Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/276

Այս էջը հաստատված է

գյուղատնտեսությունն է, որը դեռևս հիմնված է մանր ու հետամնաց սակավահող գյուղական տնտեսությունների վրա (դրանց 80%-ից ավելին ունի 2 հա-ից էլ պակաս հողատարածություն, 40%-ը չունի բանող անասուն)։ Ըստ ագրարային ռեֆորմի վերաբերյալ կառավարական որոշման, հողային սեփականությունը չպետք է անցնի 100 բիգհայից (13,4 հա), իսկ մինչև 25 բիգհա (3,35 հա) ունեցողները ազատվում են հարկերից։ Տնտեսության մեջ գերիշխում են բնատնտեսային և կիսաբնատնտեսային ձևերը, որոնք չեն ապահովում բնակչության մթերքների պահանջը։ Հողային ֆոնդը սահմանափակ է։ Մշակման համար գրեթե բոլոր պիտանի հողերը հերկված են։ Հիմնական կուլտուրան, որ զբաղեցնում է ցանքատարածությունների 4/5-ը (10 մլն հա), բրինձն է։ Տարեկան միջին արտադրանքը կազմում է 12 մլն տ։ Հացահատիկի պակասը (1,5-2 մլն տ) լրացվում է ներմուծմամբ։ Գլխավոր տեխ․ կուլտուրան ջուտն է, որ զբաղեցնում է ցանքատարածության 7-8%-ը և ամբողջությամբ արտահանվում է։ Մշակում են նաև ծխախոտ ու բամբակենի, բանան, մանգո, համեմունքներ, բանջարեղեն։ Կարևոր նշանակություն ունի ձկնորսությունը։ 1972-ին կար 26 մլն խոշոր եղջերավոր, 11,9 մլն մանր եղջերավոր անասուն և 33,5 մլն թռչուն։

Արդյունաբերությունը զբաղված է գյուղատնտ․ հումքի մշակմամբ։ Արդյունահանող ճյուղերը թույլ են զարգացած․ արդյունահանում են գազ (տարեկան 1,5 մլրդ մ3), կրաքար, հրակայուն կավ։ 1974-ի սկզբին էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 672 հզ․ կվտ էր։ 1974-ին ՍՍՀՄ օժանդակությամբ Գորոզալում կառուցվել է ՋԷԿ 110 հզ․ կվտ հզրությամբ։ Ջուտի արտադրանքի զանազան տեսակների թողարկմամբ Բ․ գրավում է 2-րդ տեղն աշխարհում (Հնդկաստանից հետո)։ Կա նաև բամբակագործական (48 ֆաբրիկա), թղթի, շաքարի (15 գործարան), լուցկու (20 ֆաբրիկա), քիմիական (5 գործարան), նավթավերամշակման (1,5 մլն տ հզորության գործարան), դեղագործական, ռետինատեխնիկական, ցեմենտի (70 հզ․ տ) արդյունաբերություն։ Կան մետալուրգիական և մետաղամշակման գործարաններ։ Արդ․ գլխավոր կենտրոններն են Դաքան, Չիտագոնգը և Կհուլնան։

Տրանսպորտը։ Առաջատարը ներքին ջրային տրանսպորտն է (5,4 հզ․ կմ, վարարումների ժամանակ՝ 8 հզ․ կմ), որին բաժին է ընկնում բեռնաշրջանառության և ուղևորների փոխադրման մոտ 75%-ը։ 1972-ին նավային ընկերություններն ազգայնացվել են․ 1971-ին նավատորմը կազմված էր 2,5 հզ․ նավերից։ Փոխադրումների ճնշող մասը կատարվում էր գետային առագաստանավերով և թիանավերով։ Գետային խոշոր նավահանգիստները (Նարայանգանջ, Բարիսալ, Գոալունդր, Կհուլնա, Աիլհետ) միաժամանակ երկաթուղային կարևոր հանգույցներ են։ Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 2858 կմ է (1973)։ Ավտոճանապարհների երկարությունը 47 հզ․ կմ է։ Նավահանգիստներից Չիտագոնգը կատարում է ներմուծման, իսկ Չալնան՝ արտահանման օպերացիաներ։ 1972-ի սկզբին ստեղծվեց «Բանգլադեշ ԲԻՄԱՆ» պետական ավիամիավորումը։ Երկրում կա 20 օդանավակայան, Դաքայում՝ միջազգային խոշոր օդանավակայան։ Դրամական միավորը տական (ռուփի) է։ 1974-ի դեկտեմբերի կուրսով 18,9677 տական հավասար է մեկ ֆունտ ստեռլինգի (հնդկական ռուփիի մակարդակով)։

Արտաքին առևտուրը։ Առևտրի մեծ մասը իրականացնում են պետական կազմակերպությունները։ Արտահանման մոտ 90%-ը բաժին է ընկնում ջուտին և ջուտե արտադրանքին։ Արտահանում է նաև թեյ, կաշվեղեն, թուղթ, ձկնեղեն։ Ներմուծում է հացահատիկ, պարեն, մեքենա, սարքավորում, սև մետաղ, քիմ․ արտադրանք, ցեմենտ։ Առևտրական աշխույժ կապերի մեջ է ԱՍՀՄ-ի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, ԳՖՀ-ի հետ։

