Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/309

Այս էջը սրբագրված է

ամրապնդմանը։ Մի շարք ուսումնասիրություններում անդրադարձել է Վարդան Այգեկցու, Սայաթ–Նովայի ստեղծագործություններին։ Արժեքավոր են Բ–ի «Շոթա Ռուսթավելին և նրա պոեմը» (1958), «Սուլխան–Սաբա Օրբելիանի» (1959) մենագրությունները և «Ակնարկներ վրաց գրականության պատմության» (հ․ 1-4, 1945-64) աշխատությունը։ Պարգևատրվել է Լենինի և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ․ 5ձծձ8օ<Յց ձ£Ը>․, 6ձ<ծՅՅՕՅԸծօC?° оЬфсоАоособб, [(8)․] 1-4, օօձ․, 1945-64; 1гдс?ЬбБ-Ьбй, ъ Ր)ծձցԸ?Օձ6օ, 0)5․, 1969;^бЛотт)С?0 оЬфстЛоб, 1, օօձ․, 1954 (յ․ 3C30C?odoba)66 дЛспбСо); “асоотб Л^Ьсоза-С?о g-ь ЗоЬо Зсод8б, т<Ь․, 1966․


ԲԱՐԱՆՈՎԻՉԻ, քաղաք, Բելոռուսական ՍՍՀ Բրեստի մարզի Բարանովիչիի շրջանի կենտրոնը, երկաթուղային հանգույց։ 115 հզ․ բն․ (1974)։ Զարգացած է մեքենաշինությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ունի թեթև արդյունաբերության ու տեխնոլոգիական տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Բ․ հիմնադրվել է XIX դ․ 70-ական թթ․։ 1939-1954-ին եղել է Բարանովիչիի մարզի կենտրոնը։


ԲԱՐԱՆՈՎԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 42 կմ արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է բանջարեղենի և ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո։ Հիմնադրել են Տրապիզոնի շրջանից եկած հայերը, 1882-ին։


ԲԱՐԱՆՈՎԿԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖԱՀ Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում, շրջկենտրոնից 40 կմ արևելք, Արևելյան Դագոմիս գետի վրա։ Միավորված է Դագոմիսի թեյաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի հայկ․ տարրական դպրոց, ակումբ։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1882-ին։


ԲԱՐԱՆՍԿԻ Նիկոլայ Նիկոլաևիչ [15(2․7)․7․1881, Տոմսկ - 29․11․1963, Մոսկվա], սովետական աշխարհագրագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթանդամ (1939-ից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1962-ից)։ ՍՄԿԿ անդամ 1898-ից (1917-20-ին՝ մենշևիկ–ինտերնացիոնալիստ)։ Ուսանողական քաղաքական գործադուլները ղեկավարելու համար հեռացվել է Տոմսկի համալսարանից։ ՌՍԴԲԿ–ի Տամերֆորսյան կոնֆերանսի (1905) մասնակից է։ 1918-ից զբաղվել է տնտ․ աշխարհագրությամբ։ Մարքսիստական տնտ․ աշխարհագրության շրջանային ուղղության հիմնադիրն է։ Մի շարք համալսարաններում (այդ թվում Մոսկվայի) հիմնադրել է տնտ․ աշխարհագրության ամբիոններ, մի քանի դպրոցական դասագրքերի հեղինակ է։ Ստեղծել է սովետական տնտ․ աշխարհագրության նոր ճյուղ՝ քաղաքների աշխարհագրությունը։ Սահմանել է սովետական երկրագրության մեթոդական սկզբունքները։ ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952)։
Երկ․ Экономическая география - Экономическая картография, 2 изд․, М․, 1960; Методика преподавания экономической географии, М․, 1960; Экономическая картография, М․, 1962․
Գրկ․ Саушкин Ю․ Г․, Николай Николаевич Баранский, в кн․։ Экономическаягеография в СССР, М․, 1965 (ունի մատենագիտական ցանկ)։


ԲԱՐԱՆՏԱ, բարմտա (թուրք, ավազակային հարձակում), հանցակազմ քրեական իրավունքում։ Հանցագործը ինքնագլուխ զավթում է տուժողի անասունը կամ որևէ այլ գույք՝ բացառապես նպատակ ունենալով հարկադրել նրան կամ նրա ազգականներին քավելու նախկինում հասցրած վիրավորանքը կամ հատուցելու պատճառած նյութական վնասը։ Տոհմա–ֆեոդալական կենցաղից մնացած սովորույթ է։ Տարածված էր քոչվոր ժողովուրդների (ցարական Ռուսաստանի ծայրամասերի որոշ ժողովուրդների) մեջ։ Չնայած իր սակավ դրսևորումներին, որոշ միութենական հանրապետություններ (ՌՍՖՍՀ, Ուզբեկ․ ՍՍՀ) այնուհանդերձ իրենց քրեական օրենսգրքում նախատեսում էին հանցագործության այս տեսակը։ Սովետական գործող քրեական օրենսդրությունը Բ–ի հանցակազմը չի նախատեսում։ Հայ քրեական իրավունքին այդ հասկացությունը ծանոթ չէ։


