Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/290

Այս էջը հաստատված է

համար ստեղծել աշխատանքային և կենցաղային միատեսակ պայմաններ, մտցնել 8-ժամյա աշխատանքային օր, բարձրացնել աշխատավարձը։ Մասսաների ճնշման տակ էսեռա–մենշևիկյան սովետի գործադիր կոմիտեն հոկտ․ 13-ին հրաժարական տվեց, նույն օրը սովետի նիստում ընտրվեց ժամանակավոր գործադիր կոմիտե՝ Ս. Գ. Շահումյանի գլխավորությամբ։ Նոյեմբ․ 2(15)-ին, Բաքվի սովետի նիստում, բոլշևիկները առաջարկեցին որոշակի միջոցներ գործադրել իշխանությունը սովետներին անցնելու համար։ Աջ էսեռները, մենշևիկները և դաշնակցականները ցուցադրաբար հեռացան նիստերի դահլիճից (ներկա գտնվող 468 պատգամավորներից հեռացավ 124-ը)։ Սովետում մնացին ձախ էսեռները, որոնք բլոկի մեջ մտան բոլշևիկների հետ։ Այս նիստում սովետի գործադիր կոմիտեն հռչակվեց որպես Բաքվի և նրա շրջանի իշխանության բարձրագույն օրգան։ Ընտրվեց նոր գործադիր կոմիտե, որի կազմի մեջ մտան Ս․ Գ․ Շահումյանը, Պ․ Ա․ Ջափարիձեն, Ի․ Տ․ Ֆիոլետովը, Ս․ Մ․ Էֆենդիևը, ձախ էսեռ Մ․ Հ․ Վեզիրովը և ուրիշներ։ Որոշում ընդունվեց սովետ վերանվանել բանվորների և զինվորների դեպուտատների Բաքվի սովետ։ Նորընտիր գործադիր կոմիտեն բանվորներին և ամբողջ ազգաբնակչությանը հայտարարեց, որ Բաքվում հաստատվել է սովետական իշխանություն և կոչ արեց պաշտպանել Ռուսաստանի բանվորա-գյուղացիական կառավարությանը։ Սովետը կոչով դիմեց Բաքվի նահանգի բոլոր գյուղացիներին՝ ստեղծել գյուղացիական կարմիր գվարդիա։ Բանակի կազմակերպման աշխատանքը գլխավորում էր Գ․ Կորգանովը։ 1918-ի ապրիլի 25-ին կազմվեց ժողովրդական կոմիսարների սովետ, որի նախագահ հաստատվեց Ս․ Շահումյանը։ 1918-ի ապրիլին ժողկոմսովետը հրատարակեց դեկրետ կալվածատիրական բոլոր հողերը գյուղացիներին հանձնելու մասին։ Նույն թվի մայիսին, Բաքվի կուսակցական կոնֆերանսում որոշվեց ազգայնացնել նավթարդյունաբերությունը և բանկերը։ Անգլ․ ինտերվենտների կողմից հովանավորվող էսեռների և մենշևիկների դավադրության պատճառով 1918-ի հուլիսի 31-ին սովետական իշխանությունը Բաքվում ժամանակավորապես ընկավ (տես Բաքվի կոմունա)։ Բաքվի սովետը դադարեց գործելուց։

1917-ին Հայաստանի մի շարք քաղաքներում (Երևան, Ալեքսանդրապոլ, Սարիղամիշ, Կարս) և զորամասերում գործում էր մոտ 25 սովետ։ Կազմակերպական կառուցվածքով և գործելակերպով վերջիններս չէին տարբերվում կենտրոնական շրջանների սովետներից։ Ժողովրդական զանգվածների և զինվորների աջակցությամբ Հայաստանի սովետները ակտիվորեն մասնակցել են մի շարք կարևոր հարցերի լուծմանը։ Բոլշևիկները պայքարում էին սովետներում մանրբուրժուական և բուրժուա–նացիոնալիստական կուսակցությունների մեկուսացման համար։ 1918-ի սկզբներին, Անդրկովկասի սահմաններից Կովկասյան բանակի հեռանալուց հետո, սովետները կորցրին իրենց ուժը։ Ռազմական ինտերվենցիան (1918) ժամանակավորապես կասեցրեց սովետական իշխանության հաստատումը։ Սովետական կարգերի հաստատումից հետո (1920 նոյեմբեր) սովետները միաձուլվեցին գյուղացիական սովետների հետ՝ կազմելով ՀՍՍՀ քաղ․ հիմքը։

Գրկ․ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե․, 1967։ Միկոյան Ա․ Ի․, Պայքարի ուղիով, գիրք 1, Ե․, 1972։ Большевики в борьбе за победу социалистической революции в Азербайджане (Документы и материалы 1917 1918 гг․), Баку, 1957; Очерки истории Коммунистической партии Азербайджана, Баку, 1963; Гарибджанян Г․ Б․, В․ И․ Ленин и большевики Закавказья, М․, 1971․

