Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/304

Այս էջը սրբագրված է

քամյան, Ամերիկայի հնդկացիական լեզուների, էտրուսկերենի և այլ լեզուների հետ։ Առավել տարածված տեսակետը, որ իբր Բ․ ազգակից է իբերացիների լեզվին, նույնպես չի հաստատված։ Բ․ հարուստ է բարբառներով, որոնք բաժանվում են երկու՝ արևմտյան կամ բիսկայան և արևելյան խմբերի։ Գրական լեզվի հիմքում ընկած է բիսկայան բարբառը և հատկապես Բիլբաո քաղաքի խոսվածքը։ Բ–ի քերականական կառուցվածքին բնորոշ է կցականությունը, մասամբ նաև՝ վերլուծականությունը (գլխավորապես խոնարհման համակարգում)։ Բայն ունի սահմանական, հրամայական և ըղձական եղանակներ, ներկա, անցյալ և ապառնի ժամանակներ, որոնցից վերջինը կազմվում է նկարագրորեն։ Ներկա ժամանակի անցողական բայերին հատուկ է գործողական (էրգատիվ) կառուցվածքը։ Բ–ում անվանական քերականական սեռեր չկան, սակայն բայի դիմավոր ձևում հատուկ ձևույթի միջոցով արտահայտվում է գործողության հետ կապ ունեցող անձի (խնդրի) բնական սեռը, արական և իգական սեռերի համար բայ–ստորոգյալը և գոյականների հոգնակին ստանում են մասնիկներ։ Բ․ հստակորեն տարբերակում է գոյականների անորոշ և որոշյալ առումները։ Բ–ով գրավոր ամենահին հիշատակարանները ավանդված են XVI դ․, ստեղծվել է բավական հարուստ գրականություն։ 1836-ի հոկտ․ 1-ից, ժողովրդի ինքնավարության հռչակումից հետո, լայն ծավալ ստացավ գեղարվեստական գրականության, պարբերական մամուլի հրատարակումը, որը, սակայն, խափանեց Ֆրանկոյի տիրապետությունը։ Գրությունը լատինատառ է։
Գրկ․ Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի․ Ներածություն, Ե․, 1955։ Шишмарев В․, Очерки поистории языков Испании, М․-Л․, 1941; Նույնի, Баскский язык, в кн․։ Культура Испании, М․ - Л․, 1940; Жарков Л․, Проблема языка басков, «Изв․ АН СССР․Отд․ литературы и языка», 1945, т․ 4, в․ 3-4; Mendizabal L․, La langua vasca, BuenosAires, 1943․
Ա․Աբրահամյան


ԲԱՍԿԵՐԻ ԵՐԿԻՐ, Բասկոնիա (Vascongadas, Vasconia, բասկերեն՝ էուսկադի), ազգային պատմական մարզ Հյուսիսային Իսպանիայում, Բիսկայան ծոցի ափին։ Տարածությունը 7, 26 հզ․ կմ2 է։ Բնակչությունը՝ 1834, 5 հզ․ (1969), հիմնականում բասկեր։ Կազմված է Բիսկայա, Գիպուսկոա, Ալավա նահանգներից։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Բիլբաոն է։ Զբաղեցնում է Կանտաբրյան լեռների արլ․ ցածրադիր շրջանի (բարձրությունը մինչև 1475 մ) մի մասը և Բիսկայան ծոցի բլրոտ ափերը։ Կլիման բարեխառն ծովային է։ Տարածված են լայնատերև անտառները։ Բ․ ե․ Իսպանիյաի ծանր արդ․ շրջանն է։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են՝ մետալուրգիան, մետաղամշակությունը, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է երկաթ, արճիճ և ցինկ։ Զարգացած են նավաշինությունը, հաստոցաշինությունը և երկաթուղային սարքավորումների, էլեկտրասարքավորումների, քիմ․, թղթի, ցեմենտի, սննդի արդյունաբերության ճյուղերը։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ, ձկնորսությամբ։ Ունի ծովափնյա առողջարաններ։
Գ․Ավագյան


ԲԱՍԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Իսպանիա․ գրականություն։


ԲԱՍԿՈՒՆ, Բազկան, գյուղ Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Վարդոցի գավառում։ XX դ․ սկզբին ուներ 85 տուն հայ (566) բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


ԲԱՍԿՈՒՆՉԱԿ, աղի լիճ Աստրախանի մարզում, Վոլգայից 50 կմ արևելք (ՌՍՖՍՀ)։ Մակերեսը՝ 106 կմ2, օվկիանոսի մակարդակից ցածր է 19, 5 մ՝․ Բ–ի գոգավորությունը կոմպենսացիոն մուլդ է՝ ընկած Մեծ Բողդո աղագմբեթից հարավ։ Այլ տվյալներով առաջացել է աղագմբեթի տեղում, որը քայքայվել է Կասպից ծովի վերջին տրանսգրեսիայի հետևանքով։ Սնվում է աղի աղբյուրներից ու տեղումներից։ Այստեղ արդյունահանվում է մեծ քանակությամբ կերակրի աղ (տարեկանմոտ 4 մլն տ), հանույթը մեքենայացված է։


