Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/316

Այս էջը սրբագրված է

գարնանային շարքի առաջին տոնը։ Բաղկացած է բարի և կենդան բառերից, որոնք սերտորեն կապվում են տոնի ծիսական իմաստին՝ բերքը, բարիքը շատացնելուն, կյանքը չար ուժերից ապահովելուն նվիրված հմայական պատկերացումների տոնական ծիսափնջին։ Բ․ նախորդել է Մեծ պասին, տևել երկու շաբաթ, որի վերջին երեք օրը (երբեմն՝ վերջին կիրակին) համարվել է բուն Բ․։ Բ–ով ազդարարվել է բնության զարթոնքը, տնտեսական տարվա սկիզբը։ Այն ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր և սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումները Բ–ում առնչվել են մահվան ու կյանքի, ծննդի, վերազարթոնքի հավերժական փոխանցումներին և մասնակիացել նախնիների պաշտամունքին նվիրված ծիսափնջում։ Բ․ ուներ նաև չարիքի դեմ պայքարելուն, սպասելիք բարեկեցությանը, պտղավորմանը, ծննդին խանգարող չար ուժերը չեզոքացնելուն հետամուտ ծիսափունջ։ Բ–ի ծեսերն արտահայտվում էին տոնի բովանդակությունը և ծիսականությունը դրսևորող թատերականացված խաղերով (Շահշահի), երգերով ու պարերով։ Բ–ի հիմնական գծերը փոխանցվեցին Նավասարդին և Ամանորին։ Բ–ի ծիսական համակարգը համընդհանուր է եղել ամբողջ պատմական Հայաստանում, իսկ նրա ուրախ առիթ կողմը՝ համաժողովրդական, մասսայական երգերով, խաղերով ու պարերով, հասել է մինչև XX դ․սկիզբը (տես նաև Հայ ժողովրդական տոներ
Ա․ Օդաբաշյան


ԲԱՐԵԿԻՐԹ ՕՐԻՈՐԴՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ, փակ տիպի ուսումնական հաստատություն մինչհեղափոխական Ռուսաստանում, ազնվականների աղջիկների համար։ Առաջինը բացվել է 1764-ին, Պետերբուրգում (տես Սմոլնիի ինստիտուտ)։ XIX դ․1-ին կեսին Բ․ օ․ ի–ներ են հիմնվել Մոսկվայում, Խարկովում, Օդեսայում, Կազանում, Կիևում և այլ քաղաքներում։ Այդտեղ սովորում էին 6-18 տարեկան աղջիկներ։ Նպատակը ոչ այնքան գիտելիքների ձեռքբերումն էր, որքան մակերեսային «աշխարհիկ» դաստիարակությունը։ Սովորում էին կիրթ շարժուձև, երգ, երաժշտություն, ֆրանսերեն, կրոն։ XIX դ․ 50-ական թթ․վերջերին իգական ուսումնարանների բացմամբ, որոնք հետագայում վերանվանվեցին իգական գիմնազիաներ, նրանք աստիճանաբար անկում ապրեցին։ Այդ Բ․ օ․ ի–ները, ինչպես մյուս դասային հիմնարկությունները, լիկվիդացվեցին Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։


ԲԱՐԵՀՈՒՍՈ ՀՐՎԱՆԴԱՆ (անգլ․ Cape of Good Hope), Հողմերի հրվանդան, ժայռոտ հրվանդան Աֆրիկայի հարավում։ Գտնվում է հվ․ լայնության 34°02՛ և արլ․ երկայնության 18°30՛ տակ։ Առաջինն այստեղ է հասել (1488) պորտուգ․ ծովագնաց Բ․ Դիաշը և այն անվանել Հողմերի հրվանդան, սակայն պորտուգ․ կայսր Ժուան II վերանվանել է Բ․ հ․՝ հույս ունենալով այդտեղից բարեհաջող հասնել Հնդկաստան։


ԲԱՐԵՆՊԱՏԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հայ ազգային–ազատագրական խմբակ։ Հիմնվել է 1869-ի ապրիլին, Ալեքսանդրապոլում, Ա․ Կրիայանի ղեկավարությամբ։ Նպատակն էր՝ հայ երիտասարդության մեջ տարածել հայրենասիրական, ազատասիրական գաղափարներ, զբաղվել կրթական–լուսավորական հարցերով ևն։ Բ․ ը․ գործել է մինչև 1875-ը, երբ Երևանի նահանգի ժանդարմական վարչությունը հայտնաբերեց և ցրեց այն։
Վ․ Պաբսամյան


