Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/307

Այս էջը սրբագրված է

կռունկները», 1957), Գուրով («Շնիկով տիկինը», ըստ Ա․ Չեխովի, 1960), Գուսև («Տարվա ինը օրը», 1962)։ Որպես կինոռեժիսոր հայտնի է «Շինել» (I960), «Երեք հաստլիկներ» (1966), «Խաղամոլը» (1972) կինոնկարներով։


ԲԱՏԵՐՖԼԱՅ (անգլ․ butterfly - թիթեռ), սպորտային լողաձև։ Լողորդը, պահպանելով մարմնի հորիզոնական դիրքը, առաջ տարածած ձեռքերով կատարում է թիավարման շարժումներ դեպի ներքև և ետ, իսկ ոտքերը, ծալվելով ծնկային և կոնքազդրային հոդերում, կատարում են հրում։ Արտաշնչելիս գլուխն իջեցվում է ջրի մեջ։ Ծագել է 1934-ին։ 1952-ին լողի միջազգային ֆեդերացիան այն ընդունել է որպես առանձին լողատեսակ՝ բաժանելով բրաս լողաձևից։ 1953-ին առաջացել է Բ–ի ավելի կատարելագործված տարբերակը՝ դելֆին լողաձևը։


ԲԱՏԻԿՅԱՆ Բատիկ Ստեփանի [15․ 10․1892, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո) -8․ 10․ 1920], բոլշևիկ–հեղափոխական։ ՌՍԴԲԿ անդամ 1907-ից։ Մասնակցել է Հ․ Սարուխանյանի կազմակերպած մարքսիստական խմբակի աշխատանքներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռուսական բանակ։ Ավարտել է Ժիտոմիրի սպայական դպրոցը, ծառայել Կարպատյան ռազմաճակատում, մասնակցել գնդի բոլշևիկյան բջջի ընդհատակյա աշխատանքներին։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է 114-րդ ցարիցինյան գնդի կոմիտեի անդամ։ Սեպտեմբերին վերադարձել է Նոր Բայազետ և ծավալել հեղափոխական գործունեություն։ 1919-ին Բ–ի ղեկավարությամբ ստեղծվել է «Նոր Բայազետի երիտասարդական միություն»-ը, որը հետագայում վերանվանվել է <Սպարտակ>։ Բ․ ակտիվորեն մասնակցել է Մայիսյան ապստամբության (1920) նախապատրաստմանը։ Ապստամբության պարտությունից հետո՝ հոկտեմբերին դաշնակները ծանր հիվանդ Բ–ին բանտ են նետել և Երևան փոխադրելու պատրվակով՝ ճանապարհին գնդակահարել։ Նրա անունով է կոչվում ՀՍՍՀ Կամոյի շրջանի գյուղերից մեկը (տես Բաւոիկյան)։
Հ․ Կարախանյան


ԲԱՏԻԿՅԱՆ Հրանա Գևորգի (26․ 12․1909, Рифт), հայ սովետական կենսաբան։ Կենսաբանական գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1950), ՀՍՍՀ գիտ․ վաստ․գործիչ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1930-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, ապա Լենինգրադի բուսաբուծության համամիութենական ինստ–ի ասպիրանտուրան։ 1937-ին ակտիվորեն մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ստեղծմանը, 1937-40-ին եղել է նրա գիտնական քարտուղարը, 1940-1941-ին՝ Նախագահության նախագահի տեղակալը։ 1943-49-ին՝ ՀՍՍՀ ԳԱ գենետիկայի ինստ–ի ավագ գիտաշխատող։ 1950-ից Երևանի պետհամալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչն է և կենսաբանական ֆակուլտետի դեկանը, 1967-ից՝ միաժամանակ բջջաբանության գիտահետազոտական պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավարը։
Բ․ Ս․ Բատիկյան Հ․ Գ․ Բատիկյան
1963-66-ին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։ Գիտական աշխատանքները նվիրված են ժառանգականության, փոփոխականության և բույսերի բեղմնավորման պրոցեսների բջջասաղմնաբանական հարցերին, ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցությանը մուտագենեզի հաճախականության ու լուսապատկերի վրա։ 1954-ից ՀՍՍՀ ԳԱ «Հայաստանի կենսաբանական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է։ 1963-71-ին եղել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։


ԲԱՏԻԿՅԱՆ (ն․ Քյոսամամեդ), գյուղ Հայկական ՍՍՀ Կամոյի շրջանում, Գեղամա լեռների արևելյան լանջին, Գավառագետի ձախ ափին, շրջկենտրոնից 3 կմ հարավ–արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ։ Ունի ցերեկային ու երեկոյան միջնակարգ և ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կինոթատրոն, բուժկայան, ծննդատուն։
Բատիկյան
Անասնապահական մթերքների արտադրության բնագավառի հաջողությունների համար տնտեսության աշխատողներ Հ․ Ա․ Կոտոյանին և Խ․ Հ․Տոնյանին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Բ–ում կիսավեր վիճակում պահպանվել են Ս․ Աստվածածին (IV-V դդ․) միանավ եկեղեցին, Ս․ Գևորգ գմբեթավոր դահլիճը (IX-ճդդ․)։ Բնակիչների նախնիները ներգաղթել են Արևմտյան Հայաստանի Բայազետի, Մուշի, Ալաշկերտի շրջաններից։ Բ․ է անվանվել ի պատիվ Բ․ Բատիկյանի։


