Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/302

Այս էջը հաստատված է

Երասխի ու Մուրցի գետախառնունքից ոչ հեռու գտնվում են Բ–ի գետնաբուխ ջերմուկները (30°C-40°C), որոնք հնուց ի վեր օգտագործվում են բուժիչ նպատակներով։ Տակավին գործում են 3 հնագույն բաղնիքները։

Արշակունիների օրոք Բ․ Որդունիների նախարարական տիրույթն էր։ IV դ․ կեսից Բ–ի տերը հիշատակվում է «Բասենոյ դատ աւորն» անունով, որն ըստ Ներսես Մեծի գահնամակի զբաղեցնում էր 78-րդ, իսկ ըստ Սահակյան գահնամակի՝ 20-րդ իշխանական բարձը։ Ըստ Ագաթանգեղոսի, Բ–ի առաջին եպիսկոպոս Եվտաղիոսը (քրմորդի) հոգևորական նվիրապետության մեջ ունեցել է երկրորդ գահը (Գրիգոր Լուսավորչից հետո)։ Բ–ի իշխանի և եպիսկոպոսի աթոռանիստը, ըստ Փավստոս Բուզանդի, եղել է Որդորու կամ Որդրու ավանը։ Որդորուն, ինչպես և հաճախ նրա հետ հիշվող Դու գյուղը գտնվում են Վերին Բ–ի Աղբերականաց դաշտում (հավանորեն նույնանում են այժմյան Մեծ և Փոքր Դու գյուղերին)։ Հայաստանի 387-ի բաժանումով Բյուզանդիայի և Պարսկաստանի սահմանագիծն անցել է Դու գյուղով, ուր պահվել է պարսկ․ կայազոր։ Ըստ հայ եպիսկոպոսությունների ուխտանեսյան դասակարգման, ուշ միջնադարում Բ–ի եպիսկոպոսը 30 եպիսկոպոսների ցանկում 11-րդն էր։ Ծիրանիք լեռան հս–արլ․ կողմում գտնվում էր Բ–ի Ս․ Աստվածածին կամ Կարմիր վանքը։ Նրա գմբեթավոր եկեղեցու շինությունը վերագրվում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն, ուր, ըստ ավանդության, ամփոփված է նրա աճյունը։ Այս վանքի կամ մենաստանի թեմն ուներ ավելի քան 300 գյուղ, ավան, շեն։ Մովսես Խորենացին հիշատակում է «մեծ ավան Բասենոյ» Վաղարշավանը՝ հիմնված Վաղարշ Բ Արշակունի թագավորի օրոք (196-215)։ Արիստակես Լաստիվերցին XI դ․ Վաղարշավանն անվանում է «մեծ դաստակերտ», որը 1046-47-ին կործանել են սելջուկ–թուրքերը (ավերակները պահպանվում են Հովվի կամրջի մոտ՝ այժմյան Քեոփրուքեոյից ոչ հեռու)։ Ղազար Փարպեցին հիշատակում է Ալվար գյուղը և Բողոբերդը (Դու գյուղի մոտ), ուր IV դ․ Շապուհ II բանտարկել է Կամսարական իշխանուհիներին։ Բ–ի նշանավոր բերդերից է Հասանաբերդը կամ Հասանկալան՝ Ծիրանիքի հվ–արմ․ ստորոտում, Երասխի ձախ ափին։ Բերդի անունը վերագրվում է Գրիգոր Մագիստրոսի ազգական Հասան իշխանին։ Թուրք պատմիչները հնարել են, որ իբր XV դ․ բերդն իր անունով է կոչել Ակ–Կոյունլու ցեղի առաջնորդ Ուզուն–Հասանը։ Ելնելով բերդաքաղաքի հնագույն շինություններից և դիրքից՝ Ղ․ Ինճիճյանն այն նույնացնում է Պրոկոպիոս Կեսարացու հիշատակած Վիզանի (Բասեն) քաղաքին, որը կոչվել է նաև Լևոնդոպոլիս, Հուստինիանեա կամ Հուստինիանուպոլիս։ Ղ․ Ալիշանը Հասան–կալան և Դարույնք բերդը նույնացնում է։ Կրկնապարիսպ Հասան–կալան կառուցված էր սեպաձև ժայռի գագաթին, ուներ միադարպաս միջնաբերդ, ուր կարելի էր մտնել միայն հետիոտն։ Այն Բ–ի սանջակի վարչական կենտրոնն էր, XIX դ․ սկզբին ուներ ավելի քան 1700 տուն բնակիչ։ 1829-ին և 1877-ին Հասան–կալան առանց դիմադրության գրավեցին ռուսական զորքերը։ Հասան–կալայի հայ բնակչության զգալի մասը ռուսական նահանջող զորքի ուղեկցությամբ բռնեց գաղթի ճանապարհը։ XX դ․ սկզբին Հասան–կալայում մնացել էր ընդամենը 45 հայ ընտանիք։ Բ–ի բերդաքաղաքներից էր Ավնիկը (այժմյան համանուն գյուղը Կուճուռ գետակի մոտ), որը կառուցված էր լեռան կատարին և ուներ ամուր պարիսպներ։ Կոստանդին Ծիրանածինը այն անվանել է ինքնիշխան քաղաք։ Սելջուկ–թուրքերի առաջնորդ Տուղրիլը 1051-ին չկարողացավ գրավել այն։ Իսկ XIV դ․Լենկթեմուրն Ավնիկը գրավեց միայն մեկամսյա համառ կռիվներից հետո։ Կարգա–բազար լեռների ստորոտում, Արջահովիտ կոչվող վայրում գտնվում էր Կապուտրու բերդը, որտեղ սելջուկ–թուրքերի դեմ մեծ ճակատամարտ են մղել հայ, վրաց և բյուգանդական միացյալ զորքերը (տես Բասենի ճակատամարտ 1049)։ Մեծրաց լեռների ստորոտում, Ս․ Խաչի ու Զեկ գետակի մոտ Մաժանկերտ բերդավանն էր (այժմ Մժնկերտ գյուղ)։ Հնում եղել է իշխանանիստ։ Այժմ բերդն ավերակ է։ Բ–ի բերդերից հիշատակվում են նաև Բութակ կամ Բերդակը (Դու գյուղից հս․) և Խնձոր–բերդը (Այգորդ լեռան հս–արլ․ կողմում)։ Ստորին Բ–ի վարչական կենտրոնը Իարասան քաղաքն էր։

