Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/286

Այս էջը հաստատված է

դրա հետ կապված սպառազինությունների մրցավազքի, ինչպես նաև իմպերիալիստական պատերազմների հետևանքով։ Աշխատավորների կենսամակարդակը ցածր է հատկապես գաղութային և տնտեսապես հետամնաց երկրներում, որտեղ աշխատավորները գտնվում են օտարերկրյա և ազգային կապիտալի ճնշման ներքո։ Բանվոր դասակարգի դրության բացարձակ վատթարացումը պետք է դիտել որպես բանվորների կենսամակարդակի անընդհատ օրըստօրե իջեցման պրոցես։ Այն կապիտալիզմին հատուկ տենդենց է, որը զանազան երկրներում և զարգացման տարբեր փուլերում դրսևորվում է անհամաչափորեն։ Հարաբերական վատթարացման տենդենցը պայմանավորված է կապիտալիստական արտադրության և բաշխման համակարգում բանվոր դասակարգին հատկացված տեղով և դերով։ Նա նյութական բարիքների ստեղծողն է, բայց դրանք պատկանում են արտադրության միջոցների սեփականատեր կապիտալիստներին։ Բանվորն աշխատավարձի ձևով ստանում է միայն իր աշխատուժի արժեքի մի մասը։ Աշխատանքի արտադրողականության և լարունության բարձրացմամբ աճում է բանվորների շահագործումը, որն արտահայտվում է հավելյալ արժեքի նորմայի ու զանգվածի մեծացման մեջ։ Դրա հետ մեկտեղ աշխատանքի արտադրողականության բարձրացումը իջեցնում է գոյամիջոցների արժեքը, այսինքն՝ աշխատուժի արժեքը, իջեցնելով նաև բանվորների բաժինը նոր ստեղծված արժեքի մեջ։ Այսպիսով, կապիտալի կուտակման աճին զուգընթաց, ազգային եկամտի մեջ հարաբերականորեն փոքրանում է բանվոր դասակարգի բաժինը (թեև բացարձակորեն այն կարող է աճել) և համապատասխանաբար մեծանում կապիտալիստների բաժինը։ Այժմ ԱՄՆ–ի ազգային եկամտի մեջ աշխատավորների բաժինը կեսից պակաս է: Այդ հիման վրա աճում է սոցիալական անհավասարությունը շահագործող և շահագործվող դասակարգերի միջև։ Բանվոր դասակարգի դրության վատթարացումը համակցվում է դասակարգային պայքարի սրմամբ, որի ընթացքում տնտ․ պայքարը սերտաճում է քաղաքականի հետ։

ԲԱՆՎՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ, քաղաքի ու գյուղի աշխատավոր դասակարգերի համագործակցության հատուկ ձև, դրսևորվում է բանվոր դասակարգի ղեկավարությամբ բուրժուա–դեմոկրատական և պրոլետարական հեղափոխությունների, սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման ժամանակ։ Այդ դաշինքի գաղափարը տվել են Կ․ Մարքսը և Ֆ․ Էնգելսը։ Վ․ Ի․ Լենինը մշակել է կուռ ուսմունք բանվորագյուղացիական դաշինքի մասին, մերկացրել II Ինտերնացիոնալի ղեկավարների, տրոցկիստների, մենշևիկների և այլոց հակամարքսիստական տեսակետները։ Լենինյան կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրել բազմամիլիոն գյուղացիությանը քայլ առ քայլ բանվոր դասակարգի կողմը գրավելու և սոցիալիզմի ուղու վրա փոխադրելու համար։ Հեղափոխության առաջին էտապում (1903-17-ի փետրվար) նա պայքարել է «դաշինք ամբողջ գյուղացիության հետ, ընդդեմ ցարիզմի ու կալվածատերերի, բուրժուազիայի չեզոքացում, հանուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակի», երկրորդ էտապում (1917-ի մարտ-1918)՝ «դաշինք չքավոր գյուղացիության հետ, ընդդեմ կապիտալիզմի քաղաքում և գյուղում, միջակ գյուղացիության չեզոքացում, հանուն սոցիալիստական հեղափոխության հաղթանակի», երրորդ էտապում (1919-1930)՝ «ամուր դաշինք միջակ գյուղացիության հետ, հենվել միայն չքավորության վրա, անընդմեջ պայքար կուլակության դեմ, հանուն սոցիալիզմի հաղթանակի» ստրատեգիական պլանների իրականացման համար։ Գյուղացիության նկատմամբ Լենինի կողմից տեսականորեն հիմնավորված և համակուսակցական ճանաչում ստացած լոզունգներն ունեցել են և ունեն ինտերնացիոնալ բնույթ, իրենց ներքին զարգացման դիալեկտիկան՝ հաճախ ժամանակի ու տարածության մեջ համընկնելով ու կիրառվելով մեկը մյուսի հետ ձուլված։ Հայաստանում, օրինակ, ուր ազգային բանվոր դասակարգը սակավաթիվ էր և չէր անցել քաղ․ պայքարի լուրջ դպրոց, սովետական իշխանության հաստատման ու ամրապնդման փուլում գյուղացիության հետ փաստական դաշինքն իրականացվել է ռուս. բանվոր դասակարգի փորձի հիման վրա և այն էլ ոչ միայն ամենաչքավոր, այլ` միջակ խավերի հետ։ Միջակի հետ բանվոր դասակարգի դաշինքը 1918-1920-ին ընդունել է ռազմաքաղաքական բնույթ։ Նրա տնտ․ հիմքը պարեն մասնատրումն էր, որը Հայաստանում կարճատև է եղել և չի ընդունել այն չափերն ու մասշտաբները, ինչ Ռուսաստանում։ 1921-ին կուսակցությունը ռազմական կոմունիզմից անցավ նոր տնտեսական քաղաքականության, որի էությունը Լենինը համարում էր Բ․ դ․ և գ․ դ․, իսկ նպատակը՝ սոցիալիզմին անցնելու նախադրյալների ստեղծումը։ Այն առանձնահատուկ նշանակություն ուներ ծայրաստիճան քայքայված Հայաստանի տնտեսության արագ վերականգնման և առաջընթացի համար։ Երկրի սոցիալիստական ինդուստրացումը, որը բարձր տեմպերով ընթացավ Հայկական ՍՍՀ-ում, ամուր հիմք ստեղծեց քաղաքի ու գյուղի արտադրական զոդման, ազգային բանվոր դասակարգի աճի և սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման համար։ Գյուղատնտեսության կոլեկտիվացումը այդ դաշինքը բարձրացրել է զարգացման նոր աստիճանի։ Ամբողջ գյուղացիությունը դարձավ միատարր սոցիալիստական դասակարգ, սովետական իշխանության իսկական և կայուն հենարան։ Սոցիալիզմի հաղթանակի շնորհիվ Բ․ դ․ և գ․ դ․ ստացավ նոր բովանդակություն։ Եթե առաջ այն հենվում էր տարբեր տնտ․ հիմքերի վրա, ապա այժմ սկսեց խարսխվել ձևով տարբեր (համաժողովրդական և կոոպերատիվ-կոլտնտեսային), բովանդակությամբ նույնատիպ սոցիալիստական սեփականության միասնական հիմքի վրա։ Բ․ դ․ և գ․ դ․ վճռական նշանակություն ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի, ետպատերազմյան ժամանակաշրջանում ժողովրդական տնտեսության վերականգնման ու հետագա զարգացման, կոմունիզմի կառուցման գործում։ ՍՄԿԿ XXIII և XXIV համագումարները նոր ուղիներ նշեցին գյուղատնտեսության հետագա վերելքի, սոցիալիստական սեփականության երկու ձևերի ու նրանց կրող դասակարգերի մերձեցման համար։ ՍՍՀՄ և նրա բաղկացուցիչ մասը կազմող Սովետական Հայաստանի կոլտնտեսություններն ու սովետական տնտեսությունները, ընդօրինակելով առաջավոր արդ․ ձեռնարկությունների փորձը, ստանալով պետության ու բանվոր դասակարգի համակողմանի օգնությունը, դարձել են բարձր արտադրողական սոցիալիստական տնտեսություններ։ Գնալով գյուղատնտեսական աշխատանքը դառնում է ինդուստրիալի տարատեսակ, բանվորների ու գյուղացիների միջև եղած էական տարբերությունները համահարթվում են։ Սոցիալիզմի և առանձնապես կոմունիզմի ծավալուն կառուցման շրջանում մեծ չափով աճել է ՀՍՍՀ քաղաքային բնակչությունը, մանավանդ բանվոր դասակարգը՝ ի հաշիվ գյուղացիության։ Վերջինիս նվազումը բացասաբար չի անդրադարձել գյուղատնտեսության զարգացման վրա, քանի որ ձեռքի աշխատանքը փոխարինվել է մեքենականով։ Բ․ դ․ և գ․ դ․ վերածվել է բարեկամության, ընդունել եղբայրական համագործակցության ու փոխադարձ օգնության բնույթ։ Բայց բանվոր դասակարգը շարունակում է մնալ առաջատար ու ղեկավար ուժ, քանի որ համաժողովրդական սեփականության գլխավոր կրողն է և, որպես այդպիսին, բարձր է կանգնած հանրայնացման համեմատաբար ցածր աստիճանի վրա գտնվող կոլտնտեսային սեփականությունը կրող գյուղացիությունից։ Բ․ դ․ և գ․ դ–ի մասին մարքս–լենինյան ուսմունքը և նրա իրականացման գծով ՍՄԿԿ հարուստ փորձը ստեղծագործաբար կիրառվում են մյուս սոցիալիստական երկրներում։ Դա օգտագործում են նաև զարգացող ու կապիտալիստական երկրների կոմունիստական կուսակցությունները։

Գրկ․ Ленин В․ И․, О союзе рабочего класса и крестьянства․ [Сборник], М․, 1969; Ամիրյան Ս․ Ս․, Բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը արդի էտապում, Ե․, 1967։ Օհանջանյան Բ․ Ս․, Հայաստանի բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի պատմությունից (1953 – 65 թթ․), Ե․, 1970; Алексеева В․ М․, Развитие союза рабочих и крестьян в период перехода к коммунизму, Л․, 1967․

Ա․ Բաղմանյան

ԲԱՆՎՈՐԱ-ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ԲԳՏ, Բանգյուղտեսչություն), սովետական պետական վերահսկողության մարմին։ Գործել է 1920-34-ին։ Ստեղծվել է Համառուսաստանյան ԿԳԿ–ի 1920-ի փետր․ 7-ի դեկրետով։ ԲԳՏ-ի խնդիրն էր՝ պայքարել նյութական արժեքների և պարենի խստագույն հաշվառման, պետական ապարատի կատարելագործման, մասնավոր կապիտալի սահմանափակման համար։ Մինչև դատախազության մարմինների ստեղծումը (1922) կառավարման մեջ օրինականության հսկողությունը իրականացնում է ԲԳՏ։ ՌԿ(բ)Կ XII համագումարի (1923) որոշմամբ ստեղծվեց կուսակցական