Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/308

Այս էջը սրբագրված է

ծը։ Կիրառվում է ակրոբատիկական, մարմնամարզական, ջրացատկերի և մասնագիտանան մարզումների (տիեզերագնացներ, օդաչուներ) ժամանակ։ Բ–ի վրա ցատկերը և պտույտները զարգացնում են տարածության մեջ մարմնի անսովոր դիրքում կողմնորոշվելու կարողություններ։ ՍՍՀՄ–ում Բ–ի վրա ցատկերի անդրանիկ առաջնությունը կազմակերպվել է 1965-ին, Երևանում։ ՀՍՍՀ–ում 1972-ին ստեղծվել է Բ–ի վրա ցատկերի սպորտային ֆեդերացիա։


ԲԱՐ (հուն․ βάρος - ծանրություն), ճնշման արտահամակարգային միավոր, հավասար է 105ն/մ2։ Օդերևութաբանության մեջ մթնոլորտային ճնշումը չափելու համար հաճախ կիրառվում է միլիբարը, որը հավասար է 0,001 բար։


ԲԱՐ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Վիննիցայի մարզում։ 14 հզ․ բն․ (1968)։ Բ–ի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 1425-ին։ Մինչև 1537-ը կոչվել է Ռով։ 1537-ին Լեհաստանի թագուհին վերականգնել է թաթարների ավերած Ռովը և կոչել Բ․։ Տայերը Բ–ում հաստատվել են XVI դ․ կեսերին։ Բ․ եղել է առևտրա–արհեստավորական կենտրոն, որի տոնավաճառներին մասնակցել են նաև Հայաստանից եկած վաճառականներ։ Բ–ի հայերը զբաղվել են արհեստներով, առևտրով։ 1540-ին հայերը ազատվել են հարկերից ու մաքսային վճարումներից։ Հայկական գաղութը Բ–ում գոյատևել է մինչև XVII դ․ կեսերը։ 1672-ին Բ․ գրավել են թուրքերը (մինչև 1699-ը)։ 1768-ին Բ–ում կազմվել է լեհ շլյախտիչների զինված միությունը, որը հայտնի է «Բարի կոնֆեդերացիա» անունով։


ԲԱՐԱԲԱՅԻ ՏԱՓԱՍՏԱՆ, անտառատափաստանային հարթավայր Արևմտյան Սիբիրի հարավում, Օբ–Իրտիշյան ջրբաժանում, Նովոսիբիրսկի և Օմսկի մարզերում (ՌՍՖՍՀ)։ Տարածությունը մոտ 117 հզ․ կմ2 է։ Ռելիեֆը թույլ բլրային է, 100-150 մ բարձրությամբ։ Կան աղի և քաղցրահամ լճեր, սֆագնումային ճահիճներ, ողողատներ և աղուտներ։ Արևմտյան Սիբիրի կաթնաանասնապահության և երկրագործական կարևոր շրջան է։


