Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/291

Այս էջը հաստատված է

են Մեծ լճերի շրջակայքի բնակիչներից, թեև բոլորն էլ խոսում են Բ. լեզուներով:

ԲԱՆՏՈՒ ԼԵԶՈՒՆԵՐ, տես Աֆրիկյան լեզուներ։

ԲԱՇ ՉԱՐՏԱՂ, գյուղ Տրապիզոնի վիլայեթում, Օրդու քաղաքից հարավ–արևելք, Բաշ Չարտաղ հայաբնակ գավառակի կենտրոնը։ 1914-ին ուներ 46 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲԱՇԱԼՅԱՆ Լևոն (կեղծանունները՝ Թափառիկ, Ծիծեռնակ, Լ․ Զարթումյան) (24․9․1868, Կ․ Պոլիս − 2․2․1943, Վիշի, Ֆրանսիա), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «Ութսունականներ» գրական շարժման նշանավոր դեմքերից։ Ավարտել է տեղի Պերպերյան վարժարանը (1883)։ 1884-1895-ին եղել է «Արևելք»-ի, «Մասիս»-ի, «Հայրենիք»-ի օգնական–խմբագիրը։ Լոնդոնում խմբագրել է «Նոր կյանք» հանդեսը (1898–1901)։ 1902-ից ապրել ու աշխատել է Բաքվում, որոշ ժամանակ նաև՝ Պետերբուրգում։ 1920-ին մշտական բնակություն է հաստատել Փարիզում, խմբագրել «Լը Ֆուայե» («Օջախ») ֆրանսերեն–հայերեն ամսաթերթը (1928–32)։ 1922–23-ին մասնակցել է Լոզանի կոնֆերանսին՝ որպես հայ ազգային պատվիրակության խորհրդական։ Իբրև ՀԲԸՄ վարչության անդամ և ներկայացուցիչ՝ 1924-ին այցելել է Սովետական Հայաստան։ Ֆրանսահայ առաջավոր մտավորականների շարքերում մասնակցել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) աշխատանքներին, նպաստել հայրենիքի և սփյուռքի կապերի ամրապնդմանը։ Թաղված է Փարիզում։

Գրական գործունեությունն սկսել է 1884-ից՝ թարգմանություններով (ֆրանսերենից), հոդվածներով, քրոնիկներով։ Անդրանիկ նովելը («Հմայաթափ») տպագրվել է 1888-ին։ Հայ նովելագրության ընտիր էջերից են «Ղալաթիո րեսդը» (1889), «Խաչախճին» (1890), «Պալըխճի Գևորգ»-ը (1890), «Տերտերին ուխտը» (1890, էկրանացվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից, 1965), «Աղավնիներ»-ը (1893), «Կաղանդ»-ը (1898), «Ցեղին ձայնը» (1898)։ Բ–ի նովելներին բնորոշ է արդար աշխատանքի և աշխատավոր մարդու դրվատումը։ Արվեստի լիարժեք նմուշներ են նրա ակնարկ–ուղեգրությունները՝ «Միջերկրականի հիշատակներ» (1891–92), «Արմաշի ուխտագնացությունը» (1892), «Թուրքահպատակի մը արկածները մեծ պատերազմի ատեն» (1939)։ Նրա գրչին են պատկանում հարյուրավոր քրոնիկներ, գրադատականներ, հրապարակախոսական հոդվածներ, քաղ․ տեսություններ։ Ֆրանսերենից թարգմանել է Ժյուլ Մառի, Ժյուլ Վեռնի, Սարդուի և այլոց ստեղծագործություններից։ Բ–ի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ռուս․, ֆրանս․, արաբ, և այլ լեզուներով։

Երկ․ Նորավեպեր և պատմվածքներ, Փարիզ, 1943։ Ընտիր երկ․, Ե․, 1962։

Գրկ․ [ԱրՓիարյան Ա․], Արևմտյան հայոց արդի գրականությունը, «Բանբեր գրականության և արվեստի», 1904, գիրք 2։ Փափազյան Վ․, Սրտիս պարտքը, Ե․, 1959։ Մանուկյան Ս․, Լևոն Բաշալյան, Ե․, 1969։ Պարիկյան Հ․, Լևոն Բաշալյան, Հալեպ, 1970։