Մ․ Նիկողոսով

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԱՎ–ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, առաջին բանվորական, հեղափոխական–քաղաքական կազմակերպությունը Ռուսաստանում։ Ձևավորվել է 1875-ին, Օդեսայում։ Կազմակերպել է Ե․ Օ․ Զասլավսկին։ Միության նպատակն էր «պրոպագանդել կապիտալի և արտոնյալ դասակարգերի ճնշումից բանվորների ազատագրման գաղափարը», բանվորներին միավորել «հաստատված տնտեսական ու քաղաքական կարգի դեմ ապագա պայքարի»։ Ուներ 60-ից ավելի ակտիվ անդամներ (Ֆ․ Ի․ Կրավչենկո, Վ․ Յա․ Մրաչկովսկի, Ս․ Ս․ Նաումով և ուրիշներ) և 150–200 համակրող։ Նրանք մասնակցել են 1875-ի երկու գործադուլների նախապատրաստմանը, փորձել են իրենց գործունեությունը տարածել հվ. քաղաքներում (Նիկոլաև, Տագանրոգ, Սևաստոպոլ)։ 1875-ի դեկտեմբերին ոստիկանությունը ցրել է միությունը, ձերբակալել ավելի քան 60 անդամի։

ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Ինտերնացիոնալ առաջին։

«ԲԱՆՎՈՐ–ՊԱՐԻԶ», ամսաթերթ, ապա շաբաթաթերթ, վերջում կիսամսյա։ Լույս է տեսել 1924–25-ին, Փարիզում։ Եղել է Ֆրանսիայի կոմկուսի հայկ․ սեկցիայի («Հայ աշխատանքի խմբի») օրգանը։ Առաջին հայերեն բանվորական–կոմունիստական թերթն էր Ֆրանսիայում։ Նպատակադրվել էր բարձրացնել Ֆրանսիայի հայ բանվորների դասակարգային գիտակցությունը, ներգրավել նրանց արհեստակցական միությունների մեջ և մասնակից դարձնել երկրի բանվորական շարժմանը։ Պրոպագանդել է մարքսիստական ուսմունքը, աշխատավորների հեղափոխական պայքարի պատմությունը, միջազգային կոմունիստական շարժման հարցերը։ «Բ․-Պ․» ժողովրդականացրել է Սովետական Հայաստանի նվաճումները, պայքարել բուրժուական նացիոնալիզմի դեմ։ Թերթում լայն տեղ է տրված Ֆրանսիայի հայ գաղութի և մասնավորապես հայ աշխատավորության կյանքին, որբերի տեղավորման և ներգաղթի հարցերին։

Մ․ Բաբլոյան

ԲԱՆՏ, շինություն, ուր արգելափակվում են ազատազրկման դատապարտված հանցագործները։ Տես նաև Ազատազրկում հոդվածում։

ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ, տես Ազատազրկում։

ԲԱՆՏԵՆԳ (Bos banteng), սնամեջ եղջերավորների ընտանիքի, ցուլերի ենթաընտանիքի երկկճղակավոր որոճող կենդանի։ Կան վայրի և ընտանի տարբերակներ։ Վայրի Բ․ փոքր է և ունի համաչափ մարմնակազմ։ Իրանի երկարությունը 2 մ է, մնդավի բարձրությունը՝ 1,5 մ, կենդանի քաշը՝ 250–350 կգ։ Եղջյուրները խոշոր են (40–50 սմ), ծռված դեպի վեր և ներս։ Ցուլերը մուգ մոխրագույն են, իսկ կովերը՝ թուխ շիկագույն։ Սեռահասուն է դառնում երկու տարեկանից։ Փոքր հոտերով տարածված է Հնդկաչինի, Մալայան արշիպելագի կղզիների հարթավայրերում և լեռնային անտառներում։ Ընտանի Բ․, Բալիի տավարը (ընտանեցված է Բալի կղզում) լավ հարմարված է շոգ կլիմայական պայմաններին։ Օգտագործվում է որպես բանող և մսատու տավար։ Ընտանի տավարի և Բ–ի տրամախաչումից ստացված խառնածինն անպտուղ է։

ԲԱՆՏԻՆԳ (Banting) Ֆրեդերիկ Գրանտ (14․11․1891, Ալիսոն − 22․2․1941, Նյուֆաունդլենդ), կանադական ֆիզիոլոգ։ 1916-ին ավարտել է Տորոնտոյի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների հորմոնը՝ ինսուլինը, հայտնաբերելու և մաքուր վիճակում ստանալու համար Բ–ին (հեղինակակցությամբ) շնորհվել է նոբելյան մրցանակ (1923)։ Զոհվել է օդային աղետի ժամանակ։

ԲԱՆՏՈԻԴ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Աֆրիկյան լեզուներ։

ԲԱՆՏՈՒ, 1․ լեզվաընտանիք (տես Աֆրիկյան լեզուներ)։ 2․ Բ․ լեզուներով խոսող ժողովուրդների անվանումը։ Բնակվում են Աֆրիկայի կենտրոնական և հվ․ մասերում (մոտ 83 մլն, 1967)։ Պատկանում են նեգրոիդ ռասային, ընդհանուր ծագում ունեցող ազգակցական խմբեր չեն (Կոնգոյի ավազանի անտառային շըրջանների բնակիչները մաշկի գույնով, հասակով և կզակի ցցվածքով խիստ տարբերվում