ԲԱՐԵՆՑԻ ԾՈՎ (հոլանդացի ծովագնաց Վ․ Բարենցի անունով), Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծով Եվրոպայի հյուսիսային ափերի և Վայգաչ, Նոր երկիր, Ֆրանց Իոսիֆի երկիր, Շպիցբերգեն, Արջի կղզիների միջև։ Կոլգուև կղզուց արլ․ գտնվող մասը կոչվում է նաև Պեչորայի ծով։ Մակերեսը 1405 հզ․ կմ2 է, միջին ծավալը՝ 282 հզ․ կմ3, միջին խորությունը՝ 200 մ, առավելագույնը՝ 600 մ։ Ափերը հիմնականում ֆիորդային են, բարձրադիր, ժայռոտ ու խիստ կտրտված, Կանին նոս թերակղզուց արևելք՝ ցածրադիր և թույլ կտրտված։ Խոշոր են Պարսանգեր, Վարանգեր ֆիորդերը, Մոտովի, Կոլայի, Պեչորայի ծոցերը, Չեշի, Խայպուդիրի ծովախորշերը։ Կղզիներ քիչ կան, մեծը Կոլգուևն է։ Բ․ ծ․ թափվող խոշոր գետը Պեչորան է։ Բ․ ծ․ գտնվում է մայրցամաքային ծանծաղուտի սահմաններում։ Հատակային մասում առանձնացվում են հարթավայրեր (Կենտրոնական սարավանդ), բարձրություններ (Կենտրոնական, Պերսեիա), իջվածքներ (Կենտրոնական) և ձորակներ (Արևմտյան, Ֆրանց–Վիկտորիա ևն)։ Կլիման կրում է Ատլանտյան ու Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ազդեցությունը և խիստ փոփոխական է, ձմռանն իշխում են հվ–արմ․, գարնանն ու ամռանը՝ հս–արլ․ քամիները։ Հաճախակի են փոթորիկները։ Օդի միջին ջերմաստիճանը փետրվարին հս–ում -25°C է, հվ–արմ–ում՝ -4°C։ Օգոստոսին հս–ում 0°C, 1°Cէ, հվ–արմ–ում՝ 10°С։ Մեծ է ամպամածությունը։ Տարեկան տեղումները՝ 250-500 մմ։ Մակերեսային հոսանքները շրջանաձև են և ունեն ժամացույցի սլաքին հակառակ ուղղություն։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են, Կոլայի մոտ հասնում են 6,1 մ, մյուս վայրերում՝ 0,6-4,7 մ։ Ջրի ջերմաստիճանը հվ–արմ–ում փետրվար–մարտ ամիսներին 3°С, 5°Cէ, օգոստոսին՝ մինչև 7°C, 9°C, հս․լայնության 74°-ից հս․ և ծովի հվ–արլ․մասում ձմռանը -1°С-ից պակաս է, ամռանը հս–ում 4°С, 0°Cէ, հվ–արլ–ում՝ 4°С, 7°С։ Աղիությունը 30-35°/00 է։ Ծովի մակերեսը, բացառությամբ հվ–արմ․ մասի, ամբողջ տարին ծածկված է սառույցներով (ապրիլին 75%-ը)։ Բ․ ծ․ հարուստ է ձկներով, բուսական ու կենդանական պլանկտոնով և բենթոսով։ Հվ․ ափերի մոտ աճում են ջրիմուռներ։ Բ․ ծ–ի ձկների 114 տեսակից արդյունաբերական նշանակություն ունեն 20 տեսակ, կաթնասուններից՝ սպիտակ արջը, փոկը ևն։ Ափերը հարուստ են թռչնաշուկաներով։ Բ․ ծ․ ունի ժողովրդատնտեսական մեծ նշանակություն։ Նավահանգիստներն են՝ Մուրմանսկը (չսառչող), Տերիբերկան, Ինդիգան, Նարյան–Մարը, Վարդյոն։ Բ․ ծ–ի գիտական ուսումնասիրությունն սկսել է Ֆ․ Պ․ Լիտկեի արշավախումբը 1821-24-ին, ջրագրական ճշգրիտ բնութագիրը տվել է Ն․ Մ․ Կնիպովիչը՝ XX դ․ սկզբին։


ԲԱՐԹԻԿՅԱՆ Հրաչ Միքայելի (ծն․ 7․ 7․1927, Աթենք), հայ սովետական պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտ․դ–ր (1972)։ Ավարտել է Աթենքի հունական գիմնազիան (1945), Երևանի պետ․ համալսարանի պատմության ֆակուլտետը (1953)։ 1957-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում որպես ավագ գիտաշխատող։ Ուսումնասիրում է միջնադարյան Հայաստանի և Բյուզանդիայի սոցիալական շարժումների պատմությունը, բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսը, հայ–բյուզանդական քաղ․ հարաբերությունները, աղբյուրագիտությունը։ Սկիզբ է դրել ՀՍՍՀ ԳԱ «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի «Բյուզանդական աղբյուրներ» ենթաշարքին՝ լույս ընծայելով «Պրոկոպիոս Կեսարացի» (1967) և «Կոստանդին Ծիրանածին» (1970) գրքերը։ 1973-ին նա աշխարհաբարի վերածեց, առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակեց Մատթեոս Ուռհայեցու «Ժամանակագրություն»-ը:
Երկ․ Հայաստանի նվաճումը Բյուզանդական կայսրության կողմից, «ՊԲՀ», 1970, №2։ Բյուզանդիա և Հայաստան, «ԼՀԴ», 1971, № 3։ Заметки о византийском эпосе о Дигенисе Акрите, «Византийский временник», 1964, т․ 25; La genealogie du Magistros Bagarat, catepan de l’Orient et des Kekaumenos, «Revue des Etudes Armeniennes», 1965, t․ 2․


ԲԱՐԹԻԿՅԱՆ Միքայել Հակոբի (5․ 5․1887, Կոնիա, Թուրքիա - 27․ 2․ 1968, Երևան), սփյուռքահայ հրապարակախոս, հասարակական գործիչ։ 1907-ին ավարտել է ճենանյան քոլեջը։ 1911-ին Կոնիայում հիմնադրել է «Շավիղ» տպարանը և միաժամանակ դասավանդել ճենանյան քոլեջում՝ խմբագրելով վերջինիս «Իկոնիոն» ամսաթերթը (1912-14)։ 1919-ին Իզմիրում հրատարակել է «Ատրուշան» կիսամսյան, 1924-25-ին Աթենքում՝ «Ֆորթիֆոր» երգիծաթերթը։ 1929-ին ավարտել է Լոնդոնի ժուռնալիստական դպրոցը։ 1935-ին Աթենքում հիմնադրել է «Ատրուշան» տպարան–հրատարակչությունը և 1936-37-ին լույս ընծայել «Ամրոց» շաբաթաթերթը։ 1937-ին Աթենքում հրատարակել է հին հունական դիցաբանությանը նվիրված «Դիցապաշտ Հելլադան կամ Հելլեն դիք» աշխատության Ա հատորը։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան և աշխատել ՀՍՍՀ ԳԱ գրականության ինստ–ում, ապա՝ ԳԱ հիմնակազմ գրադարանում։ Մամուլում հրատարակել է «Գերիի մը հիշատակները», «Այդ սև օրերուն» գրքերը և հատվածներ իր «Հայկական հետքեր Հունաստանի մեջ» աշխատությունից (ԳԱ «Տեղեկագիր», 1956, N: 3 և «Էջմիածին» ամսաթերթ, 1958, հ․ Ե)։


ԲԱՐԹՈԼՈՄԵ (Bartholomae) Քրիստիան (21․ 1․ 1855, Բավարիա, Բայրոյթ - 27․ 8․1925, Հյուսիսային ծովի Լանգյո կղզի), իրանագետ, համեմատաբան (կոմպարատիվիստ)։ Սովորել է Մյունխենի, Լայպցիգի և Էռլանգենի, դասախոսել՝ Հալլեի, Մյունստերի համալսարաններում։ Հնդեվրոպական լեզուների համեմատական