Ս․ Մանուկյան

ԲԱՇԱՂԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Չարսանճագի գավառում։ 1914-ին ուներ 116 տուն, որից 100-ը հայ, 16-ը՝ քուրդ։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Սարգիս) և վարժարան։ Բ–ի մոտ էր Մ․ Հովհաննեսի վանքը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակչությունը լրիվ բնաջնջվել է։

ԲԱՇԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևելք։ Միավորված է Փոքր Սարիարի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։ Հիմնադրվել է 1830-ական թթ․։ Բնակիչների նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից։

ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ Գևորգ Զաքարի [16(28)․ 9․ 1857, Սղնախ, Վրաստան − 4․ 10․1925, Թիֆլիս], հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր։ 1876–78-ին սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (Թիֆլիս), 1879–83-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (ղեկ․ Մ․ Կ․ Կլոդտ)։ «Կեչիների պուրակ» (1883) բնանկարի համար պարգևատրվել է ակադեմիայի արծաթե մեդալով։ 1883-ին վերադարձել է Թիֆլիս, շրջագայել է Հայաստանում, ստեղծել Դիլիջանը, Սևանը, Արարատյան դաշտը պատկերող էտյուդներ և պատկերներ, որոնք ցուցադրել է Թիֆլիսում։ 1884-ին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի դարաշրջանի և ժամանակակից եվրոպական արվեստին, ապա ճանապարհորդել Շվեյցարիայում։ Բ․ ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Շուրջ 40 տարի ցուցահանդեսներ է կազմակերպել կովկասյան հայաբնակ քաղաքներում, ինչպես և Պետերբուրգում, Մոսկվայում, Փարիզում (ուր ապրել է 1899–1901-ը)։ Ստեղծել է ավելի քան 1000 նկար, որոնց մեծ մասը հայրենի բնության տեսարաններ են։ Նրա ստեղծագործության մեջ բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն ստացավ։ Վաղ շրջանի գործերին բնորոշ են բնության մանրազնին պատկերումը և ակադեմիական նկարչության որոշ տարրերի կիրառումը («Արարատ», 1883, «Խ․ Աբովյանի տունը Քանաքեռում», 1884, «Կեչիով բնանկար», 1888, «Ձնհալը Կովկասում», 1890)։ 1890-ական թթ․ նկարչի արվեստի վերելքի և ծաղկման շրջանն է։ «Սևանա լիճը լուսնյակ գիշերով» (1894), «Արարատ» (1895), «Կազբեկ» (1895), «Դիլիջանի ճանապարհը» (1895), «Սևան» (1896), «Հրազդան գետը Երևանից» (1897), «Անձրևային օր Սևանում» (1899) և այլ գործեր աչքի են ընկնում բարձր ոգեշնչվածությամբ, բնության հուզական ընկալումով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի իրական դրսևորումներով։ Բ․ խաղաղ բնության նկարիչ է։ Նա չի պատկերել փոթորկի, ալեկոծման տեսարաններ։ Գեղարվեստական մեծ ընդհանրացումներով ու համոզչականությամբ վերարտադրել է անդորր ջրերի պարզությունն ու թափանցիկությունը («Սևանում», 1895, «Անդորրություն», 1901), կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի լայն տարածությունները («Ալազանի հովիտը», 1907, «Արարատը և Արաքսը», 1908, «Զանգեզուրի լեռներում», 1904), երկնաքեր լեռների ու անդնդախոր ձորերի վեհությունը («Սանահինի ձորը», «Դարիալի կիրճը», 1910, «Արարատը», 1912)՝ ընդգծելով բնության էպիկականությունն ու մոնումենտալությունը։ Բ․ ստեղծել է ավարտված և ամբողջական բնանկար–պատկերներ։ Նրա ստեղծագործությունները տոգորված են խոր հայրենասիրությամբ։

Բ․ ճանաչվել է նաև որպես գրող։ Ունի պատմվածքներ, նովելներ, ակնարկներ, ուղեգրություններ, պիեսներ, հոդվածներ արվեստի և գրականության մասին։ Նա եռանդուն գործունեություն է ծավալել Սայաթ–Նովայի տաղերի հավաքման և հրատարակման, նրա մահարձանի կառուցման, Խ․ Աբովյանին և Րաֆֆու գերեզմանին հուշարձաններ կանգնեցնելու, հայ ճարտարապետական կոթողների վերանորոգման և ժողովրդի մեջ կերպարվեստի պրոպագանդման ուղղությամբ։ Բ–ի ստեղծագործությունների գերակշռող մասը գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում: