Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/28

Այս էջը սրբագրված է

տեսության, ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներով, ինչպես և մշակույթի պատմությամբ, մասնավորապես նոր և նորագույն գրականության հարցերով։ Քրդագիտական բաժինը ուսումնասիրում է քուրդ ժողովրդի պատմության, մշակույթի, հատկապես լեզվի, ֆոլկլորի և ազգագրության կարևոր խնդիրները։ Հին Արևելքի բաժինը զբաղվում է Ուրարտու պետության, փոքր ասիական երկրների, Միջագետքի հին շրջանի պատմության, լեզուների ու մշակույթի խնդիրներով։ Արևելագիտության ինստիտուտը սկսել է զբաղվել նաև կովկասագիտության և բյուզանդագիտության խնդիրներով։ Ինստիտուտի գիտական կոլեկտիվը մշակում է նաև այնպիսի պրոբլեմներ, ինչպիսիք են․ ազգային փոքրամասնությունների վիճակը Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում, Արևելքի երկրների հայ գաղութների պատմությունը և այլն։ Արևելագիտության ինստիտուտը գիտական կապեր ունի Գերմանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, ինչպես նաև Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Անգլիայի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և այլ երկրների արևելագիտական կենտրոնների ու գիտնականների հետ։ (Տես նաև Արևելագիտություն հոդվածը)։ Գ․ Սարգսյան

ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, օրիենտալիստիկա (<լատ․ orientalis – արևելյան), գիտական մասնաճյուղերի ամբողջություն, որնուսումնասիրում է Արևելքի ժողովուրդների պատմությունը, տնտեսությունը, լեզուները, գրականությունը, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները, արվեստը։ «Արևելք» հասկացությունը աշխարհագրական և պատմական իմաստով կրել է բազմաթիվ փոփոխություններ։ Հին եգիպտացիներն ու հրեաներն այն գործածում էին նկատի ունենալով իրենց արևելյան հարևաններին: Հույներն այդ հասկացության մեջ մտցնում էին հելլենական աշխարհից արևելք ընկած բոլոր երկրները, մասնավորապես՝ Պարսկաստանը, իսկ հռոմեացիները՝ Իտալիայից արևելք ընկած բոլոր երկրները, նաև Բյուգանդական կայսրությունը։ Միջին դարերում եվրոպական ժողովուրդների համար արևելքի երկրներ էին համարվում Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և թուրքական տիրապետության տակ գտնվող Բալկանների սլավոնական երկրները։ Քիչ ավելի ուշ գործածության մեջ մտան Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելք հասկացությունները։

Ավանդական արևելագիտությունը ուսումնասիրում էր գլխավորապես Ասիայի և Աֆրիկայի խնդիրները։ Արևելագիտությունը որպես գիտություն առաջ է եկել XVI – XVII դդ․, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Այն անհրաժեշտ էր Արևելքի երկրների գաղութացման, շահագործման համար, հետևապես ուներ գործնական նպատակներ, այդ շրջանում սահմանափակվում էր արևելք լեզուների, Արևելքի աշխարհագրության, ազգագրության ուսումնասիրությամբ։ Այդպես էլ արևելագիտությունը դասավանդվել է միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում (Փարիզ, Օքսֆորդ, Լեյդեն և այլն), XVI դարից մինչև XX դ․ սկիզբը։ XVII դ․երևան եկան արևելք երկրների նկարագրություններ, որոնք կազմել էին եվրոպական վաճառականները, քարոզիչները և դեպի արևելք կատարած առաջին արշավանքների մասնակիցները։ Արևմուտք բերված բնագրերի, ձեռագիր աղբյուրների կուտակման հետևանքով Լեյդենի, Լոնդոնի, Փարիզի, ավելի ուշ՝ Պետերբուրգի գրադարաններում և հատուկ գրապահոցներում ստեղծվեցին հավաքածուներ, որոնց ուսումնասիրությունը XVI – XIX դդ․ խթանեց արևելք բանասիրության զարգացմանը։ Արևելագիտությունը հետզհետե դրվեց գիտական հիմքերի վրա։ 1771-ին ֆրանսերեն թարգմանվեց «Ավեստա»-ն։ XVIII դ․ վերջին Եվրոպայում հատուկ ուսումնասիրության առարկա դարձավ սանսկրիտը։ XIX դ․ և հատկապես XX դ․ մեծ հաջողություններ ձեռք բերվեցին Հին Արևելքի պատմության ուսումնասիրության բնագավառում։ Վերծանվեցին ասուրա–բաբելական, եգիպտական, հին պարսկական, ուրարտական արձանագրությունները, հրապարակվեցին հնագիտական պեղումների նյութերը, բազմաթիվ կենտրոններում կազմակերպվեցին Արևելքի երկրների մշակույթը, կրոնը ուսումնասիրող ընկերություններ և գիտական հիմնարկներ։ Աֆանասի Նիկիտինի՝ Հնդկաստան կատարած ուղևորության նկարագրությունից հետո աճեց հետաքրքրությունը Արևելքի նկատմամբ նաև Ռուսաստանում։ Սակայն գործնական զգալի քայլեր կատարվեցին միայն Պետրոս Մեծի օրոք։ 1705-ին Պետերբուրգում բացվեց դպրոց, որտեղ դասավանդվում էր ճապոներեն։ 1730-ին արևելյան լեզուները հաստատուն տեղ գրավեցին գիտությունների նորաստեղծ ակադեմիայում։ Արևելքի երկրրների հետ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, մշակութային կապերի ուժեղացումը XIX դ․ սկզբին խթան եղավ արևելագիտության զարգացման համար։ 1805-ին Խարկովի համալսարանում հիմնվեց արևելք լեզուների առաջին ամբիոնը։ Դրանց դասավանդումը կազմակերպվեց Կազանի, Մոսկվայի, Դորպաւոի, Վիլնոյի, Պետերբուրգի համալսարաններում։ 1815-ին Մոսկվայում բացվեց արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը, 1818-ին՝ Ասիական թանգարանը Պետերբուրգում և այլն։ Միջազգային համարում ձեռք բերեց ռուսական չինագիտությունը։

