հանքավայրեր։
Կլիման մերձհասարակածային է, մուսոնային։ Բնութագրվում է լավ արտահայտված խոնավությամբ (մայիս-հոկտեմբեր) և չորությամբ (նոյեմբեր-ապրիլ), հասարակածային մուսոններով, ջերմաստիճանի օրական փոքր տատանումներով և մթնոլորտային առատ տեղումներով։ Ամենացուրտ ամսվա՝ հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 12°C-ից 25°C, ամենատաքինը՝ ապրիլինը՝ 23°C-ից 34°C։ Տարեկան տեղումները դելտայում մոտ 2000 մմ են, հս-արլ-ում և հվ-արլ-ում՝ տեղ-տեղ 3000 մմ-ից ավելի։
Գետային ցանցը խիտ է։ Սունդարբանի սահմաններում կղզիների մակերեսը մոտավորապես հավասար է վտակների գրաված մակերեսին։ Գանգեսի և Ջամունայի միացյալ հոսանքը (Փադմա) հասնում է 10 կմ լայնության։ Այն միանալով Մեղնային առաջացնում է հսկայական էստուար։ Ամառային հորդացումները պայմանավորված են մուսոնային անձրևներով։ Ջրի մակարդակի բարձրացումը դելտայում հասնում է 10 մ, և ամեն տարի երկրի որոշ մասը ենթարկվում է մինչև 3 ամիս տևող ուժեղ հեղեղումների։
Բուսականությունը։ 150-200 տարի առաջ երկրի մեծ մասը ծածկված էր անանցանելի արևադարձային անտառներով ու սավաննաներով։ Այժմ նրանք իրենց տեղը զիջել են բրնձի, ջուտի, շաքարեղեգի դաշտերին, այգիներին։ Անտառային խոշոր զանգվածներ պահպանվել են միայն հվ-արլ-ում և հվ-ում։ Լուշաի և Չիտագոնգ լեռներում անտառները պատկանում են խոնավ արևադարձային մշտականաչ ու մուսոնային անտառների ֆորմացիաներին, որոնք տերևաթափվում են տարվա չոր եղանակներին։ Անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, այդ թվում՝ մոտ 20 տեսակ բամբուկով։ Շատ են լիանաները։ Հվ․ անտառները պատկանում են մանգրովային ֆորմացիային։ Տիրապետող ծառը սունդրին է։ Բարինդ և Մադխուպուր բարձրությունների վրա աճում են թփուտային սավաննաներ, Բենգալական ծոցի ափի երկարությամբ՝ տեղ-տեղ մանգրովային համակցություններ։ Իրացված շրջաններում աճում են արմավենիներ, բանան, մանգո։
Կենդանական աշխարհը հարուստ է, բազմատեսակ։ Շատ են կապիկները, գիշատիչներից՝ բենգալական վագրը, ընձառյուծը, շերտավոր բորենին, արջերը։ Հանդիպում են թունավոր և ոչ թունավոր օձերի տասնյակ տեսակներ, երկկենցաղներ, գետերում՝ կոկորդիլոսներ, ձկների շատ տեսակներ։ Բազմազան է թռչնաշխարհը։ Տարածված են կրծողներն ու միջատները (հատկապես թունավոր), ճահճային վայրերում՝ մալարիայի մոծակը։
III․ Բնակչությունը
Բնակչության թվով Բ․ աշխարհում գրավում է 8-րդ տեղը։ Աչքի է ընկնում բնակչության աճի բարձր մակարդակով (տարեկան ավելի քան 3%) և աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից է․ միջին խտությունը 1 կմ2 վրա անցնում է 500 մարդուց։ Հատկապես խիտ են բնակեցված դաշտավայրային կենտրոնական օկրուգները։ 1974-ին բնակչության 51,8%-ը տղամարդիկ էին։ 1961-ի մարդահամարի տվյալներով բնակչության 61,3%-ը մինչև 25 տարեկան էր, գյուղական բնակչությունը՝ 94,8%-ը, քաղաքայինը՝ 5,2%-ը։ 1974-ին քաղաքային բնակչությունը հասավ 10%-ի։ Գյուղատնտեսության մեջ զբաղված է բնակչության 85,2%-ը, տնտեսության մյուս ճյուղերում՝ 14,8%-ը։ Բ-ի բնակչության 98%-ը (1972) բենգալացիներ են։ Հս-արմ․ և կենտրոնական շրջաններում ապրում են Հյուսիսային Հնդկաստանի տարբեր շրջաններից եկած և բնակություն հաստատած ցեղեր, որոնց հավաքական անունով կոչում են «բիհարի», մունդի լեզվով խոսող սանթալների և մունդայի ոչ մեծ խմբեր, ինչպես նաև դրավիդալեզվային օրաոններ։ Հս․ և արլ․ սահմանամերձ շրջաններում ապրում են բիրմա-ասամական ծագման չակմա, մար-մա, գարո, մորունգի, դոյգնակ, սակ, կխյանգի, բանջոգ, հաջոնգ, պանկխո և կամի փոքրաթիվ ցեղեր, հվ-արլ-ում, Չիտագոնգ մարզի լեռնային շրջաններում՝ կուկի-չիների խմբի մեջ մտնող տիպերա (տիպուրա) և լուշեն (միզո), հս-ում՝ մոնկխմերական լեզվաընտանիքից կխաս և այլ ցեղեր, որոնց ներկայացուցիչները, բացի մայրենի լեզվից, խոսում են նաև բենգալերենով։
Պետական լեզուն բենգալերենն է։ Բնակչության 80,4%-ը մահմեդականներ են, 10 մլն՝ հնդիկներ, 150 հզ․՝ քրիստոնյաներ։ Պաշտոնական օրացույցը բենգալականն է, օգտագործվում են նաև մահմեդական (հիջրա) և գրիգորյան օրացույցները։ Խոշոր քաղաքներն են Դաքան, Չիտագոնգը, Կհուլնան, Նարայանգանջը։
IV․ Պատմական ակնարկ
Պեղումների ժամանակ Բ-ի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները վերաբերում են քարի դարին։ Առաջին պետական միավորումները առաջ են եկել մ․ թ․ ա․ VII–VI դդ․։ Դրանցից մեկը Վանգա պետությունն էր, որից և ծագում է երկրի Բանգլադեշ անվանումը («Բանգլա» – «բենգալական» և «դեշ» – «երկիր»)։ Մ․ թ․ ա․ IV-II դդ․ Բ-ի տերիտորիան մտել է Մաուրիների կայսրության մեջ, որի անկումից հետո առաջ եկան մի քանի ինքնուրույն պետություններ։ IV-V դդ․ դրանք ընդգրկվեցին Գուպտների կայսրության մեջ։ VIII դ․ այդ պետությունները Արևմտյան Բենգալիայի հետ կազմեցին միասնական բենգալական ֆեոդալական պետություն, որը գոյատևեց մինչև XIII դ․։ 1199-1202-ին Բենգալիան նվաճեցին Աֆղանստանում հաստատված Հուրյանների պետության զորքերը։ Ավելի ուշ այն մտցվեց Դելիի սուլթանության մեջ։ Մահմեդականության լայն տարածումը Բենգալիայում վերաբերում է այս նվաճումների շրջանին։ XIV դ․ կեսերին Դելիի սուլթանական կառավարիչները Բենգալիայում ձեռք բերեցին որոշակի անկախություն, որը գոյատևեց մինչև 1576-ը, երբ Մեծ Մողոլ Աքբարը նվաճեց երկիրը։ XVII դ․ սկզբին երկրի վարչական կենտրոնը դարձավ Դաքան։ XVIII դ․ կեսերին անգլ․ նվաճողները, օգտվելով Մեծ մողոլների կայսրության անկումից, նվաճեցին Բենգալիան։ Գաղութային շրջանում (1757–1947) Բենգալիայի տնտ․ և մշակութային կենտրոնները տեղափոխվեցին արմ․ շրջաններ (Կալկաթա ևն), երկրի արլ․ մասն աստիճանաբար վերածվեց արդյունաբերապես զարգացած արմ-ի ագրարային կցորդի։ Ազգային բուրժուազիայի ձևավորման հետ ի հայտ եկան առաջին կազմակերպությունները։ XIX դ․ 60-ական թթ․ սկսվեց ազգային շարժում։ 1905-ին անգլ․ գաղութատերերը, ազգային-ազատագրական շարժման աճը կանխելու նպատակով, Բենգալիան ըստ կրոնական հատկանիշի բաժանեցին 2 մասի։ Սակայն ժողովրդական զանգվածային պայքարը գաղութարարներին հարկադրեց 1911-ին չեղյալ հայտարարել Բենգալիայի այդ բաժանումը։