Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/312

Այս էջը սրբագրված է

հանրացմանը, ոգեշնչվածությանը, հուզական և տեսողական ամբողջականությանը, բնության և հասարակ մարդկանց առօրյա կապին։ Բ․ դ․ հետևողականորեն մշակել է տոնային գեղանկարչության մեթոդիկան (զուսպ, հաճախ, համարյա միագույն, նուրբ վալյորներով և լուսագունային հարուստ նրբերանգներով մակերեսներ)։ Նրանց բնանկարների կոմպոզիցիան բնական է, սակայն մանրակրկիտորեն կառուցիկ ու հավասարակշիռ։ Բարբիզոնցիների ավագ սերունդը (Թ․ Ռուսո, Ժ․ Դյուպրե, Ն․ Վ․ Դիազ) բնապատկերներին հաղորդել է հերոսական շեշտեր, ընդգծել կերպարի պլաստիկությունը, նյութականությունը, լուսավորության զգայական դերը՝ պահպանելով ռոմանտիկ դպրոցի հետ որոշակի կապ։ Կրտսեր սերնդի խոշորագույն ներկայացուցիչ Շ․ Ֆ․Դոբինյին առավել ուշադրություն է դարձրել տպավորության անմիջականությանը, լուսա–օդային միջավայրի ստույգ արտաբերմանը։ Բ․ դ–ին մոտ են եղել XIX դ․բազմաթիվ ֆրանսիացի նկարիչներ, այդ թվում՝ Կ․ Կորոն, Ժ․ Ֆ․ Միլլեն և ուրիշներ։ Մեծ է Բ․ դ–ի ազդեցությունը ռեալիստական բնանկարի հետագա զարգացման վրա ինչպես Ֆրանսիայում (Գ․ Կուրբե, Է․ Բուդեն), այնպես էլ այլ երկրներում։ ՀՊՊ–ում են գտնվում Ն․ Վ․ Դիազի «Անտառում», «Բնանկար», «Փառեր» և Թ․ Ռուսոյի «Բնանկար» աշխատանքները։
Պատկերազարդումը տես 312-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ․ Яворская Н․ В․, Пейзаж барбизонской школы, М․, 1962; Dorbec Р․, L’art du paysage en France, P․, 1925․
Պ․ Հայթյան


ԲԱՐԲՅՈՒՍ (Barbusse) Անրի (17․ 5․1873, Անյեր - 30․ 8․ 1935, Մոսկվա), ֆրանսիացի գրող, հասարակական գործիչ։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1923-ից։ Ավարտել է Սորբոնի համալսարանի գրական ֆակուլտետը։ 1914-18-ին որպես կամավոր մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, գրել «Կրակը» (1916) վեպը, որտեղ տվել է իմպերիալիստական պատերազմի ճշմարտացի պատկերը։ Վ․ Ի․ Լենինը բարձր է գնահատել Բ–ի «Կրակը» և «Պարզություն» (1919) վեպերը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ազդեց Բ–ի աշխարհայացքի և ստեղծագործության վրա․ նա դարձավ սովետական պետության, լենինիզմի գաղափարների ակտիվ ջատագովը։ Այդ շրջանի երկերում՝ «Լույսը անդունդից» (1919), «Մարտիկի խոսքը» (1920), կոչ էր անում խորտակել կապիտալիզմը։ «Կլարտե» (1919) միջազգային խումբը, որ հիմնել էր նա, հետապնդում էր նույն նպատակը՝ գեղարվեստական մտավորականության ուժերն ուղղել իմպերիալիզմի դեմ։ Որպես Սովետական Միության բարեկամ բազմիցս այցելել է ՍՍՀՄ, այդ թվում՝ Սովետական Հայաստան (1927)։ Տեսել է մոխիրներից հառնած Հայաստանը, գովերգել նրա վերածնունդը («Բարբյուսը Խորհրդային Հայաստանի մասին», «ԳԹ», 1932, N: 25)։ Սովետական Միությունը համարել է «․․․ համաշխարհային պատմության խոշորագույն և սքանչելագույն երևույթ»։
Ա․ Բարբյուս
Ոգեշնչված սոցիալիզմի գաղափարներով՝գրել է «Դանակն ատամների տակ» (1921)գրական մանիֆեստը, «Օղակներ» (1925) վեպը, «Դահիճներ» (1926) պամֆլետների գիրքը, «Եղելություններ» (1928) նովելների ժողովածուն, «Ռուսաստան» (1930) գրքերը ևն։
Ակտիվորեն մասնակցել է Սովետական Միության բարեկամների Մոսկովյան և կուլտուրայի պաշտպանության համար գրողների (Փարիզ, 1935) միջազգային կոնգրեսներին, ղեկավարել իմպերիալիստական պատերազմի դեմ ուղղված համաշխարհային կոնգրեսը (Ամստերդամ, 1932), պատերազմի և ֆաշիզմի դեմ պայքարի համաշխարհային կոմիտեն (1933)։
Բ–ից հայերեն թարգմանվել են մի շարք ստեղծագործություններ, որոնք լույս են տեսել առանձին գրքերով կամ մամուլի էջերում։
Երկ․ Շքանշանը, «Նոր ակոս», 1924, № 7։ Հանրի Բարբյուսը Հայաստանի պրոլետարական գրողներին, «Գրական դիրքերում», 1927, № 3-4։ Դահիճներ, Թ․, 1928։ Անընկճելին, «Գրական դիրքերում», 1928, № 9։ Հանրի Բարբյուսի նամակը ընկ․ Տեր–Գաբրիելյանին (Հայաստան գալու առթիվ), «Պրոլետար», 1934, № 251։ Ես մեղադրում եմ, Ե․, 1933։ Կրակը (Մի դասակի օրագիրը), Ե․, 1935։
Գրկ․ Гуро И․, Фоменко Л․, А․ Барбюс, М․, 1962; А․ Барбюс․ Библиографический указатель, М․, 1964; Duclos J․, Freville J․, Henri Barbusse P․, 1946․
Ղ․ Հայրապետյան


ԲԱՈԴՈՒԶԻՆՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, լեռնաշղթա Անդրբայկալում, Բայկալ լճի հյուսիս–արևելյան ափին։ Երկարությունը 280 կմ է, միջին բարձրությունը՝ 2000 մ, առավելագույնը՝ 2840 մ։ Կազմված է վերին մինչքեմբրյան գրանիտներից և բյուրեղային թերթաքարերից։ Լանջերին մինչև 1400-1800 մ տարածված է տայգան, ավելի բարձր՝ լեռնային տունդրան։ Բ․լ–ի արմ․ լանջին է գտնվում Բարգուզինյան արգելավայրը (հիմնված 1926-ին)։


ԲԱՐԳՈՒՇԱՏ, տես Բաղք։


ԲԱՐԴՈՒՇԱՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ծալքավոր–բեկորային լեռնաշղթա ՀՍՍՀ–ում, Գեղի, Ողջի և Որոտան գետերի միջև։ Երկարությունը 70 կմ է, լայնությունը՝ 15-26 կմ։ Գիրաթաղ–Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ․ և արլ․ մասերի։ Արմ․ կեսը բարձրադիր է։ Այստեղ են գտնվում Արամազդ (3392 մ), Գեղաքար (3343 մ), Քառկատար (3270 մ), Երկաթասար (3227մ) լեռնագագաթները։ Գլխավոր շղթայից դեպի հս․, մինչև Որոտան գետը, տարածվում են Կուպրասար և Դյամբել բազուկները։ Բ․ լ․ այս մասում խիստ մասնատված է Որոտանի և Գեղիի վտակների խոր (600-800 մ) հովիտներով, որոնց զգալի մասը սելավաբեր է։ Լեռնաշղթայի արլ․կեսը համեմատաբար ցածր է և Տափասար գագաթի մոտ Քաշունի ու Աճանանի գետահովիտներով բաժանվում է ասիմետրիկ լանջեր ունեցող մի քանի ճյուղերի։ Բ․ լ–ի արմ․ կեսը, մինչև Գիրաթաղի խզման գիծը, հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի մետամորֆային, նստվածքային և էոցենի հրաբխածին–նստվածքային ծալքավորված ու բեկորազատված ապարաշերտերից, որոնց մեջ ներդրված են պալեոգենի գրանիտոիդային ներժայթուկներ, իսկ արլ․ կեսը միաթեք բեկոր է՝ կազմված յուրայի և կավճի ծալքավորված հրաբխածին ապարաշերտերից։ Հայտնաբերված են երկաթի, պղնձամոլիբդենային, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղների, ցրված ու հազվագյուտ տարրերի հանքավայրեր, ինչպես նաև շինանյութեր, դիատոմիտներ, որոնք կենտրոնացված են Սվարանցի, Ղափանի, Գեղիի, Դաստակերտի շրջաններում։ Կան նաև շինանյութեր, դիատոմիտներ։ Հանքավայրերի մի մասն ունի արդյունաբերական նշանակություն և շահագործվում է։
Տեսարան Բարգուշատի լեռնաշղթայից
Կան հանքային աղբյուրներ՝ հիդրոկարբոնատա–մագնեզիումային, հիդրոկարբոնատա–կալցիումային բաղադրությամբ։ Բ․ լ․ ՀՍՍՀ ակտիվ սեյսմիկ շրջաններից է։ Բ․ լ–ի կլիման հիմնականում բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ–լեռնային։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը ստորոտներում հուլիսին 22°C է, բարձրադիր մասերում՝12°C, հունվարինը՝ համապատասխանաբար 0°-ից -12°C։ Տեղումների տարեկան քանակը 500-800 մմ է։ Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը։ Տարածված են անտառային դարչնագույն, լեռնամարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային հողերը, որտեղ աճում են կաղնու և կաղնու–բոխու անտառներ, սաղարթավոր նոսր անտառ, մերձալպյան և ալպյան բույսեր։
Լ. Զոհրաբյան


ԲԱՐԴ ԱՇԽԱՏԱՆՔ, աշխատանք, որ պահանջում է աշխատավորների հատուկ պատրաստություն, որակավորում։ Բ․ ա․պարզ աշխատանքների հանրագումար է, բազմապատկում։ Բ․ ա–ի մեկ ժամը հավա–սար է պարզ աշխատանքի մի քանի ժամի։ Պարզ և կապիտալիստական ապրանքային արտադրության ժամանակ Բ. ա.-ի հանգեցումը պարզի տեղի է ունենում տարերայնորեն, ապրանքների փոխանակության պրոցեսում։ Սոցիալիզմի ժամանակ այդ պրոցեսը իրագործվում է պլանային կարգով, ըստ աշխատանքի բաշխման տնտ․ օրենքի գիտակցորեն օգ–