Արևելագիտության հատուկ ճյուղ են համարվել հայագիտությունը, կովկասագիտությունը, որոնց զարգացման գործում մեծ դեր են խաղացել Լազարյան ճեմարանը, Մոսկվայի, Պետերբուրգի գիտական և ուսումնական հիմնարկներն ու նրանց աշխատակիցները՝ Մ․ Բրոսսեն, Ն․ Մառը, Ք․ Պատկանյանը, Ա․ Ցագարելին, Լ․ Մսերյանցը, Լ․ Լոպատինսկին, Ղ․ Բուդաղյանը (Բուդաղով) և ուրիշներ։ Որպես հայ գիտական մտքի առանձին ուղղություն, ստեղծվել և զարգացել է հայ արևելագիտությունը։ Այն տարբերվում է եվրոպական և ռուսական (ցարական) արևելագիտությունից նրանով, որ եթե առաջինների համար այն գաղութակալության արդյունք էր, ապա հայ արևելագիտության համար ուսումնասիրության առարկա էր իր ժողովրդի և դրացի երկրների պատմությունն ու մշակույթը։ Այս իմաստով հույժ կարևոր են հայկական սկզբնաղբյուրները, որոնց զգալի մասը լուսաբանելով հայ ժողովրդի պատմությունը, անդրադառնում է նաև հարևան ժողովուրդների անցյալին ու պարունակում պատմական, քաղաքական, տնտեսական, ազգագրական և արժեքավոր այլ տեղեկություններ։ Բազմակենտրոն է հայ արևելագիտությունը։ XIX դ․ հայ մշակույթի և Արևելագիտության մտքի կենտրոններ դարձան Մոսկվան, Պետերբուրգը, Էջմիածինը, Թիֆլիսը, Կոստանդնուպոլիսը, Վիեննան, Վենետիկը, Կահիրեն, Կալկաթան, Մադրասը և այլ քաղաքներ։

Մարքսիստական արևելագիտության մեթոդոլոգիական հիմքը և ելակետը Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի, Վ․ Ի․ Լենինի դրույթներն են Արևելքի և Արևմուտքի երկրների զարգացման ընդհանուր օրինաչափությունների մասին, նրանց ուսմունքը ազգային և գաղութային հարցերի վերաբերյալ։ Մարքսիստական արևելագիտության նպատակն է գիտականորեն ապացուցել գաղութային համակարգի ոչնչացման անխուսափելիությունը, օգնել Արևելքի ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումների, դեմոկրատական հեղափոխությունների հաղթանակին, նրանց անկախության ամրապնդմանը։ Խորհրդային կառավարության, անձամբ Վ․ Ի. Լենինի աջակցությամբ ստեղծվել են արևելագիտական ուսումնական և գիտական հիմնարկներ։ Լազարյան ճեմարանի հիմքի վրա 1920-ին կազմակերպվել է արևելյան կենդանի լեզուների կենտրոնական Ինստիտուտը, իսկ 1921-ին՝ Մոսկվայի արևելագիտական Ինստիտուտը։ 1930-ին բացվել է ԳԱ արևելագիտության Ինստիտուտը։ Արդիական խնդիրները դարձան արևելագիտական ուսումնասիրությունների կարևորագույն մասը, հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ հաստատվեցին սերտ կապեր Արևելքի երկրների և ԽՍՀՄ–ի միջև, և հատուկ ուշադրության արժանացավ առանձին լեզուների ձևավորման ընթացքը, նորագույն այբուբեն ստեղծելու խնդիրն այն ժողովուրդների համար, որոնք դեռ չունեին գիր ու գրականություն։ Տակավին 1930-ից որոշ բուհերում դասավանդվել են աֆրիկյան լեզուներ։ 1945-ին Լենինգրադի համալսարանում կազմակերպվել է այդ լեզուների ամբիոն։ Արևելագիտության խնդիրներով զբաղվում են Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների, ազգագրության, հնագիտության և ԳԱ այլ ինստիտուտներ ու Ռուսաստանյան Ֆեդերացիայի նրանց մասնաճյուղերը։ Խոշոր արևելագիտական կենտրոն է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքը։

Խորհրդային Հայաստանի առաջին ուսումնական և գիտական հիմնարկ Երևանի պետական համալսարանում 1923-ից դասավանդել են արևելագիտական առարկաներ, 1940-ին հիմնվել է արևելք լեզուների և գրականության ամբիոնը, բացվել բանասիրական ֆակուլտետի արևելք լեզուների բաժինը, որի հիման վրա էլ 1968-ին ստեղծվել է արևելագիտության ֆակուլտետը։ 1958-ին կազմակերպվել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության սեկտորը (1971-ից՝ Արևելագիտության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ)։ Հայ Արևելագիտության մեջ կարևոր ավանդեն մտցրել պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության,