Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/303

Այս էջը սրբագրված է

Տեսարան Բասենի դաշտից

երևակումներ։ Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 400-600 մմ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 8°-ից մինչև 6°C է։ Բնորոշ են լեռնատափաստանային սևահողերը և լեռնամարգագետնային շագանակագույն հողերը՝ տարա–խոտա–հացազգի և տափաստանա–մարգագետնային բուսականությամբ։ Բ․ դ. –ում է տեղի ունեցել Բասենի ճակատամարտը։
Ս․ Բալյան

ԲԱՍԵՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1049, ճակատամարտ սելջուկ–թուրքերի և բյուգանդական զորքերի միջև 1049-ի (պատմագրության մեջ հիշվում է նաև 1048 թիվը) սեպտեմբերի 18-ին, Բասենի դաշտում։ XI դ․40-ական թթ․ սելջուկ–թուրքերը, Տուղրիլբեկի եղբոր՝ Իբրահիմ Յանալի և Գթլմուշի գլխավորությամբ, ներխուժել են բյուզանդական տիրապետության տակ ընկած Հայաստան և հրի ու սրի մատնել բազմաթիվ շրջաններ ու քաղաքներ։ Բյուզանդիան փորձել է դիմակայել թշնամու ուժերին։ Բյուզանդական զորքը գլխավորել են Վասպուրականի կատապան (կառավարիչ) Ահարոն Բուլղարը, «Անիի և Իբերիայի» կատապան, հայազգի զորավար Կատակալոն Կեկավմենոսը, Հյուսիսային Միջագետքի կառավարիչ Գրիգոր Մագիստրոսը, որոնց օգնել է վրաց իշխան Լիպարիտը՝ իր քեռորդի Չորտվանելիի հետ։ Հակառակորդները հանդիպել են Բասենի դաշտում, Արջովիտ վայրի Կապետրու (Կապուտրու) բերդի մոտ։ Ահարոն Բուլղարը իր զորքով հեռացել է մարտից, իսկ բյուզանդական զորքը պարտվել։
Գրկ․ Մատթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե․, 1971։ Georgius Cedrenus Joannis Scylitzae Орё, ․ 2, Bonnae, 1839; Michaelis Attalio ae Historia, Bonnae, 1853․
Հ․ Բարթիկյան


ԲԱՍԵՐՄԱՆ (Basserman) Ալբերտ (7․ 9․1867, Մանհայմ - 15․ 5․ 1952, Ցյուրիխ), գերմանացի դերասան։ 1899-1909-ին աշխատել է Օ․ Բրամի ղեկավարությամբ (1904-ից՝ «Լեսինգ–թեատրում»), եղել է նատուրալիստական թատրոնի ստեղծագործական սկզբունքների արտահայտիչը, Իբսենի, Հաուպտմանի պիեսների ողբերգական և կատակերգական կերպարների մարմնավորողը։ Նկարահանվել է գերմանական, ավստրիական և ամերիկյան կինոնկարներում։


ԲԱՍԻԼԵՎՍ (հուն․ (βασιλεύς, միկենյան դարաշրջանի (մ․ թ․ ա․ Ill-II հազարամյակ) Հունաստանում ոչ մեծ բնակավայրի կամ տերիտորիալ համայնքի կառավարիչը, հոմերոսյան դարաշրջանում՝ ցեղի, ցեղային միության գլխավորը՝ օժտված ռազմական առաջնորդի, քրմապետի, դատավորի իրավունքներով։ Բ․ ռազմական դեմոկրատիայի դարաշրջանում ընտրվել է, դասակարգային հարաբերությունների պայմաններում՝ ժառանգել իշխանությունը։ Աթենքում թագավորական իշխանության վերացումից (մ․ թ․ ա․ XI դ․) հետո Բ․ է կոչվել երկրորդ արքոնտը։ Սպարտայում Բ․ համարվել է թագավորական տիտղոս, հելլենիստական պետություններում՝ միապետի անվանում։ Հելլենիզմի դարաշրջանում Բ․ են կոչվել նաև Կոմագենեի, Ծոփքի, Փոքր Հայքի, Մեծ Հայքի հայկական պետությունների թագավորները։ Հին հունական հեղինակները Բ․ են անվանել հռոմեական կայսրերին։ Միջին դարերում Բ․ եղել է բյուզանդական կայսրերի պաշտոնական տիտղոսը։