Բ–ի մի շարք գյուղերի անուններ հայ մատենագրության մեջ հիշատակվում են վաղ միջնադարից։ Ալվար գյուղը հիշվում է V դ․։ Ասողիկը հիշատակում է Գոմաձոր գյուղաքաղաքը, որի բնակչության զգալի մասը 830-ականին սրատվեց՝ Թեոփիլոս կայսեր ներխուժող զորքին դիմադրություն ցույց տալու համար։ Ծիրանյաց լեռան ստորոտին գտնվող Ավկամի կամ Ոկոմի ավանագյուղը (այժմ Ոկոմի գյուղ) XI դ․ ուներ ավելի քան 30 հզ․ բնակիչ։ 1021-ին ենթարկվելու! բյուզանդական, 1056-ին՝ սելջուկ–թուրքերի ավերիչ հարձակումներին, այն վերածվեց անշուք գյուղի։ Բլուր կամ Բլուրք գյուղը (Երասխի աջափին) XI դ․ պարսպապատ ավան էր, որը կործանեցին սելջուկ–թուրքերը։ Զուին գյուղը Ղ․ Ալիշանը նույնացրել է VI դ․Պրոկոպիոս Կեսարացու հիշատակած Ծումինային։ XI դ․ հիշվում են Վաղավեր (Ավնիկից արլ․, Բոցիկ լեռան արմ․ կողմում), Աալքորա (այժմ Աարիքյուլի, որտեղ XX դ․սկզբին մնացել էր ընդամենը 4 հայ ընտանիք) գյուղերը։ Եթե ստույգ է Իշխու կամ Իշխս գյուղի (Իշ գետակի ափին) նույնացումը (Ղ․ Ալիշան) Ոսխային կամ Ոխսային, ապա այն գոյություն ուներ դեռ IV դ․։ Այստեղ տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը։ XIX դ․ Բ․ ուներ շուրջ 150 գյուղ։

Որպես միմյանց թշնամի տերությունների (Հռոմ–Իրան, Բյուզանդիա–Իրան, Իրան–Թուրքիա, Ռուսաստան–Թուրքիա) սահմանագլուխ՝ Բ․ դարերով եղել է նրանց ուժերի բախման թատերաբեմ։ Արտաքին թշնամիները բազմաթիվ անգամ ավերել են Բ–ի բնակավայրերը, ոչնչացրել հայերին, կողոպտել նրանց ունեցվածքը։ 1639-ի իրանա–թուրքական պայմանագրով Բ․ անցել է Թուրքիային։ Թուրքական տիրապետությունը և ռուս–թուրքական պատերազմները (1828-29, 1877-78, 1914-1918) աղետալի եղան Բ–ի հայերի համար։ Հայերը կամ զանգվածաբար գաղթեցին, կամ ոչնչացվեցին։ Բ–ի հայաբնակ գյուղերից հայտնի են՝

Վերին Բասեն
Ախա Կնտեղի
Ախոռճիկ Հարսնեքար
Ամրագոմ Հերթն
Արուճագրակ կամ Ճիճագրակ
Ալիճագրակ Մասսադ (Մազդատ)
Արտի Միատուն
Բլղասոն Մնդեան
Գեղվանք Մունուգոմ
Դալար Յաղան
Դելիբաբա Նաբի
Դիզկա կամ Դիզկի Նիստ
էգեպատ Սանսոր
Թավոնց Սոս կամ Սոսի
Թիմար Սուրբահան
(Ակսիգոմք)
Թորդան Վաղժվան
Ինս Տոտի
Խաչլու Ուզուն–Ահմեդ
Կամրջագեղ (ՔեոՓրյուքյոյ) Քոանիճ
Կեթիվան Օփուկ
Ստորին Բասեն
Ազաբ կամ Ազափ Ծանծաղ
Ալաջա կամ Ալի քիլիսե Ծարս կամ Զարս
Ախո Կարաչուխա
Աստվածածին Կարաքիլիսե
Արմուտլու (Տանձուտ) Կոդաբազ
Արտոսդ Հակոբգոմ
Բաշքեոյու Ձիթահանք
Գետիկ Ճոասոն կամ Ճիրասոն
Գերեք Յուզվերան
Թոդեերան Նորակ
Խլնոց Չովրուկ
Խոզաղբյուր Պետրևանց
Խոտիք կամ Խատիք Ջերմիկ
Խոփերան կամ Ծոփերան Սանամեր

Գրկ․ Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի ժողովուրդների մասին, հ․ 2-3, Ե․, 1964-67։ Ինձիճյան Ղ, Աշխարհագրութիւն չորից մասանցաշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1 (Նոր Հայաստան), Վնտ․, 1806, էջ 84-93։ Նույնի,Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ․,1822։ Ալիշան Ղ–, Տեղագիր Հայոց Մե–ծաց, Վնտ․, 1855։ Նույնի, Այրարատ,Վնտ․, 1890, էջ 15-54։ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912, էջ 175-80։ Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․,1968։ Մ․ Կատվալյան

ԲԱՍԵՆԻ ԴԱՇՏ, սեղանաձև ալիքավոր–դարավանդային սարահարթ Հայկական բարձրավանդակում, Էրզրումից արևելք, Արաքսի վերին հոսանքում։ Եզերվում է հս–ից՝ Չախըր Բաբայի և նրանից անջատվող Կարգաբազարի, արմ–ից՝ Դևեբոյնու, հվ–ից՝ Փալանթյոքյանի լեռներով։ Երկարությունը մոտ 80 կմ է, լայնությունը՝ 20-50 կմ, բարձրությունը՝ 1750-1800 մ։ Կազմված է պալեոգենի և նեոգենի ավազաքարա–կոնգլոմերատային շերտախմբերից (տուֆոգեն ավազաքարեր, մերգելներ, պիրոկլաստներ, ածխաբեր թերթաքարեր), որոնք մերկանում են Արաքսի կիրճում։ Կան ջերմուկներ, տրավերտինների ելուստներ, նավթի և սապրոպելների