ԲԱՏՅՈՒՇԿՈՎ Կոնստանտին Նիկոլաևիչ [ 18 (29)․5․1787, Վոլոգդա - 7 ( 19)․7․1855, Վոլոգդա], ռուս բանաստեղծ։ Գործունեությունն սկսել է զինվորական և դիվանագիտական ծառայությամբ։ Աշխարհայացքը ձևավորվել է XVIII դ․ ֆրանս․ լուսավորիչների գաղափարների ազդեցությամբ։ Մասնակցել է «Արզամաս» գրական խմբակին։ Եղել է, այսպես կոչված, «թեթև պոեզիայի» պարագլուխը։ Գովերգել է բարեկամությունը, սերը, հայրենասիրությունը։ Լավագույն գործերից են՝ «Իմ հանճարը» (1815), «Տավրիդա» (1817), «Մեռնող Տասսոն» (1817)։ Վերջին շրջանի ստեղծագործություններին բնորոշ է անկումայնությունը։ 1822-ից տառապել է հոգեկան հիվանդությամբ և դադարել ստեղծագործել։ Բ–ին բարձր են գնահատել Ա․ Պուշկինը, Վ․ Բելինսկին։
Երկ․ Соч., М․, 1955; Полное собрание стихотворений, М․-Л․, 1964․
Գրկ․ Фридман Н․ В․, Проза Батюшкова, М․, 1965; Его же, Поэзия Батюшкова, М., 1971․


ԲԱՏՈՐԻ Ստեֆան (1553-1586), լեհական թագավոր (1576-ից) և զորավար։ 1571-76-ին Տրանսիլվանիայի իշխան։ Թագավոր է ընտրվել շլյախտայի միջինդասի սատարմամբ։ 1579-82-ին մասնակցել է Լիվոնյան պատերազմին։ Ձգտել է ամրապնդել թագավորական իշխանությունը, աջակցել կաթոլիկ հոգևորականությանը և ճիզվիտներին՝ ռեֆորմատորական շարժման դեմ նրանց պայքարում։ 1578-ին հատուկ հրովարտակով Բ․ Լեհաստանի հայերի իրավունքները հավասարեցրել է լեհերի իրավունքներին։
Գրկ․ Բռնի միութիւն հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ, ՍՊԲ, 1884, էջ ԺԹ։


ԲԱՏՈՔՐՈՄՆԵՐ (հուն. βαθύς - խոր և χρώμα - գույն), ատոմների խմբեր, որոնց ներկայությունը օրգ․ ներկանյութի մոլեկուլի մեջ խորացնում է նրա գույնը՝ փոփոխելով այն անգույն–>դեղին–>նարնջագույն–>կարմիր–>մանուշակագույն–>կապույտ–>երկնագույն–>կանաչ–>սև հաջորդականությամբ։ Բ–ի օրինակ է NO2 խումբը։ Հատուկ հաջորդականությամբ գույնը փոխող ատոմական խմբերը կոչվում են հիպսոքրոմներ։ Տես նաև Աուքսոքրոմներ, Ներկանյութեր։


«ԲԱՏՐԱԿ», երկշաբաթաթերթ, ապա՝ շաբաթաթերթ, օրգան Հայաստանի Գյուղանտառ միության կենտրոնական վարչության։ Լույս է տեսել 1928-31-ին, Երևանում։ Մինչև N: 7-ը հրատարակվել է իբրև «Մաճկալ» թերթի հավելված, 1930-ի հոկտեմբերից վերանվանվել է «Գյուղատնտեսական բանվոր», որը լույս է տեսել մինչև 1931-ի մարտը։ Խմբագիր՝ Ա․Պետրոսյան։ Արծարծել է կոլտնտեսային շինարարության հարցերը, արտացոլել գյուղի չքավորության և բատրակների առօրյան՝ նպաստելով նրանց լուսավորությանն ու քաղաքական դաստիարակությանը։ Լուսաբանել է նորաստեղծ սովետական տնտեսությունների աշխատանքը, նյութեր տպագրել վարձատրության, բնակարանային շինարարության, բանվորական սննդի մատակարարման, կուլտուր–կենցաղային սպասարկման հարցերի մասին։
Հ․ Ֆելեքյան


Բատուտի ցանցը

ԲԱՏՈՒՏ (իտալ․ batuta - հարված), մարզական սարք․ 503x290 սմ չափեր ունեցող հորիզոնական մետաղյա շրջանակին ամրացված ցանց, որը ռետինե հարմարանքներով մեղմացնում է հարվա–