ԲԱՍԿԵՏԲՈԼ (անգլ․ basket- զամբյուղ և ball- գնդակ), թիմային սպորտային խաղ, որի նպատակն է գնդակը ձեռքերով նետել հակառակորդի զամբյուղի մեջ։ Առաջացել է 1891-ին, ԱՄՆ–ում։ Խաղում են ուղղանկյուն (26x14 մ) հրապարակում կամ դահլիճում (բարձրությունը 7 մ), որի դիմային կողմերում հենարանների վրա դրված են վահաններ զամբյուղներով (առանց հատակի)։ Գնդակի շրջագիծը 75-78 սմ է, կշիռը՝ 600-650 գ։ Խաղում են երկու թիմ, յուրաքանչյուրում 12-ական հոգի, սակայն խաղահրապարակում գտնվում են 5-ը, որոնց կարելի է փոխարինել պահեստային խաղացողներով։
Կողմնային գիծ
Բասկետբոլի խաղահրապարակը
Բասկետբոլի կանգնակը վահանով և զամբյուղով
Զամբյուղ նետած գնդակի համար տրվում է 2 միավոր (տուգանայինից՝ 1)։ Հաղթում է սահմանված ժամանակում առավել միավորներ վաստակած թիմը։ Չափահասների խաղի տևողությունն է 40 ր (մաքուր ժամանակը), կանանցը՝ 36 ր, 15-16 տարեկան պատանիներինը և աղջիկներինը՝ 30 ր, 13-14 տարեկան դեռահասներինը՝ 24 ր։ Բ–ի խաղը անց է կացվում երկու կեսով, 10 ր ընդմիջումով։ Հավասար միավորների դեպքում տրվում է լրացուցիչ ժամանակ՝ 3x5-ական ր, որի ընթացքում եթե հաղթողը դարձյալ չի պարզվում, ապա խաղը կրկնվում է։ 1936-ից տղամարդկանց Բ․օլիմպիական մարզաձև է։ Բ–ի կանոնները հայերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել են Կոստանդնուպոլսում, 1922-ին։ ՀՍՍՀ–ում Բ․ սկզբնավորվել է 1924-ին։ Հայաստանի հավաքականը 1936-ից սկսել է հանդես գալ ՍՍՀՄ առաջնություններում։ ՍՍՀՄ Բ–ի տղամարդկանց հավաքականը 1967-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի, 1972-ին՝ օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչում, իսկ կանանց հավաքականը աշխարհի առաջնությունը նվաճել է 1959-ին, 1964-ին և 1967-ին։ 1957-63-ին ՍՍՀՄ Բ–ի հավաքականի ավագ մարզիչը եղել է Ստ․ Սպանդարյանը։ Հանրաճանաչ բասկետբոլիստներ են եղել Օ․ Քորքիան, Յա․ Կրումինշը, Գ․ Վոլնովը, Մ․ Պաուլաուսկասը (ՍՍՀՄ), Ռ․ Կովաչը, Ս․ Դանեուն (Հարավսլավիա), Ռ․ Կոուսին, Լ․ Ալսինդորը, Ու․ Ռասսելը, Ու․ Չեմբեռլենը (ԱՄՆ)։


ԲԱՍԿԵՐ (ինքնանվանումը՝ էուսկալդունակ), ժողովուրդ։ Ապրում են Իսպանիայի Հիպուսկոա, Բիսկայա, Ալավա և Նավարա նահանգներում (մոտ 800 հզ․, 1970), Ֆրանսիայում (մոտ 130 հզ․), Հարավային Ամերիկայի երկրներում (մոտ 250 հզ․)։ Բասկերեն լեզուն (Էուսկարա) չի մտնում ոչ մի լեզվախմբի մեջ։ Բ․դավանանքով կաթոլիկներ են։ Զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, աշխատում լեռնային և մետալուրգիական արդյունաբերության մեջ։
Բ․ իբերական վասկոններ ցեղի հետնորդներն են։ Արաբական տիրապետության ժամանակ նրանց մեծ մասը պահպանել է անկախություն։ XVI դ․ նրանց բնակեցրած տարածքի հս․ շրջանները մտել են Ֆրանսիայի, իսկ հվ․ շրջանները՝ Իսպանիայի կազմի մեջ և մինչև 1876-ը պահպանել են որոշ արտոնություններ։ Ազգային շրջանների կենտրոնացման և բռնի իսպանականացման քաղաքականությունը, որ ուժեղացել էր XIX դ., հանդիպեց Բ–ի բուռն դիմադրությանը։ 1931-39-ին իսպանական հեղափոխությունը առաջացրեց ազգային շարժման նոր վերելք։ 1936-ի հոկտեմբերին ստեղծվեց ինքնավար շրջան, որն ստացավ Բասկերի երկիր անվանումը։ 1937-ի հունիսին Ֆրանկոյի ֆաշիստական զորքերը գրավեցին Բասկերի երկիրը և ինքնավարությունը կրկին վերացվեց։ Բ–ի գրականության մասին տես Իսպանիա հոդվածում։


ԲԱՍԿԵՐԵՆ, բասկ ժողովրդի լեզուն։ Խոսվում է Իսպանիայում, Ֆրանսիայի Ներքին Պիրենեյան դեպարտամենտում, Լատինական Ամերիկայի երկրներում, հատկապես՝ Ուրուգվայում, Արգենտինայում (1865-75-ից), Մեքսիկայում (XVII դ․1-ին կեսից)։ Խոսողների թիվը՝ ավելիքան 900 000 (1970)։ Բ–ի ծննդաբանական դասակարգման մասին հայտնվել են տարբեր կարծիքներ․ Բ․ կապվել է կովկասյան,