VII․ Առողջապահությունը

1970-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 47,7, ընդհանուր մահացությունը՝ 14, մանկական մահացությունը՝ 1000 կենդանածինին՝ 149։ Մահացության հիմնական պատճառներն են դիզենտերիան, մալարիան, թոքաբորբը, տուբերկուլոզը, որովայնային տիֆը, պարատիֆերը, սալմոնելոզները, մանկական վարակիչ հիվանդությունները, հղիության և ծննդաբերության հետ կապված բարդությունները։ Տարածված են վարակիչ, մաշկային հիվանդությունները, տրախոման։ Կան խոլերայի մշտական օջախներ, գրանցվում են խոլերայով և սև ծաղիկով հիվանդության հազարավոր դեպքեր (գրեթե 40% մահացու ելքով)։ 1961-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ ստեղծվել է մալարիայի վերացման կամպանիա։ Սև ծաղկի և խոլերայի օջախների վերացմանն օգնում է Միջազգային կարմիր խաչը (սովետ․, ֆրանս․, անգլ․, կանադ․, ավստրալ․ բժիշկներ)։ 1972-ին գործել են 1400 դիսպանսեր, 79 պետական (8 հզ․ մահճ․) և մի քանի մասնավոր (3 հզ․ մահճ․) հիվանդանոցներ, հակատուբերկուլոզային 38 հիմնարկություն, հոգեբուժական կլինիկա, 7 բորոտանոց, ստոմատոլոգիական 1 կետ։ Աշխատել են 8,5 հզ․ բժիշկ (2,5 հզ․ պետական հիմնարկներում), 800 բուժքույր (50% պետական հիվանդանոցներում)։ Բժիշկներ են պատրաստում բժշկական 7 քոլեջներ, բուժքույրեր՝ 16 դպրոցներ։

VIII․ Լուսավորությունը

Մինչև անկախության հռչակումը երկրի չափահաս բնակչության ավելի քան 85%-ը անգրագետ էր։ Բ-ի սահմանադրությունը (1972) բոլոր քաղաքացիներին տալիս է կրթության իրավունք։ Դպրոցներում ուսուցումը կատարվում է բենգալերեն։ Տարրական հնգամյա դպրոց ընդունվում են 5-6 տարեկան երեխաները։ Ուսուցումը անվճար է։ Միջնակարգ դպրոցը նույնպես հնգամյա է և վճարովի։ 1970/71 ուս․ տարում տարրական դպրոցներում սովորում էին 6,3 մլն, միջնակարգում՝ 1,5 մլն աշակերտ (որի 13%-ը՝ աղջիկներ)։ Բուհ ընդունվելու համար գոյություն ունեն այսպես կոչված միջանկյալ քոլհջներ՝ 2-ամյա ուսուցմամբ (1970-71 ուս․ տարում մոտ 200 հզ․ սովորող)։ Տարրական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստում են մանկավարժական ուսումնարանները՝ ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա, ոչ լրիվ միջնակարգ դպրոցի համար՝ մանկավարժական քոլեջները, լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա, իսկ վերջինիս համար՝ համալսարանները։ Լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա գործում են տեխ․ քոլեջներ, որոնք պատրաստում են միջին որակավորմամբ մասնագետներ (1970/71 ուս․ տարում՝ 9,3 հզ․ սովորող)։

Բ-ում կա 6 համալսարան․ Դաքայի (1921-ից), Ռաջշահի (1953-ից), ինժեներա-տեխնոլոգիական համալսարան Դաքայում (1961-ից), գյուղատնտ․ համալսարան Մայմանսինգհում (1961-ից), համալսարան Չիտագոնգում (1964-ից), Զահանգիրնագարի համալսարանը Դաքայի մոտ (1964-ից)։ 1970/71 ուս․ տարում համալսարաններում ուսանում էր 14,3 հզ․ ուսանող։ Կան նաև պոլիտեխնիկական ինստ-ներ՝ Դաքայում, Չիտագոնգում, Կհուլնայում, տեքստիլ, կաշվի արդյունաբերության, բժշկական ինստ-ներ՝ Դաքայում, գյուղատնտ․ ակադեմիա՝ Կոմիլլայում։ Բուհերում ուսուցումը վճարովի է։ Խոշորագույն գրադարանը Դաքայի համալսարանինն է (ավելի քան 285 հզ․ կտոր)։ Դաքայում են գտնվում քաղաքային թանգարանը (հիմն․ 1913-ին, ցուցադրված է բենգալական արվեստը), «Բալդա» թանգարանը (հիմն․ 1927-ին, ցուցադրում է գեղարվեստական և հնագիտական նյութեր)։