ԲԱՐԱԹԱՇՎԻԼԻ Նիկոլոզ Մելիտոնի [15(27)․ 12․ 1817, Թիֆլիս - 9(21)․ 10․1845, Գանձակ], վրացի բանաստեղծ։ Գրել է մոտ 40 բանաստեղծություն և մեկ պոեմ, որոնք տպագրվել են ետմահու, 1852-ին, «Ցիսկարի» ամսագրում։ Բ–ու պոեզիան վրացական ռոմանտիզմի բարձրագույն արտահայտությունն է։ Վաղ շրջանի բանաստեղծությունները հագեցած են թախծով և մարդու միայնակության զգացողությամբ («Մտորումներ Քռի ափին», 1837, «Որբ հոգին», 1839)։ Բանաստեղծը հաճախ դժգոհում է իրականությունից, և այդ դժգոհությունը վերածվում է բողոքի։ Դրա լավագույն արտահայտությունն է «Մերանի» (1842) բանաստեղծությունը, որը քնարական հիմն է՝ ազատ և բանական, արդարև պայքարող մարդուն։ Գրական ժառանգության մեջ բացառիկ տեղ է գրավում «Քարթլիի բախտը» (1839) պոեմը, ուր նկարագրել է պարսից շահ Աղա–Մահմեդխանի 1795-ին Թիֆլիս կատարած արշավանքը։
Ն․Մ․ Բարաթաշվիլի
Պոեմում հեղինակը պատմականորեն անհրաժեշտ է համարել Վրաստանը Ռուսաստանին միացնելու՝ Հերակլ II թագավորի որոշումը։ Բ–ու ստեղծագործություններից հայերեն թարգմանել են Հ․ Թումանյանը («Մտորմունք Քռի մասին»), Տ․ Շիրազը («Իմ չոնգուրին»), Ս․ Տարոնցին («Մերանի», «Բախտիս աստղին»), Ս․ Կապուտիկյանը («Որբ հոգին», «Իրիկնամուտը Մթածմինդայի վրա»), Մ․ Խերանյանը («Քարթլիի բախտը»), Ս․ Ավչյանը (մի շարք բանաստեղծություններ)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ 1968-ի սեպտեմբերին նշվել է Բ–ու ծննդյան 150-ամյա հոբելյանը։ 1893-ին Բ–ու աճյունը Գանձակից տեղափոխվել է Թիֆլիս, 1938-ին վերջնականապես հանգրվանել Մթածմինդայի պանթեոնում։
Երկ․ ձձ6ձտ6*930Ը1?0 6․, С?0^Ьбо․․․, 00030-E?obo, 1876; тЬЪ-дс^абббо, օօծ․, 1945․ Հատընտիր, Թ․, 1946։ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե․, 1961։ Հատընտիր, Ե․, 1968։
Գրկ․ Զավարյան Մ․, Ուրվագծեր հայ–վրաց գրական–կուլտուրական կապերի պատմության, XIX-XX դդ․, Ե․, 1959։ Ջիբլաձև Գ․, Բարաթաշվիլին և արդիականությունը, «ՍԴ։ », 1968, № 9։
Ա․ Մխիթարյան


ԲԱՐԱԼԵԹ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հյուսիս։ Բնակվում են հայեր և վրացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Ունի մեքենավերանորոգման կայան, կարի արհեստանոց, հայկական միջնակարգ և վրացական ութամյա դպրոցներ, ակումբ, կինո, գրադարան, հիվանդանոց, կապի բաժանմունք։ Հայկական դպրոցի շենքը կառուցվել է 1867-ին, սկզբում եղել է մեկդասյան, հետագայում՝ երկդասյան։ Բ–ում կա երկու եկեղեցի՝ վրացական (XI դ․) և հայկական (Ա․ Աստվածածին), որը կառուցվել է հին եկեղեցու տեղում, 1868-ին։ Բ․ հիշատակվում է XVIII դ․ Վախուշտիի կողմից որպես քաղաք։ Բ–ից 1 կմ հս․ պահպանվել են վանքի, շենքերի, պարիսպների ավերակներ և գերեզմաններ, որտեղ հայտնաբերվել են քարե դագաղներ, իսկ 0,5 կմ հս․ գտնվում է սրբատաշ քարով կառուցված Ս․ Ստեփանոս մատուռը։ Հայերի մի մասը բնիկներ են, մյուսները գաղթել են Ալաշկերտից և Արդահանից, 1829-30-ին։