ԲԱՍՄԱՉՈՒԹՅՈՒՆ (թուրք․ բասմակ՝ անակնկալ հարձակվել), հակահեղափոխական, ազգայնական զինված շարժում Միջին Ասիայում 1917-26-ին։ Ազգային բուրժուազիայի, ֆեոդալների, բայերի, կուլակների, մոլլաների՝ սովետական իշխանության դեմ ուղղված դասակարգային պայքարի ձև, որին աջակցում և ուղղություն էին տալիս անգլո–ամերիկյան ինտերվենտները, ռուս սպիտակ գվարդիականները, Թուրքիայի, Չինաստանի և Աֆղանստանի հետադիմական շրջանները։ Բ–յան գաղափարական հիմքն էր՝ պանիսլամիզմը, պանթյուրքիզմը, բուրժուական նացիոնալիզմը։ Անմիջական ղեկավարներն էին «Շուրա–ի–իսլամ», «Ուլեմա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով հակահեղափոխական «Կոկանդի ինքնավար կառավարությունը», կազմեցին բասմաչների հրոսակախմբեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ սովետական իշխանության դեմ՝ նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել Սովետական Ռուսաստանից։ Բ․ մեծ չափեր ընդունեց հատկապես 1919-ի սեպտեմբեր–հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների միացյալ զինված ուժերը զավթեցին Օշը, Զելալ–Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ Ֆերգանային։ Թուրքեստանյան ռազմաճակատի (հրամանատար Մ․ Ֆրունզե) զորքերը 1920-ին ջախջախեցին կուլակա–բասմաչական բանակը։
Բ–յան վերացման և սովետական իշխանության ամրապնդման գործում Միջին Ասիայի ժողովուրդներին մեծ օգնությունցույց տվեց ՌՍՖՍՀ Կենտգործկոմի և ժողկոմխորհի՝ 1919-ին ստեղծված Թուրքեստանյան հանձնաժողովը (Մ․ Ֆրունզե, Վ․ Կույբիշև, Յա․ Ռուձուտակ և ուրիշներ)։ 1921-ի հոկտեմբերին Բուխարա ժամանեց Թուրքիայի նախկին ռազմ. մինիստր, պատերազմական հանցագործ, 1915-16-ի հայերի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Էնվեր փաշան, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հզ․ մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ բանդաները և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի ժողովրդական սովետական հանրապետության տերիտորիայի զգալի մասը։ Սովետական կառավարությունն ու ՌԿ (բ)Կ Կենրոկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ։ Կարմիր բանակի կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցույց տվեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները։ 1922-ի հունիս–հուլիսին Էնվերի բանակը ջախջախվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ (օգոստոս)։ 1929-30-ին բասմաչների նորանոր խմբեր թափանցեցին Միջին Ասիա՝ նպատակ ունենալով խանգարել կոլեկտիվացմանը։ Բ–յան վերջնական վերացմանը մեծապես նպաստեց լենինյան ազգ․ քաղաքականության սկզբունքների կիրառումը Միջին Ասիայում։
Բ–յան դեմ մղված մարտերում սովետական շատ զորահրամանատարների (Ս․ Բուդյոննի, Ի․ Բրեգաձե, Ա․ Սոկոլով, Կ․ Ալիխանով, Ա․ Տոդորսկի և ուրիշներ) կողքին աչքի ընկան նաև հայ ժողովրդի զավակները՝ հեծյալ բրիգադի հրամանատար Հ․ Մելքումովը, Թուրքեստանի ռազմաճակատի ռազմահեղափոխական խորհրդում ՌԿ (բ)Կ Միջին Ասիայի բյուրոյի լիազոր Օ․ Սահակյանը, «Սամարղանդ» նավի կոմիսար Խ․ Աբրահամյանը, հեծյալ միավորման հատուկ բաժնի պետ, հետախույզ Գևորգ Սարուխանյանը, քաղաքացիական կռիվների հերոս Ալեքսանդր Տոնիյանը, Արտեմ Թելյանցը, Հայկ Մկրտչյանը, Իվան Նարինյանը։ 1918-20-ին Բ–ի դեմ կռվել է նաև հետագայում հրետանու գեներալ–գնդապետ, Սովետական Միության հերոս Մ․ Պարսեղովը։
Գրկ․ Ленин В․ И․, О Средней Азиии Казахстане, Ташкент, 1960; Иностранная военная интервенция и гражданская война в Средней Азии и Казахстане․ [Документы иматериалы], т․ 1-2, Алма-Ата, 1963-64; Мелькумов Я․ А․, Туркестанцы, М․, 1960․


ԲԱՍՄԱՋՅԱՆ, Պասմաճյան, Կարապետ (1864, Կոստանդնուպոլիս -17․ 5․1942, Փարիզ), հայ բժիշկ, պատմաբան, բառարանագիր։ Նախնական կրթությունն ստացել է Բանկալթիի Ս․ Հակոբի, ապա դեղագործական վարժարանում, որն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ, ստացել պատմա–լեզվագրական կրթություն։ Ուսումնասիրել է արևելյան լեզուներ։ 1899-1907-ին Փարիզում հրատարակել է «Բանասեր» պատմական, հնախոսական, գրական հանդեսը՝ տպագրելով հայ բժշկության պատմության վերաբերյալ արժեքավոր ուսումնասիրություններ։ Եղել է ֆրանս․ բժշկա–պատմական ընկերության ցմահ անդամ, պարգևատրվել հանրային կրթության գործչի ոսկե պատվանշանով։ Իրագործել է Ամիրդովլաթի «Անգիտաց անպետ»-ի գիտական հրատարակումը (1926) արաբական աղբյուրների բաղդատմամբ և ծանոթագրություններով։ Բ․ այդ աշխատության մեջ եղած ավելի քան 3000 դեղանյութերի արաբ. և հայերեն անունները թարգմանել է ֆրանս․ և լատ․,