Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/314

Այս էջը սրբագրված է

պաշտամունքային քանդակների ու որմնապատկերների վրա։ Հաստատված է, որ քրիստոնեությունից առաջ գոյություն է ունեցել Բ–ու պաշտամունք, առանձին վայրերում այն հարատևել է մինչև XII դ․։ Միջնադարյան մանրանկարչության մեջ նույնպես հանդիպում են «կենաց ծառեր»։ Բ․ խորհրդանշել է ժողովրդի հավերժությունը, նրա կենսունակ ոգին և գեղարվեստական վառ մարմնավորում է ստացել մեր բանաստեղծների ստեղծագործություններում (Դ․ Վարուժան, Վ․ Տերյան, Ե․ Չարենց, Հ․ Սահյան և ուրիշներ)։


ԲԱՐԴԻ, գյուղ Արևմտյան Հայաստանի, Խարբերդի վիլայեթի Օվաճգ գավառում, Դերսիմի լեռնաստանում։ Անունն ստացել է մոտակայքի սրբազան համարված բարդիների անտառից։ 1915-ին ուներ մոտ 1350 հայ բնակիչ (գյուղում ապրում էին նաև քրդեր)։ Բ–ի արևմտյան կողմում, արհեստական քարայրերի մեջ, կար ավելի քան տասը սենյակ, որոնք օգտագործում էին որպես զինապահեստ, ինչպես նաև թշնամիներից պաշտպանվելու, հայերեն հին ձեռագրեր պահելու համար։ Գյուղի արևելքում, Մեռջան գետը հասնող ձորահովտի հյուսիսակողմում, կար երկու ավերակ եկեղեցի (Ս․ Սարգիս և Քառասուն Մանուկ)։ Մոտակայքում կային նաև հին ամրոցի մնացորդներ։ Բ–ի հայ բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, քրդերը՝ 1938-ին։


ԲԱՐԴԻԶՉԱՅ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Տես Պարտեզ։


ԲԱՐԴԻՆ Իվան Պավլովիչ [1 (13)․ 11․1883, գ․ Շիրոկի Ուստուպ, Սարատովի նահանգ - 7․ 1․ 1960, Մոսկվա], սովետական մետալուրգ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստ–ը (1910)։ Զբաղվել է լրիվ մեքենայացված հզոր մետալուրգիական գործարանների նախագծման, տիպային մետալուրգիական ագրեգատների ստեղծման, մետալուրգիական պրոցեսների ինտենսիվացման (հատկապես թթվածնի կիրառմամբ) և այլ հարցերով։
Ի․ Պ․ Բարդին
Երկ․ Избр․ труды, т․ 1-2, М․, 1963-68․


ԲԱՐԴԻՆ (Bardeen) Ջոն (ծն․ 23․ 5․1908, Մադիսոն), ամերիկացի ֆիզիկոս։ Գերհաղորդականության տեսության հիմնադիրներից։ Ավարտել է Վիսկոնսինի համալսարանը (1928)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի տեսությանը և ցածր ջերմաստիճանների ֆիզիկային։ 1948-ին Ու․ Բրատեյնի և Ու․ Շոկլիի հետ միասին ստեղծել է առաջին տրանզիստորը։ Առաջինն է տվել գերհաղորդականության միկրոսկոպիկ տեսությունը (ուրիշների հետ միասին, 1957)։ Նոբելյան մրցանակների է արժանացել 1956-ին՝ տրանզիստորային էֆեկտի հետազոտման (Ու․ Բրատեյնի և Ու․ Շոկլիի հետ) և 1972-ին՝ գերհաղորդականության տեսության ստեղծման համար։


ԲԱՐԴԻՆԱ Սոֆյա Իլարիոնովնա (1853-1883), ռուս հեղափոխական, նարոդնիկ։ Ծագումով ազնվական։ Սովորել է Ցյուրիխում և Ժնևում, մասնակցել կանանց հեղափոխական խմբակի («Ֆրիչի») կազմակերպմանը։ 1874-ին վերադառնալով Ռուսաստան՝ դարձել է Մոսկվայի նարոդնիկական խմբակի գործուն անդամներից մեկը, որպես բանվորուհի աշխատել է ֆաբրիկաներում, հեղափոխական պրոպագանդա ծավալել բանվորների շրջանում։ 1875-ին ձերբակալվել և դատվել է «50»-ի գործով (տես «Դատավարություն 50-ի»)։ Դատապարտվել է 9 տարվա տաժանակրության, որը փոխարինվել է աքսորով (Սիբիր)։ 1880-ին փախել է աքսորից, անցել արտասահման (Ժնև), որտեղ և ծանր հիվանդության պատճառով ինքնասպան է եղել։


ԲԱՐԴՈՂԻ ԼԵՌՆԵՐ (թուրք․ Թաքյալթու), Հայկական պար լեռնաշղթայի ճյուղը (Արևմտյան Հայաստան)։ Երկարությունը մոտ 28 կմ է։ Սկսվում է Հայկական պարի Սինակ (2774 մ) գագաթից, ձգվում հս–արլ․ և վերջանում Կողբ ավանի մոտ Բարդող (Թաքյալթու 2562 մ) կոնաձև գագաթով։ Բ․ լ․ խիստ մասնատված են, ունեն ծալքաբեկորային կառուցվածք։ Կազմված են նստվածքային և հրաբխածին շերտախմբերից, տեղ–տեղ կտրտված ինտրուզիաներով։
Գ․ Աբրահամյան


ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ (հուն․ Βαρθολομίιός) Նաթանայել (ծն․ թ․ անհտ․, Կանա–66, Հայաստան՝ Աղբակ), Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանում քրիստոնեության աոաջին քարոզիչներից։ Թադեոս առաքյալի հեա միասին համարվում է հայ քրիստոնեական եկեղեցու հիմնադիր (այստեղից էլ հայ եկեղեցու անվանումը՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի)։ Քրիստոնեությունը քարոզել է Պարսկաստանում, Արաբիայում։ Հայաստանում քարոզչությունը սկսել է Գողթան գավառից, ուր կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին։ Այնուհետև քարոզել է Սյունյաց, Այրարատյան, Վասպուրականի նահանգներում։ Ավանդության համաձայն Բ․ Հայաստան է բերել Տիրամոր պատկերը և Անձևացյաց գավառի Դարբնաց քար կոչված վայրում (ուր Անահիտի մեհյանն էր) կառուցել է Ս․ Աստվածածնի եկեղեցին, հիմնել կուսանոց։ Բ․ Աղբակում քրիստոնյա է մկրտել Սանատրուկ թագավորի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիանոս հազարապետին։ Զայրացած Սանատրուկը երեքին էլ նահատակել է Աղբակում, 66-ին։ Բ–ի գերեզմանը գտնվում է Աղբակի Ս․ Բարդուղիմեոս վանքում։ Հայ եկեղեցին Բ–ի հիշատակը տոնում է դեկտ․ 8-ին և փետր․ 25-ին։ Բ–ի հիշատակը տոնվում է նաև այլ եկեղեցիներում։ Բ–ի մասին հայ մատենագրության մեջ ստեղծվել են վարքեր և ճառեր։
Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիասկան, Թ․, 1910։ Ավգերյան Մ․, Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հ․ 9, Վնտ․, 1813, էջ 425 - 76։ Միրիմանյան Բ․, Հայաստանի առաջին լուսավորիչներ ս․ Թադեոս և ս․ Բարդուղիմեոս, Թ․, 1887։ Ալիշան Ղ․, Արշալույս քրիստոնեության հայոց, Վնտ․, 1901։ Օրմանյան Մ․ Ա․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912, էջ 27 - 38։
Ս․ Պետրոսյան


ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ԲՈԼՈՆԻԱՑԻ, Բարթուղիմեոս Մարաղացի (Bartholomeo da Bologna կամ Bofeozzi, ծն․թ․ անհտ․ - 1333), իտալացի աստվածաբան և փիլիսոփա, դոմինիկյան քարոզիչ, Մարաղայի առաջին լատին եպիսկոպոսը, ունիթոռական շարժման գաղափարախոս։ 1318-ին Հովհաննես XXII պապը նրան Պետրոս Արագոնացու և Հովհաննես Սվինֆորդի հետ միասին ուղարկել է Մարաղա՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու և նրանց Հռոմի պապին ենթարկելու նպատակով։ Բ․ Բ–ու Մարաղայում հաստատած դոմինիկյան վանքն ու դպրոցը դարձան ունիթոռների հոգևոր և կրթական կենտրոնը, որը քայքայիչ աշխատանք էր տանում հայոց եկեղեցու դեմ։ Բ․ Բ․ ունեցել է հայ աշակերտներ, կաթոլիկությանը հարող գործիչներ (Քռնայի վանքի առաջնորդ Հովհան Քռնեցի, Հակոբ Քռնեցի և ուրիշներ)։ 1330-ին տեղափոխվել է Քռնա (Նախիջևանի գավառ) և ընդլայնել իր քարոզչական ու գիտական ուսուցողական գործունեությունը։ Գլաձորի և ապա Տաթևի համալսարանների գաղափարական դիմադրության հետևանքով Բ․ Բ–ու և նրա հետևորդների ճիգերը ապարդյուն եղան, չնայած նրանց հաջողվեց կաթոլիկություն տարածել Նախիջևանի շրջանի հայության մի հատվածի մեջ, որը, հետզհետե կտրվելով հայ հասարակությունից, XVII -XVIII դդ․ մահմեդականություն ընդունեց։ Բ․ Բ․ եղել է Թովմա Ակվինացու հետևորդ, «չափավոր ռեալիզմի» կողմնակից։ Բնագիտության և բնափիլիսոփայության բնագավառում հետևել է Ալբերտ Մեծին, զբաղվել տիեզերագիտության, տարրաբանության և մարդակազմության հարցերով։ Բ․ Բ–ու երկերը («Քարոզգիրք», «Մեկնութիւն վեցօրէից», «Տրամաբանութիւն» ևն), թարգմանված նրա հայ գործակիցների և աշակերտների (մեծ մասամբ՝ Հակոբ Քռնեցու) աջակցությամբ, պահպանվել են միայն հայերեն։ Ուսուցողական նշանակությունից բացի նրանք որոշ դեր են խաղացել նաև հայ փիլիսոփայական մտքի աշխուժացման գործում։ Նրա օրոք, ըստ երևույթին, իր և Պետրոս Արագոնացու ղեկավարությամբ հայ ունիթոռները թարգմանել են Թովմա Ակվինացու, Ալբերտ Մեծի և Զիլբերտոս Պոռետացու երկերը։ Այդ թարգմանությունների հետ միասին նրա երկերը հայ մտածողներին ծանոթացնում էին միջնադարյան Եվրոպայի փիլիսոփայական մտքին, նյութ մատակարարում կաթոլիկ գաղափարախոսության դեմ մղվող պայքարում։ Մահացել է Քռնայի վանքում։
Ա․ Արևշատյան


ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍԻ ՎԱՆՔ, Բարդուղիմեոս Ս․ Առաքյալի վանք, միջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձան, գտնվում է Վասպուրականի Մեծ Աղբակ գավառում, Բաշկալա (Ադամակերտ) քաղաքից հյուսիս–արևելք։ Այժմ կիսավեր է։ Ըստ ենթադրու–