ԲԱՐԱԿ ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, էնտերիտ, բարակ աղիքների լորձաթաղանթի բորբոքում։ Միաժամանակ բորբոքվում են բարակ և հաստ աղիքների լորձաթաղանթները (էնտերոկոլիտ) կամ ամբողջ ստամոքս–աղիքային համակարգը (գաստրոէնտերոկոլիտ)։ Բ․ ա․ բ․ լինում է սուր և քրոնիկական։ Պատճառներն են․սննդային թունավորումները, արդյունաբերական թույները (կապար, սնդիկ, ֆոսֆոր), մի շարք վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, որովայնային տիֆ ևն), ջերմության խիստ բարձրացումը (հատկապես երեխաների մոտ)։ Սուր էնտերիտի ախտանշաններն են՝ հանկարծակի փսխումներ, փորլույծ, ցավեր որովայնի շրջանում, ջերմության բարձրացում ևն։ Քրոնիկականինը՝ քաշի անկում, հոգնածության մշտական զգացում, որովայնի փքվածություն և ցավեր, սննդանյութերի ներծծման խանգարում և այլն։ Կանխարգելումը․ թարմ սննդամթերքների օգտագործում, անձնական հիգիենայի կանոնների պահպանում։ Բուժումը․ սուր էնտերիտի ժամանակ՝ ստամոքսի լվացում, ջեռուկներ փորի շրջանում, անտիբիոտիկներ ևն։ Քրոնիկականի դեպքում՝ սննդային ռեժիմ, վիտամիններ, անտիբիոտիկներ, կուրորտային բուժում (Եսենտուկի, Ժելեզնովոդսկ ևն)։


ԲԱՐԱԿԱՁՈՐՈ ՎԱՆՔ, Բարիձորի վանք, միջնադարյան ճարտարապետական հուշարձան, գտնվում է Մոկքի Խիզանի Փալաձոր (Փալասար) գյուղի հարավում, Շեն և Բրունց գյուղերի մոտ, Բարակաձորի (կամ Բարիձորի) մեջ, որից և վանքի անունը։ Կազմված է Ս․ Աստվածածին եկեղեցուց, Ս․ Գևորգ, Ս․ Սարգիս և Ս․ Մերկերիոս մատուռներից։ Բ․ վ–ի եկեղեցու՝ ընկուզենուց պատրաստված դուռը ունեցեք է ՆՂ (1041) թվակիր արձանագրություն, իսկ կամարի վրա՝ կառուցողի անունը՝ «Զշինող սորա հայր Կարապետ»։ Բ․ վ–ից հայտնի են ինը ձեռագիր, որոնցից միայն մեկն է պահվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․N: 5157), մյուսներից առայժմ միայն հիշատակարաններն են հայտնի առանձին ձեռագրացուցակներում և տպագիր գրականության մեջ։
Գրկ․ Ոսկյան Հ․, Վասպուրական–Վանի վանքերը, մաս 3, Վնն․, 1947։
Ա․ Մաթևոսյան


ԲԱՐԱԿԱՊԱՏ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, շինարարական կոնստրուկցիաներ, որոնց հիմնական կրող մասերը համեմատաբար բարակ, սովորաբար կորագիծ կամ բեկված սալեր կամ թերթեր են։ Բ․ կ–ի փոքրհաստությունը (մյուս չափերի համեմատությամբ) հնարավորություն է տալիս լարումների բաշխումը հաստությամբ համարել հավասարաչափ։ Այդ կոնստրուկցիաներում սովորաբար զուգակցվում են կրող և պատող ֆունկցիաները։ Բ․ կ–ի թվին են պատկանում թաղանթները, ծաղկավոր կոնստրուկցիաները, գմբեթները, վրանաձև և այլ ծածկերը։ Լինում են պողպատե, երկաթբետոնե, փայտե ևն։


ԲԱՐԱՄԻՁԵ Ալեքսանդր Գեորգիի (ծն․27․3․1902, Լանչխութի), վրացի սովետական գրականագետ։ Վրացական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1961), Ռուսթավելու անվ․գրականության պատմության ինստ–ի դիրեկտոր (1966-ից)։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1925)։ Տպագրվել է 1927-ից։ Ուսումնասիրում է վրաց հին գրականությունը։ Հրատարակել է վրաց հին մատենագրության գիտա–քննադատական տեքստերը։ Նպաստել է հայ և վրաց գրական կապերի