ԲԱՐԱՆՑՈՎՍԿՈԵ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանում, շրջկենտրոնից 42 կմ հարավ։ Միավորված է Վարենիկովսկի գյուղի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, գրադարան, բուժկայան։ Բ․ հիմնադրվել է 1868-ին։ Հայերը եկել են Տրապիզոնից և Երզնկայից, 1889-ին։


ԲԱՐԱՎՈՐ, վերնասյամ, մուտքի (նաև լուսամուտի) բացվածքը եզերող շրջանակի վերին մասը։ Բ․ կոնստրուկտիվ տարր է, սովորաբար լինում է հորիզոնադիր, աղեղնաձև, կամարաձև։ Հայ միջնադարյան ճարտ․ մեջ Բ․ մեծ մասամբ կիսաբոլոր կամ հեծանաձև միակտուր քարից է, հաճախ զարդաքանդակված և արձանագրություններով պատված՝ հարստացնում է շքամուտքի ճարտ․ կերպարը։
Մակարավանքի (XIII դ․) գավթի արևմտյան մուտքի բարավորը


ԲԱՐԱՏԻՆՍԿԻ, Բորատինսկի, Եվգենի Աբրամովիչ [19․2(2․3)․1800, Տամբովի նահանգ, Մարա գյուղ - 29․6(11․17)․1844, Նեապոլ (Իտալիա)], ռուս բանաստեղծ։ 1819-26-ին ծառայել է բանակում։ Տպագրվել է 1819-ից։ Սկզբնական շրջանում գրել է եղերերգեր և ուղերձներ։ Անձամբ և գաղափարներով մոտ է եղել Ա․ Ս․Պուշկինին (1828-ին միասին լույս են ընծայել «Երկու չափածո վիպակ» գիրքը, ուր մտել են Պուշկինի «Կոմս Նուլին» և Բ–ի «Պարահանդես» պոեմները)։ Դեկաբրիստների ապստամբության պարտությունից հետո գրել է անկումային բանաստեղծություններ։ Վերջին տարիների գործերում կրկին հնչել են կենսահաստատ մոտիվներ։ Վ․ Գ․ Բելինսկին Բ–ուն համարել է Պուշկինի հետ հանդես եկած բանաստեղծներից առաջինը։ Բ–ու քնարերգությանը հատուկ է խոհականությունը։ Թաղված է Պետերբուրգում։


ԲԱՐԲԱԴՈՍ (Barbados), պետություն Վեստ Ինդիայում, համանուն կղզում։ 1966-ի նոյեմբերին հռչակվեց երկրի անկախությունը, նույն թվականի դեկտեմբերից ՄԱԿ–ի անդամ է։ Տարածությունը 430 կմ2 է, բնակչությունը՝ 240 հզ․ (1973), գլխավորապես նեգրեր։ Պետական լեզուն անգլերենն է։ Մայրաքաղաքը և գլխավոր նավահանգիստը՝ Բրիջթաուն։ Բաժանվում է 11 շրջանի։
Պետական կարգը։ Երկիր՝ ազգերի բրիտանական համագործակցության կազմում՝ նախկին դոմինիոնի սկզբունքներով։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1966-ին։ Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագավորն է (թագուհի)՝ ներկայացված իր նշանակած գեներալ–նահանգապետի միջոցով։ Բնությունը։ Կղզին կազմված է միոցենի կրաքարերից և շրջապատված է կորալային խութերով։ Կլիման արևադարձային, պասատային է, 1400 մմ տարեկան տեղումներով։ Ամենատաք ամսի՝ սեպտեմբերի միջին ջերմաստիճանը 27°C է, ամենացրտինը՝ փետրվարինը՝ 25°C։
Պատմական տեղեկանք: Մինչև եվրոպացիների մուտքը կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր (արավակներ, կարիբներ)։ Առաջինը եվրոպացիներից կղզում երևացին (1518) իսպանացիները, որոնք այն կոչեցին Բարբադոս (իսպ․ barbado-մորուքավոր)՝ այնտեղ տարածված մորուքանման մակաբույսերով պարուրված թզենիների պատճառով։ 1605-ին Բ․ թափանցեցին անգլիացիները։ Նրանք 1625-ին հիմնեցին իրենց գաղութը, 1628-ին՝ Բրիջթաուն քաղաքը։ XVII դ․ 30-ական թթ․ Աֆրիկայից Բ․ բերվեցին նեգր ստրուկներ, որոնք հետագայում կազմեցին կղզու բնակչության մեծամասնությունը։ Բ–ում բազմիցս բռնկված հակաանգլիական ապստամբությունները ճնշվել են զորքերի կողմից։ 1838-ին Բ–ում վերացվեց ստրկությունը։ 1876-ին կղզու բնակչության